ԱՐԴԵՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՁԳՎՈՂ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ. ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՀՈՐ ՀԵՏՆՈՐԴՆ ՈՒ ՀԵՏԵՎՈՐԴԸ, ՀԵՐՈՍԱՑԱՎ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ
Էլ ո՞ւմ, եթե ոչ հայրիկի՝ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Գագիկ Հակոբյանի վեհ արժեքները, ազգային ու հայրենական գաղափարները, հավատամքն ու դաստիարակությունը պիտի առաջնորդեին Արման Հակոբյանին՝ նետվելու մարտի դաշտ, պահելու ու պաշտպանելու հայրենիքը, ընտրելու անմահության ճանապարհը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր, երբ թշնամին նորից ստիպեց հայ ժողովրդին հասկանալ խաղաղության գինը, նորից պայքարել հավատի, գալիքի ու ապագան կերտող մանուկի համար: 44 օր ձգվող անսահմանության ժամանակ հայոց բանակը, հայ սպան ու հայ զինվորը մեկ անգամ ևս արձանագրեցին, որ իրենք են գալիքի խորհրդանիշն ու անկախության երաշխիքը:
Նրանք կռվեցին հանուն հայրենիքի, հանուն Արցախի՝ իրենց արյամբ ավելի սրբացնելով մեր հողը, նրանց մեջ նաև Ոստիկանության զորքերի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը: Նա ծնվել էր 1989 թվականին Երևանում։ Տարիներ առաջ ընտանիք էր կազմել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի հետ, դարձել 3 դուստրերի՝ Էլիզաբեթի, Ամելիայի և Կատրինի հայրը։
Հետևելով ոստիկան հոր՝ Գագիկ Հակոբյանի օրինակին՝ նա ընտրել էր իրավապահի մասնագիտությունը և 2006 թ. ընդունվել Ոստիկանության ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետ։ Ուսանելու տարիներին Արմանն աչքի է ընկել առաջադիմությամբ, ընկերասիրությամբ, միշտ օգնության հասնելու պատրաստակամությամբ։
Նա նպատակասլաց էր, հոգատար ենթակաների նկատմամբ, միևնույն ժամանակ՝ պահանջկոտ: Հայրենասեր էր ու ազգասեր, անմնացորդ ծառայելու վեհ գաղափարներով ներշնչված, բարի ու ազնիվ:
Ուսումն ավարտելուց հետո՝ 2010 թվականին, Արման Հակոբյանը նշանակվել էր ծառայության ոստիկանության զորքերի զորամասում։ Լեյտենանտից հասել էր մայորի կոչման, դասակի հրամանատարից՝ գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Բացի հասարակական կարգի պահպանությունից՝ 2018 թվականից իր ստորաբաժանման հետ Տավուշի մարտական դիրքերում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։
Արման Հակոբյանն այն անհատն էր, որ հոգում հայրենիքն էր կրում, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում, դրա համար էլ իր գումարտակի հետ սեպտեմբերի 29-ից շուրջ մեկ ամիս մասնակցել է Քարվաճառի պաշտպանությանն ու հատուկ կարևորության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությանը։ Հենց այդ ընթացքում էր, որ նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում:
Քարվաճառից մի քանի օրով Արմանը վերադարձել էր տուն, սակայն օրեր անց իր գումարտակով կրկին մեկնել Արցախ, քանի որ վտանգված էր հայոց բերդաքաղաք Շուշին։ Նա իր անձից առավել էր սիրում հայրենիքն ու պետությունը, ուստի չգնալ չէր կարող։ Նա պիտի գնար, որովհետև գիտակցել էր՝ Շուշին անձնազոհ պաշտպանության կարիք ունի:
Նոյեմբերի 4-ին արդեն փոխգնդապետ Արման Հակոբյանն իր գումարտակի հետ Շուշիի մատույցներում էր։ Նոյեմբերի 5-ին թշնամին Քարինտակի ուղղությամբ մեծ հարձակում էր ձեռնարկել։ Սկսվել էր մարտը։ Ինչպես զինակից ընկերներն են պատմում, Արմանը մարտի ժամանակ իրեն դրսևորել էր բարձր պատասխանատվությամբ, ոգեշնչել տղաներին, կարողացել հստակ կողմնորոշվել ու հրամաններ տալ իր զորքին։
Օր օրի, ժամ առ ժամ մարտերն ավելի էին թեժացել։ Ադրբեջանաթուրքական զորքերի ու վարձկան ահաբեկիչների մեծաքանակ ուժերը գնալով ավելի էին մոտեցել։ Նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի ծառայողները հայտնվել էին թշնամու շրջափակման մեջ։ Թշնամին սկսել էր ինտենսիվ հրետակոծել: Տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ արձակելով՝ նա թիրախավորել էր նաև հրամանատարական կազմին։ Հրետանակոծությունից հետո ոստիկանության զորքերի ծառայողները հայտնաբերել էին զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանի մարմինը։ Նա զոհվել էր։ Հրամանատարի առաջին տեղակալ, ձեռքի շրջանում վիրավորված Արայիկ Ալոյանի գլխավորությամբ՝ շուրջ 20 ոստիկան ու ժամկետային զինծառայող կարողացել էին դուրս գալ թշնամու շրջափակումից։ Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը նրանց մեջ չէր։ Փոխգնդապետի մարմինը հայտնաբերվել է պատերազմի ավարտից ամիսներ անց…
Նա հերոսացել էր իր ծառայակից ընկերների հետ՝ չերերալով թշնամու ահռելի ուժերի դիմաց, մնացել կանգնած մինչև վերջ։ Նա կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ և մյուսներին ցույց տվեց դեպի հաղթանակ տանող ճանապարհը: Արմանն իր օրինակով ցույց տվեց, որ ոչ մի զենք, ոչ մի հրթիռ ու ռումբ չեն կարող համեմատվել հայրենիքի հանդեպ տածած սիրո ուժի հետ:
Արմանն անմահացավ ու հավերժի ճամփորդը դարձավ ոչ միայն նրա համար, որ մենք սոսկ ապրենք, այլ իր արյամբ պարտավորեցրեց ապրողներիս, որ այս երկիրն ավելի լավ երկիր դարձնենք, որ Էլիզաբեթը, Ամելիան, Կատրինն ու բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան:
Արմանին ճանաչողները վստահ են՝ նա շարունակելու է իր հաղթարշավը, արդեն երկնքից իր օրինակով ու կերպարով շարունակելու է ծառայել հայրենիքին: