Վճռաբեկ դատարանի 10 դատավորների հանդեպ կարգապահական վարույթը անհիմն է և ենթակա է կարճման. ԲԴԽ-ն լսեց կողմերին
Արդարադատության նախարարը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված՝ դատական իշխանության և դատավորի անկախության սկզբունքները, երբ կարգապահական վարույթ է հարուցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների հանդեպ՝ հայտարարեց Պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ԲԴԽ նիստում: Նա արձանագրեց, որ գործադիրի կողմից բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի, ուժի մեջ մտած որոշումը մեկնաբանելը անթույլատրելի է, հարուցված կարգապահական վարույթը չի բխում Սահմանադրության այն դրույթից, համաձայն որի Վճռաբեկ ատյանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն, դատավորներին վերագրված կարգապահական պատասխանատվության հիմքերն իսպառ բացակայում են և դա այնքան ակնհայտ է, որ թույլ է տալիս միանշանակ արձանագրել, որ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, իսկ հարուցվածը ենթակա է կարճման:
«Այս դեպքում, փաստացի, Վճռաբեկ դատարանի կոլեգիալ որոշման մեկնաբանությունը տալիս է գործադիր իշխանության ներկայացուցիչը և ստացվում է, որ բարձրագույն դատական ատյանի վերջնական ուժի մեջ մտած դատական ակտ ենք մենք քննարկում։ Կարծում եմ՝ սա անթույլատրելի է, վտանգում է արդարադատությունը և Վճռաբեկ դատարանի առաքելությունը»,–ասաց Ռուզաննա Հակոբյանը։
Նշենք, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 15.04.2019 թ-ի թիվ 12-Ա որոշմամբ դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանին, Ստեփան Միքայելյանին, Սուրեն Անտոնյանին, Վարդան Ավանեսյանին, Արտակ Բարսեղյանին, Մամիկոն Դրմեյանին, Գոռ Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Էդգար Սեդրակյանին և Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ միջնորդությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հունիսի 6-ին նիստ հրավիրեց և լսեց կողմերին: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները հիմնավորեցին՝ ինչու վարույթ չէին ընդունել անշարժ գույքի առուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոքը՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:
Նրանք պարզաբանեցին, որ միայն հանգամանքի նոր ձեռք բերված և գործին վերաբերելի լինելը բավարար չէ բողոքը վարույթ ընդունելու համար: Դրա տեսանելիությունը պայմանավորված պետք է լինի ոչ միայն նոր երևան եկած հանգամանքի շարադրմամբ, այլև ակնհայտորեն տեսանելի պետք է դարձնի, որ այդ հանգամանքն էական նշանակություն կարող է ունենալ գործի լուծման համար կամ նախկինում կայացված դատական ակտը որպես ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ որակելու համար: Դատավորները փաստեցին, որ թիվ 12-Ա որոշմամբ արձանագրված դատողությունը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր էր, առանց անդրադառնալու վճռաբեկ բողոքում շարադրված տեղեկատվության իրավական գնահատմանը, բավարարվել միայն բողոքի ձևի պահպանված լինելու իրողությամբ և բողոքը վարույթ ընդունել, որևէ կերպ չի կարող աղերս ունենալ Օրենսգրքի դրույթների հետ: Նոր հանգամանքը էական նշանակություն չի ունեցել, քանի որ դրանում վկայակոչված հանգամանքն իր գոյությամբ որևէ կերպ չի հերքել քաղաքացիական գործով ձեռք բերված և դատարանի կողմից հաստատված մյուս փաստական հանգամանքները:
Դատավորիներին վերագրվել է վարքագծի կանոնների կոպիտ խախտում, այնինչ չի վկայակոչվել դատավորի վարքագծի կոնկրետ այն կանոնը սահմանող դրույթը, որը խախտելու համար հարուցվել է կարգապահական վարույթը: Արդյունքում, հնարավոր չի եղել միանշանակ հետևություն անել կարգապահական պատասխանատվության հիմքի առկայության, ինչպես նաև այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները պահպանված լինելու հարցի վերաբերյալ: Ամեն դեպքում դատավորներն ընդգծեցին, որ իրենց կողմից անվերապահորեն պահպանվել են դատավորի վարքագծի բոլոր կանոնները:
Թիվ 12-Ա որոշումը, նրանց համոզմամբ, որևէ հիմնավորում չի պարունակում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները բարեխղճորեն և լիարժեք չկատարելու փաստարկների վերաբերյալ: Ճիշտ հակառակը, ինչպես քննարկվող, այնպես էլ ցանկացած այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները անգամ գերծանրաբեռնվածության պայմաններում օրենքի պահանջների պահպանմամբ քննում և լուծում են իրենց իրավասությանը վերապահված հազարավոր հարցեր, բարեխղճորեն և լիարժեք կատարելով իրենց պաշտոնեական պարտականությունները:
Միջնորդության տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում կստացվի, որ ներկայացված վճռաբեկ բողոքի ընդունումն օրենքով սահմանված հիմքերով մերժելու յուրաքանչյուր դեպքում դատավորներին կարող է վերագրվել արդարադատության իրականացումից հրաժարում: Այնինչ, դատական ակտի վերանայումը վերադասության կարգով իրականացվում է օրենքով սահմանված զտման գործիքակազմով, որի չափորոշիչներն առաջին ատյանից դեպի վերաքննիչ, իսկ այնուհետև նաև` վճռաբեկ ատյան, նույնական չեն: Այդ ատյաններում վարույթ ընդունելու համար ներկայացվող պահանջները միմյանցից տարբերվում են այն տրամաբանությամբ, որ վճռաբեկ ատյանի կողմից բողոքը վարույթ ընդունելու պահանջները շատ ավելի խիստ են և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ: Նման իրավակարգավորման պայմաններում Վճռաբեկ դատարանը պարտավոր է վճռաբեկ բողոքը դատական հետազոտման ենթարկել, որպեսզի պարզի` արդյո՞ք բողոքը բավարարում է Օրենսգրքի պահանջներին: Տվյալ դեպքում արդեն իսկ Վճռաբեկ դատարանի կողմից գործը վարույթ ընդունելը մերժելու դատական ակտի կայացման փաստն արձանագրում է, որ դատավորները, ի պաշտոնե հանդես գալով որպես ՀՀ վճռաբեկ դատարան, իրականացրել են արդարադատական գործառույթը, ուստի թիվ 12-Ա որոշմամբ դատավորներին, որպես կարգապահական պատասխանատվության հիմք, իբր դատական իշխանությունը հեղինակազրկող դատավորի վարքագծի կանոնի խախտում վերագրելը, չունի ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմնավորում:
Միջնորդության հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի հունիսի 14-ին:
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների բացատրությանը ամբողջությամբ, որը քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց ելույթում, ծանոթացեք այս հղումով: