ՀՀ դատավորների միության պատվիրակությունը վերադարձել է Դատավորների եվրոպական միության համաժողովից
Դատավորների եվրոպական միության ամենամյա տարեկան համաժողովին մասնակցել է Հայաստանի դատավորների միության պատվիրակությունը, որի կազմում եղել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովիկ Շահնազարյանը և Հայարփի Զարգարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը: Դանիայի Թագավորության Կոպենհագեն քաղաքում տեղի ունեցած համաժողովին Դատավորների եվրոպական միության անդամ 44 պետությունների Դատավորների միություններից մասնակցել են 39-ի պատվիրակները:
Օրակարգում եղել են Դատավորների եվրոպական միության անդամ պետությունների դատական համակարգերին առնչվող հարցեր: Քննարկվել է իրավիճակը Թուրքիայի և Լեհաստանի դատական համակարգերում, այդ կապակցությամբ Դատավորների եվրոպական միության ձեռնարկած միջոցառումները: Ներկայացվել են Դատավորների եվրոպական միության բյուջեին առնչվող հարցեր:
Հայաստանի դատավորների միության անդամ, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը հանդես է եկել «Դատական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ելույթով:
Համաժողովի ընթացքում, բացի օրակարգային թեմաներից, քննարկվել են նաև անդամ երկրների դատական իշխանությունների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Քաղաքական իշխանությունների ազդեցությունը դատական իշխանության վրա
Այս խնդրին անդրադառնալով՝ դատապարտվել է քաղաքական իշխանությունների հնարավոր ազդեցությունը դատական իշխանության վրա՝ որակելով այն դատավորի անկախության ոտնահարում: Առաջադրվել են քաղաքական հակահարձակման հետևյալ մոտեցումները.
* կառուցվածքային (դատական ինքնավարության սուբսիդավորումը),
* վարքային (այն դատավորների անբարեխիղճ վարքագիծը, ովքեր ծույլ են, եսակենտրոն, հետխորհրդային արժեքների կրող, կոռումպացված կամ «պարզ հանցագործներ»),
* քաղաքական (դատական իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին (ներկայացվել է Լեհաստանի օրինակը)):
Դատավորների՝ դատավարական նորմերի խախտման պատճառով կարգապահական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիությունը
Քննարկվել է անդամ պետություններից մեկում գործող 30 տարվա մասնագիտական փորձ ունեցող դատավորի հանդեպ դատավարական նորմի խախտման պատճառով կարգապահական տույժ կիրառելու իրավաչափության հարցը: Մասնակից երկրների դատավորների միության անդամները և համաժողովին մասնակցող փորձագետները այս հիմնահարցի մասին արտահայտել են բացասական կարծիք՝ նշելով, որ դատավարական նորմերի խախտումը չպետք է հանգեցնի դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառման, քանի որ այն որակվում է որպես դատավորի նկատմամբ ճնշում և ներգործության միջոց, ինչն արդարացված չէ եռաստիճան դատական համակարգ ունեցող երկրներում, որտեղ երաշխավորված է անձի՝ վերադասության կարգով արդար դատաքննության իրավունքի խախտումների վերացման հնարավորությունը:
Ալբանիայի Հանրապետությունում տեղի ունեցած անցումային արդարադատության (լյուստրացիայի եղանակով) իրացման բացասական հետևանքները
Ալբանիայի Հանրապետության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին, որը անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման հետևանք է: Ըստ ներկայացուցչի, այն իրականացվել է լյուստրացիայի միջոցով, որի հետևանքով բարձրագույն դատական ատյանի 19 անդամներից 18-ը ազատվել է պաշտոնից, ինչը հանգեցրել է բարձրագույն դատական ատյանի փաստացի վերացմանը: Արդյունքում, մեկ դատավորի կազմով բարձրագույն դատական ատյանը չի կարողացել ապահովել անձի արդար դատաքննության իրավունքի իրականացումը, իսկ երկրում առկա չեն համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող դատավորներ, որոնց միջոցով հնարավոր է համալրել ազատված պաշտոնատար անձանց կազմը: Ալբանիայի Հանրապետության ներկայացուցիչն օգնության կոչ է արել՝ խնդրելով միջազգային բոլոր կառույցներին իրազեկել երկրում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին:
Դատավորների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները
Նախկին համաժողովների ընթացքում Դատավորների եվրոպական միության ժողովի կողմից ընդունվել է Թուրքիայի Հանրապետության դատավորների ընտանիքներին՝ սոցիալական երաշխիքների և պահուստային ֆոնդի հաշվին դրամական միջոցների տրամադրման մասին ռեգլամենտ (ըստ անհրաժեշտության՝ 300-900 եվրո գումարի չափով՝ յուրաքանչյուր ընտանիքին), որի միջոցով միությունն ապահովելու է պահուստային ֆոնդի դրամական միջոցների ավելացումը և դրանց փոխանցումը Թուրքիայի Հանրապետության այն դատավորների ընտանիքներին, որոնք մինչ օրս գտնվում են անազատության մեջ:
Հարցի շրջանակներում ներկայացվել է նաև պահուստային ֆոնդում առկա դրամական միջոցների օգտագործման ուղղությունների մասին տարեկան հաշվետվություն:
Դատավորների եվրոպական միության կանոնադրական փոփոխությունների կատարման, պետության կարգավիճակ չունեցող կղզիների անդամության թույլատրելիությունը
Ժողովին քննության առարկա է դարձել և քվեարկության է դրվել Դատավորների Եվրոպական Միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որի միջոցով կղզիներին պետք է տրամադրվեր պետության կարգավիճակ և թույլատրվեր անդամակցությունը Դատավորների եվրոպական միությանը: Բացի այդ, քննության առարկա է դարձվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը Դատավորների եվրոպական միության ժողովներին:
Անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից նշված հարցը արժանացել է բացասական կարծիքի: Քվեարկության արդյունքում ձայների որակյալ մեծամասնությամբ մերժվել է կանոնադրական փոփոխությունների կատարման նախագիծը և համապատասխան փոփոխությունները չեն ընդունվել:
Ժողովին քննարկվել է նաև դատավորների գործունեության հետ կապված խնդիրների մշտադիտարկման մոտեցումների նորացման, արդյունավետ համագործակցության, անդամ պետությունների դատավորների միությունների միջև շփումների ընդլայնման, հարցումներին արագ արձագանքելու և չարձագանքելու պարագայում սանկցիաների, ընդհուպ՝ եվրոպական միության անդամակցության դադարեցման ինստիտուտի ներդրման հարցը:
Հայաստանյան պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Դանիայի Թագավորության դատավորների միության նախագահին և համաժողովի մասնակիցներին՝ արդյունավետ քննարկումների համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը և շփումը՝ դատավորների հեղինակության բարձրացման, անկախության գործուն երաշխիքների ապահովմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության՝ Դատավորների եվրոպական միությանն անդամակցելու ամրապնդմանն ուղղված մեխանիզմերի ներդրման հարցում:
Համաժողովի ընթացքում որոշվել է Դատավորների եվրոպական միության հաջորդ` 2020թ.-ի տարեկան համաժողովն անցկացնել Պորտուգալիայի Հանրապետությունում: