Փորձագիտական կառույցների լավ աշխատանքը կարող է աննախադեպ բարձր մակարդակի հասցնել քրեական արդարադատության արդյունավետության գործակիցը ՀՀ-ում․ Վահե Ենգիբարյան
Փորձագիտական ոլորտի ինստիտուցիոնալ օրենսդրական կարգավորման հարցը կարծես թե աչքաթող է արվել, ինչն իրեն զգացնել է տալիս պրակտիկայում։ Այս կարծիքին է կրիմինալիստիկայի բնագավառում իրավաբանական գիտությունների միակ դոկտոր, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը։
2001 թ.-ից Ենգիբարյանը դասավանդում է ինչպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, այնպես էլ ՀՀ Արդարադատության և Փաստաբանական ակադեմիաներում, Ոստիկանության կրթահամալիրում, ինչպես նաև մի շարք այլ իրավաբանական բուհերում: Միաժամանակ հանդիսանում է ՀՀ դատավորների միության գործադիր տնօրենը, «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրը, հեղինակել է 200-ից ավելի գիտական աշխատանքներ, այդ թվում 8 մենագրություն, մեկ բուհական դասագիրք:
Նա մեկ տասնյակից ավելի գերատեսչական մեդալների ու բազմաթիվ պատվոգրերի է արժանացել, ավելի քան 15 տարի Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ է, ինչպես նաև՝ Հայաստանի քննչական մարմինների, փորձագետների որակավորման հանձնաժողովների անդամ:
Iravaban.net-ի «Իրավաբան գիտնականներ» շարքի շրջանակներում Վահե Ենգիբարյանի հետ խոսել ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների, Քրեական օրենսգրքում տեղ գտած նոր հանցակազմերի և ՀՀ-ում փորձագիտական համայնքի խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։
–Պարոն Ենգիբարյան, Քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվել է, որ «ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները կարող են պահանջվել հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ»։ Սա հաղորդակցության գաղտնիության իրավունքի խախտում համարվել չի՞ կարող, հարցը կարո՞ղ է դառնալ սահմանադրական արդարադատության քննարկման առարկա։
-Այստեղ գործ ունենք Քրեական դատավարության հարցերից հարցի հետ․ այն է՝ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռում։ Ցանկացած իրավակարգավորման մեջ պետք է գտնել ողջամիտը և ռացիոնալ հատիկը, որը թույլ կտա բալանսավորել հանրային և մասնավոր շահերը։ Օրինակ՝ գաղտնի քննչական գործողությունների համար, սահմանվել է դրանց դատական սանկցավորման կարգ։ Այսինքն, գաղտնի քննչական գործողությունը, որն իրենից ենթադրում է միջամտություն անձի կոնվենցիոն ու սահմանադրական իրավունքներին առանց դատարանի թույլտվության չի կարող իրականացվել, ինչն իրենից ներկայացնում է իրավաչափության ապահովման լուրջ երաշխիք։
Այս դեպքում մենք գործ ունենք դատախազական հսկողության հետ, քննիչն այս դեպքում ինքնուրույն որոշում չի ընդունում։ Ընդ որում, այդ որոշումն էլ կարող է ընդհանուր կարգով բողոքարկվել վերադաս դատախազին, ինչպես նաև դատական կարգով վիճարկվել։
Բայց այդ, այստեղ քննիչի կողմից անձնական բնույթի տվյալներ են պահանջվելու, ոչ թե ուղղակիորեն միջամտություն է տեղի ունենում նրանց անձնական կյանքին, դրանք տարբեր հասկացողություններ են։ Ընդ որում, պետք չէ բացառել, որ նման տվյալների ստանալը քննության համատեքստում կարող է բարենպաստ դեր խաղալ հենց այն անձի համար, ում վերաբերյալ տվյալները պահանջվում են։
-Քրեական դատավարության նոր օրենսգրքով փոփոխություններ են կատարվել նաև փորձաքննությունների անցկացման բնագավառում։
-Ընդհանուր առմամբ՝ հայեցակարգային մոտեցումն է փոխվել։ Եթե նախկին օրենսդրությամբ փորձաքննություն նշանակելը և կատարելն ի թիվս այլոց, նախատեսված էր որպես առանձին քննչական գործողություն, ապա գործող օրենսդրությամբ այն նախատեսված է որպես առանձին ապացուցողական գործողություն՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։
Կարևոր փոփոխություններից է նաև մասնագետի ինստիտուտից կամ համենայն դեպս այդ հասկացությունից հրաժարումը։ Նախկինում պետք է ունենայինք մասնագետ, որը պետք է բավարար մասնագիտական գիտելիքների տիրապետեր և ներգրավվում էր վարույթ՝ վարույթն իրականացնող մարմնին աջակցելու համար, իսկ փորձագետը հատուկ գիտելիքներով օժտված անձն էր, ով կատարում էր փորձաքննություն։ Նոր օրենսդրությունը ընդունել է եվրոպական երկրների մոդելը, որով օգտագործվում է միայն փորձագետ հավաքական հասկացությունը՝ նկատի ունենալով ինչպես հատուկ գիտելիքների կիրառմամբ փորձաքննություն կատարելու, այնպես էլ հմտությունների կիրառմամբ վարույթային գործողություններին աջակցություն ցույց տալու հնարավորությունը:
Մյուս կարևոր փոփոխությունը, որը կատարվեց այս համատեքստում, դա հատուկ գիտելիքների կիրառման բնագավառների նախկինում գոյություն ունցող սպառիչ ցանկի վերացումն էր։ Նախկինում փորձաքննություն կարող էր կատարվել 4 բնագավառներում․ գիտություն, տեխնիկա, արհեստ, արվեստ։ Ներկայումս ձևակերպման մեջ ավելացվել է նաև «այլ բնագավառներ» արտահայտությունը, ինչը բնավ պայմանավորված է 21-րդ դարում՝ ՏՏ ոլորտի աննախադեպ տեմպերով զարգացման, ժամանակակից գիտական տարբեր ուղղությունների դիվերսիֆիկացման և այլ հանգամանքներով։ Օրինակ՝ սպորտն այդ 4 բնագավառներից ոչ մեկում չէր տեղավորվում։ Ստացվում է, որ եթե սպորտի բնագավառում փորձաքննության անհրաժեշտություն առաջանար, ապա դրա հնարավորությունը օրենսդրությունը չէր տալիս։ Այս խնդիրը վերացվեց։
Ի թիվս փորձագետի եզրակացության, արդեն ապացույցի առանձին տեսակներ են համարվում փորձագետի կարծիքը և փորձագետի ցուցմունքները։ Նախկինում օրենսդրությունը փորձագետին հարցաքննության հնարավորություն էր նախատեսում, սակայն փորձագետի ցուցմունքները ապացույցի առանձին տեսակ չէին համարվում։
Միաժամանակ, փորձագետի եզրակացությունից բացի որպես առանձին ապացույց նախատեսվել է նաև փորձագետի կարծիքը։ Սա ընդհանուր առմամբ վարույթի մասնավոր մասնակցի համար մրցակցության սկզբունքից օգտվելու հնարավորություն է տալիս։ Փորձագետի կարծիք վարույթն իրականացնող մարմինը չի կարող ներկայացնել, դա կարող է ներկայացնել միայն վարույթի մասնավոր մասնակիցը, ընդ որում՝ որը փորձագետի կողմից տրվում է առանց գործի նյութերը ուսումնասիրելու։
–Պարոն Ենգիբարյան, ինչպե՞ս եք գնահատում քրեական արդարադատության իրականացման արդյունքները ՀՀ-ում։
-Ընդհանրական գնահատական չեմ ուզում տալ, սակայն ուզում եմ խոսել փորձագիտական կառույցների մասին, որոնց աշխատանքը կարող է ինչպես խարխլել, այնպես էլ՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնել քրեական արդարադատության արդյունավետության գործակիցը ՀՀ-ում։
Ոլորտի ինստիտուցիոնալ օրենսդրական կարգավորման հարցը կարծես թե աչքաթող է արվել, ինչն իրեն զգացնել է տալիս պրակտիկա։ Մենք գիտենք, որ շատ դեպքերում քրեական վարույթների ժամկետների ողջամտությունը չի պահպանվում, որովհետև փորձագիտական եզրակացություներն ուշանում են, իսկ դա լավ օրից չէ։ Դեռևս 2006-ից մշակվում էր փորձագիտական ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծերի փաթեթներ, իսկ 2007-ին էլ փորձագիտական գործունեության իրավական կարգավորման ու հեռանկարային զարգացման վերաբերյալ հայեցակարգ ընդունվեց, 2014-ին փորձեր արվեցին առանձին օրենքների նախագծեր մշակել, սակայն հետագայում այդ գործընթացն առկախվեց։ Առ այսօր չունենք «մայր» օրենք, որը համապարփակ կկարգավորի փորձագիտական գործունեությունը։
Բացի դրանից, եթե մենք ուզում ենք խրախուսել փորձագիտական համայնքին, պետք է նրանց գործունեության համար սոցիալական և իրավական երաշխիքներ ստեղծենք։ Այսօր այդպիսի երաշխիքները հիմնարկների ներքին իրավական ակտերով է կարգավորվում։
Կարծում եմ պետք է ունենանք մի մարմին, որտեղ փորձագետները կկարողանան հավատարմագրվել և կարողանան փորձագիտական հիմնարկներից դուրս, հանդես գալ որպես անկախ փորձագետ։ Նման մոտեցումը հնարավորություն կտա էականորեն կրճատել փորձաքննությունների կատարման ժամկետները՝ նկատի ունենալով ներակայումս փորձագիտական հիմնարկների որոշ ուղղություններով գերծանրաբեռնված աշխատանքը:
Մենք պետք է նաև փորձենք պատրաստել կրիմինալիստ կադրեր, որոնք աջակցություն կցուցաբերեն քննությանը և մասնագիտացված կլինեն թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Ապագայում թուղթն աստիճանաբար իր տեղը զիջելու է թվային մետատվյալներին։ Այս առումով լուրջ մարտահրավերների կարող ենք առերեսվել, քանի որ աշխարհը թվայնացման է գնում ու պետք է հետ չմնանք այդ գործընթացից։
-ՔԴՕ-ով վերացվեց նաև հետաքննության փուլը։ Ի՞նչ կտա այս փոփոխությունը։
-Սա հայեցակարգային փոփոխություններից մեկն էր։ Դրա հետ մեկտեղ վերացվեց նաև քրեական գործ հարուցելու հարցի որոշման փուլը։ Նախկինում ստուգողական գործողություններ էին կատարվում, հետո որոշվում էր՝ հարուցել քրեական գործը, թե ոչ, որից հետո կարող էր հետաքննություն կամ նախաքննություն կատարվեր։ Ընդ որում, 10-օրյա ժամկետը լրանալուց հետո կամ այդ ընթացքում հետաքննությանը կարող էր հաջորդել նախաքննությունը։
Շղթայում այլևս հետաքննության իրականացնող մարմին չունենք։ Այն սկսվում և ավարտվում է նախաքննությանը զուգահեռ։ Նախկինում մեկը պետք է ավարտվեր, մյուսը սկսեր։ Ֆորմալիստական առումով փոփոխությունը բավականին առաջընթաց քայլ է։ Ժամանակը ցույց կտա դրա արդյունավետությունը։
Օրենսգրքում կան ռիսկային ինստիտուտներ, որոնց ներդրումը, դեռևս պրակտիկայի քննությունը պետք է անցնի: Օրինակ՝ համագործակցության վարույթը, ցուցմունքի դեպոնացման, քրեական հայց հարուցելու ինստիտուտները։ Սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը ավելի առաջադեմ է։
-Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ուղղություններից մեկը քրեական ենթամշակույթի վերացումն էր, ինչի շրջանակներում էլ 2020թ․-ի փետրվարի 22-ին ուժի մեջ մտավ քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքը։ Ինչպե՞ս եք գնահատում 2 տարիների ընթացքում այս ուղղությամբ կատարված աշխատանքը, օրենսդրական բացեր կա՞ն օրենքում։
-Զերծ կմնամ քրեական ենթամշակույթի կամ այդ ենթամշակույթը կրող անձանց վերաբերյալ քրեական գործերի քրեաիրավական նկարագիրը մեկնաբանելուց։ Նման գործերի քննության ընթացքում բավականին բարդ իրավիճակ ենք ունենում։ Այստեղ մեղադրյալի աթոռին է մի անձ, որը, ի տարբերություն մյուս հանցավոր կերպարների, որոշակի ավանդույթների, սովորույթների հավատարիմ կրողն է, մասնակից է որոշակի մարգինալ միջավայրի։ Սա քննության համար հակազդեցություն ստեղծող գործոն է։ Օրինակ՝ ցուցմունք տալը նրանց համար չընդունված երևույթ է։ Վարույթ իրականացնող մարմնի առջև խնդիր է դրված փաստական տվյալ ստանալ այլ քննչական գործողությունների արդյունքում, որը այլ տեսակի գործերի քննության արդյունքում հնարավոր է չպահանջվի։
Վերջին մամուլի հաղորդագրությունները վկայում են, որ նմանատիպ գործերի քննության շարժընթացում դրական տեղաշարժ կա։
Նման օրենքի ընդունումը պետության իրավական և անվտանգային միջավայրի համար լրջագույն քայլ է։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք հաճախ նաև ներգրավված են լինում կազմակերպված հանցավորության մեջ։ Գտնում եմ, որ այս հարցին պետք էր ավելի վաղ անդրադառնալ։
-Ապօրինի հարստանալը՝ որպես հանցագործություն, Հայաստանի քրեական օրենսգրքում առկա է 2017-ից, սակայն մինչև այսօր չկա դատարանի կողմից ընդունված դատավճիռ։ Իրավապահ մարմիններն այս հոդվածով մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանք են առաջադրել, սակայն գործերի քննությունն առաջ չի գնում։ 2004 թ.-ից դասավանդում եք Արդարադատության ակադեմիայում։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը․ այս հանցակազմի հետ աշխատելու քննիչների փորձի, թե քաղաքական կամքի բացակայության։
-Վերապատրաստումները պարբերաբար բնույթ են կրում և կան, չեմ կարծում, որ դրանց պակասը սուր զգացվում է։ Ընդհանուր առմամբ, եթե հակակշռենք փոփոխությունների կատարման ինտենսիվությունը և մեր կոնտինգենտի յուրացումը, այստեղ դիսբալանս է առաջանում։ Տեխնիկապես, ֆիզիկապես, նյութապես հնարավոր չէ այդ ամբողջը միաժամանակ ու ողջ ծավալով անել։
Օրենսդրական բավականին լուրջ խոչընդոտներ ենք ունեցել, անընդհատ փոփոխություններ են կատարվում։ Գործնականում վարույթն իրականացնող մարմինները խորշերի են հանդիպում, որոնք հերթով փակվում են։ Պետք է ամփոփել պրակտիկան, ընտրել հայեցակարգային խնդիրները և օրենսդրական փոփոխություններ կատարել։