• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
18 Փտր 2022

Գրություն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին

Հարգելի՛ խորհուրդ,

Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիո­կայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»  հաղորդաշարին  տված հար­ցազրույցներում (հղումը համապատասխանաբար՝ https://factor.am/474642.html և հttps://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=479653063738053) ՀՀ արդա­րադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախ­տելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնա­վո­րապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցու­ցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվա­ծութ­յուն,  հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատա­վոր­ներին վիրավորող և պիտակավորող, դա­տական իշխա­նութ­յան հեղի­նա­կությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձա­գանքի:

Սույն նամակով անդրադառնալով նախարարի՝ իրեն վայել վարքագիծ դրսևորելու պար­տականությանը, գտնում եմ, որ տվյալ հար­ցում ասելիք և անելիքներ ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների տիրույթում:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

  1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրութ­յամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբա­ղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղա­քական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:

2. Պետական քաղաքական պաշտոններն են (…) նախարարների (…) պաշ­տոնները:

(…):

4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահ­մանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հան­րապետության այլ օրենքներով։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.

4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքե­րում` նաև հայտարարագիր ներկայացնելը.

(…)»:

Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևո­րում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հարգում են իրենց (…) գործընկերների (…) արժանապատվությունը»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիա­­զորություններն իրականացնելիս դրսևորում են անկողմնակալություն՝ բացա­ռե­լով որևէ խտրականություն:

2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապա­տաս­խան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է: (…)»:

Նույն օրենքի 27.1.-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևո­րել քաղաքական զսպվածություն։

2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։

Քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի իրավաչափ վարքագիծը և ծառայողա­կան պարտա­կա­նութ­յունների պատշաճ կատարումը կանոնակարգող վերոնշյալ իրավական նորմերի համատեքստում` ուսումնասիրելով նախարար Կ.Անդրեասյանի վերոնշյալ ելույթները, գտնում եմ, որ դրանցում առկա մի շարք ձևակերպումներ նսեմացնում են դատարանների և դա­տավորների արժանապատ­վությունը, ընդհանուր խոսքի մեջ օգտագործված պիտա­կա­վորումները, անվանար­կումները, դատավորների դասա­կար­գումները և այդ դասա­կարգման չափանիշները զուրկ են բարեկրթության տարրական կանոններից, վայել չեն պետական, հատ­կապես՝ արդարադատության նախա­րարի պաշտոնը զբաղեցնող հանրային ծառա­յողին, այն աստիճան քաղաքականացված են, որ կասկա­ծի տակ է դնում նախա­րար Կ.Անդրեասյանի կողմից ի պաշտոնե մատուցվող հանրային ծառայության անկողմնակա­լությունը:

Ավելին, դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այնքանով որքանով նույնիսկ ողջամիտ կասկածի առկա­յությունը չի կարող վկայել դատավորին կալանավորելու վերաբերյալ կայացված որոշման օրի­նական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին:

Գտնում եմ նաև, որ նախարարի ելույթներում հնչեցված առանձին մտքերը հակասում են «Դատական օրենսգիրք» սահ­մանադրական օրենքի պահանջներին։

Մասնավորապես, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մար­մին է, որը Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված լիազորութ­յուններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավոր­նե­րի անկախությունը»:

Նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորին և Բարձ­րագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատ­վութ­յան ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազո­րութ­յուն­ները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կա­պակ­ցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համա­ձայն՝

«1. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիա­զորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրա­կանացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մար­միններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվե­տու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահ­մա­նադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնա­հատելով իր ներքին համոզմամբ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

4. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիա­զորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրա­կանացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առա­ջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիա­զորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրա­կանացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դա­տավորի հայտարարության հիման վրա Բարձ­րագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթար­կելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկ­ված միջո­ցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին:

6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի ձեռ­նարկած միջոցառումների, ինչպես նաև ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնար­կելու կապակցությամբ հանդես գալու պաշտոնական հայ­տարարությամբ:

(…)»:

Տվյալ դեպքում նախարարը, որպես պաշտոնատար անձ, պարտավոր էր և պար­տավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտան­գել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատա­վոր­ների անկախությունը, ի թիվս այլնի, նաև ընթացիկ կար­գապահական վա­րույ­թ­ների շրջանակներում:

Մինչդեռ,  հրապարակային այնպիսի արտահայտությունները, որպիսիք են՝ կար­գապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքներով պայմա­նավորված՝ ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ հիասթափություն հայտնելը, ԲԴԽ-ի կողմից իր բար­ձունքում երբեմն չգտնվելու վերաբերյալ պնդումները, ԲԴԽ անդամներին ազնիվի և ոչ այնքան ազնիվի, լավ կամ վատ դատավորների դասակարգելը, իր միջնորդություն­ներին դեմ քվերակած ԲԴԽ անդամներին դատավորական կլան անվանելը, իր միջ­նորդություն­ներին դեմ քվեարկած դատավորների շրջանակը պարզելու և դրա պատ­ճառ­ները բացահայտելու ցանկություն հայտնելը, իր «հիմնավոր» միջնորդութ­յուն­ները մերժելու մասին ԲԴԽ որոշումների հետ չհամակերպվելը՝ դրանց  անբողո­քարկելի լինելու պայմաններում, Հայաստանում վեթինգի իրականացման ձգձգումը իր ներկայացրած միջնորդություն­ները ԲԴԽ կողմից համատարած չբավարարելու հանգամանքով պայմանավորելը, որոնք արվել են և արվում են պետա­կան բարձր­աստիճան այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին արդարադատության նախա­րարն է, ԲԴԽ-ում քննվող ընթացիկ կարգա­պահական վարույթների տեսանկյունով բովանդակում են ԲԴԽ անդամ­ների գործու­նեությանը ոչ իրավաչափ միջամտության տար­րեր, որն առհասարակ անհամատեղելի է անկախ դատարանի և արդարադա­տութ­յան գաղափարների հետ:

Վերոգրյալների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդին առաջար­կում եմ միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել  վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթար­կելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վար­քագիծը:

 

Հարգանքով՝                   ՀՀ Դատավորների միության նախագահ   Ա. Ազարյան

17 Փտր 2022

Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին հրամանագիր է ստորագրել համաձայն որի՝ Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 11-ի ԲԴԽ-17-Ո-25 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. 
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

16 Փտր 2022

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

IMG 5476

Տեղեկացնում ենք, որ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի 2022 թվականի փետրվարի 1-ի թիվ 09 Ա հրամանի հավելվածի հիման վրա վերստին ընդգրկվել է ՀՀ ԲՈԿ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում (հղումը`https://www.bok.am/sites/default/files/2022-02/%D5%80%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%E2%80%94%D5%80%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A1%D5%AE%E2%80%94%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6.pdf  ):

05 Փտր 2022

Էլեոնորա Առաքելյանը կիրականացնի ՀՀ Դատավորների միության մամուլի քարտուղարի պարտականությունները

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ Դատավորների միության մամուլի քարտուղարի պարտականություններն այսուհետ կիրականացնի Էլեոնորա Առաքելյանը:

ՀՀ Դատավորների միության գործունեության հետ կապված հարցերի դեպքում լրատվամիջոցների ներկայացուցիչները Է. Առաքելյանի հետ կարող են կապ հաստատել 099 60 40 61 հեռախոսահամարով:

04 Փտր 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝

Նապոլեոն Օհանյան

Անահիտ Թումանյան

Ռոմեն Ահարոնյան

Աշոտ Հովհաննիսյան

Կարապետ Բադալյան

Էմին Աբգարյան

Լուսինե Սեփխանյան

Գնել Գասպարյան

 

 

 

03 Փտր 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան) քննվել է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործը, որի շրջանակում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին որոշումները, ինչպես նաև նույն ընտրություններում ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին: ՀՀ վարչական դատարանը 21.12.2021թ. կայացրած և հրապարակված վճռով «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերոնշյալ պահանջով հայցը մերժել է, որպիսի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.01.2022թ. որոշմամբ մերժվել է:

Ըստ դատավոր Դանիել Դանիելյանից ստացած տեղեկությունների, նույն օրը՝ 07.01.2022թ., ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից: Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ որ դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

Նկատի ունենալով, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը հիմնված չէ իրավական որևէ նորմի կամ նույնիսկ իրավական տրամաբանության վրա, հաշվի առնելով, որ դատական կոլեգիալ կազմի մյուս անդամներից մեկի կողմից դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակելու արդյունքում ոչ միայն չի խախտվել որևէ իրավական նորմ, այլև դա չի առաջացրել ոչ մի իրավական կամ փաստական ազդեցություն դատավարության մասնակիցների կամ հանրության համար (կարևորն այն է, որ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դանիել Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով), դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տարակուսանք է առաջացնում դատավորներիս մոտ: Թեև ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը ինքնին իրավական հետևանքներ չի առաջացնում, քանի որ վերջնական որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, նման հիմքով կարգապահական վարույթ հարուցելը և դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնելը խիստ մտահոգիչ է և մեր կողմից դիտարկվում է որպես ճնշման փորձ: Նման գործելաոճով ՀՀ արդարադատության նախարարը փաստացի կարող է ցանկացած դատավորի նկատմամբ, ցանկացած գործով, ցանկացած դատավարական ակտի վերաբերյալ միջնորդություն հարուցել և դատավորին ստիպել, որպեսզի վերջինս իր ամենօրյա ծանրաբեռնված աշխատանք իրականացնելու փոխարեն ներկայացնի գրավոր բացատրություններ, ներկայանա Բարձրագույն դատական խորհրդի նիստերին և անցնի ավելորդ ապրումների միջով, որոնք միայն կխոչընդոտեն իր բուն առաքելությանը:

Վերոգրյալի արդյունքում արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը և ակնկալում ենք, որ հետայսու ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տեղի կունենա բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված ծայրահեղ դեպքերում և միայն ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում:

ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝

Գրիգոր Առաքելյան

Կարեն Զարիկյան

Աղասի Դարբինյան

Ռուզաննա Ազրոյան

Գևորգ Սոսյան

Արթուր Ավագյան

Ալեքսանդրա Հարությունյան

Ելենա Առաքելյան

Ռաֆիկ Խանդանյան

Արգիշտի Ղազարյան

Մհեր Պետրոսյան

Վարազդատ Միքաելյան

Մերի Համբարձումյան

Սամվել Հովակիմյան

Արմեն Ներսիսյան

Հրաչ Այվազյան

Միքայել Մելքումյան

Ռոբերտ Մաքեյան

Անի Հարությունյան

Արկադի Մկրտչյան

Այլ հոդվածներ …

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  • ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ