Համագործակցություն
Որպես հասարակական կազմակերպություն՝ Միությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ու կառույցների հետ: Բացի այդ, Միությունն իր կանոնադրության շրջանակներում համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Միությունը տեղական ու միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ իր համագործակցությունը սկսել է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագրի հրատարակման շրջանակներում։ Ամսագրի տպագրությանը շարունակ օժանդակություն են ցուցաբերել միջազգային տարբեր կազմակերպություններ։ Ամսագիրը երկար ժամանակ հրատարակվել է ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի (այժմ` ABA/ROLI) աջակցությամբ: Այնուհետև, համագործակցությունը շարունակվել է ՄԱԿ-ի Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի, Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրերի հետ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) հետ։
Ներկայումս «Դատական իշխանություն» ամսագիրը տպագրվում է Միության ֆինանսական միջոցներով:
Եվրոպայի խորհրդի և Միության ջանքերով հրատարակվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հայերեն թարգմանությամբ թվով ինը ժողովածուները:
Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ծրագրի արդյունքում վերջին տարիներին հրատարակվել են նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 9-րդ, թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներին նվիրված աշխատությունները, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տերմինների անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան», «Մարդու իրավունքների ձեռնարկ դատախազների համար» գրքերը և այլն:
Եվրոպական իրավունքի թեմաներով կազմակերպվել են նաև սեմինար-դասընթացներ Հայաստանի Հանրապետության դատավորների համար:
Այժմ շարունակվում է համագործակցությունը և նախատեսվում է տարբեր միջոցառումների կազմակերպում` նվիրված Եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածներին, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հիմնախնդիրներին:
Միությունն իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավական հարցերով ազգաբնակչության իրազեկության ապահովման, հասարակության շրջանում դատական համակարգի հեղինակության բարձրացման և վստահության ամրապնդման համար ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ 2002 թվականին հրատարակեց ընտանեկան գրադարանի տասը հատորյակը։
2005 թվականին Միությունը ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակեց ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրքը։ 2007 թվականին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի և ՀՀ դատավորների միության խորհրդի համատեղ որոշմամբ հրատարակվեցին ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունները, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 25-ին:
Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեց և Միության անդամներին անվճար բաժանվեց «Բաժնետիրական իրավունք» ձեռնարկը, ՀՀ տնտեսական դատարանի վճիռների և որոշումների ժողովածուի երկրորդ հատորը։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեցին «Դավանանքի իրավունք», «Կրթության իրավունք», «Արդարադատության մատչելիություն» և իրավական այլ թեմաներով ավելի քան 10 ձեռնարկները: Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) §ՀՀ-ում ապաստանի տրամադրման համակարգի որակի բարելավում. Դատական համակարգում ներգրավվածության ռազմավարություն¦ ծրագրի և §Առաքելություն Հայաստան¦ բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում հրատարակվել են §Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածու¦-ի 10-րդ հատորը, ինչպես նաև §Հանձնման (էքստրադիցիայի) ինստիտուտի միջազգային իրավական և ներպետական հիմնախնդիրները¦ գիտագործնական վերլուծությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում հրատարակվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ §Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական, տեսական և գործնական հիմքերը, ժամանակակից զարգացումներն ու կատարելագործման ուղիները¦, §Քրեական գործերով իրավական օգնության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում¦ աշխատանքները, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների 1-ին և 2-րդ հատորները: 2017 թվականին Միությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների 3-րդ հատորի հրատարակմանը:
ՀՀ դատավորների միությունը տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում նաև օրենքների նախագծերի քննարկմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, որոնց հիմնական մասն օրենսդիր մարմնի կողմից ընդունվում են։ Այդ նպատակով կազմակերպվում են սեմինարներ, գիտաժողովներ, քննարկումներ։
Ներկայումս բանակցությունների արդյունքում համագործակցության նոր ուղիներ են մշակվել ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ:
ՀՀ դատավորների միությունն ակտիվ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ փաստաբանների պալատի հետ:
2008 թվականից ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ, որը բարձրացրեց ՀՀ դատավորների միության միջազգային վարկանիշը և ընդլայնեց միության միջազգային կապերը: Այդ է փաստում նաև այն, որ Դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովը կազմակերպվեց Հայաստանում, որը տարածաշրջանում եզակի երևույթ էր:
2017 թվականին Միության նախագահ Ե. Խունդկարյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի դատավորների միության նախագահ Ենս Գնիզայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատավորների միությունների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև երկու երկրների դատավորների միությունների համագործակցության հեռանկարները:
Սերտ կապեր են հաստատվել Կին դատավորների միջազգային միության հետ և արդյունքում 2018 թվականին մայիսի 2-8-ը երեք դատավորներ գործուղվել են «Կամուրջների կառուցում աշխարհի կին դատավորների միջև» թեմայով 14-րդ երկամյա միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն այլ կառույցների հետ` նախադեպային, եվրոպական, առևտրային, հեղինակային և իրավունքի մյուս ճյուղերով նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով աջակցել նշված ոլորտներում դատական պրակտիկայի բարելավմանը։ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ 2017-2018 թվականների համագործակցության արդյունքում ժամականակակից նորագույն տեղեկատվական լուծումներին համապատասխան մոդիֆիկացվել և վերագործարկվել է Միության պաշտոնական ինտերնետային կայքէջը: