Համաշխարհային բանկը Հայաստանի դատական համակարգի կարիքների գնահատման հարցումներ կանցկացնի
Դատաիրավական համակարգի կարիքները գնահատելու նպատակով Համաշխարհային բանկի մասնագետները հարցումներ կանցկացնեն մեր երկրում: Ծրագրի ընթացքը քննարկելու համար ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսի եւ Համաշխարհային Բանկի արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչի հետ։
Համաշխարհային բանկի «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, նոյեմբերին կամփոփվեն արդյունքները։ Հարցումներն անցկացվելու են դատավորների, դատախազների, դատարանի և դատախազության աշխատակիցների, փաստաբանների, ինչպես նաև դատաիրավական համակարգի հետ առնչություն չունեցող քաղաքացիների շրջանում:




