Մնացական Մարտիրոսյան. ձկով կերակրատեսակների վարպետը

Մնացական Մարտիրոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: 4 զավակ ունի: Սիրում է հումորով վերաբերվել կյանքին:

«Տուշ»

Գավառի Կամո քաղաքում՝ տան բակով մեկ կապեցին վրանն ու սկսեցին Մնացական Մարտիրոսյանի հարսանիքի նախապատրաստությունը: Կանանց երգի ձայնը չէր դադարում՝ հատուկ հարսանիքին նվիրված տաղերով հարսանիքից մեկ օր առաջ թխում էին Քյավառի հայտնի փախլավան, գաթան, հացը, ծեծում քյուֆթայի միսը, պատրաստում իրենց իսկ կտրած լապշան: Մայրն այդ արարողությունը «տաշտադրեք» էր կոչում: Դրանից մեկ օր առաջ էլ ցուլիկի կոտոշին կապել էին կարմիր ժապավենն ու մորթել: Ամեն ինչ հին Բայազետի ավանդույթներով, որտեղից գաղթել էին նախնիները:

Քյավառում քաշած օղի խմելու մշակույթ չկար, ասում է Մնացական Մարտիրոսյանը, «պետական» օղի էին խմում: Ժամանակին, իհարկե, եղել է՝ կարտոֆիլը հավաքել են, սայլերով տարել Եղեգնաձոր, փոխանակել նրանց քաշած մրգային օղու հետ: Անեկդոտ դարձած պատմության իրական տարբերակը գիտի Մարտիրոսյանը. մի քյավառցի առաջին անգամ կարտոֆիլը հավաքում է, լցնում սայլը, տանում Եղեգնաձոր, նայում է՝ օղին տարաներով դրված, ասում է՝ էս քո օղին ա, ասում է՝ հա, էս վաճառում ե՞ս, ասում է՝ հա, ասում է՝ ա՛յ տղա, որ դու էս վաճառում ես, սրանից լավ ի՞նչ պիտի առնես:

Մնացական Մարտիրոսյանի հայրը մանկավարժ էր՝ անասնաբուժականն էր ավարտել, դասավանդում էր գյուղկադրերի որակավորման դպրոցում ու տեխնիկումում: Սարվորների թաղում, որտեղ ապրում էին, գրագետներից էր ու միջոցառումների ժամանակ հրավիրում էին իբրև թամադա: Բայց Մնացականի հարսանիքին, ավագության կարգով, թամադան հորեղբայրն էր:  

Ամեն բաժակաճառից հետո՝ բոլորը խմում էին ու երաժիշտները մի 20 վայրկյանանոց երաժշտություն էին նվագում. կոչվում էր «տուշ»: Հարսանիքն սկսվում է, երկրորդ, երրորդ «տուշից» հետո նայում է՝ քաղաքից եկած ընկերներները իրենց նման չեն: Պարզվում է՝ Քյավառի ընկերները, որոնց վրա խմիչքը չի ազդում, հարսանիքի նախապատրաստությանը օգնելու եկած երևանցի ընկերների հետ այնքան  են խմել, որ երևանցիները հարբել են խնջույքը չսկսված: Նրանցից մեկը՝ հրաշալի մարդ, որն այժմ բժիշկ է Փարիզում, ամեն անգամ, հենց երաժիշտը սկսում է «տուշը»՝ 20 վայրկյան, վեր է կենում, սկսում պարել: Մնացական Մարտիրոսյանն այդ ժամանակ Հրազդանի դատախազությունում քննիչ էր. Դատախազության կոլեկտիվն է նստած՝ կանանցով, լուրջ միջավայր, բժիշկ ընկերը հենց լսում է՝ «լավ ընկերոջ համար անգամ կյանքը կտա ղարաբաղցին», ոգևորված պարելով մոտենում է փեսային ու ողջագուրանքի պահին արմունկով խփում հարսի հորաքրոջ գլխին՝ տարեց, սպիտակամազ, պատակառելի մի կնոջ: Ու ամեն անգամ, հենց հնչում է այդ երգը, հորաքույրը վախեցած գլուխը փախցնում է ու նայում՝ որ կողմից պետք է մոտենա ընկերը:   

Մնացական Մարտիրոսյանն այդ ժամանակ 26 տարեկան էր: Կինը՝ Քյավառի իրենց հարևանի աղջիկն էր՝ մանկավարժ, լոգոպեդ: Խոսքի մեջ ինքը ժամանակ առ ժամանակ Քյավառի բարբառ էր գործածում, կինը՝ երբեք: Երբ ընկերները հարցնում էին՝ ինչպես է ստացվել, պատասխանում էր՝ Լուսինեն Քյավառի եվրոպական մասից է: 

Թորգոմյան Միհրան Հայրապետիչ և ատենակալներ

Սկզբում գյուղատնտեսությունն էր գրավիչ՝ մասնագիտության ընտրության հարցում. Մոսկվայից, Կուրսկից հորն ուղարկված դասավանդման ծրագրերը Մնացական Մարտիրոսյանն էր ռուսերենից հայերեն թարգմանում՝ ուսումնական պլան կազմելու համար ու սովորել էր ամեն ինչ՝ ցուլիկների տեսակները, բուծման, պահելու պայմանները, բուժումը և այլն: Իսկ երբ իրենց պահած տոհմական ցուլիկների միսը հանձնեցին միսկոմբինատին ու, ընդունված կարգի համաձայն, նոր արտադրված «Նիվա» ավտոմեքենա ստացան, ամեն ինչ ավելի գրավիչ թվաց: Բայց գրադարանը, որից օգտվում էր, մի անգամ հանդիպում կազմակերպեց դատախազի հետ ու ամեն ինչ փոխվեց:

Հորեղբոր տղան դատախազի օգնական էր, ավարտական դասարաններում նրա հետ գնում էր քննչական գործողությունների, նաև դատական նիստերի էր ներկա գտնվում:  Քյավառում դատական նիստերը օրենսգրքում գրվածի պես չէին, մի քիչ ավելի տնավարի էին, բայց, ասում է, տեղի միակ դատավորը փորձառու էր: Նիստերը, հաճախ, արտագնա էր անում. ասենք, հանրակացարանում գողություն էին կատարել, դատական նիստը կոնկրետ այդ ուսումնական հաստատության դահլիճում էր անում, որպեսզի բոլոր ուսանողները հավաքվեն, տեսնեն, որ այդ անձը գողություն է արել:

Նստում էր նախագահող դատավորը՝ երկու ատենակալների հետ: 3-ն էլ հավասարազոր՝ մեղքը որոշելու և պատիժ սահմանելու լիազորություն ունեին, բայց ատենակալները որևէ արտադրամասի աշխատող կամ գյուղացի մարդիկ էին, նրանց մասնակցությունը նիստին ավելի շատ  ձևական բնույթ էր կրում, դատավորն էր հիմնականում որոշողը:

Քյավառի դատավորին՝ Թորգոմյան Միհրան Հայրապետիչին, բոլորն էին ճանաչում: Նրա վարած դատական նիստերը Մնացական Մարտիրոսյանը ծիծաղի պոռթկումներով է հիշում:

Մի անգամ, օրինակ, դեռ Սովետական Միության տարիներին, երբ փորձում էին ամուսնալուծությունների դեմն առնել ու դատավորին հնարավոր է պատասխանատվության ենթարկեին  ամուսնալուծության մեծաթիվ վճիռներ կայացնելու համար, Թորգոմյան Միհրանի մոտ մի տղամարդ է գալիս, թե՝ եկել եմ, որ բաժանվեմ կնոջիցս: Քյավառում էլ մեկը մյուսին ճանաչում է: Դատավորն ասում է՝ ա՛յ տղա,  էդ որ կնոջիցդ ուզում ես բաժանվել, քանի՞ երեխա ունես, ասում է՝ 3: Դատավորը հարցնում է՝ որ բաժանվես, էդ երեխեքին ո՞նց ես պահելու: Թե՝ կամուսնանամ: Հարցնում է՝ քո կնոջից ինչի՞ ես ուզում բաժանվել: Դե, ասում է, որովհետև անբարոյական է, ուրիշ տղամարդու հետ էր կապված: Լավ, ասում է դատավորը, որ ամուսնանաս՝ չամուսնացած աղջիկ ես բերելո՞ւ, թե՞ մի ուրիշի կնոջն ես բերելու: Ասում է՝ 3 երեխատեր եմ, ի՞նչ աղջիկ, երևի մի բաժանված կին կլինի, կառնեմ էլի: Է՜ ասում է, ա՛յ տղա, էդ կնիկն էլ մի անբարոյականության համար բաժանված կլինի, դե քո անբարոյականին առ, նստի էլի, ինչի՞ ես խալխի անբարոյականին բերում քո տուն... Մտածում է՝ ոնց որ խելոք բան է ասում:

Մի անգամ էլ սարվորների թաղում սառնարան են գողանում: Ակնհայտ էր, որ մեկ հոգով հնարավոր չէր դա տեղափոխել, բայց միլիցիան գողերից մեկին էր բռնել: Դատավորը հարցնում է՝ տղա՛ ջան, դու դա մենակ չես տարել, ո՞ւմ հետ ես տարել: Թե՝ էշի վրա եմ դրել, տարել:  Դատախազը հարցնում է՝ բա էդ էշը ո՞ւր էր, որ միլիցիայի աշխատողներն եկան՝ չկար, պատասխանում է՝ դե, էշը որ տեսավ միլիցիայի աշխատողներին, փախավ: Դատավորը վրա է բերում՝ ա՛յ տղա, բա դու մի էշի չափ չկայի՞ր, դու տեսար գալիս են՝ կանգնեցիր, նա փախավ:

Այն տարիներին սպեկուլյացիայի հոդված կար՝ եթե մեկը ինչ-որ բան գներ ու ավելի բարձր գնով վաճառեր, կարող էր մինչև 7-8 տարվա ազատազրկման դատապարտվել: Բայց ընդունված էր՝ հագուստ, սպասք բերում վերավաճառում էին: Նաև շինանյութ էին բերում՝ Արթիկի տուֆը՝ տեղացի երկու վերավաճառողներ: Մի օր էլ, մեկը բանակից գալիս է, մեքենա են տալիս՝ ԶԻԼ, սա էլ մտածում է՝ ես էլ գնամ քար բերեմ վաճառեմ մյուս երկուսի նման: Դե, այդ երկուսն էլ գնում, մատնում են, որ՝ եթե սպեկուլյանտ եք ուզում բռնել, այսինչը քար է բերում: Գործը հասնում է դատարան: Միհրան Հայրապետիչը դատը վարում է. ասում է՝ ա՛յ տղա, սպեկուլյացիա ես արել, պիտի քեզ դատենք: Սա էլ թե՝ ախր, այն երկուսն էլ են անում, բա նրանց ինչի՞ չեք դատում: Դատավորը թե՝ էդ հո չեմ դատում քեզ, որ քար ես բերել-ծախել, բա ինչի՞ համար ես դատում, ասում է՝ որ բռնվել ես, այ դրա համար եմ դատում:

Թորգոմյան Միհրան Հայրապետիչի մասին ասում էին՝ տարին մեկ անգամ, հիմնականում Սովետաշենի գաղութում, պետի հետ պայմանավորվում էր ու տանում՝ դատապարտյալների համար մեծ սեղան էր գցում: Բոլորին հրավիրում էր ու ասում՝ ես չգիտեմ ձեզանից քանի հոգու եմ դատել, բայց ում դատել եմ, չեմ դատել ինչ-որ բան անելու համար, այլ որ այնքան ախմախ եք, որ բռնվել եք:

Իրավաբանական «խոպան»

Մնացական Մարտիրոսյանը դպրոցը գերազանց ավարտեց: Իրավաբանական ֆակուլտետում կոմերիտական կազմակերպության քարտուղարն էր: Որպես ուսանողական շինարարական ջոկատների կոմիսար՝ ուսանողներին ուղեկցեց Սիբիր՝ ամառային արձակուրդներին աշխատելու: Արդեն երկրորդ տարին, երբ գնացին, մի օր գյուղի միջով աշխատանքից վերադառնալիս, տեսնում են, որ խանութներից մեկն այրվում է՝ կանայք փորձում են պոմպերով ջուր շփել, չեն կարողանում: Հայ տղաները 30 հոգանոց ջոկատով վազում են դեպի խանութը, կրակի միջից դուրս բերում վաճառքի ենթակա հեռուստացույցները, որպեսզի չպայթեն, մինչև հրշեջ մեքենան կմոտենա: Համամիութենական մամուլը գրում է հայ ուսանողների քաջության մասին ու մինչև Երեւան են հասնում, արդեն հերոս էին:  

Մնացական Մարտիրոսյանի առաջադիմությունը շատ բարձր էր, մտադիր էր Մոսկվայում ասպիրանտուրա ընդունվել, բայց նաև դիմեց  Դատախազություն ու խիստ սահմանափակ տեղերից մեկով անցավ մրցույթը. կարիերան սկսեց Հրազդանի դատախազությունում քննիչի աշխատանքից: 1987 թ.-ի մայիսին, երբ Չարենցավանի բանկը թալանեցին,  Մնացական Մարտիրոսյանի մասնակցությամբ 3-4 օր քննչական գործողություններից հետո գործը բացահայտվեց: Նույն գործով նրանց հետ աշխատում էր նաև Ներքին գործերի ռուս փոխնախարարը, որը գնահատեց Մարտիրոսյանի աշխատանքը: Այդ շրջանում մի քանի այլ գործերով ևս բացահայտումներ եղան և քննիչ Մնացական Մարտիրոսյանին առաջխաղացման ենթարկեցին՝ նշանակեցին Հրազդանի դատախազի տեղակալ:

Խորհրդային Միության փլուզման տարիներին, սակայն, հակասություններ, լարվածություններ, ձերբակալություններ սկսվեցին: Այդ ընթացքում արժեքների վերագնահատում տեղի ունեցավ, տարբեր մարդիկ սկսեցին միմյանց համար խնդիրներ ստեղծել, հիասթափությունների շրջան սկսվեց: 29-ամյա Մնացական Մարտիրոսյանին դիտարկեցին իբրև հին սերնդի ներկայացուցիչ: Նաև դրամը արժեզրկվեց: Ու նա որոշեց դուրս գալ դատախազությունից եւ մեկնել Մոսկվա: Այնուհետև տեղափոխվեց Ուկրաինա:

6 տարի ապրեցին արտերկրում: Մարտիրոսյանը մի քանի իրավաբանական գրասենյակ ուներ, նաև ընկերների բիզնեսներում իրավաբանական խորհրդատվություն էր իրականացնում, բաժնեմասեր ուներ:

Բայց մի օր կինը ահազանգեց, որ Ուկրաինայում աղջիկ երեխաներ մեծացնելը բարդություններ ունի: Նաև տեղեկացավ, որ 1998 թ-ին Հայաստանում դատավորների քննություններ են անցկացնելու: Որոշեց մասնակցել:

Մարդու գործոնը

Մնացական Մարտիրոսյանը խնդրեց Դոնեցկ ուղարկել դատավորների քննությունների հարցաշարերը, ծանոթացավ, տեսավ՝ իր համար դա դյուրին կլինի: Պատրաստվեց, համոզվեց որ ստացվում է ու մի շաբաթ օր, որպեսզի մյուս գործերին չխանգարի, տոմս գնեց, եկավ Հայաստան, որ փաստաթղթերը հանձնի եւ նույն օրը վերադառնա: 

Գործերը ձեռքին մտավ Արդարադատության նախարարություն, որ հանձնի՝ հրաժարվեցին ընդունել, ասացին՝ շաբաթ օր է, չեն վերցնում, այնինչ հայտարարվել էր, որ շաբաթ օրն էլ են աշխատելու: Մտածեց՝ երևի լավն էլ դա է, փաստաթղթերի պատճեններն առանձնացրեց, մոտեցավ աղբարկղին, որ թափի, մեկ էլ մի լրագրող՝ Տիրուհի Այվազյանը, տեսախցիկով մոտեցավ, թե՝ ներողություն, ինչո՞ւ չընդունեցին փաստաթղթերը, մի՛ գցեք աղբարկղը, հիմա կճշտեմ: Ներքին հեռախոսով զանգեց, ասացին՝ սխալմունք է, գործերն ընդունում են: Մնացական Մարտիրոսյանին համոզեց՝ մեկ հարկ է ընդամենը, բարձրացեք: Բարձրացավ, փաստաթղթերը վերցրին,  կնքեցին, ստացական տվեցին:

Գրավոր քննությունից շատ բարձր միավորներ հավաքեց: Բանավորն էլ անցավ ու դատավոր նշանակեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2 տարի աշխատեց: Մի օր էլ, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ժամանակ, հնարավոր խոչընդոտների դեպքում իբրև երկրորդ դատավոր ներգրավվելու համար նրան գործուղեցին Երևան՝ Կենտրոն վարչական շրջանի դատարան: Որոշ ժամանակ անց թափուր հաստիք առաջացավ ու Մնացական Մարտիրոսյանին, արդեն մշտական հիմունքով, ընդունեցին աշխատանքի Կենտրոնի դատարանում:

Քննիչ ու դատախազ աշխատելու փորձը շատ օգնեց, բայց զգուշությունը, պատասխանատվության զգացումն իբրև դատավոր ավելի մեծ էր:

2000-ականներին եղբայրը ԱՄՆ-ից մի նոթբուք բերեց Մնացական Մարտիրոսյանի համար: Այդ ժամանակ շարժական համակարգիչը նորություն էր Հայաստանում, օգնականին սովորեցրեց, որ դատական նիստերը դրանով արձանագրի: Առավելությունը հսկայական էր՝ ոչ միայն տեղում արագ գրվում ու ցույց էր տրվում յուրաքանչյուր ցանկացողի, այլև ձեռագրի ընթեռնելիության խնդիր չէր առաջանում:

Բայց մի անգամ նոթբուքը չար կատակ խաղաց: Դատական նիստերից մեկի արձանագրությունը համակարգչի՝ «ձեռագիր» տառատեսակով էին հավաքել: Այդ վճիռը բողոքարկեցին Եվրոպական դատարան և փաստաբանը հայտարարեց, որ  արձանագրությունը նիստի ժամանակ չի կատարվել, այլ հաջորդ օրը, քանի որ այդպիսի վայելչագրություն հնարավոր չէր ապահովել: Եվրադատարանն, իհարկե, չընդունեց բողոքը, քանի որ առաջնորդվեց դատավորի ճշտապահության կանխավարկածով՝ որոշելով, որ մինչև հակառակը չի ապացուցվել, ուրեմն չեն կարող հաստատված համարել, թե արձանագրությունը նույն օրը չի կատարվել:

Մեկ ուրիշ գործով Մնացական Մարտիրոսյանը ստիպված էր դատական պրակտիկա ձևավորել: Ընդունելության քննություններ էին և շատ դիմորդներ կես միավորի տարբերությամբ վճարովի համակարգ էին անցնում. համատարած բողոքներ էին մակարգրվում ընդունող հանձնաժողովի դեմ: Այդ դեպքով հայոց լեզվի գրավոր քննության արդյունքն էր վիճարկվում. մեկ ստորակետի կամ բութի խնդիր էր առաջացել: Մնացական Մարտիրոսյանը մինչև հիմա հիշում է նախադասությունը. «Անուշը նստեց, կառքը շարժվեց»: Բողոքը բերել էին, մի կողմից՝ 5 լեզվաբան ապացուցում է, որ ստորակետ պետք է դրվի, մյուս կողմից՝ 5 պրոֆեսոր, որ՝ բութ: Ու ոչ մեկը չի ուզում լսել, որ դատարանը ոչ թե դա պետք է պարզի, այլ՝ որ հանձնաժողովը ճի՞շտ է ստեղծված եղել, թե՞ սխալ: Կողմերի լսված լինելու իրավունքն ապահովելու համար դատարանը ստիպված եղավ 3 օր անընդմեջ լսել լեզվաբան-հեղինակությունների տեսակետները, Անուշին 3 օր նստեցրին ու իջեցրին կառքից, մինչև հասավ դատավորի հերթը: Կանչեց հանձնաժողովի նախագահին, հարցրեց՝ ի՞նչ կարգով է հանձնաժողովն ընտրվել, արդյո՞ք բոլորը ներկա են եղել և ստորագրել են, արդյո՞ք բոլորը համաձայնել են արդյունքի հետ, պատասխանեց՝ այո: Վերջ, դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Եկավ, հաստատեց՝ ճիշտ է գնահատված:

Մնացական Մարտիրոսյանը 4 երեխա ունի՝ 3 դուստր, մեկ որդի: Ծանրաբեռնվածությունն այնքան մեծ էր, որ դուստրերից մեկը փոքր ժամանակ մի շաբաթ օր հորը տեսնելով զարմացել էր՝ մամ, մամ, հայրիկն այսօր մեր տուն է եկել. առավոտյան երբ գնում էր աշխատանքի՝ երեխաները քնած էին, երեկոյան գալիս էր՝ դարձյալ քնած էին:

Բաղադրատոմսեր՝ քյավառցի դատավորից

Մնացական Մարտիրոսյանը երբ փոքր էր, հայրը ձի ուներ, որին մտրակ չէր դիպել: Դեռ ձագուկ ժամանակ բերել էր տուն ու որոշել՝ համոզելով ընտելացնել: Նախ՝ վազեցնելու ընթացքում թամբը գցեցին վրան: Ապա, պարկերով լիքը ավազ՝ աստիճանաբար ավելացնելով քաշը: Մի գիշեր էլ, երբ հայրն ահազանգ լսեց, որ նախրին գողեր են մոտեցել, գիշերն անձրևին ուրիշ ձի չգտնելով՝  հենց այդ ձին հեծնեց ու քշեց դեպի նախիրը: Մինչեւ ձին ուշքի կգար, արդեն ընտելացել էր: Դրանից հետո հորից բացի ուրիշ ոչ մեկին մոտ չէր թողնում: Մեկ էլ փոքրիկ Մնացականին էր մայրը նստեցնում այդ ձիու վրա, որպեսզի համոզի ուտել: Նսեցնում էր, աստիճանները մոտեցնում ձիուն, ինքը բարձրանում վրան ու որդուն կերակրում:

Տարիների հետ՝ հող մշակել, խոտ հնձել... ամեն գործում էլ Մնացական Մարտիրոսյանը օգնում էր ծնողներին:

Համալսարան ընդունվելուն պես տեղափոխվեց Երևան՝ հանարակացարանում էր ապրում: Շաբաթ-կիրակի գնում էր տուն, վերադարձին հետը կաթսայով կերակուր բերում: Ուսանողական խրախճանքը հանրակացարանի մուտքին կից ազատ տարածքում՝ մագնիտոֆոնով պարերն էին: Տղաները պահակի հետ հերթափոխով հերթապահում էին դռան մոտ, որպեսզի օտար մարդ չմտնի:  

Իբրև քյավառցի, Մնացական Մարտիրոսյանը հաճախ ձուկ էր բերում ու ինքն էլ եփում, հյուրասիրում, քանի որ համոզված էր՝ ընկերները ձուկ եփելու մշակույթին չեն տիրապետում: Մինչև հիմա էլ երբ հավաքվում են, հին ընկերները խոստովանում են՝ այսքան ժամանակ քո եփած ձկից չենք կերել:

Ձուկը երկու տարբերակով էր եփում՝ խաշում էր կամ խորովում: Խաշելու համար իդեալական ձևը. կաթսայի մեջ ճյուղեր էր շարում, որպեսզի ձուկը ջրի երեսին պահեն: Կաթսան ջուր էր լցնում, եռալուց հետո՝ աղ: Ձուկը կտրատում էր, առանց աղ կամ որևէ այլ համեմունք անելու, շարում ճյուղերի վրա՝ այնպես, որ շատ թեթև հպվեն աղաջրին, բայց եփեն գոլորշու մեջ: Կաթսան փակում էր ու եփում ճիշտ 20 րոպե՝ ոչ ավելի, ոչ պակաս, որպեսզի հա՛մ եփի, հա՛մ հյութալի լինի:

Խորովածի համար ձուկը մոտ 6 ժամ առաջ էր մշակում. կտրատում էր, արևածաղկի ձեթով պատում /ձիթապտղի ձեթ չի կարելի/, հետո տոմատի մածուկ էր քսում, սոխ, աղ, սև, կարմիր պղպեղ, դնում հանգստանալու: Ցանկալի է ցանցով խորովել: Ցանցը պատում էր ձեթով, մշակված ձկնակտորներին, ցանցի մեջ դնելուց առաջ, անպայման մայոնեզ քսում, շարում, խորովում ածուխի վրա. ամեն կողմը 4-5 րոպե: 

Կարդացեք նաև.

Արշակ Վարդանյան. շախմատով հայրիկին հաղթողը

Գոռ Հակոբյան. Բրյուսովի բակում հարսնացուի սպասողը

Արսեն Նիկողոսյան. 5 անգամ դատավորի քննություն հանձնողը

Լիզա Գրիգորյան. Նորքի անտառով համալսարան գնացողը

Լուսինե Աբգարյան. աստղերին նայելով քայլողը

Զարուհի Նախշքարյան. պահպանողական համակարգին մարտահրավեր նետողը

Դավիթ Բալայան. կռվարարը