ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈԻԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ
Սույն թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության երկրորդ առցանց հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանն ու Ջոն Հայրապետյանը:
Բացման խոսքով հանդես եկան Դատավորների եվրոպական միության նախագահը, փոխնախագահները, ովքեր նշեցին ինչպես եվրոպական երկրների դատական համակարգերի առջև ծառացած խնդիրները, այնպես էլ սույն թվականի սեպտեմբեր ամսին կայանալիք Դատավորների միջազգային միության ընդհանուր ժողովի նախապատրաստական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը:
Այնուհետև ելույթ ունեցավ հատուկ հյուրը` Դատական խորհուրդների ցանցի անդամ Ֆիլիպո Դոնատին: Վերջինս ընդգծեց անկախ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, դատական խորհուրդների ուղենիշերի պահպանման անհրաժեշտությունը, կարևորեց դատավորների միությունների մասին ԵԴԽԽ թիվ 23 կարծիքը: Նա նշեց, որ դատավորների միությունների և դատական խորհուրդների միջև պետք է լինի կարծիքների փոխանակում, երկխոսություն ու համագործակցություն, ինչպես նաև ընդգծեց ամսական կտրվածքով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը:
Ելույթ ունենալու համար ձայնը տրվեց անդամ երկրների դատավորների միությունների ներկայացուցիչներին: Ելույթով հանդես եկավ Լեհաստանի դատավորների միության ներկայացուցիչը` նշելով, որ Լեհաստանի դատական խորհուրդը քաղաքականացված է: Շուրջ հինգ տարի է դատական համակարգի անկախությունը խաթարված է, մի քանի դատավորների լիազորությունները կասեցվել են: Նշվեց նաև քաղաքական իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ իրականացված ճնշումների մասին, որոնց հիմքում արհեստականորեն դրվում է հասարակությունում դատական իշխանության նկատմամբ վստահության ցածր ցուցանիշը, ինչպես նաև հայտնվեց դատավորների նկատմամբ հարուցված քրեական վարույթների չափազանց երկար տևողության մասին:
Այնուհետև ելույթ ունեցավ Խորվաթիայի դատավորների միության ներկայացուցիչը: Նա նշեց, որ համաձայն վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունների` Գերագույն դատարանի նախագահն ընտրվում է Պառլամենտի կողմից: Պառլամենտը չի հաստատել թեկնածուներից ոչ մեկին` դրանով խախտելով դատական իշխանության անկախությունը: Խորվաթիայի դատավորների միության ներկայացուցիչը հավելեց, որ նման օրենսդրական մոտեցումներով քաղաքական ղեկավարությունը ցանկանում է դատական իշխանության ղեկավար պաշտոնի նշանակել իր համար նախընտրելի թեկնածուին:
Ելույթի համար ձայնը տրվեց Հունաստանի դատավորների միության ներկայացուցչին, ով նշեց, որ 2019 թվականին նոր կառավարության ձևավորումից հետո վերջինս նախաձեռնեց դատարանակազմության, դատավորների ընտրության, առաջխաղացման, գնահատաման նոր կարգավորումներ, որոնք վտանգում են դատարանների անկախությունը: Օրենսդրական նախագծերը պատրաստվել են Արդարադատության նախարարության կողմից: Դատավորների միությունները չեն ներգրավվել աշխատանքներում:
Հունաստանի դատավորների միության ներկայացուցչի ելույթից հետո Դատավորների եվրոպական միությունը Հունաստանում դատական իշխանության վերաբերյալ բանաձև ընդունեց:
Ելույթ ունեցավ նաև Սլովակիայի դատավորների միության ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով 2020 թվականին տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ: Միայն մեկ կետն էր վերաբերում դատավորներին, դատավորները ներգրավված չեն եղել այդ աշխատանքներին: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվել է նաև, որ դատական խորհրդի անդամը կարող է հեռացվել, նախատեսվել է դատարանների 50 տոկոսի կրճատման հնարավորություն:
Սլովակիայի դատավորների միության ներկայացուցչի ելույթին հաջորդեց Իսպանիայի դատավորների միության ներկայացուցչի ելույթը: Իսպանիայի դատավորների միության ներկայացուցիչը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն Պառլամենտը պարզ մեծամասնությամբ է ընտրում Դատական խորհրդի անդամներին:
Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր, այդ թվում` ընդհանուր ժողովի կազմակերպչական հարցերը, երկու աշխատանքային խմբերի ձևավորմանը հարցը, առաջադրվեցին թեկնածուներ: