• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
30 Հնս 2021

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ

 

Հրապարակվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող պարոն Դիեգո Գարսիա-Սայանի` դատավորների և փաստաբանների անկախության վերաբերյալ զեկույցը: Զեկույցը նվիրված է COVID-19 համավարակի պայմաններում արդարադատության իրականացմանը և համավարակի արդյունքում առաջ եկած մարտահրավերներին:  Մարդու իրավունքների խորհրդի 44/8 բանաձևին համապատասխան` զեկույցում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն անդրադառնում է աշխարհի տարբեր երկրների դատական համակարգերին ու դրանց անկախության, արդարադատության մատչելիության վրա COVID-19 համավարակի ազդեցությանը: Արդարադատության մատչելիության, թափանցիկ ու անկախ դատական համակարգի երաշխավորման համար նպատակ ունենալով օժանդակել պետական մարմիններին` զեկույցում ներկայացված են համապատասխան առաջարկություններ:

Հարկ է նշել, որ ՀՀ դատավորների միությունը, ի թիվս մի շարք այլ երկրների դատավորների միությունների, Դատավորների միջազգային միության անդամակցության շրջանակներում ակտիվորեն մասնակցել և իր մեծագույն ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստման աշխատանքներին:

Ստորև ներկայացվում է զեկույցի հղումը ռուսերեն  (https://www.undocs.org/ru/A/HRC/47/35), անգլերեն  (https://www.undocs.org/en/A/HRC/47/35) և ֆրանսերեն (https://www.undocs.org/fr/A/HRC/47/35) լեզուներով:

30 Հնս 2021

ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈԻԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ

 

Սույն թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության երկրորդ առցանց հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանն ու Ջոն Հայրապետյանը:

Բացման խոսքով հանդես եկան Դատավորների եվրոպական միության նախագահը, փոխնախագահները, ովքեր նշեցին ինչպես եվրոպական երկրների դատական համակարգերի առջև ծառացած խնդիրները, այնպես էլ սույն  թվականի սեպտեմբեր ամսին կայանալիք Դատավորների միջազգային միության ընդհանուր ժողովի նախապատրաստական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ հատուկ հյուրը` Դատական խորհուրդների ցանցի անդամ Ֆիլիպո Դոնատին: Վերջինս ընդգծեց անկախ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, դատական խորհուրդների ուղենիշերի պահպանման անհրաժեշտությունը, կարևորեց դատավորների միությունների մասին ԵԴԽԽ թիվ 23 կարծիքը: Նա նշեց, որ դատավորների միությունների և դատական խորհուրդների միջև պետք է լինի կարծիքների փոխանակում, երկխոսություն ու համագործակցություն, ինչպես նաև ընդգծեց ամսական կտրվածքով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը:

Ելույթ ունենալու համար ձայնը տրվեց անդամ երկրների դատավորների միությունների ներկայացուցիչներին: Ելույթով հանդես եկավ Լեհաստանի դատավորների միության ներկայացուցիչը` նշելով, որ Լեհաստանի դատական խորհուրդը քաղաքականացված է: Շուրջ հինգ տարի է դատական համակարգի անկախությունը խաթարված է, մի քանի դատավորների լիազորությունները կասեցվել են: Նշվեց նաև քաղաքական իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ իրականացված ճնշումների մասին, որոնց հիմքում արհեստականորեն դրվում է հասարակությունում դատական իշխանության նկատմամբ վստահության ցածր ցուցանիշը, ինչպես նաև հայտնվեց դատավորների նկատմամբ հարուցված քրեական վարույթների չափազանց երկար տևողության մասին:

Այնուհետև ելույթ ունեցավ Խորվաթիայի դատավորների միության ներկայացուցիչը: Նա նշեց, որ համաձայն վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունների` Գերագույն դատարանի նախագահն ընտրվում է Պառլամենտի կողմից: Պառլամենտը չի հաստատել թեկնածուներից ոչ մեկին` դրանով խախտելով դատական իշխանության անկախությունը: Խորվաթիայի դատավորների միության ներկայացուցիչը հավելեց, որ նման օրենսդրական մոտեցումներով քաղաքական ղեկավարությունը ցանկանում է դատական իշխանության ղեկավար պաշտոնի նշանակել իր համար նախընտրելի թեկնածուին:

Ելույթի համար ձայնը տրվեց Հունաստանի դատավորների միության ներկայացուցչին, ով նշեց, որ 2019 թվականին նոր կառավարության ձևավորումից հետո վերջինս նախաձեռնեց դատարանակազմության, դատավորների ընտրության, առաջխաղացման, գնահատաման նոր կարգավորումներ, որոնք վտանգում են դատարանների անկախությունը: Օրենսդրական նախագծերը պատրաստվել են Արդարադատության նախարարության կողմից: Դատավորների միությունները չեն ներգրավվել աշխատանքներում:

Հունաստանի դատավորների միության ներկայացուցչի ելույթից հետո Դատավորների եվրոպական միությունը Հունաստանում դատական իշխանության վերաբերյալ բանաձև ընդունեց:

Ելույթ ունեցավ նաև Սլովակիայի դատավորների միության ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով 2020 թվականին տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ: Միայն մեկ կետն էր վերաբերում դատավորներին, դատավորները ներգրավված չեն եղել այդ աշխատանքներին: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվել է նաև, որ դատական խորհրդի անդամը կարող է հեռացվել, նախատեսվել է դատարանների 50 տոկոսի կրճատման հնարավորություն:

Սլովակիայի դատավորների միության ներկայացուցչի ելույթին հաջորդեց Իսպանիայի դատավորների միության ներկայացուցչի ելույթը: Իսպանիայի դատավորների միության ներկայացուցիչը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն Պառլամենտը պարզ մեծամասնությամբ է ընտրում Դատական խորհրդի անդամներին:

Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր, այդ թվում` ընդհանուր ժողովի կազմակերպչական հարցերը, երկու աշխատանքային խմբերի ձևավորմանը հարցը, առաջադրվեցին թեկնածուներ:

25 Հնս 2021

ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

ՀՀ դատավորների միության հարգելի՛ անդամներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Եվրոպայի խորհրդի HELP 2021 ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 1-2-ը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հունգարական նախագահության հովանու ներքո։ Այն կունենա հիբրիդային ֆորմատ, որը թույլ կտա անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով հեռարձակել այն առցանց։

Սկզբնապես ուղղված լինելով դատական դպրոցներին և փաստաբանների միություններին, ինչպես նաև այնպիսի գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպիսիք են Եվրոպական դատական ուսումնական ցանցը (CCBE) կամ Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալությունը` համաժողովը բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են HELP ծրագրով և HELP-ի առցանց դասընթացներով։ Հիմնական ելույթով հանդես կգա ՄԻԵԴ նախագահը, կներգրավվեն խոսնակներ HELP-ի ԵՄ գործընկերների շարքից (EJTN և CCBE)։ Կներկայացվեն նոր HELP դասընթացները (որոնք ներառում են թե՛ Եվրոպայի խորհուրդը, և թե՛ ԵՄ իրավական համակարգերը), կլինեն նաև մասնակիցներ HELP ցանցի անդամներից և գործընկերներից՝ նպատակ ունենալով աապահովել հավասարակշռություն ինչպես աշխարհագրական առումով, այնպես էլ տարբեր իրավական կառույցների մասնակիցների միջև, ինչպես նաև՝ հաշվի առնելով համալսարան/ակադեմիա ուղղվածությունները։ Կոնֆերանսը կներկայացնի նաև HELP-ի պատասխանը ներկայիս մարտահրավերներին, ներառյալ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահական մարտահրավերները։

Հատուկ հրատապ միջոցառումը, կապված շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հետ, կմեկնարկի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի և Եվրոպայի խորհրդի ԵՄ պատվիրակության ներկայացուցչի ու ղեկավարի կողմից։

Համաժողովի հետ կապված հետագա տեղեկությունները, ներառյալ՝ օրակարգի նախագիծը, կարող եք գտնել հետևյալ կայքէջում`

https://www.coe.int/en/web/help/2021-help-network-e-conference.

Ստորև ներկայացվում է համաժողովին առցանց հետևելու հղումը.

 https://vodmanager.coe.int/live/?appname=salle9&image=assets%2Fimages%2Fcoe.jpg&langs=ori,en,fr

Հղումը նույնն է երկու օրվա համար։ Թարգմանությունը հասանելի կլինի միևնույն հղումով, որը զետեղված է նաև կայքէջում:

16 Փտր 2021

ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2021 թվականի փետրվարի 5-ին կայացավ Դատավորների եվրոպական միության (այսուհետ նաև՝ Միություն) առցանց հանդիպումը, որի օրակարգում ընդգրկված էին Միության գործունեությանն ուղղված հարցեր, օրենքի գերակայության ճգնաժամի, անդամ պետություններում տիրող իրավիճակի, ինչպես նաև Դատավորների միջազգային միության հետ հարաբերությունների ու տարբեր մարմինների ընտրության հարցերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանն ու Ջոն Հայրապետյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Միության նախագահը` ներկայացնելով, որ մի շարք եվրոպական երկրներում դատավորները և դատական համակարգը ճնշումների և հետապնդումների են ենթարկվում, որոնք հաջորդում են քաղաքական փոփոխություններին: Միության մեկ այլ մասնակցի կողմից ներկայացվեցին ֆինանսական գործունեության հարցեր, ինչպես նաև ներկայացվեց Թուրքիայում դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումները, ընդգծվեց, որ շատ դատավորներ ընդդիմանում և պայքարում են այդ ճնշումների դեմ: Միության անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրեցին նաև իրենց երկրներում տիրող իրավիճակը:

Լեհաստանի ներկայացուցիչը նշեց, որ Լեհաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սկիզբ են առել դատավորների նկատմամբ ճնշումները, քրեական գործեր են հարուցվել և այլն: Նշեց նաև, որ Լեհաստանի բազմաթիվ դատավորներ դիմումներ են ներկայացրել Եվրոպական դատարան, որոնք արդեն  կոմունիկացվում են: Նշված գործերը վերաբերում են գործադիր իշխանության կողմից դատարանների և դատավորների անկախության սահմանափակման դեպքերին: Ընդ որում խոսքը գնում է թե΄ ստորադաս ատյանի դատավորների, և թե΄ բարձրագույն դատական ատյանների դատավորների մասին: Տե΄ս հետևյալ գանգատները. Tuleya v. Poland, (no. 21181/19). See also previous press releases concerning issues related to the judiciary in Poland in the cases Grzęda v. Poland (no. 43572/18), Xero Flor w Polsce sp. z o.o. v. Poland (no.4907/18), Broda v. Poland and Bojara v. Poland (nos. 26691/18 and 27367/18), Żurek v. Poland (no. 39650/18), Sobczyńska and Others v. Poland (nos. 62765/14, 62769/14, 62772/14 and 11708/18) and Reczkowicz and two Others v. Poland (nos. 43447/19, 49868/19 and 57511/19)

Այս համատեքստում առանձնակի ընդգծվեց Լեհաստանի դատավորների միության` ''Iustitia'', դերակատարումը դատարանների և դատավորների անկախության համար պայքարելու գործընթացում:

Ռումինիայի ներկայացուցիչը հայտնեց, որ նախկինում կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն 2018 թվականից Արդարադատության նախարարը զրկվել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իրավասությունից, սակայն այդ լիազորությունը կրկին վերականգնվել է՝ նպատակ ունենալով ուժեղացնել դատավորների նկատմամբ գործադիր իշխանության կողմից կիրառվող ճնշումները:

Այդ ճնշումներն իրականացվում են նաև Հակակոռուպցիոն հանձնաժողովների կողմից, որոնք հարուցում են վարույթներ և երկար տարիներ դրանք քննվում են, օրինակ, Վերաքննիչ դատարանի մի դատավորի նկատմամբ հարուցված վարույթը տևել է 12 տարի: Ընդ որում` այդ վարույթի ընթացքում դատավորները գտնվում են համակողմանի հսկողության տակ, որի հետևանքով էականորեն սահմանափակվում է նրանց անկախությունը: Միության ներկայացուցիչները դատական իշխանության անկախության համար տարվող պայքարում իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու Ռումիանիայի դատավորներին:

Ֆրանսիայի ներկայացուցիչը, կրկին ընդգծելով դատավորների նկատմամբ գործադրվող ճնշումները, որպես օրինակ ներկայացրեց Արդարադատության նախարարի կողմից երկու դատավորների նկատմամբ հարուցած կարգապահական վարույթները:

Միության նախագահը հայտնեց, որ Լեհաստանի դատավորների միությունը (''Iustitia'') առաջադրվել է խաղաղության համար նոբելյան մրցանակի: Նորվեգիայի խորհրդարանի անդամ Ժետե Քրիստենսենը համընդհանուր խաղաղության պահպանման համար օրենքի գերակայության կարևորությամբ հիմնավորել է նշված առաջադրումը: Նշված առաջադրումը պաշտպանվել է նաև Գերմանիայի դատավորների միության, Դատավորների միջազգային միության նախագահության և Դատավորների եվրոպական միության կողմից:

Այնուհետև Միության զեկուցողներն անդրադարձան ԵԴԽԽ թիվ 23 կարծիքին, որն ընդգծում էր դատավորների միությունների դերը դատավորների անկախության ապահովման հարցում: Հարկ է նշել, որ, հաշվի առնելով վերոնշյալ կարծիքի կարևորությունը և այն հանգամանքը, որ այն համապարփակ ձևով շոշափում է դատավորների միությունների դերն ու նշանակությունը` ՀՀ դատավորների միությունը ձեռնամուխ է եղել կարծիքի ոչ պաշտոնական թարգմանությանն ու հրապարակմանը:

Քննարկվեցին նաև Միության տարբեր մարմիններում ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նշվեց նաև, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` 2021 թվականի բոլոր հանդիպումներն ամենայն հավանականությամբ կանցկացվեն առցանց եղանակով, այդ թվում՝ Դատավորների եվրոպական միության նախագահի ընտրությունները:

Առցանց հանդիպման մասնակից ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանն առաջարկ է ներկայացրել ՀՀ դատավորների միության խորհրդում քննարկել աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, որը համապարփակ զեկույց կներկայացնի Հայաստանում դատարանների և դատավորների անկախության մարտահրավերների վերաբերյալ:

10 Փտր 2021

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

ltadevosyan

Սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Թադևոսյանը: Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորներից Լիլիթ Թադևոսյանի թեկնածության օգտին «կողմ» է քվեարկել 102 պատգամավոր:

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է տիկին Թադևոսյանին` մաղթելով անսպառ եռանդ և մասնագիտական արդյունավետ գործունեություն:

08 Փտր 2021

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

IMG 7842

Տեղեկացնում ենք, որ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 56 Ա հրամանով վերստին ընդգրկվել է ՀՀ ԲՈԿ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում (հղումը` https://bok.am/node/13385 ):

Այլ հոդվածներ …

  • ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 23-ՐԴ ԿԱՐԾԻՔԸ
  • ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
  • ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ