• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
11 Հլս 2023

Զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց

«Հայաստանի վետերան դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով Արդարադատության նախարարությանը և ԲԴԽ-ին զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց:

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին ժամանակներս ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կարգապահական վարույթներով իրականացվող քաղաքականության հետևանքով հանրության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ, որը մտահոգում է ինչպես հանրությանը, այնպես էլ իրավական հանրությանը։

ՀՀ Արդարադատության նախարարությանը և ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդին կոչ ենք անում․

  • Տուրք չտալ պատեհապաշտությանը,
  • Խստագույնս գործել ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով և այլ իրավական ակտերի պահանջներով, առավելագույնս ապահովելով Դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից, որը կարող է խաթարել վերջինիս բնականոն գործունեությանը, քանի որ Դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետության որպես  իրավական պետության ստեղծման, զարգացման և հզորացման հիմնասյուներից մեկն է։
  • Անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կառույցների կողմից  արձանագրված ՀՀ Դատական իշխանության գործունեության ոլորտում  դատարանների և դատավորների անկախությանը խոչնդոտող ամեն տեսակի խախտումները և թերությունները վերացնելու համար։
  •  Զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց»,- ասվում է հայտարարության մեջ:
07 Հլս 2023

Մարզերում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 6-ի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության մարզերում դատավորներ են նշանակվել:

Այսպես, Միշա Էլոյանը, Արփինե Շտոյանը և Արսեն Գեղամյանը նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Գարիկ Աբելյանը և Վարսենիկ Մելքոնյանը նշանակվել են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Սերժ Ռուշանյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Անի Կարաքեհյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Արմեն Շիրոյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

05 Հլս 2023

Հայտարարություն

Հարգելի դատավորներ, իմ կողմից ավելի վաղ արված հայտարարություններով անդրադարձ է կատարվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ մինչև սույն թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի անօրինական գործողություններին՝ 20-ից ավելի դատավորների պաշտոնավարման դադարեցում, սեփական շահերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունում, ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին միջամտություն և այլն:

2023 թվականի ապրիլից հուլիսի 3-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ համակատարմամբ, այլ անձանց ներգրավմամբ ու օժանդակությամբ շարունակել են սահմանադրական կարգի, դատական իշխանության դեմ ոտնձգությունները, որպիսի  գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Այսպես՝  

Կ.Անդրեասյանը, շարունակել է Արդարադատության նախարար Գ.Մինասյանի հետ (ինչպես նաև մերձավոր ազգականների անուններով) տնօրինել ֆինանսական միջոցներ և գույք, միջազգային համընդհանուր (օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում (ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը (ինչը հաստատել են սեփական ստորագրություններով), որն առերևույթ գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի առնվազն կրկնապատիկը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռնամուխ են եղել նախկինում և տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք  դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

Մասնավորապես՝ ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա.Խառատյանի, Տ.Պետրոսյանի, Ա.Բարսեղյանի և Ս.Թադևոսյանի նկատմամբ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով, այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պետությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջև կանգնեցնելու անխուսափելի վտանգի մասին (տես` Opinion No 1074/2021 CDL-AD(2022)002): Կարեն Անդրեասյանը և մյուսները չխորշելով պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու վտանգից՝ դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները և դադարեցրել լիազորությունները ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որևէ օրինաչափություն, այդպիսով ևս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ:

Բարձրագույն դատական խորհրդում վարույթների վերաբերյալ  գործի քննությունն իրականացվել է դատավորների իրավունքների կոպիտ խախտումներով: Առնվազն աննախադեպ է եղել տևական ստացիոնար բուժման մեջ գտնվող ու բժշկական փաստաթուղթ ներկայացրած դատավորին հիվանդանոցում ծանուցագիր հանձնելն ու նիստին ներկայանալու՝ նույնիսկ քրեական վարույթներով չհանդիպող պարտադրանքը: Վարույթների ընթացքում ի թիվս այլ սահմանադրական երաշխիքների, սկզբունքների խախտումների, առանձնահատուկ հանդգնությամբ են դրսևորվել լիազոր մարմնի՝ նախարարի ու ԲԴԽ նախագահի՝ ո՛չ գործնական, ո՛չ աշխատանքային հանդիպումներն ու համատեղ հանգստի մեկնելը, ինչը բացահայտվել է ոչ թե իրենց կողմից դատական նիստի ընթացքում (ի հակադրումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի), այլ՝ մամուլի կողմից:

Հարկ է նկատել, որ դատավորների նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստն արձանագրվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին: ԿԿՀ-ն առաջարկել է նախարարությանը ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ, հակասահմանադրական ուժ տալու առումով: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նույնիսկ հանձնաժողովի առաջարկությունները դատավորների լիազորությունները դադարեցնելուց հետո ընդունելու դեպքում, հաստատվելու են միայն խտրական վերաբերմունքի առկայությունը ու դրա հնարավոր չեզոքացումը հետագայում, մինչդեռ նույնիսկ դա չի վերացնելու պետության համար վերահաս մարտահրավերները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ հակասահմանադրական կիրառման առումով:

Հուլիսի 3-ին դադարեցվել են նաև դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին արտահայտվելու իրավասությունը պարբերաբար իրացրած դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:

ԲԴԽ-ն առանց դատավորի կարծիքը հաշվի առնելու նախարար Մինասյանի միջնորդության հիման վրա ազատ խոսքի իրացման սահմաններին վերաբերող գործի քննությունը դռնփակ իրականացնելու մասին որոշում է կայացրել՝ նախապես հրապարակելով վերագրվող խախտման բնույթը դռնբաց դատական նիստում: Դատավորին զրկել են վերագրվող խախտման ու մյուս հարցերի վերաբերյալ  հրապարակային դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

Տվյալ պահին չանդրադառնալով աննախադեպ խախտումներին՝ հարկ է նշել, որ վարույթի քննությունն իրականացվել է ԲԴԽ ոչ օրինական կազմով՝ 4 ոչ դատավոր անդամի և 2 դատավոր անդամի մասնակցությամբ՝ Կարեն Անդրեասյանի սահմանած ու ընթացքում փոփոխվող կամայական կանոններով:

Ավելին՝ միայն նիստերի արձանագրությամբ մասնավորապես՝ ապացուցվել է Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն վարույթին ներգրավված փաստաբաններին դատական նիստին մասնակցելու արգելք սահմանելու հրամանի արձակումը, իսկ նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավի արտահայտումը՝ դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն «շնորհելով» դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու՝ բոլոր փուլերը 17 րոպեում ավարտելու հնարավորություն:

Կարեն Անդրեասյանն ամբողջ վարույթի ընթացքում դատավորին զրկելով վերագրվող խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ԲԴԽ անդամների թողտվությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նաև վերջիններիս նկատմամբ՝ նրանց բնորոշելով որպես ոչ ինքնուրույն՝ հանելով նրանց տված հարցերը և առաջարկությունները: Արդյունքում ԲԴԽ նախագահն ու մյուսները հավանաբար հիմք են ընդունել դատավորի՝ դատական համակարգին վերաբերող մտահոգությունների կապակցությամբ բազմիցս գրավոր և հրապարակային արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ բացառապես ֆինանսական գործընկերոջ՝ վարույթ հարուցելու որոշմամբ արված մեկնաբանությունը:

Հարկ է նշել նաև, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամները, ովքեր չեն նշանակվել կամ ընտրվել թափանցիկ, արժեքային (որակավորման) չափանիշների հիման վրա և նշանակումներն անհամատեղելի են եղել Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականի հետ, ինչն արձանագրվել է նաև դատավորների Եվրոպական միության հունիսի 2-ի հայտարարությամբ, գործնականում ապացուցում են հեղինակավոր կառույցների մտահոգությունները. գործընթացներում դրսևորում են ոչ բարձր մասնագիտական պատրաստվածություն ու անկախության ցածր մակարդակ: Առավել մտահոգիչ է առանձին դատավոր անդամների վարքագիծը՝ անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանելու գործընթացում: Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, առանձին անդամների վարքագիծը ոչ թե երաշխավորում են դատավորների անկախությունը և օրինակ հանդիսանում, այլ սպառանալիք են դատական իշխանության անկախության համար՝ տարածելով նաև ահաբեկման մթնոլորտ համակարգում:

Դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ Կարեն Անդրեասյանը հուլիսի 3-ին հանդուգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ՝ օրենքի ուժով դռնբաց դատական նիստում ակտերը հրապարակելու պարտականության ընթացքում դատական նիստերի դահլիճը պարտադրանքով փորձել են լցնել ԲԴԽ աշխատակազմի, ԲԴԽ անդամների օգնականներով և դեպարտամենտի աշխատակիցներով, իսկ դեպի նիստերի դահլիճ տանող ճանապարհն արգելափակել են կարգադրիչների երկշարք պատնեշով՝ լեփ լեցուն դահլիճի կեղծ պատրվակով արգելել են ներկա բոլոր լրատվամիջոցների և դատավորի ներկայացուցիչներից մեկի մուտքը դատական նիստերի դահլիճ:

Ամփոփելով՝ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ, և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են ու հանրությունը, ուստի այսօր՝ Սահմանադրության օրը, կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես երկրի գլխավոր օրենքին համահունչ և կասկածելի ու հանցավոր արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին մանրադրամ չդառնալ:

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

03 Հլս 2023

Հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց. Մխիթար Պապոյան

ՀՀ դատավորների միությունը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի կողմից գրություն է ստացել՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության առնչությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրաժարվում է  արձագանքս հան­րա­յնացնել՝ հետևապես դիմում եմ Դատավորների միությանը։  

Այսօր տարբեր լրատվական կայքերում տարածված՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության կապակցությամբ հայտնում եմ, որ մամուլում հիշատակված 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 2-ի 3-րդ մասի 11-րդ կետի վերաբերյալ դեռևս 2023 թվականի փետրվարի 20-ին գրությամբ դիմել եմ ԲԴԽ աշխատակազմ՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և առաջարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի մասով նախաձեռնել փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ Վե­րաքննիչ քրեական դատարանում առկա է 9 դատական կազմ և դատարանի նախագահը ներգրավված է դատական կազմում։ Կից ներկայացվում է այդ գրության պատճենը։

Հանրությանն ավելի մատչելի ներկայացնելու հրամայականից ելնելով՝ մանրամասն ներկայացնում եմ առկա իրավիճակը։

Մինչև 2023 թվականի հունիսի 15-ը ՀՀ-ում գործում էր 3 վերաքննիչ դատարաններ՝ Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ վարչական։ Վերաքննիչ քաղաքացիական և վարչական դատարանների նախագահներն ընդգրկված չեն եղել և առ այսօր ընդգրկված չեն որևէ կայուն դատական կազմում, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ընդգրկված է դատական կազմում, այսինքն՝ այդ կազմում ինձ են մակագրվում դատական գործեր թե՛ որպես նախագահող դատավոր, թե՛ որպես կազմի դատավոր։ Հետևապես, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը չի կարող ընդգրկվել բոլոր չհամալրված կազմերում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Վերաքննիչ քրեական դատարանում ամիսներ շարունակ, նույնիսկ այս պահին առկա են  դատավորի թափուր հաստիքներ։

Ավելին՝ նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում մոտ 130 դեպքերով տարբեր կազմեր համալրվել են 15 դատավորներով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը։ Ստացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը միայն 3 ամսում ներգրավվելու էր նշված քանակի գործերով, ինչի մեկնաբանությունը ներկայացնում եմ հանրության դատին։

Ընկալելով Դատական դեպարտամենտի կողմից միայն այժմ արվող հայտարարության տրամաբանությունը և դրան հաջորդող քայլերը՝ հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց։

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մ․Պապոյան»,- ասվում է գրության մեջ:

Կից ներկայացվում է նաև գրության պատճենը:

01 Հլս 2023

Դատավորների միությունը շնորհավորում է դատախազության աշխատողի օրվա առթիվ

Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ:

Մաղթում ենք, որ մեր երկրում օրինականության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող  քայլերը բացառապես բխեն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու շահերից, իսկ համակարգի առջև ծառացած մարտահրավերները համարժեք գնահատվեն և իրենց լուծումը գտնեն պատվախնդրությամբ կատարված աշխատանքի արդյունքում:

 

15 Հնս 2023

Դատարանի նախագահ և քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 14-ի հրամանագրերով դատարանի նախագահ և դատավորներ են նշանակվել:

Այսպես, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանը, Նելլի Հարությունյանը և Լիլիթ Սաղոյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ:

Այլ հոդվածներ …

  • Մուրադ Հովակիմյանը Երևանից տեղափոխվել է Սյունիքի դատարան, իսկ Վահագն Թորոսյանը Շիրակի մարզից՝ Երևան
  • Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները
  • Սերգեյ Մեղրյանը, Ելիզավետա Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը նշանակվեցին
  • ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ