Ողջունում ենք Ձեզ «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքէջում:
ՀՀ դատավորների միությունն իր ավելի քան 25-ամյա գործունեության ընթացքում միշտ կարևորել է թափանցիկ ու մատչելի գործելաոճը, որը նպատակաուղղված է դատարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը: Անկասկած, մեր առաքելությանը հարիր ձեռնարկելու ենք առավելագույնը, որպեսզի մեր երկրում բացառիկ գործառույթ, այն է՝ արդարադատություն իրականացնող դատավորի գործունեությունն առավել մատչելի ու հասկանալի լինի քաղաքացիների համար՝ նպաստելով հասարակության մեջ դատական համակարգի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը:
ՀՀ դատավորների միության պաշտոնական կայքի թարմացման հիմնական նպատակը նորովի մոտեցումներով ու ժամանակակից տեխնիկական լուծումներով հագեցված եղանակներով միության, առանձին անդամների աշխատանքային գործունեության մասնագիտական, ստեղծագործական և հասարակական երանգների ամբողջական լուսաբանումն է, ինչպես նաև դատաիրավական համակարգի համաշխարհային ու տարածաշրջանային արդի մարտահրավերների, այդ գործընթացների զարգացման միտումների ներկայացումը, որը հնարավորություն կտա իրական պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման վիճակի ու դրա մատչելիության ապահովվածության վերաբերյալ:
Լիահույս ենք`կայքում կգտնեք օգտակար տեղեկություններ ոչ միայն Ձեզ հուզող հարցերի, այլ նաև դատավորի աշխատանքի հետաքրքրաշարժ անցուդարձի վերաբերյալ:
Մաղթում ենք արդյունավետ փոխհամագործակցություն:

Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա կարգապահական վարույթի նոր քննությունը, որը սկիզբ է առել 2023 թվականին դատավորի լիազորություններն անօրինական դադարեցնելու որոշման վերացմամբ: Նշված և նախորդած համանման` դատավոր Սուրեն Անտոնյանի և դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ գործերով ԲԴԽ-ն չի կատարում Սահմանադրական դատարանի և Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները. նախկինում իր իսկ կայացված անօրինական որոշումները վերացնելուց հետո անգամ դատավորներին իրենց նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելուց հրաժարվելու պայմաններում, օրենքով չնախատեսված ընթացակարգերով` առանց դատավորի կարգավիճակի ու իրավունքների, երաշխիքների վերականգնման քննել է նրանց վերաբերյալ կարգապահական վարույթներ:
Նշված գործընթացներն ուղեկցվում են նաև դատական իշխանության հեղինակությանը վնասող դրսևորումներով.
2026թ. փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամը, 2011-2023թթ. դատական համակարգը բնութագրելով «վերից վար կոռումպացված` նշանակումներից ու ազատումներից սկսած, վերջացրած դատական ակտերը գներով կայացնող», դատողությունների սկզբնաղբյուր կամ հիմք վկայակոչելով «միջազգային հանրությանը» և/կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գոյություն չունեցող զեկույցները, հարց է հղել 2023 թվականին ազատ խոսքի («ԲԴԽ-ին միանձնյա և կոնսենսուսով որոշումներ կայացնելու, դատավորների լիազորությունները ապօրինի դադարեցնելու համար») ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորին` Դավիթ Հարությունյանին, թե արդյոք նա այդ («միջազգային հանրության») գնահատականները դիտել է հարձակում դատական համակարգի նկատմամբ, թե` ոչ, և եթե` այո, ապա ինչու չի քննադատել այդ զեկույցները:
Ազատ խոսքի համար կարգապակահական պատասխանատվության ենթարկվող անձի` դատական իշխանության հասցեին վնասող անհիմն դատողություններ չկատարելու կոչին, բացարկին, նշված տեսանյութերը չհանրայնացնելու միջորդություններին Խորհուրդը 2026 թ. փետրվարի 23-ի որոշմամբ արձագանքել ու իր անդամի դատողությունները դիտել է իրավաչափ (նույնիսկ կողմնակալության տպավորության չհանգեցնող)` իբր վերջինիս խոսքը հիմնված է միջազգային զեկույցների («ԲԴԽ-ի համար ոչ հեղինակավոր») վրա` զլանալով վկայակոչել գեթ մեկը:
Նույն ժամանակահատվածում թե՛ միջազգային, թե՛ ներպետական որևէ կառույցի, կազմակերպության, «միջազգային հանրության» գնահատական (նույնիսկ ոչ հեղինակավոր կամ առավել ևս հեղինակավոր) նման եզրակացություններ չի պարունակել, (ինչի մասին է փաստում նաև ԲԴԽ որոշման ստույգ հղման բացակայությունը) և եթե անգամ այդպիսին պարունակեր, և դա հայտնի լիներ միայն ԲԴԽ-ին, ապա այն չէր կարող հղման հիմք ծառայել այլուրեքության ապահովման և դատական իշխանության հեղինակությանը վնասող դատողություններ անելու համար:
Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման գնահատականներ չեն հանդիպում որևէ հեղինակավոր միջազգային կազմակերպության զեկույցներում, այսինքն` հնչեցվածը պարունակում է փաստազուրկ ու մտացածին գնահատականներ:
Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը դատավորներին մինչև 2023 թվականը պարբերաբար պատասխանատվության է ենթարկել դատական իշխանությանը վերաբերող` դատավորների անկախությունը սահմանափակող գործընթացների, ԲԴԽ-ի քննադատության` ազատ խոսքի չարաշահման մեղադրանքներով, սակայն 2026 թվականին դատական իշխանության հասցեին` ներառյալ նաև ԲԴԽ գործող դատավոր անդամների վերաբերյալ, նույն ԲԴԽ-ն թույլ է տվել այնպիսի արձանագրումներ, որոնք դուրս են ազատ խոսքի ու քննադատության սահմաններից, պարունակում են վիրավորանքի և ինստիտուտի հեղինակազրկման հատկանիշներ` հաշվի առնելով այդպիսիք ԲԴԽ ամբիոնից հնչեցնելու և այն իրենց կողմից տարածելու ու հազարավոր քաղաքացիների դիտումներ արձանագրելու հանգամանքները:
Հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն արդեն իսկ նշված գործողություններին միաձայն տվել է գնահատական, անհեռանկար է դառնում առանձին անդամների պատասխանատվության հարցի բարձրաձայնումը, այդուհանդերձ, կոչ ենք անում Բարձրագույն դատական խորհրդին հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ:

Դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։
Օրենսգրքի` Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ նաև հանձնաժողով) վերաբերող փոփոխությունների քննարկվող նախագիծը պարունակում է դատավորների անկախության նկատմամբ ոտնձգության էական ռիսկեր Սահմանադրության և միջազգային լավագույն փորձի ստանդարտների տեսանկյունից և չի ապահովում Վենետիկի հանձնաժողովի (CDL-AD(2023)045 և CDL-AD(2024)031) կողմից սահմանված անկախության համար անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմների պահպանումը։
Այսպես`
1. Դատավորների անկախությունը՝ գերակա արժեք.
Վենետիկի հանձնաժողովը հստակ ու հետևողականորեն շեշտել է, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների առաջնահերթ նպատակն է պաշտպանել դատական անկախությունը, իսկ «դատական կորպորատիվիզմի» վերաբերյալ ցանկացած ենթադրյալ մտահոգություն կամ պատճառաբանություն չի կարող գերակա լինել դատավորների անկախությունը պահպանող երաշխիքների նկատմամբ պետության ունեցած պոզիտիվ պարտականության համատեքստում:
Առաջարկվող փոփոխությունները թույլ են տալիս կարգապահական վարույթներ հարուցել միայն դատավոր չհանդիսացող անդամների մասնակցությամբ, ինչը հակասում է Հանձնաժողովի կողմից ավելի վաղ սահմանված՝ առաջարկվող ստանդարտներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են երկկողմ կամ միաժամանակյա մասնակցություն (դատավոր և ոչ դատավոր անդամներ) (venice.coe.int): Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման նման ցածր շեմի սահմանումն ու դրա կիրառումն ինքնին սահմանափակելու են վերջիններիս արտաքին անկախության երաշխիքները` ավելացնելով արտաքին ազդեցության միջամտության հնարավորությունները:
2. Արդարադատության նախարարի լիազորությունների պահպանման և Հանձնաժողովի ոչ դատավոր անդամների լիազորությունների ընդլայնման համատեղելիության հարցը.
Գործադիրի լիազորությունը կարգապահական վարույթներ հարուցելու մասին. Վենետիկի հանձնաժողովը դիտարկում է նախարարի լիազորությունը որպես անցումային և պայմանական, ընդունելի միայն այն դեպքում, երբ դատական համակարգի ներսում` հանձնաժողովում, չկան բավարար ներքին հակակշիռներ: Հետևաբար, այն պայմաններում, երբ Հանձնաժողովի կազմը փոփոխվում է ի նպաստ ոչ դատավոր անդամների` դատավորների ազդեցությունը կամ ներգրավվածությունը նվազեցնելու (<<դատավորների կորպորատիվիզմը>> չեզոքացնելու) նպատակով, ապա բալանսավորված մոտեցման դեպքում գործադիրի` կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը ևս պետք է բացառվի կամ սահմանափակվի. հակառակ դեպքում կխախտվի Սահմանադրության հաշվառմամբ` Վենետիկի հանձնաժողովի առաջարկած բալանսը` ի վնաս դատավորների անկախությանը:
3. Անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձության խնդիրը.
Դատավորների միությունը սահմանադրականության տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում նաև ոչ դատավոր անդամների մասով օրենքին հետադարձություն տալը, ինչը վտանգում է իրավական որոշակիության սկզբունքը։ Առավել մտահոգիչ է այն, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթում այն ի սկզբանե նախատեսված չի եղել և այդ մոտեցումը ձևավորվել է հետագա քննարկումների արդյունքում։
Փաստացի, դատավորների ինքնակառավարման մարմնի` ընդհանուր ժողովի կողմից ընտրված ոչ դատավոր անդամները զրկվելու են իրենց օրինական ակնկալիքից. նրանց վրա կիրառվելու են այնպիսի սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն եղել ընտրության պահին, ինչը ևս խիստ խնդրահարույց է։
Հարկ է նշել նաև, որ փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները, հետևաբար առաջարկում ենք նշված փաթեթի ընդունումը հետաձգել` ներգրավելով մասնագիտական լայն շրջանակների և/կամ դիմել Վենետիկի հանձնաժողովին վերջին խմբագրության մասին դիրքորոշում ստանալու համար:
Օրենքի ընդունման պայմաններում ցածր շեմի ու երաշխիքների բացակայությամբ հարուցված կարգապահական վարույթները խոցելի են լինելու օրինականության համատեքստում:
Դատավորների միությունը ձեռնարկելու է նաև միջոցներ միջազգային հեղինակավոր գործընկերների` այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վերջին խմբագրության կապակցությամբ ստանալու նպատակով:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 9-ի հրամանագրով Տավուշի մարզի դատարանում դատավոր է նշանակվել:
Այսպես, Վազգեն Սմբատյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Տեղեկացնում ենք, որ այսուհետ ՀՀ դատավորների միության պաշտոնական կայքում պարբերաբար կզետեղվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների ամփոփագրերի հայերեն տեքստերը, որոնց ընտրությունը պայմանավորված է ՀՀ իրավական համակարգի համար դրանց ունեցած կարևորությամբ և նպատակ ունի աջակցելու ՀՀ դատավորների կողմից դատական ակտերի կայացմանը:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ամփոփագրերի հայերեն թարգմանությունն իրականացվում է բացառապես ՀՀ դատավորների միության նախաձեռնությամբ ու ջանքերով և չի հանդիսանում պաշտոնական թարգմանություն:
Ստորև ներկայացվում է Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի [GC]-76639/11 25.9.2018 [GC] վճռի ամփոփագրի հայերեն տեքստը:

Թիվ ՇԴ/0024/16/17 քաղաքացիական գործով 2019 թվականի հոկտեմբերի 01-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք օտարերկրյա պետության դատական ակտը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է ճանաչվել և թույլատրվել կատարման, եթե այն կայացվել է ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերով:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելիս և կատարման թույլատրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ՀՀ ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային պայմանագրերի պահանջները:
Վճռաբեկ դատարանը անդրադարձել է Մինսկի կոնվենցիայի կարգավորումներին, քանի որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության հետ կապված հարաբերություններում գործում է այդ կոնվենցիան:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ, ի թիվս օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու այլ հիմքերի, Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված է, որ օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող է մերժվել, եթե գործը պատկանում է այն պետության մարմնի բացառիկ իրավասությանը, որի տարածքում պետք է ճանաչվի և կատարվի համապատասխան դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա նկատի ունենալով, որ Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը տվյալ գույքի գտնվելու վայրի դատարանների բացառիկ ընդդատությանն են պատկանում, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ եթե օտարերկրյա պետության դատական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների վերաբերյալ, ապա տվյալ դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը ենթակա է մերժման:

Թիվ ԼԴ4/0022/04/18 սնանկության գործով 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցերի վերաբերյալ, թե արդյո՞ք կամավոր սնանկության վարույթում պարտատեր-վարկային կազմակերպության կողմից տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կարող է բավարար գնահատվել պարտավորության բնույթը պարզելու համար, և թե արդյո՞ք դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակը կարող է որակվել պարտավորության առկայությունը և դրա չափը հիմնավորող թույլատրելի ապացույց:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ առաջին հարցադրմանը, մասնավորապես, նշել է, որ կամավոր սնանկության դիմումին կից ներկայացված` պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է պարտավորության ծագման հիմքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, և որով բացահայտվում է պարտավորության բնույթը, ևս կարող է բավարար ապացույց գնահատվել: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ սնանկության վարույթի այս փուլում օրենսդիրը կարևորել է միայն պարտավորության բնույթի և չափի բացահայտումը, ինչը պայմանավորված է սնանկության վարույթի հետագա փուլերի, մասնավորապես՝ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման փուլի առանձնահատկություններով: Պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորելու առավել խիստ ապացուցողական շեմ օրենսդիրը սահմանել է այս փուլում՝ պահանջատիրոջ վրա դնելով իր պահանջը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու ապացուցման բեռը:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կամավոր սնանկության վարույթում պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է նաև պարտավորության հիմքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, բավարար է պարտավորությունների բնույթը պարզված համարելու համար:
Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը, վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելով, այն հասանելի է դարձնում ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ ցանկացած այլ անձի` այդ թվում այլ դատարաններին: Այսինքն` դատարանն ունի իրական հնարավորություն վճիռը նույնականացնող համապատասխան բավարար տեղեկությունների (մասնավորապես, վկայակոչվող դատական ակտն ընդունած մարմնի անվանումը, դատական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը, գործի համարը) առկայության դեպքում ստուգել վճռի բովանդակությունը և օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ կամավոր սնանկության վարույթում որպես պարտավորության առկայությունը հիմնավորող ապացույց դիմումին կից ներկայացվում է դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակը, դատարանը` դրա արժանահավատությունը գնահատելիս զրկված չէ ՀՀ դատական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական իշխանության պաշտոնական կայքից օգտվելու և դրա միջոցով վճռի իսկությունը ստուգելու հնարավորությունից: