Զարուհի Նախշքարյան. պահպանողական համակարգին մարտահրավեր նետողը
Զարուհի Նախշքարյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Ամուսինը ինժեներ է, երկու որդի ունի: Սիրում է արձագանքել խնդիրներին:
Տեսախցիկի ու մուրճի միջեւ
Զարուհի Նախշքարյանի աշխատասեղանին հոր լուսանկարն է: Չորս տարի է՝ ոգեղեն ներկայությամբ: Երբ փոքր էր, նրա ձեռքը բռնած Ազգային հեռուստատեսության տաղավարներն էր չափչփում, գնում նկարահանումների: Հայրը միջազգային կապերի բաժնի տնօրենն էր: Մայրը՝ թերթի խմբագիր:
Եղավ մի շրջան, որ Զարուհին աշխատեց հեռուստատեսությունում՝ իբրեւ հաղորդման խմբագիր, թարգմանիչ: Դեռ Պուշկինի անվան դպրոցում սովորելիս՝ հոդվածներ էր գրում դպրոցական թերթի համար: Հետո հասկացավ՝ փաստաբանությունն ավելի մոտ է իր երազանքին, բնավորությանը, այդ ոլորտում իրեն ուժեղ կզգա:
Նրանց տանը զրույցի սեղանի շուրջ միշտ հավաքվում էին փաստաբաններ: Մոր երկրորդ ամուսնու՝ փաստաբան Ռուբեն Սահակյանի խարիզման վարակիչ էր: 1990-ականների սկզբին նա զբաղվում էր Սումգայիթի, Բաքվի, Ռոստովի գործերով: Ուսանողական տարիներին Զարուհուն իր հետ տանում էր դատարան՝ նիստերի: Գուցե դա էլ որոշիչ եղավ մասնագիտության ընտրության հարցում:
Հնչեղություն ունեցող գործերը լրագրության ու իրավաբանության խողովակներով մտնում էին նրանց տուն ու Զարուհին եզրակացրեց՝ փաստաբանությունը մասնագիտություն չէ՝ առաքելություն է:
«Մեր անձնական կյանքը միշտ դեր ունի մեր քննած գործերի ընթացքի վրա: Ցանկացածի դեպքում է այդպես: Մեր անցած ուղին է, որ բերում է այս կամ այն չափով իմաստնության»,-ասում է Զարուհի Նախշքարյանը:
Փաստաբան՝ 16 տարի
Սկզբնական շրջանում մասնագիտացումը քրեական էր: Փոխեց քաղաքացիականի մի դեպքից հետո: Սպանության քրեական գործ էր, որի քննությանը մասնակցում էր իբրեւ փաստաբան:
Փաստաբանական 16 տարվա աշխատանքից հետո նրա գրասենյակի՝ «Ռուբիկոնի» աշխատակիցները մի անգամ հրահրեցին՝ դատավորի քննություններ են լինելու, եկեք փորձենք՝ քանի միավոր կհավաքեք: Դատական նիստերի միջև արագ գնաց՝ քննությունը հանձնեց ու շարունակեց ճանապարհը դեպի մյուս նիստը: Պարզվեց, բարձր միավորներ է հավաքել: Դատավոր նշանակվեց Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի նստավայրում: Այդ ընթացքում ծնվեցին նրա երկու որդիները: Ապա նշանակվեց Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Դատական նիստի զգացողությունը՝ փաստաբանի ու դատավորի կարգավիճակով, տարբեր է: Ասում է՝ փաստաբան աշխատած լինելը օգնում էր ավելի հմուտ վարել նիստերը, քանի որ դատական նիստի ընթացքին, զարգացումներին արդեն ծանոթ էր: Նախկին գործընկեր փաստաբաններն էլ նրան միշտ լայն աչքով են նայում: Լինում է՝ փաստաբանի տեսանկյունից հետեւելով գործին՝ մտածում է ճիշտ կլիներ, որ այս կամ այն փաստարկը ներկայացնեին դատավորին, ինչու չեն ներկայացնում: Բայց նաեւ գիտակցում է՝ մարտավարությունը կարող է տարբեր լինել:
Դատարանում առաջին անգամ
Դատարանում առաջին անգամ հայտնվեց երբ դեռ համալսարանում էր: Գրիգոր Զոհրապ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում տեղ գտած կաշառակերության դեպքի մասին հոդված լույս տեսավ նրա մոր խմբագրած թերթում ու Զարուհուն հեռացրին համալսարանից, իհարկե, այլ պատրվակով՝ իբրև թե դասերին չէր հաճախել: Փաստաբանների ելույթներից հետո Զարուհին էլ ելույթ ունեցավ դատարանի դահլիճում: Շատ տպավորիչ էր, այն էր, ինչ սպասում էր: Ի վերջո, հաշտություն կնքեցին, վերականգնվեց եւ ավարտեց բուհը:
Զարուհի Նախշքարյանը դեռ դպրոցում էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ընդհանուր զարթոնքի մեջ իրենց դասարանցիներով էլ Խորհրդային արգելված գրականություն էին ուսումնասիրում «սամիզդատով»՝ Սոլժենիցին, Բախ…
Ազատամիտ դատավորը ազատամիտ է միշտ
Զարուհի Նախշքարյանը համարում է, որ անկախ եւ ազատամիտ դատավորը անկախ ու ազատամիտ է միշտ, այնպես չէ, որ հնարավոր է որեւէ պահից սկսել անկախ լինել: Դատավորը չի կարող հանրության կամ իշխանության կամքի արտահայտողը լինել, նա պետք է առաջնորդվի օրենքով եւ սեփական համոզմունքով:
Նախշքարյանի ֆեյսբուքյան էջում հաճախ են հայտնվում քննադատական գրառումներ: Դատավորներին ոչ այնքան բնորոշ այդ ակտիվությունը Զարուհի Նախշքարյանը բնական է համարում. անկախ մասնագիտությունից ամեն քաղաքացի կարող է իր վերաբերմունքը ունենալ ցանկացած իրադարձության հանդեպ: Այլ հարց է, որ դատավորը քաղաքական ասպարեզում այդ դիրքորոշումը չի կարող տարածել: Դատավոր Նախշքարյանը որեւէ խոչընդոտ չի տեսնում այս կամ այն իրադարձության վերաբերյալ կարծիքը արտահայտելու համար, հակառակը, նրա համոզմամբ, դատական իշխանությանը վերաբերող հարցերով դատավորը պետք է հստակ դիրքորոշում ունենա եւ այն չթաքցնի:
Մեծ հաջողություններ՝ հաշտություն հաստատելու ասպարեզում
Նրա համար ամենազգայուն թեման երեխաների հետ կապված վեճերն են՝ ամենաբարդ, ամենածանր, հոգեբանորեն ամենաճնշող: Համոզված է, որ դատարանը պետք է շատ նրբանկատ լինի նման վեճեր քննելիս՝ ընտանեկան իրավիճակները միշտ տարբեր են: Լսում է կողմերին, փորձում իրականությունը պարզել, փաստարկներին ուշադրությամբ հետեւել:
Շատ է ուրախանում, երբ վեճը հաշտությամբ է ավարտվում: Զգայուն է նաեւ ազգականների միջեւ վեճերի հանդեպ. դատարանը վեճը կարող է քննել ու անցնել առաջ, բայց ազգականները մնում են այդ պահի մեջ եւ թշնամանքը կարող է շարունակվել ամբողջ կյանքում: Այդ պատճառով էլ ջանք չի խնայում, որ կողմերին հաշտության բերի: Փորձում է գտնել մի տարբերակ, որը հարմար կլինի բոլորին, որպեսզի թշնամանքին վերջակետ դրվի: Հակառակ դեպքում, հաճախ զուտ անարդյունավետ սկզբունքայնությունից ելնելով, ազգականների, տատ ու թոռների, ամուսինների միջեւ վեճերը ձգվում են տարիներ: Երբեմն նույն տան մեջ բնակվում են 2-3-4-10 կողմ եւ միմյանց հետ վիճաբանում են ամեն օր՝ առերեսվելով միմյանց:
Զարուհի Նախշքաչյանին հաջողվում է անգամ բազմամյա վեճերով հաշտության հասնել:
Ամեն օր տուն է գնում զգացողությամբ, որ արդարադատություն իրականացրեց
Զարուհի Նախշքարյանը ամեն օր տուն է գնում արդարադատություն իրականացրածի զգացողությամբ: Դատական գործերը հետը տուն չի տանում: Նախընտրում է տարանջատել աշխատանքն ու անձնական կյանքը, հակառակ դեպքում ամեն ինչ կխառվի եւ բավարարված չի զգա իրեն ո՛չ գործից, ո՛չ ընտանիքից:
Որդիները 8 եւ 6 տարեկան են: Ամուսինը իրավաբան չէ, բայց այդպես ավելի լավ են լեզու գտնում: Փորձում է աշխատանքային քննարկումները տանը չծավալել, թեև միշտ չէ, որ ստացվում է:
Երազում է երեխաներին երջանիկ տեսնել, երկնիքը՝ խաղաղ, պետությունը՝ բարգավաճ:
Կարդացեք նաև՝
Գոռ Հակոբյան. Բրյուսովի բակում հարսնացուի սպասողը
Լիզա Գրիգորյան. Նորքի անտառով համալսարան գնացողը
Լուսինե Աբգարյան. աստղերին նայելով քայլողը