ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության երրորդ առցանց հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանը և Ջոն Հայրապետյանը:
Բացման խոսքով հանդես եկան Դատավորների եվրոպական միության նախագահը, փոխնախագահները, ովքեր իրենց խոսքում նշեցին եվրոպական երկրների դատական համակարգերի առջև ծառացած խնդիրները, նաև անդրադարձան 2022 թվականի ապրիլին կայանալիք Դատավորների եվրոպական միության ընդհանուր ժողովի նախապատրաստական աշխատանքների կատարման անհրաժեշտության մասին:
Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին դատական իշխանության և դատավորների անկախությանը վերաբերող մի շարք հարցեր: Դատավորների եվրոպական միությանն անադամակցող որոշ դատավորների միությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց երկրներում առկա վիճակը, և այն դատական ակտերի հիմնական բովանդակությունը, որոնց շնորհիվ վերականգնվել են դատավորների և դատավորների համայնքի խախտված իրավունքները: Մասնավորապես՝ ներկացվեցին և քննարկվեցին դատավորներին առանց իրենց համաձայնության մեկ այլ դատարան տեղափոխելու հետ կապված խնդիրները: Հատուկ ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ նման գործողությունները խախտում են դատավորին տրամադրված անկախության երաշխիքները: Այդ կապակցությամբ ներկայացվեց և քննարկման առարկա դարձավ Լեհաստանում Case C-487/19 Waldemar Zurek (Chamber of Extraordinary Control and Public Affairs of the Supreme Court) գործը:
Առանձնակի ուշադրության արժանացավ նաև Dolinska-Ficek and Ozimek ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 8-ի որոշումը: Ըստ այդ որոշման՝ Լեհաստանում դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացը և համապատասխան մարմինը չեն համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ անկախ և անաչառ դատարանի սկզբունքին, քանի որ այդ գործընթացի վրա էական ազդեցություն ունեն օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները:
Քննարկվեց նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության արդարադատության դատարանն ընդդեմ Լեհաստանի գործով ներկայացված պահանջի մանրամասները: Մասնավորապես` ըստ վերջինիս` մինչև դատական իշխանության համակարգում հստակ օրենսդրական փոփոխությունների կատարումը, որոնք կապահովեն դատական իշխանության անկախությունը, Լեհաստանից պահանջվում է վճարել տուգանք:
Դատավորների եվրոպական միության առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարբեր երիրներում դատավորների վարձատրության հետ կապված մի շարք հարցեր: Լատվիայի դատավորների միության ներկայացուցիչը, ըստ տարիների կատարելով համեմատական վերլուծություն, ներկայացրեց իրենց երկրում դատավորների աշխատավարձերի նվազման հետևանքով առաջացած խնդիրները:
Առցանց հանդիպման ընթացքում որոշվեց Թուրքիայում գործադիր իշխանության ճնշումներից տուժած դատավորներին բյուջետային հավաքագրումներից տրամադրել դրամական օգնություն:
Քննարկման առարկա դարձան նաև Աֆղանստանում վտանգի մեջ գտնվող դատավորների վերաբերյալ մի շարք հարցեր: Դատավորների եվրոպական միությանն անդամակցող դատավորների միությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու Աֆղանստանում վտանգի մեջ հայտնված դատավորներին:
Առցանց հանդիպման ընթացքում որոշվեց Դատավորների եվրոպական միության հաջորդ ընդհանուր ժողովը կազմակերպել Պորտուգալիայի Հանրապետության Պորտու քաղաքում: