Գոռ Հակոբյան. Բրյուսովի բակում հարսնացուի սպասողը
Գոռ Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է: Տասը տարեկան որդի ունի: Սիրում է աշխատանքը հստակ կազմակերպել և հասնել նպատակին:
Կարթը՝ ուսին
Դեռ լույսը չբացված զարթնում են, ձկնորսական կարթերը գցում ուսերին, վերցնում ցանցը, որի մեջ ձկները պետք է տեղավորեն որսալուց հետո եւ կախեն ջուրը, հատուկ սառնարանը, ռետինե ճտքակոշիկները եւ հայր ու որդի դուրս գալիս տնից:
Դատավոր Գոռ Հակոբյանին դատավոր ընկերը՝ Տարոն Նազարյանն է վերջին մի քանի տարում գրավել ձկնորսությամբ: Վայքի, Գեղարքունիքի կողմերն են գնում՝ բեղլու, կարպ, կարաս, սազան որսալու: Ընկերներով նախապես պայմանավորվում են՝ ով ինչը պետք է գնի, հետո գումարը բոլոր մասնակիցների միջև հավասար բաշխում:
Արդեն տեղում իրերը դասավորում են, կարթերը գցում, որոշ հեռավորության վրա նստում ու սպասում ձկան կտցելուն: Երբ կարթի թելը կտրվում է, Գոռ Հակոբյանն առայժմ չի կարողանում նորոգել, ընկերոջն է խնդրում, բայց մտածում է՝ դա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դրանով խանգարում է նրան: 3-4 ժամ նստում են, հետո հերթով սկսում են նախաճաշ պատրաստել, բուտերբրոդներ, հերթով ուտում, նորից նստում, մինչև ուշ ժամի նոր անցնում են խորովածին ու ձկանը:
Ձկները հենց դաշտում շարժական գազօջախի վրա ալյուրով ու ձեթով շատ համով տապակում են:
Գոռ Հակոբյանի մանկաբույժ մայրն էլ, իրավաբան հայրն էլ Երեւանում են ծնվել, բայց համալսարանն ավարտելուց հետո, երբ աշխատանքի ընդունվեց ԱԺ իրավաբանության բաժնում, գործընկերները նրա խոսքի մեջ երբեմն որևէ մարզի բարբառի երանգներ էին նկատում:
Դա բացատրություն ուներ: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մտերիմ 7 ընկեր էին, միայն 2-ն էին Երևանից, մյուսները՝ տարբեր մարզերից: Առավոտից մինչև ուշ երեկո միասին էին՝ մեկը մյուսի տանը, ամառանոցում, շրջագայում էին մարզերով, սարի գագաթին վրաններ խփում, կրակ վառում, մնում մի քանի օր:
Ընկերությունը մինչև հիմա էլ շարունակում են:
Հենրիկ Խաչատրյան և Վլադիմիր Նազարյան
1995-ին, երբ Գոռ Հակոբյանն ընդունվեց ԱԺ իրավաբանության բաժին, պետը Հենրիկ Խաչատրյանն էր, որը հետագայում ՀՀ գլխավոր դատախազը դարձավ: Հետո իբրեւ բաժնի պետ նրան փոխարինեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը: Այս երկու անհատականությունների հետ աշխատանքը հետաքրքիր էր ոչ միայն իրավական գիտելիքների, այլև նրանց կենսափորձին, աշխատելու ինքնատիպ մշակույթին առնչվելու առումով:
Մի անգամ Ազգային ժողով հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ են բերում: Հարկային մարմնի աշխատակիցն առաջարկում է՝ հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում պատասխանատվություն նախատեսել համապատասխան օրենսգրքում, սոցիալական ապահովության մարմնի ներկայացուցիչը վեր է կենում, թե՝ մեզ մոտ էլ կա նման խնդիր, խնդրում եմ մեր մասով էլ այդ նույն փոփոխությունը կատարել: Հետո հարկայինի ներկայացուցիչը մի ուրիշ փոփոխություն է առաջարկում, սոցապի ներկայացուցիչն էլի ասում է՝ մեզ մոտ էլ կա դրա անհրաժեշտությունը: Վլադիմիր Նազարյանն արդեն չի դիմանում. <<Հերիք չէ՞, պապուտի գրուզավիկ եք տեսել, ուզում եք լցվեք մեջը գնաք, դուք էլ ձերը մշակեք, բերեք>>:
Գոռ Հակոբյանը ԱԺ իրավաբանական բաժնում նախ՝ իբրև վիճակագիր աշխատեց, հետո փորձագետ, ավագ փորձագետ, մինչեւ վերակազմավորված վարչության բաժիններից մեկի պետ: Հետո արդեն որոշեց մասնակցել դատավորների քննությանը:
Հենրիկ Խաչատրյանի սպանությունն էլ, Վլադիմիր Նազարյանի ինքնասպանությունն էլ ցավալի անակնկալներ էին Գոռ Հակոբյանի համար: Նազարյանի մահվանից մի քանի օր առաջ միասին Քաղաքացիական օրենսգրքի մեկնաբանությունների վրա էին աշխատում ու իր համար մինչեւ հիմա էլ հանելուկ է վաստակաշատ իրավաբանի այդ որոշումը:
Դատավոր՝ ամենադժվար մեխանիզմով
1998-ին դատաիրավական հերթական բարեփոխումները սկսվեցին և գործող բոլոր դատավորները պետք է հատուկ քննություններ անցնեին: Ընդ որում, դրանց կարող էին մասնակցել նաև այլ անձինք:
Գոռ Հակոբյանն է’լ, հայրն է’լ, որն այդ ժամանակ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազի օգնականն էր, որոշեցին մասնակցել դատավորների քննություններին:
Եռափուլ քննակարգ էր. նախ՝ գրավոր թեսթային հարցաշար, հետո՝ խնդիրների լուծում, երրորդ՝ բանավոր քննությունը պետք է հանձնեին Արդարադատության խորհրդի անդամների առջեւ, որի նախագահը երկրի նախագահն էր, իսկ տեղակալները Գլխավոր դատախազն ու Արդարադատության նախարարը: 3 ուղղություններն էլ ներառված էին՝ քաղաքացիական օրենսդրություն, քրեական օրենսդրություն և սահմանադրական իրավունք:
Քննության օրը առավոտյան Գոռ Հակոբյանը գնաց հայրիկին արթնացնելու, որ պատրաստվեն, գնան քննության: Հայրն ասաց՝ դու գնա, ես մի տեղ ունեմ մտնելու, հետո կգամ: Իջավ քննության շենք, սպասեց, հայրիկը չկա: Այն ժամանակ բջջային հեռախոսներ չկային, մտավ համալսարանի սենյակներից մեկը, խնդրեց, զանգեց տուն, հայրը թե՝ տղա ջան, ես քննության չեմ մասնակցելու, դու գնա մասնակցիր, մի տնից երկու հոգի չեն կարող դատավոր լինել: Այդ պահին շատ վատ զգաց, շփոթվեց, մտածեց՝ իր անցնելն անհավանական է, ավելի լավ կլինի գնա՝ հայրիկին համոզի բերի քննության, բայց ընկերը թույլ չտվեց, ասաց՝ կուշանաս, ո՛չ դու, ո՛չ ինքը չեք անցնի:
Այդ զգացումներով մտավ քննասենյակ, հարցաշարը լրացրեց ու երբ պատասխաններն ստացավ, աչքերին չէր հավատում՝ 100 հարցից 100-ին էլ ճիշտ էր պատասխանել: Հաջորրդ փուլի երկու խնդիրներն էլ՝ քրեական եւ քաղաքացիական ոլորտից, լուծեց: Երրորդ՝ վճռորոշ քննությունը հարցազրույցն էր, որից ամենաշատն էր վախենում, քանի որ պարզ չէր՝ ինչ հարցեր են տալու:
Մտավ հարցազրույցի սենյակ, նստած էին Արդարադատության խորհրդի անդամները: Հարցեր տվեցին մասնագիտական դաշտից, նաեւ կենսագրությունից: Հետո խորհրդի անդամներից մեկն ասաց՝ ինչքան հասկացանք թեսթը 100-ից 100 գրել ես, խնդիրներդ էլ լուծել ես, այս հարցազրույցն անցնելու ժամանակ մի պրոբլեմ ունես: Գոռ Հակոբյանը շփոթվեց, մյուսները շրջվեցին հասկանալու՝ որն է պրոբլեմը: Հանձնաժողովի անդամն ասաց՝ իր միակ պրոբլեմն այն է, որ ամուսնացած չէ...թեթևացած շունչ քաշեցին:
Հարսնացու փնտրելու արձակուրդ
Դատավոր նշանակվելուց 3 տարի անց՝ 29 տարեկանում, հատուկ արձակուրդ վերցրեց՝ ամուսնանալու համար: Մեկ ամիս ուներ՝ աղջիկ փնտրելու, սիրահարվելու, առաջարկություն անելու համար: Սկսեց շրջել քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններով. որոշել էր, որ ուսանող պետք է լինի, գեղեցիկ, խելացի և նորմալ ընտանիքից: Կոնկրետ, թիրախավորված տեղեր էր գնում: Սկսեց ԵՊՀ-ից. դասախոս ընկերներ ուներ կամ ընկերների ուսանող տղաներ, գնում էր, հարցուփորձ անում, ընթացքում շուրջը նայում:
Արձակուրդի ավարտին մեկ շաբաթ էր մնացել, հարսնացուն չկար ու չկար: Որոշեց Բյուսովի անվան լեզվաբանական համալսարանում փնտրել: 3-4 օր գնաց: Մի օր էլ, դրսում ծանոթ մեկի հետ զրուցելիս, նկատեց երազանքի աղջկան՝ շենքից դուրս գալիս: Հարցրեց՝ ով է, ասացին՝ չենք ճանաչում: Խնդրեց՝ գնալ, ճշտել, թե ով է: Պարզվեց, նոր առաջին կուրս է ընդունվել:
Գոռ Հակոբյանն իր եղբորը խնդրեց, որ հետևի, տեսնի՝ որտեղ է ապրում: Մի օր էլ ծաղկեփունջ ուղարկեց նրանց հասցեով, որն էլ, իր համար անսպասելի՝ ընդունվեց: Երբ մի օր մեքենայից հետևում էր՝ սպասելով հարմար պահի, որ մոտենա, դուռը միանգամից բացվեց ու մի մարդ նստեց մեքենան: Պարզվեց, աղջկա հայրն է, եկել է՝ տեսնի ով է, ինչու է հետևում իր աղջկան:
Այդպես էլ ծանոթացան: Հայրը դպրոցում նկարչության ուսուցիչ էր, մայրը չէր աշխատում, հրաշալի մարդիկ են: Այդ տարի հարսնացուի հետ նշանվեցին, հաջորդ տարին ամուսնացան: Այժմ մեկ որդի ունեն:
Արաբկիրի դատարանից մինչև Վճռաբեկ ատյան
26 տարեկանում որպես դատավոր հրամանագրվեց Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ամենաերիտասարդ դատավորն էր: Սկզբում շատ դժվար էր՝ և՛ քաղաքացիական, և՛քրեական գործեր էին քննում:
Առաջին օրը երբ գնաց, սենյակի դուռը բացեց ու գրասենյակից սկսեցին բերել գործերը, պարզվեց՝ դրանք այն գործերն են, որոնք նախկին դատավորները չէին ավարտել. մեծ մասը խնդրահարույց, բազմահատոր գործեր: Մի բարդություն էլ կար՝ հին գործերը պետք էր քննել և ավարտել հին օրենսդրությամբ, այնինչ ինքը նորին էր լավ տիրապետում: Ստացավ, մոլորվեց, մոտ մեկ շաբաթ հետո մոտեցավ դատարանի նախագահին, ասաց՝ ուզում է դիմում գրել, գնալ: Դատարանի նախագահը պատասխանեց՝ կլինի՞ այդ դիմումդ մեկ ամիս հետո գրես, հիմա ծանրաբեռնված շրջան է: Պայմանավորվեցին: Մեկ ամիսը երբ անցավ, կանչեց, քմծիծաղով ասաց՝ հիմա ի՞նչ, դիմումդ գրո՞ւմ ես, թե՞ չէ, պատասխանեց՝ չէ: Նախագահը ի սկզբանե էլ գիտեր, որ մեկ ամսից ինքն այլևս դիմում չի գրի, որովհետեւ ծանրաբեռնվածությունը կդառնա սովորական:
2006 թ-ին Արաբկիրի դատարանի նոր շենքի բացումը եղավ, բայց Գոռ Հակոբյանը չհասցրեց վայելել, առաջարկեցին տեղափոխվել Կենտրոն վարչական շրջանի դատարան՝ եռահարկ մի շենք, ուր ոտքը դնում էր, քանդվում էր: Երբ Կենտրոնի դատարանի նոր շենքը կառուցեցին, դա էլ չհասցրեց վայելել, առաջարկ եղավ Երևանի քաղաքացիական դատարանում աշխատել: 2008թ-ի դատաիրավական բարեփոխումներից հետո Թբիլիսյան խճուղում հատուկ շենք էին սարքել, որպեսզի Երևանի քաղաքացիական եւ քրեական դատարանը այնտեղ առանձին տեղակայեն: Դատավորներն անունը դրել էին <<ամառանոց>>. շուրջը ծառատունկ էին կազմակերպել, նկուղային հարկում՝ թենիսի, վոլեյբոլի դահլիճներ կահավորել: Բայց այդ շենքն էլ չհասցրեց վայելել. մեկ տարուց բարեփոխումներն անիմաստ որակվեցին, լուծարեցին այդ դատարանը և Գոռ Հակոբյանն էլի տեղափոխվեց Արաբկիրի դատարան:
2010 թ-ին արդեն առաջխաղացման ցուցակ ներառվեց ու տեղափոխվեց Վճռաբեկ դատարան:
Առաջին ատյանին կարոտում է. այնտեղ նախ՝ որոշումները միանձնյա էր կայացնում, գործընկերների անհամաձայնության խնդիրը չկար, բացի այդ, ստեղծագործական հնարավորությունները կիրառելու ավելի մեծ հարթակ կար:
Մի նկարի պատմություն
Գոռ Հակոբյանի աշխատասենյակի պատին 1999թ-ի հունվարի 12-ի թվագրմամբ մի լուսանկար կա, որը նախապատմություն ունի: Դատավոր նշանակվելուց 6 տարի հետո, մի օր աշխատասենյակում նստած է, մեկ էլ մի աղջիկ է գալիս, ասում է՝ բան ունի փոխանցելու: Դատավորը խնդրում է՝ դուրս գալ սենյակից, երբ տեսնում է պայուսակից հանված ծրարը: Աղջիկը պնդում է, ասում է, որ լրագրող է, անպայման պետք է փոխանցի: Ու ծրարից հանում է Գոռ Հակոբյանի լուսանկարը՝ կառավարության Մելիք-Ադամյան փողոցի դահլիճում՝ դատավորների երդման արարողության ժամանակ երդվելիս: Պարզվում է՝ միջոցառումը լուսաբանած լրագրողը իր արխիվից պատահաբար գտել էր նկարը և որոշել փոխանցել դատավորին:
Մի օր, որդուն դպրոց տանելիս, Գոռ Հակոբյանը կարոտում է իր սեփական դպրոցն ու քայլերն ուղղում դեպի Իսակովի անվան 132-րդ դպրոց: Ներս է մտնում, գնում ֆիզկուլտուրայի դահլիճ ու ճանաչում նախկին ուսուցչին: Հետո հարկերով շրջում է, հարցնում են՝ ով է, պատասխանում է՝ նախկին շրջանավարտ: Տնօրենը շատ է ուրախանում ու հրավիրում դպրոցի 55-ամյակին: Դպրոցական ընկերներից շատերի հետ կապը Գոռ Հակոբյանը դեռ պահում է: Բոլորին տեղեկացնում է, հանգանակությունները պատրաստում են, հավաքում, որ դպրոցին որևէ կերպ օգտակար լինեն ու մասնակցում հոբելյանին:
Եվս մեկ բարեփոխման Գոռ Հակոբյանը դեմ չէ
Երբ համեմատում է 1999թ-ի և այսօրվա դատական ակտերը, առաջընթացը աննկարագրելի է՝ ինչպես դատավորների մասնագիտական պատրաստվածության, այնպես էլ դատական ակտերի որակի առումով: Եթե այն ժամանակ 1 թերթանոց վճիռ էին գրում, այսօր յուրաքանչյուր դատական ակտ մի քանի թերթի վրա պատճառաբանված է այնպես, որ գիտական աշխատանք է հիշեցնում:
Այսուհանդերձ, Գոռ Հակոբյանը նոր բարեփոխումներին դեմ չէ: Հիշում է 1999 թ-ը, երբ նշանակվեց դատավոր, յուրաքանչյուր միջավայրում հպարտությամբ էր ներկայանում, մինչդեռ այսօր, շատ դեպքերում, աշխատում է թաքցնել իր պաշտոնը, քանի որ դատական համակարգի հանդեպ վերաբերմունքն արմատապես փոխվել է: Դատավորները հեռացել են հասարակությունից, հեռացել են միմյանացին: Եթե կան մարդիկ, որոնք չեզոքացնում են դատավորի՝ դժվարությամբ ձեռք բերված հեղինակությունը և ստվեր գցում համակարգի վրա, պետք է րոպե առաջ օրենքի շրջանակներում լուծել այդ խնդիրը՝ փորձելով հնարավորինս շուտ բարձրացնել դատական համակարգի դերն ու հեղինակությունը:
Իրականում, հանուն աշխատանքի, իրենց շատ բաներից զրկում են ոչ միայն դատավորները, այլև նրանց ընտանիքի անդամները: Գոռ Հակոբյանի որդին որոշել է գործարար դառնալ կամ բանկային մասնագետ, բայց ոչ երբեք դատավոր: Երբ հայրիկին խնջույքի ժամանակ օտար շրջապատում առաջարկում է պարել, հրաժարվում է, ասում է՝ դատավորին վայել չէ: Երբ առաջարկում է քաղաքում շոգին կարճ շալվար հագնել՝ հրաժարվում է: Երբ ուզում է սպորտային ավտոմեքենա գնեն, դարձյալ հրաժարվում է: Սա դեռ բավական չէ՝ իրեն էլ խորհուրդ է տալիս զուսպ լինել, քանի որ դատավորի ընտանիքի անդամի վարքը պետք է տարբերվի:
Կարդացեք նաև՝
Լիզա Գրիգորյան. Նորքի անտառով համալսարան գնացողը
Լուսինե Աբգարյան. աստղերին նայելով քայլողը
Զարուհի Նախշքարյան. պահպանողական համակարգին մարտահրավեր նետողը