Կամակատար դատավորին չեն պատժում. դատավոր Ստեփան Միքայելյանը՝ նախկին կարգերի հետապնդումների մասին
Նախկին իշխանությունների օրոք Հայաստանի դատավորների հանդեպ ամենաշատ կարգապահական վարույթներն են հարուցվել եվրոպական տարածքում. եթե դատավորը կամակատար լիներ, ինչու՞ պետք է նրան պատժեին՝ հարցնում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը այն մեղադրանքներին ի պատասխան, թե իբր դատավորները նախկին կարգերի դրածոներն են:
Նա վկայակոչում է վիճակագրությունը և արձանագրում, որ Հայաստանի դատավորների հանդեպ պատիժիչ քաղաքականությունը նախկին իշխանությունների օրոք այնքան խիստ է եղել, որ ԵԽ հակակոռուպցիոն խումբը՝ GRECO-ն, պատվիրակություն է ուղարկել և մտահոգություն հայտնել, որ դատական համակարգի աշխատանքն այդ կերպ կազմալուծվում է:
«Անձամբ ինձ խիստ պատասխանատվության են ենթարկել՝ մեկ տարի իմ աշխատավարձի 25 տոկոսը պահելով: Ինչի՞ համար, որովհետև այն, ինչը ես մտածում եմ՝ ճիշտ է, դա եմ արել: Ու ինձ նման շատ շատերն են եղել»,-ասում է Ստեփան Միքայելյանը:
Դատավորների շրջանում նույնիսկ անեկդոտ կար, որ դատավորների կեսը կարգապահական պատասխանատվության էր ենթարկված, մյուս կեսն էլ սպասում էր՝ երբ պետք է ենթարկվի:
Միքայելյանը փաստում է, որ դատական համակարգի գործունեությանը չմիջամտելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարությունից, թերևս, ամենաշատը դատավորներն էին ուրախացել, որովհետև այդ անկախության պայքարի համար էին նախկինում պատասխանատվության ենթարկվում:
Դատական համակարգի՝ հակահեղափոխությանը միանալու մասին որոշ պատգամավորների հայտարարություններին Ստեփան Միքայելյանը հակադարձում է՝ նրանք կամ ընդհանրապես հեռու են դատական իշխանության վերաբերյալ իրական պատկերացումներից կամ ունեն սուբյեկտիվ դիտավորություն, ինչը շատ վտանգավոր է, քանի որ նման մարդիկ կարող են հանրության շրջանում որոշակի տրամադրություններ ստեղծել:
«Արդյո՞ք մենք չպետք է մտածենք, որ հենց ո՛չ հնազանդ լինելու հետևանք է եղել, որ այդ դատավորները զանգվածաբար պատիժների են ենթարկվել: Բայց հասարակությունը տեղյակ չէ այս մասին»,-արձանագրում է դատավորը:
Նա նկատում է, որ այսօր միտում կա դատավորներին ինչքան հնարավոր է պատժել, մինչդեռ դրանից որևէ օգուտ չի կարող լինել: Նախկին կարգերի ժամանակ էլ ով պատահեր՝ փնովում էր դատավորներին և այդ տրամադրվածությունը ժողովրդի շրջանում իներցիայով եկել-հասել է նոր ժամանակներ:
Վստահության ձեռքբեման միակ մեխանիզմը նա համարում է դատական համակարգ-հասարակություն անմիջական կապը և ԲԴԽ-ի կարևորագույն գործառույթը տեսնում հանրության և դատական իշխանության մերձեցումը ապահովելու, փոխվստահությունն ամրապնդելու մեջ:
ԲԴԽ-ի վերակազմավորման գործընթացին հետևելով՝ Ստեփան Միքայելյանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ այդ մարմնի լիազորություններն ամրագրելիս, խախտվել են եվրոպական չափանիշները:
Մասնավորապես, դատական իշխանությունը պետք է կարողանա իր ինքնակառավարման միջավայրը ինքնուրույն ապահովել՝ առանց այլ իշխանությունների միջամտության, այս պատճառով էլ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդն առաջարկում է, որ ԲԴԽ-ն կազմված լինի բացառապես դատավորներից, իսկ եթե պետությունը նպատակահարմար է գտնում, որ կազմը լինի խառը, ուրեմն մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ. մինչդեռ Հայաստանի ԲԴԽ-ն կազմված է հավասար՝ 5 դատավոր, 5 իրավաբան-գիտնական անդամից:
Բացի այս, եվրոպական ստանդարտով՝ եթե անգամ կազմը խառը տիպի է, առանձին խնդիրներ, որոնք ուղղակիորեն առնչվում են դատարանների և դատավորների գործունեությանը՝ ներառյալ կարգապահական վարույթները, պետք է լուծվեն բացառապես միայն դատավորներով համալրված խմբի կողմից: Հայաստանում իբրև այդպիսի խումբ ձևավորվել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը, մինչդեռ դատական օրենսգիրքը վարույթի հարուցման իրավասություն է վերապահել նաև արդարադատության նախարարին, ինչը ևս եվրոպական չափանիշի խախտում է:
Ինչևէ, Սահմանադրությունը փոխելու խնդիր այս պահին դրված չէ և ԲԴԽ-ն համալրող նոր անդամներից դատավոր Միքայելյանն ակնկալում է իրագործել այն գործառույթները, որոնք, նրա գնահատմամբ, առայժմ չեն արվել. նախ՝ մշակել այնպիսի նորմատիվային ակտեր, որոնք դատավորին հնարավորություն կտան անմիջական շփման մեջ մտնել հասարակության անդամների հետ: Բերում է Հոլանդիայի օրինակը, որտեղ յուրաքանչյուր շրջանային դատարան ունի նաև հանրային մի մարմին՝ կազմված տվյալ շրջանի ներկայացուցիչներից, որոնք տեղի բնակչության հետ դատարանների անմիջական հաղորդակցման միջանկյալ օղակն են:
Բացի այդ, նախկինում Հայաստանի դատարաններում ընդունելության օրեր կային, երբ դատարանների նախագահները զրուցում էին քաղաքացիների հետ, լսում նրանց դժգոհություններն ու առաջարկությունները, այսօր այդ հնարավորությունը չկա:
Ստեփան Միքայելյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ ՀՀ դատական օրենսգիրքը դատավորին հրապարակային ելույթի խիստ սահմանափակ հնարավորություն է տալիս, ինչը ևս շահեկան չէ հասարակության հետ ուղղակի կապը ապահովելու տեսանկյունից: Վճռաբեկ դատարանի դատավորն առաջարկում է Հանրային հեռուստաընկերությամբ եթերաժամ տրամադրել դատական իշխանությանը: