Մեր մասին
«ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Միություն) հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին։ Միության անդամները ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։
1997-2003 թվականներին Միության նախագահն էր ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր)։
2003-2017 թվականներին Միության նախագահն էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։
2017 -2020 թվականներին Միության նախագահն էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը:
Միության ստեղծման առաջին իսկ օրերից հրատարակվել է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը։ Իրավական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցներից «Դատական իշխանությունն» առաջինն էր, որն անդրադարձավ դատական պրակտիկային։
2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։ Ամսագիրը լույս է տեսնում կայուն պարբերականությամբ։ Ամսագրում հանդես են գալիս պրակտիկ իրավաբաններ, շնորհալի երիտասարդներ, որոնք հավակնում են լրացնել հանրապետության իրավաբան-գիտնականների շարքերը։
«Դատական իշխանությունը» եզակի ամսագրերից է, որում հանդես են գալիս առավելապես հայ դատավորներն իրենց գիտական հոդվածներով՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին։ Ամսագրի գիտական խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Արման Մկրտումյանն է: Խորհրդի կազմում ընդգրկված են տասնչորս իրավաբաններ՝ ՀՀ տարբեր ատյանի դատարանների դատավորներ, իրավաբան-գիտնականներ: 2018 թվականից ամսագրի գլխավոր խմբագիրը ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանն է։
Ամսագիրն առանձին բաժիններում պարբերաբար անդրադառնում է դատական համակարգի, դատական պրակտիկայի, առևտրային, միջազգային, սահմանադրական, քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեական, քրեադատավարական իրավունքների, մինչդատական վարույթի դատական վերահսկողության և բազմաթիվ այլ իրավական հիմնահարցերի։
Քրեական և քաղաքացիական դատավարությունների, քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքերի և այլ օրենսդրությունների ընդունումից հետո անհրաժեշտություն առաջացավ մշտապես գիտականորեն մեկնաբանել նշված օրենքների նորմերը։ Լինելով Դատավորների միության միակ պարբերականը` այն տպագրել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ վճռաբեկ դատարանի երկու պալատների նախադեպային նշանակություն ունեցող որոշումները։ Ամսագրում լուսաբանվում են նաև հիշարժան իրադարձություններ, այդ թվում՝ դատավորների ծննդյան, պարգևատրումների, կոչումների շնորհման վերաբերյալ իրադարձությունները և այլ:
Արդեն ավանդույթ է դարձել ամսագրում վաստակի գնահատման տարելիցների և թոշակի անցնող դատավորների մեծարման երեկույթների, շնորհավորական ուղերձների ներկայացումը։ 2018 թվականից ամսագրում որպես նորամուծություն առանձին խորագրով նախատեսվել է հայերեն լեզվով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, ինչպես նաև նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումների լուսաբանումը:
Միության գրասենյակում անցկացվում են Միության խորհրդի նիստերը, այլ հանդիսավոր արարողություններ, միջոցառումներ: Ներկայումս Միության խորհուրդն ունի ինն անդամ, ովքեր ընդգրկված են Միության խորհրդի տարբեր ենթահանձնաժողովներում: Միության խորհուրդն ունի իր գործունեության կանոնակարգը, որը հաստատվել է Միության խորհրդի 31.07.2017 թվականի որոշմամբ:
2001 թվականից մինչ օրս Միության խորհրդի գործադիր տնօրենն է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը։
Միության խորհրդի նիստերում քննարկվում են դատական համակարգի ու դատավորների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարբեր հարցեր և ընդունվում համապատասխան որոշումներ։
Դատավորների իրավունքների պաշտպանության նպատակով տարբեր տարիներին Միության խորհուրդը զանգվածային լրատվամիջոցներով դատարանների գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանդես է եկել պատասխան հայտարարություններով:
2005 թվականի նոյեմբերի 19-24-ը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը։ ՀՀ դատավորների միությունը 2004 թվականի մարտին դիմել էր անդամակցելու խնդրանքով` ցանկություն հայտնելով լինել Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ։ ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը քննվել էր Հռոմում` Միության կենտրոնական խորհրդում և որոշվել էր ՀՀ դատավորների միության պատվիրակությանը հրավիրել 48-րդ համաժողովին։ Հայաստանից Մոնտեվիդեո մեկնեցին ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանն ու ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը։
Համաժողովի նոյեմբերի 23-ի նիստում Դատավորների միջազգային միության ընդհանուր քարտուղարի տեղակալ, Թուրինի քաղաքային դատարանի դատավոր Ջակոմո Օբերտոն համաժողովի մասնակիցների` աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 դատավորների դատին ներկայացրեց ՀՀ դատավորների միության դիմումը։ Համաժողովը միակարծիք էր, և ՀՀ դատավորների միությունը դարձավ միջազգային կազմակերպության 68-րդ անդամը։
2007 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության հոբելյանական 50-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության պատվիրակությունը։
Դատավորների միջազգային միության կանոնադրության համաձայն` տարեկան ժողովում ի թիվս այլ հարցերի քննարկվում է նաև հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայրի ընտրության հարցը։
2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովն անցկացնելու համար հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի, Ռումինիայի, Մարոկկոյի և Ղազախստանի դատավորների միությունները։ Նախագահական կոմիտեում նախնական հայտերի ուսումնասիրման արդյունքում որպես 2008 թվականի թեկնածու անդամներ կենտրոնական խորհուրդ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի և Ռումինիայի դատավորների միությունները։ Կենտրոնական խորհուրդը, քննարկելով երեք երկրների առաջարկները, փակ գաղտնի քվեարկությամբ 2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովի կազմակերպման վայր, հյուրընկալող երկիր ընտրեց Հայաստանի Հանրապետությունը։
Այսպիսով, առաջին անգամ ողջ տարածաշրջանում և ԱՊՀ տարածքում 2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը Հայաստանում տեղի ունեցավ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 51-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, որին մասնակցում էին աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 216 դատավորներ:
Ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում Միությունը կազմակերպել է մի քանի տասնյակ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ և հրատարակել ավելի քան 200 անում գրականություն՝ հիմնականում գիտագործնական ձեռնարկներ: