Արշակ Վարդանյան. շախմատով հայրիկին հաղթողը

Արշակ Վարդանյանը  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Երկու զավակ ունի՝ որդի և դուստր: Սիրում է դատավարությունները ոչ մի դեպքում չհետաձգել կամ չձգձգել:

Շախմատը նարդով փոխարինելով

Արշակ Վարդանյանի հոր հանգստանալը շախմատ խաղալով էր. աշխատանքից տուն էր գալիս, ասում՝ գնամ հարևանի հետ շախմատ խաղամ: Հատկապես մեծամիտների հետ էր սիրում խաղալ, ասում էր՝ դրանց հաղթելու հաճույքն ուրիշ է:

Արշակը 3-4-րդ դասարանից սկսեց հաճախել շախմատի խմբակներ ու հասավ մինչեւ վարպետության թեկնածուի աստիճանի: Հիշում է՝ մի առիթով նույնիսկ ապագա չեմպիոն Կարեն Ասրյանի հետ է ոչ-ոքի խաղացել: Հայաստանից դուրս մրցաշարերի էլ էին գնում՝ հիմնականում Նիժնի Նովգորոդ:

Դատավոր հոր հետ շախմատային պարտիաները հետաքրքիր էին անցնում: Բայց երբ արդեն սկսեց ավելի լավ խաղալ, շախմատի առաջին քայլերը սովորեցրած հայրն ընդվզեց՝ գնա, քեզ հետ խաղալ չի լինում, բեր նարդի խաղանք: Մեկ ու մեջ նարդու խաղաքարերը հանելիս՝ խաբում էլ էր. Արշակն ասում էր՝ դու լուրջ դատավոր մարդ ես, տղուդ խաբում ե՞ս, ծիծաղում էր, բայց հարմար պահի կրկնում հնարքը:

Շախմատի պարտիաները սղագրելը Արշակ Վարդանյանի ձեռագիրը շատ սիրուն էր դարձրել: Այնքան սիրուն, որ Հ. Պարոնյանի անվան՝  պարսկական թեքումով դպրոցից նրա  պարսկերեն լեզվի  տետրերը որպես վայելչագրության օրինակ  ցուցադրության էին տարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Բայց հոր առաջարկը՝ դառնալ արևելագետ, չընդունեց. փոքրուց նրանց տուն դատախազներ, քննիչներ, դատավորներ էին հյուր գալիս ու տղայի երևակայության մեջ իրավաբանի՝ հատկապես քննիչի, աշխատանքը շատ հետաքրքիր էր թվում:

Արշակ Վարդանյանը թեև Երևանում է ծնվել, բայց  արմատները Վայոց ձորից են՝ մոր կողմը Գետափ գյուղից է, հոր կողմը՝ Արտաբույնքից: Մանկավարժ մոր մոտ Արշակի գրեթե բոլոր մանկության ընկերները հայոց լեզու և գրականություն էին պարապում. մոր՝ Ազնիվ Աբրահամյանի, «կրեդոն»  էր՝ ո՞նց կարող է մարդը, այն էլ որդու ընկերը, հայերեն չիմանալ, պետք է գան ու պարապեն, Արշակն էլ հետները նստում, ուղղագրություն ու քերականություն էր սովորում: Հայրը՝ Ժորա Վարդանյանը, Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատարանի նախագահն էր, դրանից առաջ երկար տարիներ ԱԱԾ քննչական վարչությունում էր աշխատել, հետո՝ Երևանի Շահումյանի շրջանի դատարանում:

«Կարող ա՞ դիակ-բան տեսնես, վախենաս»

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից հետո Արշակ Վարդանյանը ժամկետային զինծառայության մեկնեց  Եղվարդ, ապա  էջմիածին. Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու համհարզն է եղել: 20 տարեկանում, երբ բանակից եկավ, Էրեբունու դատախազությունում ստաժոր քննիչի աշխատանքից հասավ մինչև համայնքների դատախազի օգնականի պաշտոնի, ապա՝ Գլխավոր դատախազության քննչական վարչություն, իսկ  2007-ից հոգեհարազատ աշխատանքը շարունակեց  ՀՔԾ-ում, մինչև որ 2011 թ.-ի հոկտեմբերին դատավոր նշանակվեց:

էրեբունին կարծես Սիցիլիան լիներ՝ մուրճով մտել էին տուն, 4 մարդ սպանել, մեկ ուրիշ դեպքով՝ ավտոմատներով կրակել բժշկի վրա, Մհեր Սեդրակյանի մեքենայի տակ ական էին դրել, «ՏԷՑ-ի կրուգի» դեպքերն էին... քննիչի աշխատանքը Արշակ Վարդանյանի համար հետաքրքիր էր շատ, սիրում էր այդ գործը:

Հայրը սկզբում, երբ որդին դեպքի վայր էր գնում, անհանգստանում էր՝ կարող ա՞ դիակ-բան տեսնես, վախենաս, ասում էր՝ այ պապ, խնդիր չի լինի: Այժմ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն ժամանակ դատախազի ավագ օգնական էր, նրան ու ավագ քննիչ Սարգիս Մնացականյանին, որոնք աշխատանքային մոտ 15 տարվա ստաժ ունեին, Արշակ Վարդանյանի հայրը, որդուց թաքուն, զանգում էր, ասում՝ տղաներ ջան, դեպքի վայր են կանչել, որևէ մեկդ որդուս հետ գնացեք:

Քննիչի աշխատանքի «վազվզոցը» շատ է, բայց  քրեական մասնագիտացմամբ երիտասարդի համար աննկարագրելի հետաքրքիր է՝ ասում է Արշակ Վարդանյանը. դետեկտիվ ֆիլմերի նման՝ հետաքրքրությունն ավելանում է ամեն մի նոր դրվագի, նոր հաղթանակի հետ, մի նոր բան ինքնուրույն բացահայտելով՝ «էվիկայի» նման:

«Երբ որևէ քրեական գործով շատ ես հրապուրվում, թմրամիջոցի նման «կախվածություն»  է առաջացնում՝ կլանում, տանում է»,- ասում է Արշակ Վարդանյանը: Նաև հոգեբանական կապ է առաջանում հարցաքննվող անձի ու քննիչի միջեւ:

Քննչական աշխատանքի փորձը  մինչև հիմա էլ օգնում է արդեն դատավոր Արշակ Վարդանյանին. գործը կազմից, ուղն ու ծուծից գիտի և ժամանակն ավելի ռացիոնալ է օգտագործում: Քրեական գործը եկավ, մեղադրականը կարդում է, գործի նյութերին ծանոթանում ու անմիջապես կռահում՝ դատաքննության ընթացքում կողմերը ինչ մարտավարություն են ընտրելու, ինչ փաստարկներ և հակափաստարկներ են ներկայացնելու, ապացույցների հետազոտման ինչ հաջորդականություն է սահմանելու: Նախկինում քննիչ աշխատելը նաև օգնում է արարքի քրեաիրավական ճիշտ որակման հարցում:  

2019-ից Արշակ Վարդանյանը Վերաքննիչ  քրեական դատարանի դատավոր դարձավ: Մի գործ է հիշում, որով ստիպված էր ինքնաբացարկ հայտնել, թեև ինքնաբացարկի դեպքերն իր պրակտիկայում սակավաթիվ են:

Մեղադրյալը՝ ցմահ դատապարտվելով, վիճարկում էր քննիչների գործողությունների իրավաչափությունը, մինչդեռ տարիներ առաջ հենց Արշակ Վարդանյանն էր իբրև քննիչ այդ գործով նախաքննություն իրականացրել: Գործը վիճարկել էին Վերաքննիչ դատարան, բացեց, տեսավ՝ Արարատ Մուրադխանյան: ՀՀ քաղաքացի էր, բայց Ուկրաինայի բնակիչ: Ալյուրի բիզնեսի հետ կապված մոտ մեկ միլիոն դոլարի պարտք-պահանջ էր, պարտքը չէին տվել, դիմել էր այնտեղի հայ քրեական հեղինակությանը: Նա էլ պարտապանի հետ «լեզու էր գտել», գումարի որոշ մասը վերցրել ու հեռացել: Պարտատերը բոլորին թողել էր, ընկել քրեական հեղինակության հետևից. երբ նա վիրահատված հորը տեսակցության  էր եկել ու բարեկամների հետ նստել տան պատի տակ, Արարատ Մուրադխանյանը տաքսուց իջել էր, մաուզերով կրակահերթ բացել՝ 4-5 զոհ, մի քանի վիրավոր: Ցմահ դատապարտել էին: Այն ժամանակ ընդամենը 2 տարվա ստաժ ունեցող քննիչ Արշակ Վարդանյանի ամենածանր ու բարդ գործերից էր: Արդեն Վերաքննիչ դատարանում օգնականի հետ փնտրում են, գտնում տասնամյակներ առաջվա՝ ինքնաբացարկի հիմք տվող ապացույցը՝ տվյալ անձի և մերձավոր ազգականի բնակարաններում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումը՝ կայացված իր հարուցած միջնորդության արդյունքում:

Կենտրոնի դատարանում աշխատելը թասիբի հարց է

2011 թ.-ին դատական դպրոցն ավարտեց, եկավ նշանակման փուլը, երկու թափուր տեղ կար. մեկը՝ Շենգավիթի, մյուսը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարաններում: Թեև քննչական աշխատանքի 12-ամյա փորձ ու իրավական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ուներ, սկզբում կասկածամտորեն վերաբերվեցին՝ արդյո՞ք նորանշանակ դատավորը կարող է Կենտրոնի  գերծանրաբեռնված դատարանում աշխատել: Արշակ Վարդանյանը պատասխանեց՝ հասկանում եմ, որ ծանր է լինելու, բայց պատրաստ եմ այդ պատասխանատվությանը, քանի որ, գիտեք էլի, հայրս էլ է այնտեղ աշխատել, մի քիչ էլ նամուսի, թասիբի հարց է, ո՞նց կարող եմ այդ դատարանում վատ աշխատել: Ասացին՝ լավ հիմնավորում էր ու հենց Կենտրոնի դատարանում էլ նշանակեցին:

Նախաքննական բոլոր մարմինների կենտրոնական ապարատները Կենտրոն վարչական շրջանում էին, միջնորդությունները բարդ ու մեծածավալ, քրեական գործերը՝ հնչեղ, մինչդեռ իրենք քրեական գործ քննող ընդամենը 4 դատավոր էին:  Գիշեր-ցերեկ չկար, դատավորներն աշխատում էին քննիչների պես՝ չնորմավորված գրաֆիկով, կատակում էին՝ մեկ օրը պետք է օր ու կեսի ստաժ հաշվվի: Առավոտից մինչև երեկոյան 18-ը դահլիճում էր, աշխատանքից հետո էլ գործի էլեկտրոնային նյութերը կրիչով տանում էր տուն ու մինչև գիշերվա 2-3-ը համակարգչի առջև աշխատում: Դիմացավ՝ առողջության հաշվին: Մի օր զգաց, որ հեռուստացույցի պատկերները երկակի են երևում, մտածեց՝ հեռուստացույցը խնդիր ունի, պարզվեց՝ իր տեսողության հետ է լուրջ խնդիր առաջացել:

Հայրը Արշակ Վարդանյանի՝ դատավոր դառնալուց  2 տարի առաջ էր կենսաթոշակի անցել, բայց  աշխատելու ջիղը տեղն էր: Երբ քրեական գործերի հատորներ էր տանում տուն՝ հանգստյան օրերին էլ աշխատելու, հայրը կարդում էր՝ ա'յ տղա, սա սենց արա, նա նենց արա: Ա'յ պապ, ասում էր, 15 տարեկանից աշխատել ես, մի քիչ վայելիր վաստակած հանգիստդ, ասում էր՝ չէ, հաճույքով եմ անում: Ժպտում էր՝ գիտեմ, որ մի բան ասացիր, հակառակը անհնար է համոզել, համառ ես, բայց  նաև ներքուստ ուրախանում էր իր դաստիարակության արդյունքի համար:  Մի օր էլ որդուց թաքուն զանգել էր Կենտրոնի դատարանի նախագահին, ասել՝ էս ի՞նչ եք անում, տղես կոտորվեց, շատ եք ծանրաբեռնում: Այդ զանգի մասին Արշակը շատ ուշ իմացավ՝ հոր ծանր հիվանդությունից ու մահվանից հետո:

Երեխաների համար էլ ժամանակ չկար, կարոտում էր՝ միայն առավոտյան դպրոց տանելիս էր տեսնում, երեկոյան, երբ գալիս էր, արդեն քնած էին:  Ու այդպես գրեթե ամեն օր: Միջազգային չափանիշների համաձայն՝ մեր երկրում 1 դատավորը 3 դատավորի գործ է անում: Ինքը տարվա մեջ միջինը 75 քրեական գործ էր ըստ էության քննում ու ավարտում, մինչդեռ ողջամիտը 35-40 գործն է: Կարծես հոսքագծով՝ գործերը ստանում էր, լինում էր՝ նույն գործով շաբաթվա մեջ երկու անգամ նիստ էր նշանակում, եղել են օրեր՝ 15 րոպեն մեկ մտնում էր դահլիճ, եթե այդ օրվա գործերը չավարտեր՝ կուտակվում էին ու էլ ավելի ծանրաբեռնում:

Այդ տեմպը հետագայում էլ իր դրոշմը թողեց Արշակ Վարդանյանի աշխատաոճի վրա. կողմերը գիտեն՝ դատավոր Վարդանյանը եթե նիստ է նշանակել, այն անպայման կայանալու է, անհիմն չի հետաձգվելու ու դատավորը խիստ բարկանում է, երբ դատավարության մասնակիցներից որևէ մեկը չի ներկայանում, առավել ևս՝ առանց հարգելի պատճառի:  

Ֆեյսբուքյան շնորհավորանքներ՝ կալանավայրերից

Արշակ Վարդանյանը երկու տարվա դատավոր էր՝ մեկին ցմահ դատապարտեց: Սպանության գործով էր՝ ամուսինների էր սպանել, ընդ որում, առկա էր հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ: Հարևանից պարտքով փող էր վերցրել, այդ փողը չվերադարձնելու համար պայթուցիկ սարքը տեղադրել էր նրա մեքենայի մեջ, իբր՝ գնանք տոկոսով փող տվող կա, ոսկի ունեմ, գրավադրեմ, փողդ տամ: Սարքը թողել էր, դուրս եկել, հեռակառավարման վահանակով պայթեցրել:

Նույն մարդը այս անգամ էլ որդուն էր ներգրավել. ասել էր՝ մարդ գիտենք, որ տուն է կառուցում: 4-5 հոգուց գումար էր հավաքել մի կնոջ միջոցով, հետո տեսել էր՝ կասկածներ են ի հայտ գալիս, այդ կնոջը խաբել էր, նստեցրել մեքենան, տարել՝ սպանել: Հետո, առանձին էլ նրա ամուսնուն էր սպանել, որը զանգել էր՝ իմանալու կինն ինչ եղավ: Դրանից առաջ մի քանի սպանություն էլ կար, որ նրա մատնահետքը գտել էին, բայց չէին կարողացել հիմնավորել:

Երբ ցմահ ազատազրկման դատավճիռը կարդաց, այդ ամբաստանյալը սկսեց դատախազի հասցեին հայհոյանքներ տեղալ:  Արշակ Վարդանյանն ասում է՝ ցմահ դատապարտելը դժվար բան է, եթե ներքին համոզմունք չունենա, հաստատ այդպիսի դատավճիռ չի կայացնի: Ներքին համոզմունքը լինում է միշտ,  բայց  այլընտրանքային լուծումներն էլ շատ են, փորձում է այնպիսի դատական ակտ կայացնել, որ 100 տարի անց էլ համոզված լինի, որ ճիշտ է վարվել: Իհարկե, միայն չաշխատող մարդն է անսխալական, սխալվելու դեպքերի համար էլ լուծումներ կան՝ վերադաս դատական ատյաններ դիմելը. հնարավոր է՝ այլ դատավորներ քննեն, գործին այլ լուծում տան. բնական գործընթաց է, նրանք ևս գործում են ներքին համոզմունքով, որը կարող է մյուսների հետ չհամընկնել:

Համենայն դեպս, փորձում է այնպես աշխատել, որ պարզ, շիտակ երեսով, ոչ թե գլխիկոր  ման գա: Ապացույցը՝ մոտ 20 դատապարտյալներ, որոնց ինքն է դատապարտել՝ այդ թվում ռեալ պատժի, Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրեն գտել և ընկերության առաջարկ են արել: Առաջարկն ընդունել է, շփվում են, միմյանց ծնունդ և ընթացիկ հաջողություններ շնորհավորում:

Թամամյան, Խաչիկյան, Բաբայան. դատապարտողը

Բավականին բարդ ու մեծածավալ գործեր է քննել Արշակ Վարդանյանը. Գագիկ Պապոյան և Սիմոն Աղազարյան, Վազգեն Խաչիկյան և մյուսներ, Դատական դեպարատմենտում յուրացում կատարելու վերաբերյալ գործը, Հովհաննես Թամամյան և մյուսներ, Սամվել Բաբայան և մյուսներ, «Սասնա ծռերի» գործի մի մասը, որը մնաց անավարտ Վերաքննիչ դատարան աշխատանքի տեղափոխվելու պատճառով, սպանությունների և կաշառք ստա­նալու վերաբերյալ բազմաթիվ գործեր: Վերջին երկու տարում արդարացման 20 դատավճիռ է կայացրել, ճանաչվել 2016 թվականի Երևան քաղաքի ընդ­հանուր իրավասության դատարանի լավագույն դատավոր:

Բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ աղմկահարույց գործերը Արշակ Վարդանյանին չեն կաշկանդում: Խաչիկյանին, օրինակ, դեռ համալսարանից գիտեր, իրենցից մի կուրս բարձր էր սովորում: Խիստ պատիժ տվեց՝ 12 տարվա ազատազրկում: Թեև այժմ ֆեյսբուքյան ընկերն է: Ասում է՝ ընկերությունը նրանք են նախաձեռնում. եթե նախաձեռնում են, ուրեմն իր աշխատանքից «այնքան էլ դժգոհ չեն»::

Կազուսային, արտառոց դեպքեր էլ են լինում: Մի գործով, օրինակ, թմրամիջոց  ձեռք բերած ամբաստանյալի կենսագրական տվյալներն է ճշտում, հարցնում է՝ կրթությո՞ւնը, պատասխանում է՝ բարձրակարգ: Ծիծաղում են, ասում՝ ոչինչ  չէ՞, որ մենք այդ կրթությունը չունենք, մերը բարձարագույն է, քոնը՝ բարձրակարգ, հումորով շարունակում՝ կլինի չէ՞, որ նման պայմաններում քո գործը քննենք:

Իրենք՝ դատավորներն, ընդհանրապես, փորձում են, որ ամբաստանյալը իրեն ազատ և անկաշկանդ զգա դատական նիստերի դահլիճում: Եթե «համը հանեց», վիրավորական խոսքեր հնչեցրեց, պետք է կարողանալ  չհավասարվել, ցուցաբերել զսպվածություն, որքան էլ դա դժվար է: Եղել է՝ դատավճիռը հրապարակելիս մեղադրյալը վիրավորել  է Արշակ Վարդանյանին, ընդամենը փորձել է հայացքով սաստել, կամ հրապարակումը ավարտելուց հետո զգուշացրել, որ՝ ա՛յ ընկեր, սա փողոց չէ, դատարան է, եթե այսպես եմ որոշել, ուրեմն այսպես եմ ճիշտ գտել, եթե համաձայն չես, բողոքարկիր՝ անձնականի մի վերածիր, որովհետև հիմա ի պաշտոնե եմ գործում, բայց ողջ կյանքում դատավոր չեմ լինելու, կարող է մի անգամ էլ այլ իրավիճակում հանդիպենք ու անակնկալի գաս, մեղմ ասած՝ անհարմար վիճակում հայտնվես:  Բայց  մեծ մասամբ, երբ ամբաստանյալը տեսնում է, որ դատավորը պաշտպանվելու հնարավորություն է տալիս, արդարության զգացում է ունենում և սկզբնական բացասական տրամադրվածությունը դեպի դատարանը՝ փոխվում է:

Հանցագործությունների տեսակներ կան, որ Արշակ Վարդանյանի համար անընդունելի են, ասում է՝ դուրսն իմանա, որ այդպիսի մարդ է, չի էլ շփվի հետը: Բայց փորձում է այդ  ամենը զսպել իր մեջ, որովհետև ի պաշտոնե է գործում, պետության անունից: Ու այդ գործերով ևս որոշումները, այդ թվում՝ վերջնական դատական ակտը, կայացնում է առանց նախա­պաշարմունքների, փաստերի համադրությամբ ու ներքին համոզմունքով՝ ոչ այլ կերպ:  

Հարևանի աղջիկը՝ կյանքի ուղեկից

Թեև «Մոնումենտում» նոր բնակարան էին ստացել, բայց հին՝ Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող շենքի հարևանների հետ կապը պահել էին: Հարևանի աղջիկը՝ Լուսինեն, որի նկատմամբ անտարբեր չէր, շարունակում էր հայոց լեզու պարապել Արշակ Վարդանյանի մոր մոտ՝ այցելելով նրանց բնակարան: Այդպես էլ կազմվեց նրանց ընտանիքը: Կինն անգլերենի մասնագետ է, դասավանդում է ԵՊՀ-ում, գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Դուստրը՝ Անին, մտադիր է ընդունվել Հայաստանում ամերիկյան համալսարան ՝ ավելի «հրապուրիչ» մասնագիտությամբ՝ բիզնեսի ուղղվածությամբ: Որդին՝ Գևորգը, 4 տարով է քրոջից փոքր, կրում է պապիկի «հայաֆիկացված» անունը. Արշակ Վարդանյանը հուսով է՝ կդառնա նաև նրա  դավանած արժեքների կրողն ու պահպանողը:  

Վայոց ձորից հորեղբայր Ռուբիկն ու հորաքույր Ռոզան ամեն անգամ ուղարկում են «իրենց բաժին» հորած պանիրը՝ հորաքրոջ ձեռքով սարքած, անմահական, Եղեգնաձորի հայտնի գինին ու ընկույզը:

Արշակ Վարդանյանը աշխատանքից ազատ հազվադեպ ժամերին սիրում է հեռուստացույցով ֆուտբոլ նայել, պատմական ֆիլմեր՝ խոշոր ճակատամարտերի, զենքի, գիտության, տեխնիկայի մասին: Մեկ էլ դատավոր հայրիկից մնացած սովորությունը. ամեն երեկո նստում է բազկաթոռին, միացնում հեռուստացույցն ու պարտադիր նայում լրատվական բոլոր թողարկումները, հերթով, եթե անգամ մեկը մյուսին կրկնում են:  

 

Կարդացեք նաև.

Գոռ Հակոբյան. Բրյուսովի բակում հարսնացուի սպասողը

Արսեն Նիկողոսյան. 5 անգամ դատավորի քննություն հանձնողը

Լիզա Գրիգորյան. Նորքի անտառով համալսարան գնացողը

Լուսինե Աբգարյան. աստղերին նայելով քայլողը

Զարուհի Նախշքարյան. պահպանողական համակարգին մարտահրավեր նետողը

Դավիթ Բալայան. կռվարարը