Լիզա Գրիգորյան. Նորքի անտառով համալսարան գնացողը
Լիզա Գրիգորյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Աշխատասեր ու նախաձեռնող ամուսին առայժմ չունի: Սիրում է կիրառել օրենքի նպատակը, ոչ թե տառը:
Ներդրում աղջկա մեջ
Նորքի 4-րդ զանգվածից Երեւանի պետական համալսարան ոտքով էին գնում. «մութ ու ցուրտ» տարիներն էին: Նորքում ապրող համակուրսեցիներից մեկը մի օր ասաց՝ կարճ ճանապարհ է իմացել, Նորքի անտառով է անցնում: Գնացին անտառով, վախենալու էր: Դասից հետո, սոված, տեսան մի փոքր փուռ, հաց են թխում: Ում մոտ քանի կոպեկ կար դրեցին, հավաքեցին մի մատնաքաշի գումար: Սկսեցին ձեռքով կիսել, բաժանել: Մինչեւ հասավ Լիզային, տեսավ ոչինչ չի մնացել... ձայն չհանեց: Համակուրսեցիների հետ մինչեւ հիմա էլ ընկերություն են անում:
Իրավաբանականի ուսանողները անգամ գրականություն ձեռք բերելու խնդիր ունեին: Նորանկախ Հայաստանում սկսել էին նոր օրենքներ ընդունել, ինտերնետ չկար, չգիտեին ինչպես գտնել: Այն ժամանակ Գերագույն Խորհրդում աշխատող կուրսեցի ունեին, օրենքները բերում էր, պատճենում էին:
Լիզա Գրիգորյանի ծնողները Ջավախքից են, ինքը Երեւանում է ծնվել: 3 զավակ են՝ քույր եւ եղբայր ունի: Հայրը հիվանդանոցում տնտեսվար էր: Երբ գնաց դասախոսի մոտ՝ պայմանավորվելու, որ Լիզայի հետ պարապի՝ իրավագիտական ընդունվելու համար, դասախոսն ասաց՝ անիմաստ է աղջկա մեջ ներդրում անելը, միեւնույն է՝ ամուսնանալու է, չարժե սուղ միջոցներից գումար ծախսել: Հայրը պնդեց: Ու հենց առաջին տարին էլ Լիզան ընդունվեց ԵՊՀ իրագիտության ֆակուլտետ՝ արդարացնելով ներդրումը:
Ամառները գնում էին Ախալքալակ: Տատիկը աստվածապաշտ կին էր: Թոնրատանը, խորհրդային իշխանություններից թաքուն, սրբապատկերներ էր դրել, միշտ աղոթում էր: Արեւմտահայերեն Սուրբ գիրքն էլ թաքցրած էր: Հավատքի մասին առաջին անգամ տատիկից լսեց:
Երբ վստահորդը չի ասում ճշմարտությունը
Ուսանողական տարիներից սկսեց աշխատելու ուղիներ փնտրել: Տանից մի կանգառ վերեւ գործարան կար, որտեղ ռազմական դետալներ էին արտադրում: Լիզա Գրիգորյանը ձգտում էր փորձառու աշխատողների չափ հավաքել դետալները: 5-6 ամիս աշխատեց, գործարանը փակեցին:
1993-ին հենց այն դատարանում, որտեղ հիմա աշխատում է՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, գործի ընդունվեց իբրեւ նիստերի քարտուղար: Համալսարանում գնահատականներն իջան, փոխարենը պրակտիկ գիտելիքներն ավելացան:
Ավարտելուց հետո փաստաբանի արտոնագիր ստացավ. 14 տարի աշխատեց:
Լիզա Գրիգորյանը հիշում է իր առաջին գործը. քրեական գործ էր՝ անչափահասների կողմից սպանություն կատարելու մեղադրանք: Ամեն ինչ արեց, որ օգտակար լինի: Երբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրեց, քննիչն ասաց՝ դուք ե ՞ք գրել այս միջնորդությունը. չէր հավատում, որ սկսնակ փաստաբանը կարող է այդպես գրել: Հասկացավ, որ իր մոտ դա լավ է ստացվում:
Սկզբում ձգտում էր իմանալ, թե իր վստահորդը հանցանք կատարողների խմբում ինչ դերակատարում է ունեցել, ինչ է եղել իրականում: Հետո հասկացավ, որ եթե նա չի ասում ճշմարտությունը, դժվար է իմանալ, եւ պետք էլ չէ, քանի որ փաստաբանի համար դա չէ էականը, այլ վստահորդին պաշտպանելը: Ճշմարտությունը պարզելը դատարանի խնդիրն է՝ օրենքի, ապացույցների հիման վրա: Նա հասկացավ, որ դատավորն էլ, փաստաբանն էլ պետք է ելնեն այն համոզումից, որ տվյալ անձը չի կատարել այդ արարքը, որպեսզի կանխակալ վերաբերմունք չունենան: Եւ միայն կողմերի ապացույցների հիման վրա դատարանը պետք է որոշի՝ մարդը մեղավոր է, թե ոչ:
Արևմտյանը հենց իր ոճն է
Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հեղափոխություն էր Լիզա Գրիգորյանի պատկերացումներում: Վրաստանում մասնակցեց Եվրադատարանի աշխատանքի մասին սեմինարների: Լրիվ նոր աշխարհ էր, որովհետեւ ո՛չ ուսումնական տարիներին էին ուսումնասիրել, ո՛չ էլ աշխատանքի ժամանակ պատկերացում ունեին: Դա մղեց, որ հետագայում էլ ուսում ստանա ԱՄՆ-ում՝ Ֆլետչերի համալսարանի իրավունքի դիվանագիտության դպրոցում: Հետո մագիստրոսի աստիճան ստացավ Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Զգաց, որ փաստաբանությունը չի ապահովում կարիերայի այն աճը, որը կուզենար: Դատավոր դառնալու քննության հենց առաջին փորձից անցավ. բարդ չէր, որովհետեւ Ամերիկյան համալսարանում անընդհատ հանձնարարություններ էր ստանում՝ խնդիրներ լուծել, հիմնավորել, պատճառաբանել, նաեւ Ֆլետչերում էր այդ մեթոդները կիրառել, ամերիկյան դատարանների պատճառաբանություններն էր ուսումնասիրել. գիտելիքները բավականին թարմ էին:
Երբ ծանոթացավ արևմտյան ոճին, օրենսդրությանը, նրանց դատարաններում տեսավ, թե ինչպես են դատավարություններն ընթանում, հասկացավ, որ դա հենց իր ոճն է. իր համար էլ միշտ կարևոր է եղել ոչ թե ձեւականությունը, այլ արած գործի բովանդակությունը, ձգտել է գտնել բովանդակային այն ճիշտ պաշտպանությունը, նորմը, որը պետք է կիրառվի:
Տառացի մեկնաբանման մեթոդն այն տարիներին շատ տարածված էր Հայաստանում՝ ասում է: Օրինակ, իրավական ակտերի մասին և-ի, ու-ի, ստորակետի մեկնաբանության կանոններ կային, որոնք երբ կիրառում էին իրավական ակտերում, ստացվում էր, որ եթե հատկանիշները ստորակետով են անջատված, ուրեմն բոլոր չափանիշները պետք է առկա լինեն եւ շատ դեպքերում դա հասցվում էր աբսուրդի:
Իրավական կանոնները պետք է պահպանել, ասում է Լիզա Գրիգորյանը, բայց պետք է հասկանալ, որ մեկնաբանության խնդիր է. նկատել է, որ ամբողջ աշխարհում տառացի մեկնաբանությունը շատ քիչ է օգտագործվում, ավելի շատ կիրառում են բովանդակային մեկնաբանությունը: Ամերիկյան մոդելում նրան դուր եկավ այն, որ առաջնային է օրենքի նպատակը՝ ինչին է ուղղված այդ օրենքը, ինչ պետք է կարգավորի եւ այդ համատեքստում մեկնաբանվում են մյուս նորմերը: Ամերիկյան մոդելը ունի նաև օրենքի սահմանափակ եւ լայն մեկնաբանության քաղաքականություն. սահմանափակ մեկնաբանության դեպքում կարող է այլ լուծում լինել, լայն մեկնաբանության դեպքում՝ այլ. դատական քաղաքականության հարց է:
Մեր օրենսդրությունը եւս սա թույլ է տալիս, ասում է Լիզա Գրիգորյանը, եթե տառացի մեկնաբանությունը հասցնում է աբսուրդային իրավիճակի, կարելի է այլ մեթոդներ կիրառել:
Այս գիտելիքները նրան հնարավորություն տվեցին դատարանին ներկայացնել ընդունվածից տարբերվող տեսակետ:
Դատավորը հաշվետու է հանրությանը, բայց որոշում պարտադրել չի կարելի
Շաբաթվա մեջ ամենաքիչը 20 բարդ գործով վճիռ է կայացնում Լիզա Գրիգորյանը: Ոչ շատ բարդ գործերի լուծման տարբերակները մտքում ծնվում են քննության ընթացքում՝ նիստերի դահլիճում, բայց գործեր կան, որոնցով ընթացքում հնարավոր չէ կողմնորոշվել. երբ խորհրդակցական սենյակում սկսում է դատական ակտը շարադրել, այդ ժամանակ էլ լուծումները գալիս են, որովհետեւ նորից վերաշարադրում է հայցվորի, պատասխանողի տեսակետը, ապացույցները, փաստաթղթերն է ուսումնասիրում եւ լուծումը ծնվում է:
Դատական իշխանությունը չի ձեւավորվում ժողովրդի կողմից, բայց հաշվետու է ժողովրդին՝ ասում է Լիզա Գրիգորյանը: Հաշվետու է, թե ինչպես է աշխատում, ինչպես է որոշումներ կայացնում, հաշվետու է նաեւ էթիկայի, վարքագծի, ֆինանսական ռեսուրսների առումով, բայց երբ խոսքը դատական իշխանությանը վարկաբեկելու, հեղինակության վրա ազդելու, ճնշում գործադրելու մասին է, այստեղ հանրության իրավունքները սահմանափակվում են: Չպետք է շփոթել այս դերերը, ասում է:
Լիզա Գրիգորյանի պրակտիկայում էլ եղել են դեպքեր, երբ ինքը թիրախավորվել է կայացրած որոշման համար. մի կողմի փաստաբանին վճիռը դուր չի եկել եւ նա սոցցանցերում պիտակավորել է այն՝ որակելով սխալ եւ անհիմն: Դատավորը չի նեղվում գնահատումից, բայց երբ դա արվում է առանց հիմնավորման, հանրության մոտ կարող է ձեւավորել կարծիք, որ դատավորները սխալ են աշխատում:
«Տհաճ է, երբ տեսնում ես, որ քո վերաբերյալ նյութեր են տեղադրված, քննադատվում է, որ դու սխալ որոշում ես կայացրել, երբ քո ծանոթները կամ ընկերները զանգահարում են, ասում են՝ այդ ինչ էր գրված, ինչու են այդպես գրել եւ այլն: Ես կարծում եմ, երբ փաստաբանը նաեւ սոցցանցի միջոցով է փորձում դատական ակտի վերանայման վրա ազդել, դա անընդունելի է, որովհետեւ երբ դատարանը որոշում է կայացրել, որից դժգոհ է կողմը, դրա իրավական հետեւանքը պետք է լինի վերադաս դատարան բողոքարկումը: Սոցցանցերում այդքան լայնորեն տարածելը, քննադատելը եւ գնահատական տալը որոշակի ճնշում է պարունակում դատավորի նկատմամբ: Այդ վտանգը ռեալ կա եւ, կարծում եմ, ոչ միայն վտանգ է, այլեւ իրականություն»,-ասում է Լիզա Գրիգորյանը:
Կարգապահական հաճախակի վարույթները հակասում են միջազգային չափանիշներին
Շատ ժամանակ, փոխանակ վերադասության կարգով վերանայելու գործերը, դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություններ են ներկայացվում. Լիզա Գրիգորյանը սա համարում է ռեալ վտանգ դատավորի անկախությանը:
Դատական նոր օրենսգիրքը Արդարադատության նախարարությանը իրավունք վերապահեց կարգապահական վարույթ հարուցելու եւ դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ: Առաջին հայացքից՝ հավասարկշռված կարգավորում է, ասում է Լիզա Գրիգորյանը, քանի որ ԲԴԽ-ն ինքնուրույն վարույթ հարուցելու իրավունք չունի, պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու որոշում կայացնող մարմին է, իսկ նախաձեռնելու իրավունք ունեցող՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը, որը կազմված է բացառապես դատավորներից, հնարավոր է ոչ բոլոր դեպքերում վարույթ նախաձեռնի: Այսուհանդերձ, նա համոզված է, որ հավասարակաշռելու խնդիր կա. արդարադատության նախարարի կողմից այդքան հաճախակի կարգապահական վարույթներ հարուցելը կարող է հակասել միջազգային չափանիշներին:
Լիզա Գրիգորյանը կարծում է, որ ցանկացած խախտման համար իրավունք չունեն մտնելու ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դրանք պետք է լինեն բացառիկ դեպքեր, խիստ սահմանափակ եւ պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ, մեր Դատական օրենսգրքի թերություններից են անորոշ ձևակերպումները: Նրա համոզմամբ՝ պետք է գործի դատավորի սխալ չկատարելու կանխավարկածը, ոչ թե հակառակը, քանի որ կարգապահական վարույթը դատավորին որևէ բան թելադրելու կամ վախի մեջ պահելու համար չէ: Լիզա Գրիգորյանի դիտարկմամբ, վերջին շրջանում այսքան հաճախակի դիմումները վկայում են, որ ցանկացած խախտման եւ թերության համար են վարույթ հարուցում, ինչը անընդունելի է և վնասում է դատական համակարգի անկախությանը:
Լիզա Գրիգորյանը Դատական նոր օրենսգրքի լուրջ թերություններից է համարում նաեւ դատավորներին գնահատելու իրավունքը ԲԴԽ-ին վերպահելը: Նա կարծում է, որ ճիշտ կլիներ՝ այդ գործառույթն իրականացներ դատավորների ստեղծած հանձնաժողովը: Բոլոր կարեւոր հարցերը ԲԴԽ-ում կենտրոնացելը՝ կարգապահական պատասխանատվությունից մինչեւ գնահատման, առաջխաղացման գործառույթներ, նրա համոզմամբ, դարձյալ կարող է վնասել դատավորների անկախությանը:
...և կարեւոր չէ, որ իրավաբան լինի
Ռիսկային սպորտաձևերը Լիզա Գրիգորյանին գրավում են, սիրում է մեկ-մեկ իրեն սթրեսի ենթարկել: Շոկային էր, երբ պարաշյուտով թռավ. շատ դաժան, վախենալու, սթրեսային զգացողություն էր բուն թռչելու պահը, բայց հետո՝ օդից իջնելը, թռչնի թռիչքի բարձրությունից դիտելը հրաշալի զգացողություններ էին: Շատ է գնում արշավների:
Հաճախում է նաեւ ֆրանսերենի դասընթացների. անգլերենին տիրապետում է, բայց ֆրանսերենն այլ հմայք ունի:
Առայժմ ամուսնացած չէ, բայց ընտանիքը պատկերացնում է փոխզիջման մթնոլորտում, միմյանց հետ ներդաշնակ վիճակ ստեղծելու, ներելու, համատեղ ապրելու, գործելու, նույն արժեքները կիսելու մթնոլորտում:
Տղամարդը, որին կընտրի Լիզա Գրիգորյանը, պետք է լինի աշխատասեր, գործունյա, ձգտումներ ունենա, լինի նախաձեռնող. եւ ամենևին էլ կարեւոր չէ, որ իրավաբան լինի:
Կարդացեք նաև՝
Զարուհի Նախշքարյան. պահպանողական համակարգին մարտահրավեր ներտողը
Արսեն Նիկողոսյան. 5 անգամ դատավորի քննություն հանձնողը
Արշակ Վարդանյան. շախմատով հայրիկին հաղթողը