• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
27 Հլս 2022

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր:

Քվեարկության արդյունքներով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը 84 կողմ ձայնով ընտրվեց ԲԴԽ դատավոր անդամ:

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է դատավոր Նաիրա Հովսեփյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

27 Հլս 2022

Մի վայրկյան չի եղել, որ փոշմանեմ դատավորի մասնագիտությունն ընտրելու համար․ Արթուր Ստեփանյան

Արթուր Ստեփանյանը դատական համակարգում է 2005 թվականից։ Դատավորը 2018 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում, իսկ 2022թ-ի հունվարին ընտրվել է Դատավորների միության փոխնախագահ։

Իրավաբան․net-ի` «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում դատավորն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը, ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը և այլ հարցերի։

-Պարոն Ստեփանյան, արդեն երկար տարիներ է՝ դատական համակարգում եք։ Սկզբում որպես դատավորի օգնական, այնուհետև՝ որպես դատավոր։ Ինչպիսի՞ էվոլյուցիա է ապրել դատական համակարգը 2005-ից ի վեր։

-Իմ ամբողջ աշխատանքային կյանքը, 20 տարեկանից սկսած, անցել է դատարանում, դատական համակարգում։ Բավականին մեծ էվոլյուցիա է ապրել։ Օրինակ՝ տեխնիկական հագեցվածության մասով, դատական նիստերը չէին ձայնագրառվում։ Բացի այդ, օրենսդրական հսկայածավալ փոփոխություններ են եղել, մասնագիտացված դատարաններ են ստեղծվել, դատական համակարգը բավական մեծ զարգացում է ապրել և դրան զուգահեռ զարգացում է ապրել նաև փաստաբանական համայնքը։

-Այդ զարգացումը բավարար համարո՞ւմ եք միջազգային չափանիշներով ։

-Ես մի քիչ խիստ եմ, այդ թվում՝ իմ նկատմամբ։ Միշտ մտածում եմ, որ կարող էր ավելի լավը լինել։ Մասնավորապես, ԱՄՆ-ում դատավորի, դատարանի հանդեպ անսահման վստահություն կա։ Մի անգամ դատական նիստի էինք մասնակցում Միացյալ Նահանգներում, դատավորը իրենց կարգի համաձայն առանց խորհրդակցական սենյակ գնալու անձին դատապարտեց ազատազրկման, հետո հարցրեց՝ բողոքարկելո՞ւ ես։ Ասաց՝ ոչ, շնորհակալություն, ցտեսություն, ու նրան տարան քրեակատարողական հիմնարկ։

Իմ ստացած տպավորությամբ՝ եվրոպական երկրներում անսահման վստահություն կա դատական իշխանության նկատմամբ։ Մեզ մոտ այդ չափով վստահություն չկա ո՛չ դատավորի, ո՛չ դատական իշխանության նկատմամբ։

Ինձ թվում է՝ պատճառներն այնքան էլ օբյեկտիվ չեն, ավելի շատ սուբյեկտիվ են։

-Դատավորների սոցիալական երաշխիքների մասին խոսելով որոշ դատավորներ նշում են, որ Հայաստանում դրանք բավարար չեն։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք։

-Պետք է նախ ճշտել՝ նման երաշխիքներ կա՞ն, թե՝ ոչ։ Դրանք աննշան են։ Դատավորի սոցիալական երաշխիքը կենսաթոշակն է, սակայն մեր մի շարք կոլեգաներ, ովքեր գնացին թոշակի, մեկ տարուց ավելի թոշակ չէին ստանում։ Դա նորմալ չի․ մանավանդ դատավորի համար, որը կաշկանդված է բիզնես գործունեությամբ, և բացի գիտա-մանկավարժական աշխատանքից չի կարող ուրիշ բանով զբաղվել։ Գնում է թոշակի ու մի տարի թոշակ չի ստանում։ Հիմա հարցը ինչ-որ չափով կարգավորվել է։ Մեկ էլ մի երաշխիք ունենք․ ինչպես բոլոր պետական աշխատողները, այնպես էլ մենք սոցիալական փաթեթ ունենք, ինչ-որ գումարի սահմաններում հանգիստն է։ Այլ սոցիալական երաշխիքի մասին ես չգիտեմ։

-Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք Դուք։

-Այս ոլորտում շատ բան կարելի է անել, սկսած առողջապահական ապահովագրությունից։ Թվում է՝ դատավորը ամբողջ օրը դատարանում, իր աշխատասենյակում փափուկ բազկաթոռին նստած է, բայց շատ ծանր աշխատանք է կատարում։ Ամեն օր մի քանի դատական ակտ, մի քանի տասնյակ դատական նիստ, որոնք էականորեն իրարից տարբեր են․․․ հեշտ չի։ Բնականաբար դա դրական ազդեցություն չի ունենում առողջության վրա։

Բացի այդ, հանգստի և սպորտի հետ կապված փաթեթներ կարելի էր տրամադրել ինչպես դատավորին, այնպես էլ նրա ընտանիքի անդամներին։ Դատավորի երեխաների ուսումնառության հետ կապված կարելի է փաթեթներ մշակել։

-Պարոն Ստեփանյան, չենք կարող չխոսել վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցող գործընթացների մասին։ Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությունը: Այն հրապարակելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում էր համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի: Ի՞նչ տպավորություն ունեք հրապարակված ձայնգրությունից։

-Արձագանքս հակիրճ կլինի։ Պարոն Վարդազարյանը և Ջհանգիրյանը իրենց կարծիքը հրապարակել են ձայնագրության վերաբերյալ։ Մամուլից տեղեկացա, որ քրեական գործ է հարուցվել, անձինք են հարցաքննվել, թե ինչ ընթացք է այն ստացել՝ չգիտեմ։ Այս ամենը օրենսդրական իմաստով ինձ կաշկանդում է կարծիք, դիրքորոշում արտահայտելու համար։ Զուտ զգացողության առումով՝ թե՛ ձայնագրության առկայությունը, թե՛ հրապարակումը, թե՛ բովանդակությունը ինձ համար հաճելի չէր։

-Հիասթափություն չկա՞ր մասնագիտությունից։

-Մի բան պատմեմ․ երեկ երեկոյան մեքենաս անսարք էր, օգնականիս խնդրեցի՝ իջեցներ Կենտրոն։ Երիտասարդ տղա է, ինքն էլ է ապագայում ցանկանում դատավոր դառնալ։ Ինձ մի հարց տվեց․ ասաց՝ պարոն Ստեփանյան, այսքան ժամանակ եղել է, որ փոշմանել եք, որ դատավոր եք դարձել։ Ասացի՝ մի վայրկյան չի եղել։ Այս դեպքում էլ, մի վայրկյան չեն փոշմանել։

-Ի՞նչ ազդեցություն այն կունենա հրապարակված գաղտնի ձայնագրությունը դատական համակարգի հետագա գործունեության վրա։

-Չեմ կարող ասել, դա ժամանակը ցույց կտա։ Միգուցե ընդհանրապես ազդեցություն չունենա, միգուցե՝ վնասի դատական իշխանությանը։

-Ի՞նչ կասեք Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին։ 4 տարուց ավելի է՝ խորհուրդը գործում է։ Դատավորների, դատական իշխանության համար զգալի փոփոխություններ կա՞ն։

-ԲԴԽ-ն ունի 5 դատավոր անդամ, 5 իրավաբան-գիտնական անդամ։ Այս 4 տարվա ընթացքում ավելի քան 10 անդամի լիազորություններ դադարեցվել են, սակայն որևէ մեկինը պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված չի եղել։ Բացի այդ, այս պահի դրության խորհրդի 4 ղեկավար է փոխվել։ Իմ կարծիքով՝ այդ հանգամանքները չեն նպաստում նոր ստեղծված սահմանադրական մարմնի բարենպաստ ու արագ կայացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://iravaban.net/392215.html

Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի

22 Հլս 2022

Դատավորների միության փոխնախագահը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

 

Հուլիսի 22-ին Դատավորների միության փոխնախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքի վարչարարության, տեսչության, առողջության և անվտանգության ավագ մասնագետ Անտոնիո Սանտոսին և «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանքային իրավունքի վերաբերյալ վավերացված միջազգային պայմանագրերի կիրառելությանը, հայաստանյան և միջազգային փորձին, ինչպես նաև՝ աշխատանքային վեճերի լուծման արտադատական այլընտրանքային տարբերակներին:

Միության փոխնախագահը կարևորել է համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել ոլորտին առնչվող աշխատանքների կատարմանը:

02 Հլս 2022

Վճռաբեկ դատարանում դատավորներ են նշանակվել

 

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին հրամանագրեր է ստորագրել Վճռաբեկ դատարանում դատավորներ նշանակելու վերաբերյալ:

Մասնավորապես, Սերգեյ Չիչոյանը, Կարեն Բիշարյանը և Արտակ Կրկյաշարյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:

Գևորգ Գյոզալյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Արթուր Դավթյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ:

Իսկ Քրիստինե Մկոյանը, Լիանա Հակոբյանը և Արծրուն Միրզոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ:

01 Հլս 2022

Դատավորների միությունը շնորհավորում է ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ դատախազներ և դատախազության հարգելի՛ աշխատակիցներ

Դատավորների միությունը շնորհավորում է մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Մաղթում ենք, որպեսզի մասնագիտական դժվարին ուղին անցնեք պատասխանատվությամբ, պատվախնդրությամբ և նվիրվածությամբ, որի գնահատանքը կլինի՝ իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության բարձրացումը:

14 Հնս 2022

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 13-ին հրամանագիր է ստորագրել Սամվել Յուզբաշյանին դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 9-ի ԲԴԽ-58-Ո-152 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել Յուզբաշյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

Այլ հոդվածներ …

  • Դատավոր Լիզա Գրիգորյանը Պորտուգալիայում մասնակցել է Դատավորների միջազգային միության ռեգիոնալ խմբի Դատավորների եվրոպական միության ժողովին
  • Հայտարարություն
  • ՀՀ մարզերում նոր դատավորներ են նշանակվել
  • ՀՀ դատավորների միության 25-ամյակը լուսանկարներով
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ