• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
24 Օգս 2022

Դատական համակարգում վիճակը հուսադրող չէ, խնդիրները բազմաթիվ են, չկա կամք և կամահայտնություն՝ դրանք լուծելու համար. դատավոր Ուլիխանյան

Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, լուծումները չկան, չկա կամք և կամահայտնություն լուծելու առկա խնդիրները, քանի որ դրանք լուծելը պահանջում են մեծ ջանքեր, ժամանակ, ռեսուրս, հետևողականություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը։ -Տիկին Ուլիխանյան, ինչպե՞ս կբնորոշեք դատական համակարգում առկա վիճակը։

-Դատական համակարգում առկա վիճակը, կարծում եմ, կարելի է բնորոշել ոչ հուսադրող, խնդիրները բազմաթիվ են, լուծումները չկան, չկա կամք և կամահայտնություն լուծելու առկա խնդիրները, քանի որ դրանք լուծելը պահանջում են մեծ ջանքեր, ժամանակ, ռեսուրս, հետևողականություն։ Առանձին դատավորների և դատավորների խմբի կողմից մշակվել են բազմաթիվ օրենսդրական նախագծեր, մշակվեց նույնիսկ ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարություն, սակայն դրանք այդպես էլ մնացել են անկատար։

-Պարբերաբար իրականացվում են դատական բարեփոխումներ, փոփոխում կառուցվածքը դատարանների, մեկ անցում կատարում մասնագիտացված դատարաններին, մեկ երկաստիճան կամ եռաստիճան դատարանների, բայց դատարանների նկատմամբ վստահությունը չի աճում, դժգոհություններ միշտ կան ու կան։ Ավելին, վերջերս, կներեք, ձեւակերպման համար, նաև շատ ցցուն ու ցինիկ խախտումներ են լինում։

–Ես համամիտ չեմ Ձեզ հետ այն առումով, որ եթե դատարաններին չեն վստահում, ապա ինչու են օրեցօր ավելանում դատարաններում քննվող գործերի քանակը։ Կարծում եմ դատարանների նկատմամբ վստահության աստիճանը ստուգելու համար պատահական հարցումներ անցկացնելու փոխարեն պետք է դրանք իրականացնել նպատակային, այսինքն՝ նախ պետք է պարզել արդյոք հարցվողը երբևէ առնչվել է դատարանների հետ, եթե առնչվել է, ապա ինչ արդյունք է դա ունեցել և ինչով է պայմանավորված իր չվստահելը, քանի որ շատ հաճախ դատարանների չվստահելու վերաբերյալ դիրքորոշում են հայտնում քաղաքացիներ, ովքեր առհասարակ չեն առնչվել դատարանների հետ, չեն ունեցել վեճ դատարանում և միայն հիմնվելով կողմի կարծիքների վրա՝ դիրքորոշում են հայտնում, ինչը, կարծում եմ, չի արտացոլում իրական պատկերը։

Ավելին, դատական իշխանությունը հանդիսանում է պետական իշխանության մի թևը և դատական իշխանության աշխատանքին աջակցելու, սոցիալական, նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովելու, դատական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար ստեղծվել են և գործում են մի շարք պետական մարմիններ, ուստի կարծում եմ քաղաքացիների դժգոհության հասցեատերը միշտ չէ, որ դատարանն է, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում՝ խիստ սահմանափակ ռեսուրսների առկայության պատճառով։

Ինչ վերաբերում է Ձեր նշած «շատ ցցուն ու ցինիկ խախտումներ»–ին, ես այդպիսիք չգիտեմ և չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել

- Բավական մեծ է քաղաքացիների դժգոհությունը դատական համակարգից, մասնավորապես՝ խնդիրը միայն դատական ակտերի որակը չէ, այլ նաև ձգձգումները։ Տարիներ են տևում անգամ պարզ քաղաքացիական գործերով։

–Քաղաքացիները բնականաբար դժգոհում են գործերի քննության ժամկետներից, բայց դրանք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Բոլորովին վերջերս մենք՝ դատավորներս, իրականացրինք մի հետազոտություն՝ կապված գործերի քննության ժամկետների հետ:  Միջին բարդության գործերով, որոնք ենթակա են քննության պարզեցված վարույթի կարգով կամ շատ պարզ քաղաքացիական գործեր են, օրինակ՝ ամուսնալուծություն,  նույնիսկ զուտ գործի նյութերին ծանոթանալու և վարույթի կամ վերադարձի հարցը լուծելու համար դատավորներից պահանջվում են ամիսներ, ես չեմ խոսում արդեն ավելի բարդ, բազմահատոր գործերի մասին, որոնք քննվում են ընդհանուր հայցային վարույթի կարգով։  Ընդունում եմ, որ քաղաքացուն չի հետաքրքրում իմ ծանրաբեռնված լինելը, բայց ցավում եմ, որ դա չի հետաքրքրում նաև իմ պետությանը, հարուցվում են կարգապահական վարույթներ գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հիմքով, մինչդեռ պետք է հասկանալ ինչն է խնդիրը, երբ համատարած խախտվում են գործերի քննության ողջամիտ ժամկետները։ Այդ խախտումները հետևանք են, մինչդեռ պետք է պարզել դրանց պատճառը և աշխատել այդ ուղղությամբ։

Բացի այդ, քաղաքացիների դժգոհությունն ունի նաև սուբյեկտիվ կողմ, քաղաքացիական դատավարությունում որպես կանոն միշտ մի կողմը դժգոհ է, ուստի պետք է դա ևս հաշվի առնել։

- Դուք, իհարկե, կարող եք պատճառաբանել դատավորների ծանրաբեռնվածությունը, բայց քաղաքացին մեղավոր չէ՝ օրինակ՝ գույքային վեճ ունենալու դեպքում դատական նիստերը ձգձգվում են, ինչը նաև լրացուցիչ ծախսեր է կողմերի համար ու փաստացի դատարանը դառնում է անմատչելի, դատական արդարադատությունը՝ անիրատեսական։

–«Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» արտահայտությունը շատ արդիական է, բայց կարծում եմ չի կարելի ամբողջ մեղքը բարդել համակարգի վրա, քիչ չեն դեպքերը, երբ գործի քննությունը ձգձգվում է հենց կողմերի անբարեխիղճ վարքագծի հետևանքով, իսկ նման դեպքերում դատարանի լծակներն այնքան էլ շատ չեն ազդելու կողմի վարքագծի վրա, իսկ երբեմն էլ դրանք չեն տալիս ցանկալի արդյունք։ Դուք նշում եք, որ գործի քննության ժամկետների ձգձգումը լրացուցիչ ծախսեր է առաջացնում քաղաքացիների համար, սակայն դա լրացուցիչ ծախս է նաև պետության համար, քանի որ ամեն դատական նիստով իրականացվում են ծանուցումներ, դատավարական որոշակի գործողություններ, դա ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է դատական համակարգի և պետության համար։

 - Մեկ այլ խնդիր է նաեւ դատավորների վարքագիծը. էապես տարբեր են հանրային հնչեղություն ունեցող եւ ոչ հանրային գործերով դատավարությունները. հաճախ դրանք արվում են «տնավարի»։ Համաձայնեք, որ սա արդեն ծանրաբեռնվածության խնդիր չէ։

-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ։ Ինչպես Դուք նշեցիք, հանրային հնչեղություն ունեցող գործերով որպես կանոն մասնակցում են բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող փաստաբաններ, ովքեր տիրապետում են մասնագիտական լեզվին, և դատարանն այլևս կարիք չունի կողմին բացատրելու այս կամ այն դատավարական գործողության բնույթը, դատական նիստի կարգը։ Մինչդեռ ոչ հանրային գործերով հաճախ քաղաքացիները հանդես են գալիս անձամբ, չեն տիրապետում իրենց իրավունքներին և առավել ևս իրավագիտության տերմիններին, դատարանը պետք է նրանց համար մատչելի լեզվով բացատրի, թե գործի քննության որ փուլում է գտնվում դատարանը, ինչ է այն իրենից ներկայացնում և ինչ դատավարական գործողություններ պետք է կատարվեն այդ փուլի ընթացքում։ Առհասարակ իրավաբանական տերմինաբանությունը բարդ է հասկանալ ոչ մասնագետին, ինչն էլ երբեմն պայմանավորում է դատավորի վարքագիծը դատական նիստերի ընթացքում։

12 Օգս 2022

Մարինե Մելքոնյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 12-ի հրամանագրով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նոր դատավոր է նշանակվել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 4-ի ԲԴԽ-76-Ո-250 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

09 Օգս 2022

Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 8-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանը նշանակվել են վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ:

Սարգիս Դադոյանը, Վարդգես Սարգսյանը և Վահե Դոլմազյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորներ, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը՝ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:

08 Օգս 2022

Մխիթար Պապոյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 8-ի հրամանագրով Մխիթար Պապոյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

Նախագահի հրամանագրում ասվում է.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին նշանակել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով

08 Օգս 2022

Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 8-ի հրամանագրով Տարոն Նազարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-241 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանին նշանակել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է հրամանագրում:

02 Օգս 2022

Վերաքննիչ քրեական, հակակոռուցպիոն և Գեղարքունիքի դատարաններում նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 1-ի հրամանագրերով վերաքննիչ քրեական, հակակոռուցպիոն և Գեղարքունիքի դատարաններում նոր դատավորներ են նշանակվել:

Այսպիսով, Կարեն Ամիրյանը և Արմեն Հովհաննիսյանը նշանակվել են վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ:

Գիվի Հովհաննիսյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Արշակ Հարությունյանը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ հոդվածներ …

  • Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը
  • Դատավորներ են նշանակվել
  • ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը
  • Մի վայրկյան չի եղել, որ փոշմանեմ դատավորի մասնագիտությունն ընտրելու համար․ Արթուր Ստեփանյան
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ