ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը. Դատավորների ընդհանուր ժողովն ընդունեց հայտարարություն
Մայիսի 27-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը:
Այն արտահերթ էր, գումարվել էր դատավորների նախաձեռնությամբ, որոնց ստորագրահավաքին միացել էին 62 դատավորներ: Այս հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հրավիրել էր արտահերթ ժողով:
Ընդհանուր ժողովի քվորումն ապահովված էր. մասնակցության իրավունք ունեին 229 դատավորներ, ներկա էին 163-ը:
Ժողովի օրակարգը հետևյալն էր. «Սահմանադրության, օրենքների և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում դատարանների բնականոն գործունեության ընթացքն ապահովելուն ուղղված քայլերի իրականացման հարցի քննարկում»:
Մոտ 6 ժամ տեւած քննարկումների արդյունքում Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովն ընդունեց ամփոփիչ հայտարարություն.
«Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության վերաբերյալ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաեւ զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակում դատավորների հասցեին հնչող քննադատությունները՝ Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ․
ա/ Դատավորների ընդհանուր ժողովը եւս կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայմանը։ Սակայն այն պետք է ունենա հստակ եւ հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով։ Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում։ Դատավորների ընդհանուր ժողովը որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին՝ արտահայտելով դատավորների կամքը պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության եւ դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում։
բ/ Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ։ Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին՝ դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով, եւ իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով։
գ/ Դատավորների ընդհանուր ժողովը կարեւորում է յուրաքանչյուրի՝ կարծիքն ազատ արտահայտելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։ Դատավորների ընդհանուր ժողովն ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաեւ դատական իշխանության համար, քանի որ դա հնարավորություն է տալիս շտկելու առկա թերությունները։ Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաեւ՝ դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը։ Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն եւ կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից։
դ/ Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։
Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են:
Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն 1/5-ի կամ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: