• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
28 Սպտ 2021

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ

58

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթ, որին մասնակցել է նաև ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը:

Մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովսեփ Սարգսյանը, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը և Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը:

Եզրափակիչ փուլ էին անցել «ԵՊՀ-2» և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ներկայացնող «De Facto Force» թիմերը: ժյուրին երկար քննարկումներից հետո որոշեց լավագույնի կոչումը շնորհել երկու թիմերին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս միջբուհական դատախաղ-մրցույթի մասնակից թիմերի անդամներին հանձնվել են պատվոգրեր, որոնք սահմանվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ-ի կողմից: Բացի դրանից՝ մրցույթի մասնակիցների համար սահմանվել էին մրցանակներ նաև դատախաղի կազմակերպիչների, ՀՀ տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից:

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույնս կիրառման համար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց  ՀՖՀՀ «De Facto Force» թիմը:

46

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած թիմ» մրցանակը հանձնեց «ԵՊՀ-2» թիմին:

«Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը, որի մրցանակը հանձնեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Դեկանն այս անվանակարգում հաղթողներին հանձնեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանի «Միջազգային քրեական իրավունք» գիրքը և գիտական հոդվածների ժողովածու:

«Լավագույն հռետոր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Արցախի պետական համալսարանի թիմի ներկայացուցիչ Արաքսյա Հայրապետյանը:

«Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի անդամ Սերոբ Ազատյանը, իսկ «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում՝ «ՀՌՀ» թիմի անդամ Սոնա Ամիրյանը:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն էլ Երևանի պետական համալսարանի կողմից սահմանված «Հաղթող թիմի մարզիչ» մրցանակը հանձնեց հաղթող ճանաչված երկու թիմերի մարզիչներին: Արթուր Իսրայելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց գերմանացի գործընկերներին և Իրավագիտության ֆակուլտետին՝ փաստելով, որ կայացած միջոցառումը լավագույնս արտացոլում է համագործակցության արդյունավետությունը և բարձր մակարդակը:

Եվ քանի որ առաջին անգամ աննախադեպ որոշմամբ հաղթող թիմերը երկուսն էին, ըստ այդմ՝ նաև լավագույն մարզիչները, Արթուր Իսրայելյանը ՀՖՀՀ «De Facto Force» թիմի մարզչին՝ Լիլիթ Գրիգորյանին, հանձնեց նախատեսված մրցանակը, իսկ «ԵՊՀ-2» թիմի մարզիչ Սերգեյ Մարաբյանին՝ երկու հոգու համար նախատեսված մեկօրյա ուղեգիր դեպի Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա:

Կազմակերպիչների որոշմամբ, դատախաղ-մրցույթի գավաթն իրենց հետ տարան  ՀՖՀՀ «De Facto Force» թիմի անդամները, իսկ հաղթողի կոչման հավաստագիրը՝ «ԵՊՀ-2» թիմի ներկայացուցիչները՝ պայմանով, որ առաջիկայում կպատրաստվեն և նրանց կփոխանցվեն մյուս պարգևները:

Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց ժյուրիի անդամներին, բոլոր մասնակիցներին, ինչպես նաև ներգրավված կառույցների ներկայացուցիչներին՝ փաստելով, որ նրանք յուրաքանչյուր խաղին հետևել են ամենայն պատասխանատվությամբ:

Դատախաղ-մրցույթի պարգևատրման արարողության ավարտին ելույթներ ունեցան նաև ժյուրիի անդամ, Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի  (IRZ) հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը՝ փաստելով, որ այս տարի ևս դատախաղ-մրցույթը կազմակերպված էր բարձր մակարդակով և անցավ հետաքրքիր ու արդյունավետ:

14 Սպտ 2021

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

0711329869289 800x504

ՀՀ դատավորների միությունը խորին ցավակցություն է հայտնում ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի հոր՝ Ռաֆիկ Խանդանյանի մահվան կապակցությամբ:

Խանդանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

08 Սպտ 2021

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ, ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԻՍԱԿՅԱՆԸ

nekrolog 2 1

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ դատավորների միության անդամ Արիստակես Սիսակյանը:

ՀՀ դատավորների միությունը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին:

Ստորև ներկայացնում ենք դատավորի ինքնակենսագրությունը՝

Արիստակես Վարդանի Սիսակյան

Ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։

Կրթություն

1974 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։

1999 թվականից զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

2001 թվականից առ այսօր աշխատում էր ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

08 Սպտ 2021

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

IMG 2897

2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 19.00-ին,   «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում՝ ք. Երևան, Արգիշտի 7 հասցեում կկայանա «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ  Հովիկ Շահնազարյանի և Հայարփի Զարգարյանի համահեղինակությամբ:

Ձեռնարկում լուսաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ խնդիրները, լուծման ուղիները ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկները՝ դատավորների իրավամտածողությամբ:

Միջոցառումը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և IRZ-ի, Էքսպերտիզ Ֆրանս-ի և Լատվիայի Դատական Մարմնի կողմից իրագործվող՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր նպատակն արդարադատության որակի բարձրացումն է՝ ՀԸԳՀ առաջնահերթություններին և ԵՄ լավագույն փորձին համահունչ։

Համահեղինակները դատական իշխանության ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց  հրավիրում են մասնակցելու գրքի շնորհանդեսին:

 

17 Օգս 2021

ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ «ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Սույն թվականի հուլիսի 28-ին և օգոստոսի 3-ին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել «Իրավաբանի մասնագիտության ամրապնդումը եվրոպական չափանիշներին համապատասխան» խորագրով առցանց հանդիպումները: Առցանց հանդիպումները նախատեսված էին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի իրավաբանների համար և այդ հանդիպումներին ներգրավված էին միջազգային փորձագետներ՝ ի դեմս Ալեքսանդր Սուրժինի: Առցանց հանդիպումներին մասնակցել են նաև ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանը և Ջոն Հայրապետյանը:

Առցանց հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավաբանի մասնագիտությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև դատավարության ընթացքին վերաբերող պրակտիկ հիմնահարցեր: Առաջին հերթին քննարկվել են դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառվող դատական սանկցիաները: Մասնակից դատավորները ներկայացրել են մեր երկրում փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման պրակտիկան՝ նշելով, որ փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման ձևով դատական սանկցիաներ կարծես թե չեն գրանցվել:

Քննարկում է ծավալվել դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքերի մասին՝ նույն դատավորի կողմից այն քննարկելու իրավաչափության համատեքստում: Փորձագետը շեշտել է, որ կան երկրներ, որտեղ ազգային օրենսդրությունը հնարավորություն է տալիս առանձին կարգով բողոքարկելու ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը:

Փորձագետի առաջարկությամբ դատավոր Լ.Գրիգորյանը ներկայացրել է քաղաքացիական դատարավարության ընթացքում, իսկ դատավոր Ջ.Հայրապետյանը՝ քրեական գործով դատական քննության ընթացքում փաստաբանների կողմից նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորության հարցը, դրանք գործի հիմքում դնելու պայմանները:

Առցանց հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև հարցեր, որոնք վերաբերում են դատավոր-փաստաբան փոխհարաբերակցության էթիկական կողմին: Մասնավորապես նշվել է, որ գերադասելի կլիներ այնպիսի հարթակների ստեղծումը, որոնք կապահովեն դատավորների և փաստաբանների միջև դատական նիստերից դուրս շփումները, այդ թվում՝ ընդունելի է համարվել փաստաբանների և դատավորների համատեղ համաժողովների անցկացումը:

15 Հլս 2021

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ-ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ

217184346 1692703904254907 497314287827208791 n

Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց ՀՀ դատավորների միության նախկին նախագահ, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանին:

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Մեծարյալի կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձավ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Սմբատյանը:  Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: 

Կոնդակում ի մասնավորի ասված է. «․․․Ճանաչում ենք Ձեզ անձնապես և ծանոթ ենք Ձեր երկարամյա արդյունաշատ գործունեությանը: Աստվածպարգև Ձեր կյանքը Դուք, որպես նվիրյալ հայորդի, ապրել եք հայրենի մեր երկրի հանդեպ որդիական սիրով` միշտ ձգտելով Տիրոջից Ձեզ պարգևված շնորհները ծառայեցնել հավատավոր մեր ժողովրդին։

Այսօր առիթ ունենք անդրադառնալու Ձեր արդյունավոր գործունեությանը։ Երկար տարիներ զբաղեցնելով բարձր պաշտոններ իրավապահ համակարգում և արդարադատության մարմիններում` Դուք կարելին ի սպաս եք դրել հանուն մեր երկրում օրինահարգ հասարակության ձևավորման: Մասնագիտական գործունեության մեջ Ձեր հաջողություններն ու ձեռքբերումները բարի արդյունքն են Ձեր նախանձախնդիր, անհոգնաբեկ աշխատանքի:

Անկեղծ հոգով Դուք դրսևորել եք նաև Ձեր որդիական սերն ու նվիրումը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` օժանդակություն բերելով Մայր Աթոռի գործունեությանը:

Մեր ժողովրդին և մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությանց բարձր գնահատանքով Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»  պատվո բարձր շքանշանը»:

Կոնդակի հրապարակումից հետո Վեհափառ Հայրապետը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո շքանշանով:

217397186 1692703940921570 105500006646497203 n

Ապա շնորհակալական խոսք ասաց Հրաչիկ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ իր գործունեության ընթացքում մշտապես ջանացել է արդարադատությունը իրականացնելու հետ մեկտեղ մարդկանց փոխանցել Եկեղեցու պատվիրանները՝ ընդգծելով, որ նույնականություն կա այդ պատվիրանների ու արդարադատության միջև, որի հիմքում հենց պատվիրաններն են:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը վերստին անդրադարձավ Հրաչիկ Սարգսյանի հայրենասեր և եկեղեցանվեր ոգուն, ինչպես նաև Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակի՝ Մայր Աթոռի նկատմամբ մշտական հոգածու վերաբերմունքին: Իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերելով պարոն Սարգսյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց,  որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո հանապազ պահի ու պահպանի ազգի նվիրյալ զավակին և Սարգսյան ընտանիքին և շնորհի արևշատություն, նորանոր հաջողություններ և երկնահեղ ամենայն բարիք:

214686393 1692704060921558 9198551459691847966 n

Այլ հոդվածներ …

  • «ՔԱՋԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՔԱՋԵՐՆ ԵՆ ՀԵՆՑ….». ԱՎԱԳ ՈՒ ԿՐՏՍԵՐ ԳԵՎՈՐԳՆԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆԿԱՍԿԱԾ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ԵՐԱԶՈՒՄ
  • ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 23-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  • ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ
  • ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈԻԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ