Քաղաքական իշխանություններն իրենք են հայտարարում, որ դատական համակարգի վրա որևէ ազդեցություն չկա. Ե. Խունդկարյանը՝ բարեփոխումների մասին
Մայիսի 27-ին կհրավիրվի Դատավորների ընդհանուր ժողով: Սա դատական իշխանության ինքնակառավարման մարմին է: Հենց Ընդհանուր ժողովն է առաջարկում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններ, ընտրում ԲԴԽ անդամներին, ձևավորում կարգապահական հանձնաժողով:
Սպասվող ժողովն արտահերթ է, այն հրավիրում ու նախագահելու է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Նրա տեղեկացմամբ՝ արտահերթի հիմքը 62 դատավորների ստորագրություններն են:
«Ընդհանուր ժողովը հետևյալ օրակարգն ունի՝ Սահմանադրության, օրենքների և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում դատարանների բնականոն գործունեության ընթացքը ապահովելուն ուղղված քայլերի իրականցման հարցի քննարկում»,-ասում է Երվանդ Խունդկարյանը՝ Ազատություն TV-ի հետ հարցազրույցում:
Վճռաբեկ դատարանի նախագահն ասում է՝ ժողովի օրակարգում դատավորական համայնքի մտահոգություններն են լինելու, վերջին շաբաթվա իրադարձությունները. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր քաղաքական իշխանությունները իրենք են բարձրաձայնում դատավորների անկախության մասին եւ դատարանների աշխատանքին որևէ կերպ չմիջամտելու իրենց վերաբերմունքի մասին: Որովհետեւ դատավորները ինչքան էլ անկախ գործեն, եթե հասարակության մեջ այն մտատանջող երևույթը լինի, որ իբր, բոլոր դեպքերում, քաղաքական ուժերից որևէ ազդեցություն կա, ես ուրախ եմ, որ քաղաքական իշխանությունները իրենք են հայտարարում որ չկա»:
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծում է՝ դեմ չեն քննադատություն լսել, ավելին՝ եթե չլինեն հասարակության կողմից արտահայտված մտքերը, իրենք գուցեև չպատկերացնեն որոշակի թերացումների մասին, որոնք առկա են և կարող են շտկվել:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ դատավորների շարքերում վեթինգ իրականցնելու և համակարգը վիրահատական մեթոդներով բարեփոխելու մասին, Երվանդ Խունդկարյանն ասում է՝ կսպասեն մինչեւ Խորհրդարանը հստակեցնի վեթինգի անցկացման գործիքները: Անձամբ՝ դեմ չէ ստուգվել. «Ես չեմ խուսափի, ես մտավախություն չեմ ունենա, ավելին, եթե հասարակությունը անհանգստություն ունի և յուրաքանչյուր դատավորի ֆինանսական կարողությունների մասին մշուշոտ պատկերացումներ ունի, թող հասարակությունը տեղյակ լինի»:
Վճռաբեկի նախագահը, սակայն, շեշտում է՝ գործող օրենքներն ու դատավորի վարքագծի կանոններն էլ հնարավորություն են տալիս խնդիրները ջրի երես հանել ու, օրինակ, ունեցվածքը չհայտարարագրած կամ քաղաքական կասկածելի կապեր ունեցող դատավորին պատասխանատվության ենթարկել:
«Մենք այդ գործիքները ունենք ներդրած, պարզապես պետք է մտածել այդ գործիքները կիրառելու մասին, իսկ եթե կիրառումը որոշակի օրենսդրական թերացումների արդյունք է, կարելի է մտածել այդ թերացումները վերացնելու ուղղությամբ»,-ասում է Վճռաբեկ դատարանի նախագահը:
Երվանդ Խունդկարյանը հատուկ ընդգծում է՝ դատավորների շարքերում թարմացումները աստիճանաբար պիտի արվեն, կտրուկ հեռացումները խնդիրներ կառաջացնեն, քանի որ այսօր Հայաստանի 234 դատավորներն աշխատում են անմարդկային ծանրաբեռնվածությամբ. «Վերջին 5 տարիների միջինացված տվյալներով քառորդ միլիոն գործեր՝ 250 հազար գործեր»:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի աշխատասենյակն ուղղակի ողողված է դատական գործի հատորներով՝ դարակներում, գետնին, ամենուր թղթապանակներ են: Դատավոր Գրիգորյանն ասում է՝ տարեկան մինչեւ 1500 գործ է քննում և սխալներ հնարավոր են. «Դատավորը կարող է սխալվել զուտ ծանրաբեռնվածության և տեխնիկական հարցերի առումով»:
Դատական համակարգում է 1993 թվականից՝ նիստերի քարտուղար, փաստաբան, ապա դատավոր: Համակարգի գլխավոր խնդիրը անկախությունն է համարում, բայց չի կարծում, թե դատավորի ֆիզիկական փոփոխությամբ կարելի է արդյունքի հասնել: Ասում է՝ 1990-ականներին էլ շատ դատավորներ միանգամից փոխարինվեցին և ինչ:
«Ինչքան հիշում եմ՝ 70-80 տոկոսով փոխարինվեցին դատավորները և մենք հիմա ունենք իրավիճակ, երբ կրկին դժգոհ ենք: Դատավորը պետք է զգա, ոչ միայն օրենքով լինի ամրագրված, այլ պետք է զգա, տեսնի, համոզվի, որ իր պաշտոնավարությունը որևէ իշխանության հետ կապված չէ»,-ասում է Լիզա Գրիգորյանը:
Գույքի, ունեցվածքի, քաղաքական կապերի ստուգումը համարում է նորմալ ու պատրաստ է անձամբ վեթթինգի ենթարկվել: Մի «բայց» ունի՝ այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացվի օրենքի հիման վրա, միջազգային չափանիշների հիման վրա:
Ի դեպ, դատավոր Լիզա Գրիգորյանն ինքն էլ իրավական պաշտպանություն է փնտրում Վարչական դատարանում. նա ԲԴԽ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել, քանի որ, ըստ դատավորի, կառույցը թափանցիկ չի գործում՝ դատավորների առաջխաղացման ցանկում իրեն չներառելու որոշումը անհիմն է:
«Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե որ դատավորը ինչ արժանիքների համար է առաջխաղացում ունենում կամ չի ունենում»:
Դատավորի հայցը ԲԴԽ-ի դեմ քննարկվելու է հունիսին: