• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Մակյան, Վարդազարյան, Տավարացյան. Դատավորների ընդհանուր ժողովը լրացրեց ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը
12 Հլս 2019

Մակյան, Վարդազարյան, Տավարացյան. Դատավորների ընդհանուր ժողովը լրացրեց ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը

Հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովը մեկնարկեց 184 դատավորի գրանցմամբ. Ժողովն իրավազոր էր, քանի որ գործող 229 դատավորների կեսից ավելին ներկայացել էր:

Օրակարգում երեք հարց էր.

  1. Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրություն,
  2. ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը լրացնելու ընտրություն՝ ՀՀ առաջին ատյանի դատարաններից,
  3. Դատավորների ընդհանուր ժողովին ուղղված դիմումների՝ այդ թվում Վահե Գրիգորյանի նամակի, ներկայացում:

Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի թափուր տեղն առաջացել էր Սնանկության դատարանի ստեղծմամբ: Նոր դատարանի կազմից անհրաժեշտ էր մեկ անդամ ընտրել՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանը և Արսեն Բաբայանը:

Թեկնածուները նախապես ելույթ ունեցան՝ նշելով իրենց կենսագրական տվյալները և հանձնաժողովում աշխատանքի իրենց առաջնահերթությունները: Այնուհետև փակ գաղտնի քվեարկության արդյունքում 6 ձայնի առավելությամբ հաղթեց Արսեն Բաբայանը. նա ստացավ 101 կողմ քվե, այնինչ Գևորգ Նարինյանը՝ 95 կողմ քվե:

Ժողովի օրակարգի երկրորդ հարցը՝ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը լրացնելու մասին, նույնպես մեկնարկեց առաջադրված 11 թեկնածուների ելույթներով:

Նախապես ծանուցագրեր էին ուղարկվել ԲԴԽ դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Առաջին ատյանի 77 դատավորի: Նրանցից 66-ը գրավոր դիմել էր՝ իր անունը քվեաթերթիկ չներառելու խնդրանքով: Թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվել էին հետևյալ անունները.

  • Բալայան Դավիթ Կիմի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Թումանյան Անահիտ Ալվարոյի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Խալաթյան Վահե Ռաֆայելի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Հովհաննիսյան Գագիկ Վոլոդյայի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Հովնանյան Վարդուհի Սուրիկի՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Հովսեփյան Սիմիզար Եղիշի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Ղազարյան Արգիշտի Անդրանիկի՝ Վարչական դատարան,
  • Մակյան Մեսրոպ Երջանիկի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Մնոյան Սուրեն Լենդրուշի՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Վարդազարյան Ռուբեն Էդուարդի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
  • Քոչարյան Ելենա Երեմի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

ԲԴԽ անդամների փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցեց 206 դատավոր, 2 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: 11 թեկնածուներից առավելագույն կողմ քվե ստացած 2-ը ընտրվեցին ԲԴԽ անդամ:

Ամենաշատ ձայնը հավաքել էր Ռուբեն Վարդազարյանը՝ 111 կողմ քվե, նրան հաջորդում էր Մեսրոպ Մակյանը՝ 83 կողմ քվե:

Նախընտրական ելույթում Ռուբեն Վարդազարյանը խոստացել էր լինել ընկալելի և հասկանալի դատավորների համար և համաձայնել չդիմել առաջխաղացման ցուցակ ներառվելու խնդրանքով, եթե դատավորների համար ԲԴԽ անդամի առաջխաղացումը ընդունելի չէ: Մեսրոպ Մակյանը խոստացել էր դատավորական ընտանիքի շահերը ԲԴԽ-ում պաշտպանել այնքան ամուր, որքան դա անում էր Կարգապահական հարցերի հանձնաժողովում:

Այսպիսով, Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը հանդիսավորությամբ երդվեցին Դատավորների ընդհանուր ժողովի առջև և ստանձնեցին ԲԴԽ անդամի պարտավորությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը  օրենքի ուժով ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թ նոյեմբերի 8-ին, սակայն չէր երդվել՝ հայտնելով, որ հրաժարական կներկայացնի ԲԴԽ–ին։ Հրաժարականը ներկայացրել էր, բայց ԲԴԽ-ն նիստ չէր հրավիրել և չէր քննարկել հրաժարական ներկայացրած դատավորի հարցը՝ հայտարարելով, որ որևէ իրավական գործընթաց չի կարող իրականացնել, քանի որ Նախշուն Տավարացյանը չի երդվել:   

Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում Նախշուն Տավարացյանը երդվեց:  Այժմ ԲԴԽ-ն պետք է նիստ հրավիրի, որի ընթացքում Նախշուն Տավարացյանը կա՛մ պետք է պնդի իր հրաժարականը, կամ կատարի ԲԴԽ անդամի պարտականությունները: Երդումից հետո իր ելույթում տիկին Տավարացյանն ասաց, որ պաշտոնավարելու է մինչև պաշտոնավարման ժամկետի վերջին օրը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ Նախշուն Տավարացյանը հրաժարվել էր երդվել՝ որոշակի հանգամանքներից և ժողովում տիրող մթնոլորտից ելնելով, մինչդեռ ներկա ժողովում երդվեց՝  ցանկանալով ապահովել  դատական համակարգի համերաշխության սկզբունքը:

Օրակարգի երրորդ հարցը ներառում էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ ուղղված Դատավորների ընդհանուր ժողովին, դրան ի պատասխան «Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպության դիմումը և Դատավորների ընդհանուր ժողովին հասցեագրված այլ դիմումներ:

Ժողովը որոշում կայացրեց դիմում-նամակներին անդրադարձ չկատարել, դրանք ուղարկել բոլոր դատավորներին, որոնք պետք է ծանոթանան բովանդակությանը և ցանկության դեպքում գրավոր դիրքորոշում արտահայտեն: Ավելի ուշ կարծիքները կամփոփվեն և կորոշվի՝ նամակին որևէ արձագանք լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Դատավորների ընդհանուր ժողովի ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ ԲԴԽ դատավոր անդամներ Ռուբեն Վարդազարյանի, Մեսրոպ Մակյանի և Նախշուն Տավարացյանի հետ մամուլի ասուլիս հրավիրեց և պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակցի հանդեպ առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործի հարուցմանը, Երվանդ Խունդկարյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի ցանկացած դատավոր խիստ կողջունի նման գործընթացները, որպեսզի կոռուպցիոն երևույթները վեր հանվեն և ստվեր չգցեն պարկեշտ, ազնիվ դատավորների հեղինակության վրա։

«Վճռաբեկ դատարանի ցանկացած դատավոր և առհասարակ այլ դատավորներ ևս խիստ կողջունեն նման գործընթացները, որպեսզի կոռուպցիոն երևույթները վեր հանվեն և այդ անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարեց նա։

Խունդկարյանի խոսքով՝ բարեխիղճ, պարկեշտ դատավորներն իրենց գործունեությունն են իրականացնում և եթե հանկարծ պարզվի, որ որևէ մեկը այդ գործունեությունից դուրս ինչ-որ հանցավոր գործունեություն է իրականցնում, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Նա հավատացրեց, որ դատավորների համար էլ է ողջունելի, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն ժամանակին:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ Դատավորների ընդհանուր ժողովը դռնբաց լիներ, որպեսզի ԲԴԽ անդամ ընտրված և դատավորներին վեթինգի ենթարկելու իրավասություն ստանձնող դատավորները իրենք վեթինգի ենթարկվեին լրագրողների առջև: ԲԴԽ նորընտիր դատավոր անդամները վստահեցրին, որ պատրաստ են ցանկացած ձևաչափով վեթինգի, միայն թե Դատավորների այսօրվա ժողովի օրակարգում նման խնդիր չի եղել:

Նախշուն Տավարացյանին հարց ուղղվեց՝ արդյո՞ք որոշ դատավորների կողմից իր երդումը բոյկոտելու  փաստը կասկածի տակ չի դնում իբրև ԲԴԽ անդամ իր լեգիտիմությունը: Նա պատասխանեց. «Դա իմ իրավունքն է և օրենքի պահանջը: Եթե մի քանի դատավոր չկարողացան զսպել իրենց էմոցիաները, դա չի նշանակում, որ իմ ընտրությունը կասկածի տակ է դրվում»:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ