Դավիթ Բալայան. կռվարարը
Ինքնաշեն գնդակներ՝ Արցախի համար
Արճիճը գազի վրա հալեցնում էին, լցնում կաղապարի մեջ, գնդակներ էր դառնում: Հետո այդ գնդակներն առանձնացնում էին, հավաքում ու հայրը՝ Կիմ Բալայանը, ուղարկում էր Արցախ: Շարժումը նոր էր սկսվել, փամփուշտ չկար, անգամ որսորդական հրացաններն էին կիրառելի:
Բաղրամյան պողոտային շատ մոտ՝ Ժամացույցի գործարանից քիչ վերև էին ապրում: Մի օր, երբ Բաղրամյանին ժողովուրդը կանգնած էր, 14 տարեկան Դավիթ Բալայանը մոտեցավ ու սկսեց արտասանել «Քիչ ենք, բայց հայ ենք»: Բոլորը ծափ տվեցին:
Մութ ու ցուրտ տարիներին տղաներով սահնակով գնում էին՝ կողքի անտառից փայտ էին բերում: Գարնանը, նույն անտառում կանաչում էին «ցոգոլները», մեկ էլ դրանց հետևից էին գնում: Պահակը կրակում էր աղ ու բիբարով՝ ինչ օգուտ:
Կարտոֆիլի հորում
Սկզբում ծառայեց Ստեփանավանում՝ սահմանապահ զորքերում, ապա տեղափոխվեց Զինվորական դատախազություն, հետո ծնողների հետ վիճեց ու առանց որեւէ մեկին ասելու նորից թողեց, գնաց Ստեփանավանի զորամաս: Այնտեղից էլ տեղափոխվեց Մասիս՝ դարձյալ սահմանապահ զորքեր:
Շարքային Բալայանը կռվարար էր շատ: Զորամասում «գաուբվախտ» չկար, կարտոֆիլի մի հոր կար, նաև կաղամբ, բազուկ էին պահում: Անկարգ զինվորներին էլ այնտեղ էին գցում: Մի քանի անգամ Դավիթ Բալայանն այդ հորի մեջ հայտնվեց: Հետո որոշեցին, որ հորում այլեւս զինվոր չպետք է պահեն: Զորամասում մի կինոթատրոն կար. դահլիճը ժողովների համար էին օգտագործում, իսկ ֆիլմ ցուցադրելու փակ սենյակը՝ միայն դահլիճին նայող մի քանի անցքով, սկսեցին ծառայեցնել իբրեւ կարգապահական մեկուսարան: Մի քանի օր էլ այնտեղ նստեց:
Իրենց բակում էլ էր կռվարար: Ասում է՝ չի եղել դեպք, որ մեկին խփի՝ ուշքը չգնա կամ քիթը չկոտրվի: Մի քանի անգամ ոստիկանություն է ընկել: Տարիքն էր այդպիսին: Հետագայում, երբ որպես դատավոր իր մոտ անչափահասներ էին բերում, մտովի պատկերացնում էր, որ ինքն էլ կարող էր նույն իրավիճակում հայտնվել:
3 եղբայր են: Մայրն ասում էր՝ թող բոլորը հավասար լինեն, բայց հայրը՝ ոչ, Դավիթը մեծն է, նրա ասածը պետք է մյուսները լսեն: Փոքրերը զույգ եղբայրներ են: Ասում է՝ չի ընկճվել դրանից, իշխել է, նրանք էլ չեն բողոքել:
Ամենաերիտասարդ դատավորը
Դատավոր դարձավ 26 տարեկանում՝ ամենաերիտասարդ դատավորն էր:
Գեղարքունիքում՝ Գավառում նշանակվեց: Մի օր ժամը 9:30 դատական նիստ է նշանակում, հայցվորը չի գալիս: Կես ժամ սպասում է, դատարանի ցրիչին ուղարկում կողքի տունը՝ հայցվորին կանչելու: Գալիս է: Հարցնում է՝ ինչո՞ւ չէիր եկել, պատասխանում է՝ դուք աշխատանքի չէիք եկել, ձեր մեքենան կանգնած չէր: Այնինչ, մեքենան ուղարկել էր նորոգման:
Մարզում բոլորը բոլորին ճանաչում են, կարծես խոշորացույցի տակ լինես: Դավիթ Բալայանի մոր կողմը Գավառից է, ազգականներ էլ ունի, լինում էր՝ տարբեր անձինք տարբեր խնդրանքներով էին դիմում, պետք էր այնպես անել, որ ոչ աշխատանքը տուժի, ոչ մարդիկ:
Երբեմն, կենցաղային հարցերում հակասություն էր առաջանում իր՝ մայրաքաղաքում մեծացածի և մարզի բնակիչների մտածելակերպի միջև: Մի անգամ օգնականին խնդրում է գնալ 2 կիլոգրամ տավարի միս գնել: Քիչ հետո տեսնում է՝ օգնականը դատարանում: Հարցնում է՝ չգնացի՞ր, ասում է՝ ցրիչին ուղարկեցի: Ինչո՞ւ: Ասում է՝ պրն Բալայան, ախր իմ պապան Միսկոմբինատում պահեստապետ է աշխատել, մենք երբ տան համար տավարի միս ենք առնում՝ 20 կիլո, 30 կիլո, անհարմար է, որ ես գնամ 2 կիլո առնեմ՝ ինչ կմտածեն:
Մի անգամ էլ, դատական գործերից մեկով՝ գյուղացի մի տղա մտել էր իր նշանածի տուն՝ նրա լուսանկարներից մեկը փնտրելու, բայց գումար էր տեսել ու վերցրել: Նույնիսկ նշանածին զանգել էր իրենց տանից, ասել, որ ներխուժել է: Բալայանն, իհարկե, պայմանականորեն հետաձգեց պատիժը: Ավելի ուշ, պատահական տեսավ այդ տղային, պարզվեց՝ ամուսնացել են, երեխա ունեն:
Արդեն Երեւանում, մի անգամ խանութից դուրս գալիս, մի տղամարդ դուռը բացեց, ճանապարհ տվեց: Դատավորը տեսավ, որ նա կնոջ ու երեխայի հետ թրջվում է անձրեւի տակ, առաջարկեց՝ նրանք ներս մտնեն, նոր ինքը դուրս գա, բայց տղամարդն ասաց. «Աղբեր ջան, չէ, քեզ հասնում է, ես քո լավը տեսել եմ Քյավառ»:
Գիշերը՝ դատարանում
Նախկինում, երբ երեխաները փոքր էին, դատական գործերը հաճախ էր տուն տանում: Հիմա գրեթե չի տանում, ինքն է մնում աշխատավայրում` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Մնում է երբեմն ամբողջ գիշերը: Առավոտյան էլի նիստերը սկսվում են:
Ամիսը 10 օր անընդմեջ հերթապահում են: Քրեական գործերի թղթապանակները Դավիթ Բալայանի աշխատասենյակի սեղաններին են, բազմոցին, հատակին, չհրկիզվող պահարաններում, մտքում:
Դատավճիռը խորհրդակցական սենյակում չէ, որ կայացվում է՝ ասում է Դավիթ Բալայանը: Զուգահեռ, մտքի մեջ, այս պահին էլ ավելի քան 50 քրեական գործեր է ծանրութեթեւ անում՝ 70-ից ավելի անձի նկատմամբ: Հնարավոր է՝ գիշերը պառկած, մեկ էլ մտքով մի բան անցնի գործերից մեկով կամ մեքենա վարելիս մի գաղափար գա, որ այս հարցը բաց է մնացել, այսպես կարելի է լուծում տալ:
Դատավորի ու դատավարության մասնակիցների միջեւ հոգեբանական կապ, իհարկե, ստեղծվում է, չի կարող չստեղծվել՝ ասում է Դավիթ Բալայանը: Մեջբերում է Պարույր Սևակի բանաստեղծությունը.
Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ:
Եվ մենք դատում ենք ու դատավարում...
Մեր գլխի թեթև թափահարումով,
Ճպոցով աչքի,
Խեթմամբ հայացքի,
Հոնքերի խաղով, ուսի թոթափմամբ,
Աջի կամ ձախի ա՛յն շարժումներով,
Որոնք օդի մեջ արձանագըրվում
Ու կարդացվում են ոչ ավելի վատ,
Քան ամեն տեսակ ուրիշ փաստաթուղթ:
Նույնն էլ դատարանի դահլիճում է. լինում է՝ դատավորի մի հայացքից մարդը հասկանում է, որ թեք է նստել, պառկել է կամ ծամոն է ծամում, կարող է նաեւ չընկալել եւ դատավորը բացահայտ դիտողություն է անում: Լինում է՝ ամբաստանյալի առողջական վիճակը լավ չէ, դատավորը առողջություն է մաղթում կամ մի բաժակ ջուր խնդրում նրա համար. կոնտակտի հարց է: Լինում է եւ հակառակը, երբ ամբաստանյալը դիտմամբ ագրեսիվ, ցինիկ է պահում իրեն, փորձում է հունից հանել դատավորին, բայց պետք է զգոն մնալ:
Մի դեպք է պատմում. աղմկոտ գործ էր, մտնում է նիստերի դահլիճ, տեսնում՝ մասնակիցների մի մասը ոտքի չի կանգնում: Սովորաբար, նման դեպքերում, դուրս է հրավիրում, բայց այս անգամ զգում է, որ այլ մոտեցում է պետք. բարձրանում է դատավորի համար նախատեսված հարթակ, նայում դահլիճին ու ինքն էլ մնում կանգնած. այնքան, մինչեւ բոլորը կանգնում են:
«Էդ շատ կարեւոր հանգամանք է, պիտի ստացվի էլի, կարող է՝ չստացվել՝ խնդրահարույց է: Երբ մեղադրում են, ասում են՝ դատավորը դահլիճը չի կարողանում կառավարել` դա դժվար բան է, այդքան հեշտ չի ու ոչ մի դատավոր թող գլուխ չգովա, թե ինքը կարողանում է դահլիճը կառավարել, մյուսը չի կարողանում»,-ասում է Դավիթ Բալայանը:
Օրենքի ոչ թե տառով, այլ տրամաբանությամբ
Հոր՝ Կիմ Բալայանի բնավորությունն է՝ եթե տեսնի ինչ-որ բան սխալ է, ինչ ասես կասի: Նույն հատկանիշները փոխանցվել են Դավիթ Բալայանին: Եթե թեկուզ անակնկալ բովանդակությամբ դատական ակտ է կայացնում, ուրեմն համոզված է, որ ճիշտ է արել, որ այդպես պետք է արվեր:
Ասենք, օրենքը սահմանում է, որ ամբաստանյալի բացակայությամբ չի կարելի դատական նիստ անցկացնել. եղել է դեպք, երբ Բալայանը 8 ամբաստանյալներից մեկի բացակայությամբ նիստը սկսել է, ներկաների ինքնությունները ճշտել, լուժել ինքնաբացարկի, բացարկի հարցերը, բացատրել իրավունքներն ու պատականությունները, նոր հետաձգել, որպեսզի հաջորդ անգամ էլ բացակայողը ներկայանա, նրանն էլ ճշտի ու գործը չձգձգվի: Օրենքի նպատակը անձի արդար դատաքննության իրավունքը չխախտելն է, ասում է, ինչը կոնկրետ դեպքում չի խախտվում, բայց պահվում է օրենքի տրամաբանությունը:
Օրենքը նաեւ ասում է՝ կալանքի նիստը դռնփակ պետք է անցնի, միայն քննիչի, պաշտպանի եւ մեղադրյալի մասնակցությամբ: Եղել է դեպք, երբ դատավոր Բալայանը, գործի շահից ելնելով, ներս է հրավիրել նաեւ մեղադրյալի հորը, որպեսզի նա վկայի, որ մշտական բնակության վայր ունեն: Օրենքի տառը, գուցե՝ ոչ, բայց տրամաբանությունը պահվել է անխախտ:
Դավիթ Բալայանի կինն էլ իրավաբան է: Վերաքննիչ դատարանում են ծանոթացել՝ երկուսն էլ դատավորի օգնականներ էին:
Զավակներին խորհուրդներ չեն տալիս, նրանք են հարցնում: Աղջիկը սկսել է կիթառ նվագել: Մեծ տղան այս տարի ԲՈՒՀ կդիմի՝ իրավաբանական, գիշեր-ցերեկ պարապում է: Փոքրը՝ 9 տարեկան է:
Խնջույքներին Դավիթ Բալայանը նախկինում սիրում էր կենաց ասել, բայց վերջերս այնքան էլ չէ. խոսացողները շատացել են, դատավորի աշխատանքը՝ նույնպես, նախաձեռնողականության ուժ չկա:
Հրացանով՝ Մանվելին բաց թողնողի դեմ
Մանվել Գրիգորյանին դատարանի դահլիճից ազատ արձակելուց հետո, երբ գնաց տուն, որդին գնդակներ նետող հրացանով սկսեց կրակել վրան՝ ինչի ես թողել իրան, ասաց: Արթուր ջան, պատասխանեց, փոքր ես դու, կմեծանաս, կհասկանաս:
Հասարակական ճնշումը չի կարող չազդել դատավորների ընտանիքների վրա՝ նրանք թիրախավորվում են հասարակության մեջ: Բայց, Բալայանն ասում է՝ պետք է կարողանալ ամեն ինչից վեր կանգնել: Երեխաները դպրոց են գնում, նրանց ճանաչում են որպես դատավորի ընտանքի անդամի: Դավիթ Բալայանը երբ տուն է մտնում, ասում են՝ պապա, բա դու սենց բան ե՞ս արել: Ինքն ասում է՝ ձեր գլուխը բարձր պահեք, ձեր հայրիկը ճիշտ որոշում է կայացրել, մի մտածեք այդ մասին:
Իրականում, դժվար է. նշանակում է՝ դատավորը պետք է ընտանիք չունենա, կապեր չունենա, զբաղվի զուտ գործ քննելով, բայց այդպես անհնար է: Դավիթ Բալայանը, համենայն դեպս, իր կայացրած ակտերի հարցում վստահ է:
Կարդացեք նաև՝
Արշակ Վարդանյան. շախմատով հայրիկին հաղթողը
Գոռ Հակոբյան. Բրյուսովի բակում հարսնացուի սպասողը
Արսեն Նիկողոսյան. 5 անգամ դատավորի քննություն հանձնողը
Լիզա Գրիգորյան. Նորքի անտառով համալսարան գնացողը
Լուսինե Աբգարյան. աստղերին նայելով քայլողը
Զարուհի Նախշքարյան. պահպանողական համակարգին մարտահրավեր նետողը