Լուսինե Աբգարյան. աստղերին նայելով քայլողը

Լուսինե Աբգարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Սիրում է արբել գեղարվեստական գրականությամբ, բայց դատավճիռները կայացնում է սթափ գլխով:

Տիեզերք

Երեկոյան հայրիկի հետ նստում էին, նայում աստղերին:  Երկուսն էլ սիրում էին աստղազարդ երկինքը, փորձում էին ինչ-որ բան հասկանալ: Ու խոսում էին. արդյոք կա՞ կյանք այլ մոլորակներում, կա՞ բանականություն... տիեզերքից անցնում էին կենցաղային թեմաների, կենցաղից՝ նորից երկինք:

Լուսինե Աբգարյանը փոքր տարիքից գլուխը վերև պարզած է քայլել: 4-5 տարեկան էր, երկինք նայելով, փոսերն ընկնելով տուն էր գնում տատիկի տնից, ամպերն արագ անցնում էին և նրան թվում էր, որ լուսինն է անցնում ու կողքով քայլող հայրիկին հարցախեղդ էր անում՝ լուսինն ինչո՞ւ է քայլում:

Մինչև այսօր էլ աստղագիտությունը, ֆիզիկան, քվանտային ֆիզիկան նրա սիրած ոլորտներն են՝  իրավաբանությունից ազատ ժամանակ. ասում է՝ ինչքան քիչ է հասկանում, այնքան ավելի է հետաքրքրվում:

Ու երբ տիեզերքի անհունությունը զգում է, ֆիզիկայի օրենքերը սկսում հասկանալ, երբեմն նկատում է, որ խոշոր ու բարդ թվացող հարցերը դառնում են չնչին, որոնց վրա չարժե կենտրոնանալ:

Մի բան նրա համար հստակ է դարձել՝ կյանքի իմաստ փնտրելը անիմաստ է, կյանքը, ի վերջո, տրվել է ապրելու համար,  կյանքն այն է, ինչ մեզ հետ կատարվում է:

Գրքեր

Տավուշում՝ Բերդում, Լուսինե Աբգարյանի հայրական տանը անգամ սպասքապահարաններում ճենապակու փոխարեն գրքեր էին շարված: Դատավոր հայրն էլ գրքերի սիրահար էր: Կարդում էին, փոխանակում գրքերը, կիսում տպավորությունները: Մայրը գրադարանում է աշխատել ամբողջ կյանքում:

Դատական նիստերով ամենածանրաբեռնված պահերին անգամ Լուսինե Աբգարյանն այժմ էլ ժամանակ գտնում է գեղարվեստական գրականության համար:  Շատ հաճախ, երբ նեղացած է, տխուր է կամ ուրախ, վերընթերցում է Հրանտ Մաթևոսյան: Մտածում է՝ նրա «Տերը» ստեղծագործությունը յուրաքանչյուր պաշտոնյա պետք է կարդա և երկրին վերաբերվի այդ վիպակի հերոսի՝ Ռուստամի պես, այսինքն, չկորցնի տիրոջ զգացողությունը երկրի հանդեպ:  Վերջին գիրքը, որ կարդացել է Խուլիո Կորտասարի «Թռիչքախաղն» է: Շատ տպավորված է, ասում է՝ կարդում ու հասկանում է, որ իրենն է ամբողջովին և ինչ-որ մի տեղ այն մտքերը, որոնք ինքն ունի և չի կարողանում ձևակերպել, Կորտասարը ձևակերպել և հրամցնում է:

Իրավաբանության մեջ էլ Լուսինե Աբգարյանը պոեզիա տեսնում է՝ այն կրքերը, որոնք խաղարկվում են դատական պրոցեսների ընթացքում, երբեմն իրենք հենց գրականության նյութ են:

Պարկով կարտոֆիլ՝ պատերազմի գոտուց

Հայրը Տավուշից է, մայրը՝ Արցախից, Լուսինե Աբգարյանը հենց Բերդ քաղաքում էլ ծնվել է: Հայրը՝ Լևոն Աբգարյանը, դատավոր էր և նրանց տանը միշտ հավաքվում էին դատախազներ, փաստաբաններ, այլ իրավաբաններ, տան տարբեր անկյուններում օրեսգրքեր, իրավական ձեռնարկներ կային: Այդ մթնոլորտն, իհարկե, դեր խաղաց Լուսինե Աբգարյանի՝ մասնագիտության ընտրության հարցում, բայց ասում է՝ պատահականության գործոն էլ կար, ինքն ավելի շատ հետաքրքրվում էր գրականությամբ, պատմությամբ, արևելյան լեզուներով:

Ինքն ու եղբայրը, թեև տարեկիցներ չեն, բայց նույն տարին դիմեցին համալսարան ու երկուսն էլ ընդունվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Ասում է՝ նույն հայտերով դիմեցին, որպեսզի ծնողները նեղություն չկրեն տարբեր օրեր մայրաքաղաք հասնելու: Նույն կուրսում էլ սովորել են: Հետագայում, երբ տանը արդեն կար կայացած իրավաբան և երկու անձ, որ պատրաստվում էին իրավաբան դառնալ, շատ հաճախ տաք վեճեր էին լինում՝ իրենք նոր գիտելիքներով, հայրիկը՝ ավելի հին ու հիմնարար, և՛ քրեական, և՛ քաղաքացիական իրավունքի տարբեր հարցերի վերաբերյալ բանավիճում էին՝ ով ինչպես կլուծեր տվյալ խնդիրը:

Երևանում վարձով էին ապրում: Բարդ տարիներ էին, երկիրը՝ պատերազմի մեջ, հարազատները՝ պատերազմական գոտում. Տավուշից էլ, Արցախից էլ ամեն պահի պատրաստ էին վատ լուր լսելու, մոր կողմի հարազատները Հադրութի Մեծ թաղեր գյուղում երկար ժամանակ շրջափակման մեջ էին, կապը նրանց հետ կտրված էր:

Միևնույն ժամանակ, հարազատներն ամեն ինչ անում էին, որ իրենք՝ ուսանողները, որևէ բանի պակաս չունենան ու կարողանան նորմալ կրթություն ստանալ: Պարկով կարտոֆիլ էին ուղարկում, փայտ, որպեսզի վառարան վառեն ու չմրսեն: Հացը կտրոնով էր, լույս չկար, բայց ուսանող ընկերներով կարողանում էին ժամանակը ուրախ անցկացնել՝ ծնողների ուղարկած բարիքներով սեղան էին բացում ու փոքիկ խնջույքներ կազմակերպում:

«Ես երբեք այդ շրջանը չեմ համարել «ցուրտ ու մութ տարիներ», որովհետև հստակ գիտակցում էի, որ պետությունը պատերազմ է մղում Խորհրդային Միության փլուզումից հետո խարխլված տնտեսությամբ, երկրաշարժից հետո դժվարություններով և ես համարում եմ, որ դա մեր անկախության գինն էր, պատերազմում հաղթելու գինն էր, մենք էլ մեր ծառայությունն այդ կերպ ենք մատուցել»,-ասում է Լուսինե Աբգարյանը:

Դեպի քրեական ոլորտ

Ավարտելուց հետո Գերագույն դատարանում աշխատանքի անցավ՝ իբրև նիստերի քարտուղար: Տեսական գիտելիքներից հետո Գերագույն դատարանի նիստերի դահլիճը մի նոր համալսարան թվաց: Ապա վերակազմավորված Վճռաբեկ դատարանում 16 տարի դատավորի օգնական աշխատեց երկու տարբեր դատավորների մոտ՝ քրեական մասնագիտացմամբ: Պարզապես դատավորը, որն առաջարկել էր իբրև օգնական իր հետ աշխատել Քրեական պալատից էր: Հետագայում էլ քննություններ հանձնեց ու հենց քրեական մասնագիտացմամբ դատավոր նշանակվեց Վանաձորում՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դա, իհարկե, մի նոր մարտահրավեր էր, բայց Լուսինե Աբգարյանն ասում է՝ այժմ չի էլ պատկերացնում իրեն այլ մասնագիտացմամբ. թեև քրեական գործ քննելը էմոցիոնալ առումով շատ բարդ է, բայց չափազանց հետաքրքիր է:

Ընդ որում, իր համար կարևոր չէ հանցագործության ենթադրյալ դեպքը ծա՞նր, թե՞ թեթև ծանրության հանցանք է. Քրեական օրենսգրքում «ծեծի» հոդվածը «սպանության» հոդվածից թեև ավելի մեղմ պատիժ է նախատեսում, բայց երբեմն այդ գործերը քննելը շատ ավելի բարդ է լինում, քանի որ հաճախ բռնություն գործադրվում է ընտանիքի անդամների միջև՝ ամուսին, կին, երեխաներ, եղբայրներ, քույրեր, պետք է մարդկանց շարժառիթը հասկանալ և իրավական դաշտում պահել:

Երբեմն ասում են՝ քրեական գործ քննելը կին դատավորի առաքելություն չէ, Լուսինե Աբգարյանը համաձայն չէ. կանայք զգայարաններով հաճախ շատ ավելի լավ են կարողանում հասկանալ կողմերին և օբյեկտիվ որոշում կայացնել: Այսուհանդերձ, ինտուիցիան Լուսինե Աբգարյանի համար վճիռ կայացնելու հիմք չէ, վերջնական վճիռը միշտ ծնվում է մերկ փաստերի հիման վրա:

Կին դատավորն, ասում է,  անգամ զսպիչ դեր կարող է ունենալ կողմերի համար: Դատական մի գործով, օրինակ, երբ պետք էր  ամբաստանյալի հեռախոսազրույցի գաղտնալսումը հրապարակել և 30-40 էջանոց սղագրության  90 տոկոսը սեռական բնույթի հայհոյանքներ էին ու կարդալիս տեղ-տեղ բաց էին թողնում, երբ անցան ձայնագրությանը, ամբաստանյալը կանգնեց, ասաց՝ ինչ գրված է՝ ճիշտ է, խնդրում եմ մի հրապարակեք:

Առաջին ատյանի դատարանում 4 տարի աշխատելուց հետո Լուսինե Աբգարյանին ներառեցին առաջխաղացման ցուցակ ու մի օր, առօրյա աշխատանքի ժամանակ, հեռախոսազանգ եկավ ու հայտնեցին՝ Վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր է նշանակվել:

Անքնություն

Սխալվելու վախը միշտ էլ կա. իրավաբանության մեջ՝ ինչպես բժշկության մեջ, ամենակարևորը չվնասելն է համարում Լուսինե Աբգարյանը: Այդ պատճառով էլ ձգտում է հնարավոր ամեն ինչ պարզել, նոր որոշում կայացնել:

Վճռաբեկ դատարանում, երբ իբրև դատավորի օգնական միայն թղթերի հետ էր աշխատում, ամբաստանյալը, մեղադրողը, տուժողը, պաշտպանը՝ բոլորը թուղթ էին, ավելի դժվար էր վստահ լինել, որ ճիշտ որոշման է հանգել: Երբ իբրև դատավոր առաջին ատյանի դատարանում սկսեց աշխատել, նիստերին ներկա էին կողմերը և գործընթացը շատ ավելի պարզ էր: Ասում է՝ պատահական չէ, որ առաջին ատյանում դատաքննությունը անմիջական է, դատավորը պետք է տուժողին, ամբաստանյալին, բոլորին տեսնի, նրանց հետ շփվի, գործի փաստերը, ցուցմունքները մանրամասն հետազոտի, որպեսզի երբ գործը <<մարսվի>>, ներքին համոզմունքը ձևավորվի:

Ամենադժվարը Լուսինե Աբգարյանի աշխատանքում այն է, որ կողմերի մոտ հաճախ չկա ճիշտ ցուցմունք տալու իրավագիտակցություն, այդ պատճառով էլ պետք է կարողանալ համադրել, հասկանալ՝ եթե անձը մի իրավիճակում մի բան է ասել, հետո դատարանում՝ այլ բան, ո՞րն է շարժառիթը, արդյո՞ք անօրինական ազդեցություն կա, թե՞ այսպես կոչված՝ <<գործ չտալու>> հոգեբանությունն է:

Լուսինե Աբգարյանը միշտ ձգտում է մեղադրական ու պաշտպանական կողմերի միջև մրցակցություն ապահովել, որպեսզի բոլորը իրենց փաստարկները կարողանան լիարժեք ներկայացնել և դատավորը լինի արբիտրի դերում: Վճիռ կայացնելիս, ասում է, մարդկային առումով երբեք չի դժվարացել, քանի որ երբ ներքին համոզմունքը ձևավորվում է, հեշտությամբ է անգամ ազատազրկման դատավճիռ կարդում:

Աշխատանքի առաջին մի քանի ամսին դժվար էր նույնիսկ կալանավորման որոշում կայացնել, բայց երբ ինքն իր համար և կողմի համար կարողանում է պատճառաբանել որոշումը, դա ընդունելի է դառնում: 

Մի անգամ, օրինակ, երբ ազատազրկման հերթական պատիժը տվեց, էլի անհանգստանալով՝ արդյո՞ք համաչափ է, զարմանքով նկատեց, որ ամբաստանյալը եկել է իրերով ու պատրաստ է հենց դատարանի դահլիճից  ազատազրկման վայր գնալ: Երբ ասաց, որ պետք է դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի, նոր նա գնա պատիժը կրելու, ամբաստանյալը շատ զայրացավ, ասաց՝ ես հենց հիմա եմ ուզում գնալ, ինձ հենց հիմա ուղարկեք: 50-60 տարեկան մարդ էր, նախկինում էլ դատապարտված: Անակնկալ էր՝ ինքն ամեն անգամ ազատազրկման պատիժ տալիս մտածո՜ւմ է, մտածո՜ւմ է, իսկ այս մարդը մի բան էլ նեղանում է, որ իրեն առաջարկում են սպասել:

Գործը դատավորի գլխի մեջ հաճախ լռվում է, հանգիստ չի տալիս ու սկսվում է անքնությունը, երկար ժամանակ անքնությունը: Ընտանեկան բռնության մի գործ տարիներ հետո էլ գլխից դուրս չի գալիս, մանրամասն հիշում է:  

Յուրաքանչյուր դեպք, ասում է, դատավորի վրա էմոցիոնալ առումով ազդեցություն թողնում է, բայց ոչ երբեք դատավճիռ կայացնելիս. ինքը դատավճիռը միշտ կայացնում է սթափ, էմոցիաները մի կողմ դրած:

Աղմկահարույց գործեր՝ ցուցարարների գոռոցի տակ

Չի կարծում, թե դատավորը երբևէ հասարակական ճնշումից զերծ է եղել, հնչեղություն ունեցող գործեր միշտ էլ եղել են, բայց դա չէ խնդիրը: Լուսինե Աբգարյանն ընդգծում է՝ պետք է միշտ նկատի ունենալ, որ պետությունը 3 սյունի վրա կանգնած կառույց է և մեկ սյունը դատական իշխանությունն է, եթե այդ սյունը խարխլվի, կփլվի պետությունը: Այս պատճառով էլ պետք է խնդիրները կարգավորել  չվնասելու սկզբունքով:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր էլ շատ դատավարություններ ցուցարարների աղմուկի տակ են ընթանում: Դատավորի մտքում համոզումն է՝  մարդիկ, այդ աղմուկը իմ որոշումների վրա որևէ ձևով չի ազդում, ես որոշումը կայացնում եմ օրենքի, իրավունքի շրջանակում:

Դատարանների հանդեպ վստահությունը բարձրացնելու մեխանիզմ Լուսինե Աբգարյանը համարում է ԱՄՆ-ի օրինակով երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որպեսզի հասարակությունն ինքը մասնակցի որոշումների կայացմանը:

Միայնակ՝ կինոթատրոնում

Իրավաբանական միջավայրից կտրվելու, ռեստարտ լինելու համար Լուսինե Աբգարյանը սիրում է արշավների գնալ անծանոթ խմբերի հետ: Երբ Վանաձորում էր աշխատում, երբեմն հանգստյան օրերին գալիս էր Երևան ու միայնակ հաճախում կինոթատրոն, նստում անծանոթ մարդկանց մեջ ու հայտնվում մեկ այլ աշխարհում:

Կարդացեք նաև՝

Արշակ Վարդանյան. շախմատով հայրիկին հաղթողը

Արսեն Նիկողոսյան. 5 անգամ դատավորի քննություն հանձնողը

Գոռ Հակոբյան. Բրյուսովի բակում հարսնացուի սպասողը

Լիզա Գրիգորյան. Նորքի անտառով համալսարան գնացողը

Զարուհի Նախշքարյան. պահպանողական համակարգին մարտահրավեր նետողը

Դավիթ Բալայան. կռվարարը