«ՔԱՋԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՔԱՋԵՐՆ ԵՆ ՀԵՆՑ….». ԱՎԱԳ ՈՒ ԿՐՏՍԵՐ ԳԵՎՈՐԳՆԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆԿԱՍԿԱԾ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ԵՐԱԶՈՒՄ
Վստահաբար հիմա այնտեղ՝ երկնքում, զրուցում են պապ ու թոռ, էլի խոսում ազգային ու մարդկային վեհ գաղափարներից, անդադար երազում հզոր ու լուսապայծառ հայրենիքի մասին: Թե լսեինք նրանց զրույցը, անկասկած կճանաչեինք. բոլորի կողմից սիրված, հայրենասեր մտավորական, հարգված դասախոս, ազգային արժեքներ կրող և տարածող իրավագետ, հմուտ մանկավարժ Գևորգ Հովսեփյանն է ու երկրային կյանքում ուղենիշ դարձած, սիրո, հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ, ֆանտաստիկ ընկեր, երիտասարդ գիտնական ու անմահ հերոս Գևորգ Արշակյանը:
Գևորգ Հովսեփյանը՝ ուշադիր և հոգատար դասախոսն ու խորհրդատուն, որ ուսանողների կյանքում անպայման կշարունակի իր հոգևոր ներկայությունը, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ապա 1967-1972 թթ. սովորել ԵՊՀ ասպիրանտուրայում:
1964 թ. աշխատել է ՀՀ հասարակական կարգի պահպանության մինիստրության քննչական վարչության Լենինյան շրջանի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ: 1966 թ. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում եղել է որպես հրահանգիչ, 1973 թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ապա ավագ դասախոս:
1984 թվականից մինչև կյանքի ավարտ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ: Պարոն Հովսեփյանն անպայմանորեն կշարունակի ապրել իրեն ճանաչողների հիշողություններում, քանի որ կարողացել է իր բացառիկ էությամբ, վեհ նկարագրով դաս և օրինակ լինել երիտասարդ սերնդի համար։
Ուսանողների, գործընկերների, հարազատների ու բարեկամների հիշողություններում Գևորգ Հովսեփյանը կմնա որպես բարի ու ազնիվ ընկեր, բացառիկ մարդ, ուսուցիչ և հոգատար դասախոս, որն ուսանողների բազում սերունդներ է կրթել, զինել Հայաստանի պետության և իրավունքի պատմության, քաղաքական և իրավական ուսմունքների իմացությամբ, հայրենիքն ու ժողովրդին ամեն ինչից վեր դասելու և անմնացորդ ծառայելու վեհ գաղափարներով, դաստիարակել հայրենասիրության ու ազգասիրության, բարության ու ազնվության, մարդասիրության ու համամարդկային արժեքներով:
Գևորգ Հովսեփյանն օրինակելի ծնող էր և ընտանիքի նահապետ։ Այսօր նրա զավակները կարևոր ներդրում ունեն Հայաստանի Հանրապետության արդարադատության և իրավապահ համակարգում, ինչպես նաև այլ ոլորտներում։ Նրա դուստրը՝ Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Գևորգ Հովսեփյանի վեհ արժեքների, ազգային ու հայրենական գաղափարների առաջին կրողն ու կերպարը հենց իր թոռնիկն էր` հերոս Գևորգ Արշակյանը։ Հենց պապիկի հավատամքն ու դաստիարակությունն էին, որ առաջնորդեցին կրտսեր Գևորգին նետվել Արցախյան պատերազմի բոցերի մեջ և կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի։
Գևորգ Արշակյանը ծնվել է 1996 թ. նոյեմբերի 12-ին, բայց իր ծննդյան թիվը համարում էր 1991-ը, իսկ ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը: Գևորգը դեռ 23 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և մեկնել զինվորական ծառայության Արցախ՝ Մատաղիս՝ այն հռչակելով թագավորություն: Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի 2019 թվ. հոկտեմբերի 16- ի N552 հրամանով Գևորգ Արշակյանը պարգևատրվել է թանկարժեք նվերով, 2020թվ. սեպտեմբերից <<Հայ ասպետ>> դպրոցում դասավանդել է ռազմագիտություն:
Ծառայության մեկնել է կամավոր, քանի որ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տարկետման իրավունքով գերազանց սովորելը և այնուհետև մագիստրատուրա ընդունվելը հնարավորություն էին տալիս չզորակոչվել ծառայության, սակայն Գևորգն իր անձից առավել էր սիրում հայրենիքն ու պետությունը, ուստի չգնալ չէր կարող։
Դեռ 2017 թվականին իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ Գևորգը, խոսելով երազանքների մասին, նշել էր. «Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:
Գևորգը բազմակողմանի էր զարգացած, հետաքրքրվում էր գիտությամբ, սիրում արվեստը, բազմաշնորհ էր, ընկերասեր, նա համալսարանական էր էությամբ և վստահաբար դառնալու էր լավագույն գիտնականներից մեկը: Նա յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողի հետ կարող էր խոսել նրա մասնագիտությունից, անվերջ բանավիճել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել, սովորել ու սովորեցնել:
ԵՊՀ-ում ուսանելու տարիներին նա ընդգրկվել է «Հայ ասպետ» մրցութային թիմում և որպես հաղթող մեկնել Արևմտյան Հայաստան։ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում ուսանելու տարիներին 2 անգամ եղել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու։ Բացի դրանից` ստացել է ԵՊՀ բրոնզե մեդալ։ Համալսարանի Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ էր, դրա գիտակրթական հանձնաժողովի նախագահը, ԵՊՀ գիտխորհրդի և գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ։
Գևորգն այն անհատն էր, որ հոգում հայրենիքն էր կրում, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում, դրա համար էլ պատերազմի լուրը ստանալուն պես գնացել է Արաբկիրի զինկոմիսարիատ, սակայն, տեսնելով, որ իրեն չեն զորակոչում, հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել է ջոկատ և ընկերների հետ մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում։ Թոքաբորբով հիվանդ ստիպված 2020 թ. հոկտեմբերի 16-ին վերադարձել է Երևան։
Ապաքինվելուց հետո՝ 2020 թ. նոյեմբերի 1-ին, կրկին կամավոր մեկնել է Ալաշան։ Ըստ իր մարտական ընկերների ներկայացրած տեղեկությունների՝ նոյեմբերի 5-ին Շուշին անձնազոհ պաշտպանության կարիք է ունեցել, և Գևորգն առաջիններից է եղել , որը նորից կամավոր ստանձնել է Շուշին անձնվիրաբար պաշտպանելու գործը, որ իր պաշտելի ու հպարտ բարձունքը կանգուն մնա:
2020 թ. նոյեմբերի 6-ին Շուշիի մատույցներում հրազենային վիրավորում է ստացել ոտքից, սակայն ինքն իրեն վիրակապելուց և ցավազրկելուց հետո շարունակել է մարտը, ոչնչացրել մեծ թվով թշնամու կենդանի ուժ և տեխնիկա։
Այնուհետև ստացել է երկրորդ վիրավորումը որովայնից, սակայն շարունակել է մարտը, քանի դեռ ուժերը թույլ են տվել և միայն երրորդ անգամ վիրավորվելուց հետո ուժասպառ վիճակում տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց։ Վիրահատվել է, բայց արնաքամ լինելու պատճառով կյանքը փրկել չի հաջողվել. անմահացել է։
«Ինձ հրաժեշտ չտաք, չփաթաթվեք, հետևիցս չգաք, ես գնում եմ կռիվ… Պատերազմից հետո կհավաքեմ գերդաստանիս, որ մեր հաղթանակը նշենք»։ Այս խոսքերով Գևորգը պատերազմի առաջին օրերին հեռացել է տնից։ Նրան հաջողվեց գերդաստանը հավաքել, ցավոք, Եռաբլուրում։ Անմահանալուց 5 օր անց Գևորգը դարձավ 24 տարեկան։
Գևորգը զոհվեց նոյեմբերի 7-ին՝ հեռու, մոտիկ հարազատներին, ընկերներին ու պարզապես բոլորին թողնելով հույս, որ իր լույսով Շուշին մի օր կվերադառնա, որ Արցախի խաղաղ երկնքի տակ մի օր կհավաքենք ու կվայելենք իր տնկած ծառերի բերքը:
«Գևորգ Մարզպետունուն սիրում եմ ոչ թե նրա համար, որ նույն անունն ունենք, այլ նրա տեսակի համար։ Հրաշալի տողեր են, երբ ասում է, թե մինչև վերջին հագարացին դուրս չգա երկրից, ինքն իր ընտանիքի գիրկը չի վերադառնա։ Չգիտեմ, թե մարդն ինչ կամքի ուժ ու նվիրում պետք է ունենա, որ այդպիսի քայլի դիմի։ Ես վստահ եմ, որ մեր մեջ այսօր էլ կան մարզպետունիներ, որոնք կանեն անհնարինը, երբ հարկ լինի»,- ասել էր Գևորգը դեռ տարիներ առաջ՝ երևի նույնիսկ չկասկածելով էլ, որ մեր մեջ ապրող մարզպետունիներից մեկը հենց ինքն է եղել։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2021 թ. փետրվարի 17-ի հրամանագրով, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ Արշակյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
2020 թվականի դեկտեմբերի 26-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում բացվեց Գևորգ Արշակյանի անվամբ դասասենյակ:
Սիրելի թոռնիկի մահից երկու ամիս անց կյանքից հեռացավ նաև Գևորգ Հովսեփյանը, որ այնտեղ՝ երկնքում, շարունակեն միասին ժպտալ ու երազել։ Պարոն Հովսեփյանի ավանդն ուսանողների կրթության և որպես հայ մարդ արժեհամակարգի ձևավորման գործընթացում անգնահատելի է: Վերջինիս՝ հայրենիքին մատուցած մեծ ավանդը և ուսանողներին ժառանգած գիտելիքներն ու գաղափարները միշտ վառ կմնան բոլորի սրտերում ու հուշերում:
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Գևորգ Հովսեփյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, դեռ 2013 թվականին նա պարգևատրվել էր ԱԺ պատվո մեդալով:
2021 թ. հունվարի 28-ին ԵՊՀ գրադարանում բացվել է Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահ, իսկ մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայում հանդիսավորությամբ տեղի է ունեցել նրա անվան լսարանի բացումը:
ԵՊՀ բակում էլ տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանականների հիշատակին նվիրված պուրակի բացումը, որի եղևնիներից մեկն անվանակոչվել է ուսանող-ազատամարտիկ Գևորգ Արշակյանի անվամբ:
Նրա հարազատ կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ՈՒԽ-ի 27-ամյակին Գևորգ Արշակյանին պարգևատրեց Ոսկե մեդալով: ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ էլ Իրավագիտության ֆակուլտետում սահմանվեց նրա անվան կրթաթոշակ:
Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Գավառի պետական համալսարանի Գևորգ Հովսեփյանի դասավանդած լսարանը 27.06.2021թվ. անվանակոչվեց Գևորգ Արշակյանի անվամբ:
Ավագ և կրտսեր Գևորգներին ճանաչողները վստահեցնում են. նրանք շարունակելու են իրենց հաղթարշավը, իրենց օրինակով ու կերպարով ծառայելու են հայրենիքին, արդեն երկնքից շարունակելու են ժպտալ ու ժպիտ պարգևել։