• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
02 Փտր 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է ՀՀ դատավորների միության նախագահ Ա․Ազարյանի հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ (տես՝ http://ajra.am/hy/news/311-2022-01-31-12-23-19):

Տվյալ հարցի կապակցությամբ մտահոգություն և գնահատականներ են հնչեցվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Հաջորդիվ ստացվել են դատավոր Բախշիյանի պաշտպանական խմբի ահազանգն ու հաղորդումները, որոնց համաձայն՝ դատավորի նկատմամբ իրականացվում է առերևույթ ապօրինի քրեական հետապնդում լիազորությունների շրջանակում նրա կողմից իրականացվող գործառույթների, կայացված որոշումների առիթով:

Ընդ որում, առանց քննության առարկա հանդիսացող փաստի առթիվ հարուցված քրեական գործի առկայության՝ դատավորի նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդում հաջորդաբար քննարկվել են նրան անձեռնմխելիությունից զրկելու, այնուհետև՝ ազատությունից զրկելու մասին հարցերը, սակայն փետրվարի 1-ի՝ ժամը 19.00-ի դրությամբ, դատավորին և պաշտպանական խմբին, նույնիսկ նման պահանջ ներկայացվելու պայմաններում, չեն տրամադրվել ԲԴԽ կողմից կայացված որոշումների՝ նրանց օրինակները։ Դա այն պարագայում, երբ դատավոր Բախշիյանին արդեն իսկ առաջադրել են մեղադրանք և նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Տվյալ իրավիճակում հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ է ԲԴԽ-ն բավարարել նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, ինչը, թերևս, չի խոչընդոտել ԲԴԽ-ին անցնել հաջորդ՝ ազատությունից զրկելու հարցի քննարկմանը, այն պարագայում, երբ դրա քննարկումը չէր կարող սկսվել մինչև չստացվեր առաջին հարցի վերաբերյալ բովանդակային պատասխան:

Տվյալ գործի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ դատախազությունը։ (տես՝ https://www.prosecutor.am/am/mn/8443/):

Դատախազությունը նշել է, թե առաջնորդվում է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, սակայն ընդգծելով հարցի հնչեղությունը, արձագանքելով ԲԴԽ դռնփակ դատական նիստում պաշտպանություն իրականացրած փաստաբանի հրապարակմանը՝ այդ փաստարկները դիտարկել է դատավորների համար օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, ինչն այլևս հնարավորություն է տվել հանդես գալ գործի հանգամանքները լուսաբանող հրապարակմամբ և հաղորդագրությամբ:

Սակայն, հաղորդագրության մեջ հրապարակված գործի հանգամանքներն առկա մտահոգությունները ոչ թե փարատում, այլ խորացնում են։

Այսպես, ընդհանուր առմամբ ողջունելի համարելով անձի կալանավորման օրինականության պահպանման և միասնական դատական պրակտիկայի ձևավորման առնչությամբ Դատախազության մոտեցումը, այդուհանդերձ, հաղորդագրությունում գործի հանգամանքների շարադրանքը, դրանում պարունակվող ձևակերպումները ու դատողություններն առերևույթ թողնում են օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված փաստերի, իսկ հաղորդագրությունը՝ եզրափակիչ որոշման տպավորություն։ Մինչդեռ, դատավորի պաշտպանական խմբի հրապարակումների համաձայն՝ այն դատավարական խախտումները, որոնք ենթադրաբար թույլ են տրվել դատավորի կողմից, ունեն մոտ երկու ամսվա վաղեմություն, մեղադրողի կողմից զարմանալիորեն չեն վիճարկվել, ինչը թերևս չի խանգարել, որ քրեական հետապնդման մարմիններից ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը տվյալ գործը վարույթ ընդունի ենթադրյալ հանցանքը կատարելու օրվանից գրեթե երկու ամիս անց՝ 2022 թվականի հունվարի 26-ին, իսկ դատախազությունը հունվարի 31-ին դիմի ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա անձնական ազատությունը սահմանափակելու համաձայնություն տալու միջնորդություններով։

Զերծ մնալով անձին կալանավորելու վերաբերյալ կայացված վերոնշյալ որոշման հիմնավորվածության և օրինականության մասին դատողություններ անելու գայթակղությունից, այնուամենայնիվ, ՀՀ Դատավորների միությունը խիստ մտահոգված է այն իրողությունով, իր առաքելությունն իրականացնելու, տվյալ դեպքում՝ դատական ակտ կայացնելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գործընթացի նախաձեռնումը, հատկապես այն պարագայում, երբ դատական այդ ակտը չի բեկանվել, չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ ակտի՝ բողոքարկման օրենքով սահմանված ընթացակարգը շրջանցող վերանայում և դատավորների՝ անաչառ որոշումներ կայացնելու ազատության սահմանափակում, որը համահունչ չէ իրավական և ժողովրդավարական պետության արժեհամակարգը դավանող որևէ պետության։

Խիստ կարևորելով դատավորի՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների ու օրինական շահերի անվերապահ պահպանումը՝ Դատավորների միությունը վտանգված է տեսնում դատական իշխանության անկախությունը՝ հստակ ազդակներ ստանալով կայացված դատական ակտի առնչությամբ դատավորի համար անբարենպաստ հետևանքների առաջացմամբ:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

ՀՀ դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյան

Դատավորների միության խորհրդի անդամներ՝

Արշակ Վարդանյան

Նորա Կարապետյան

Հարություն Ենոքյան

Արսեն Բաբայան 

Ռուզաննա Հակոբյան

Արթուր Առաքելյան

 

31 Հնվ 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

 Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

28 Հնվ 2022

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

bacik 28

14 Հնվ 2022

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

                                           Aleqsandr Azaryan                           Arthur Stepanyan

2022 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը: Օրակարգում ՀՀ դատավորների միության նախագահի և փոխնախագահների ընտրության հարցն էր:

Քվեարկության արդյունքներով ՀՀ դատավորների միության նախագահ ընտրվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, իսկ փոխնախագահ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը:

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է նորընտիր նախագահին և փոխնախագահին` մաղթելով արդյունավետ աշխատանք:

07 Հնվ 2022

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության դատավորների միության (այսուհետ՝ ՀՀ դատավորների միություն) խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի №1/22 որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 14-ին` ժամը 14:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովից հետո տեղի է ունենալու ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը: Օրակարգում ՀՀ դատավորների միության նախագահի և երկու փոխնախագահների ընտրություններն են:

2022 թվականի հունվարի 14-ին կայանալիք՝ ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովում ՀՀ դատավորների միության նախագահ կամ փոխնախագահ ընտրվելու համար, ինքնաառաջադրման եղանակով կարող եք մինչև սույն թվականի հունվարի 12-ը ՀՀ դատավորների միության աշխատակազմին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով) ներկայացնել Ձեր թեկնածությունը` քվեաթերթիկում ներառելու նպատակով:

 

07 Հնվ 2022

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

 images123

ՀՀ դատավորների միությունը խորին ցավակցություն է հայտնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի հոր՝ Ռուբիկ Մարաբյանի մահվան կապակցությամբ:

Մարաբյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Այլ հոդվածներ …

  • ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
  • ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
  • ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ