• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
27 Հլս 2022

Մի վայրկյան չի եղել, որ փոշմանեմ դատավորի մասնագիտությունն ընտրելու համար․ Արթուր Ստեփանյան

Արթուր Ստեփանյանը դատական համակարգում է 2005 թվականից։ Դատավորը 2018 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում, իսկ 2022թ-ի հունվարին ընտրվել է Դատավորների միության փոխնախագահ։

Իրավաբան․net-ի` «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում դատավորն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը, ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը և այլ հարցերի։

-Պարոն Ստեփանյան, արդեն երկար տարիներ է՝ դատական համակարգում եք։ Սկզբում որպես դատավորի օգնական, այնուհետև՝ որպես դատավոր։ Ինչպիսի՞ էվոլյուցիա է ապրել դատական համակարգը 2005-ից ի վեր։

-Իմ ամբողջ աշխատանքային կյանքը, 20 տարեկանից սկսած, անցել է դատարանում, դատական համակարգում։ Բավականին մեծ էվոլյուցիա է ապրել։ Օրինակ՝ տեխնիկական հագեցվածության մասով, դատական նիստերը չէին ձայնագրառվում։ Բացի այդ, օրենսդրական հսկայածավալ փոփոխություններ են եղել, մասնագիտացված դատարաններ են ստեղծվել, դատական համակարգը բավական մեծ զարգացում է ապրել և դրան զուգահեռ զարգացում է ապրել նաև փաստաբանական համայնքը։

-Այդ զարգացումը բավարար համարո՞ւմ եք միջազգային չափանիշներով ։

-Ես մի քիչ խիստ եմ, այդ թվում՝ իմ նկատմամբ։ Միշտ մտածում եմ, որ կարող էր ավելի լավը լինել։ Մասնավորապես, ԱՄՆ-ում դատավորի, դատարանի հանդեպ անսահման վստահություն կա։ Մի անգամ դատական նիստի էինք մասնակցում Միացյալ Նահանգներում, դատավորը իրենց կարգի համաձայն առանց խորհրդակցական սենյակ գնալու անձին դատապարտեց ազատազրկման, հետո հարցրեց՝ բողոքարկելո՞ւ ես։ Ասաց՝ ոչ, շնորհակալություն, ցտեսություն, ու նրան տարան քրեակատարողական հիմնարկ։

Իմ ստացած տպավորությամբ՝ եվրոպական երկրներում անսահման վստահություն կա դատական իշխանության նկատմամբ։ Մեզ մոտ այդ չափով վստահություն չկա ո՛չ դատավորի, ո՛չ դատական իշխանության նկատմամբ։

Ինձ թվում է՝ պատճառներն այնքան էլ օբյեկտիվ չեն, ավելի շատ սուբյեկտիվ են։

-Դատավորների սոցիալական երաշխիքների մասին խոսելով որոշ դատավորներ նշում են, որ Հայաստանում դրանք բավարար չեն։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք։

-Պետք է նախ ճշտել՝ նման երաշխիքներ կա՞ն, թե՝ ոչ։ Դրանք աննշան են։ Դատավորի սոցիալական երաշխիքը կենսաթոշակն է, սակայն մեր մի շարք կոլեգաներ, ովքեր գնացին թոշակի, մեկ տարուց ավելի թոշակ չէին ստանում։ Դա նորմալ չի․ մանավանդ դատավորի համար, որը կաշկանդված է բիզնես գործունեությամբ, և բացի գիտա-մանկավարժական աշխատանքից չի կարող ուրիշ բանով զբաղվել։ Գնում է թոշակի ու մի տարի թոշակ չի ստանում։ Հիմա հարցը ինչ-որ չափով կարգավորվել է։ Մեկ էլ մի երաշխիք ունենք․ ինչպես բոլոր պետական աշխատողները, այնպես էլ մենք սոցիալական փաթեթ ունենք, ինչ-որ գումարի սահմաններում հանգիստն է։ Այլ սոցիալական երաշխիքի մասին ես չգիտեմ։

-Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք Դուք։

-Այս ոլորտում շատ բան կարելի է անել, սկսած առողջապահական ապահովագրությունից։ Թվում է՝ դատավորը ամբողջ օրը դատարանում, իր աշխատասենյակում փափուկ բազկաթոռին նստած է, բայց շատ ծանր աշխատանք է կատարում։ Ամեն օր մի քանի դատական ակտ, մի քանի տասնյակ դատական նիստ, որոնք էականորեն իրարից տարբեր են․․․ հեշտ չի։ Բնականաբար դա դրական ազդեցություն չի ունենում առողջության վրա։

Բացի այդ, հանգստի և սպորտի հետ կապված փաթեթներ կարելի էր տրամադրել ինչպես դատավորին, այնպես էլ նրա ընտանիքի անդամներին։ Դատավորի երեխաների ուսումնառության հետ կապված կարելի է փաթեթներ մշակել։

-Պարոն Ստեփանյան, չենք կարող չխոսել վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցող գործընթացների մասին։ Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությունը: Այն հրապարակելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում էր համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի: Ի՞նչ տպավորություն ունեք հրապարակված ձայնգրությունից։

-Արձագանքս հակիրճ կլինի։ Պարոն Վարդազարյանը և Ջհանգիրյանը իրենց կարծիքը հրապարակել են ձայնագրության վերաբերյալ։ Մամուլից տեղեկացա, որ քրեական գործ է հարուցվել, անձինք են հարցաքննվել, թե ինչ ընթացք է այն ստացել՝ չգիտեմ։ Այս ամենը օրենսդրական իմաստով ինձ կաշկանդում է կարծիք, դիրքորոշում արտահայտելու համար։ Զուտ զգացողության առումով՝ թե՛ ձայնագրության առկայությունը, թե՛ հրապարակումը, թե՛ բովանդակությունը ինձ համար հաճելի չէր։

-Հիասթափություն չկա՞ր մասնագիտությունից։

-Մի բան պատմեմ․ երեկ երեկոյան մեքենաս անսարք էր, օգնականիս խնդրեցի՝ իջեցներ Կենտրոն։ Երիտասարդ տղա է, ինքն էլ է ապագայում ցանկանում դատավոր դառնալ։ Ինձ մի հարց տվեց․ ասաց՝ պարոն Ստեփանյան, այսքան ժամանակ եղել է, որ փոշմանել եք, որ դատավոր եք դարձել։ Ասացի՝ մի վայրկյան չի եղել։ Այս դեպքում էլ, մի վայրկյան չեն փոշմանել։

-Ի՞նչ ազդեցություն այն կունենա հրապարակված գաղտնի ձայնագրությունը դատական համակարգի հետագա գործունեության վրա։

-Չեմ կարող ասել, դա ժամանակը ցույց կտա։ Միգուցե ընդհանրապես ազդեցություն չունենա, միգուցե՝ վնասի դատական իշխանությանը։

-Ի՞նչ կասեք Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին։ 4 տարուց ավելի է՝ խորհուրդը գործում է։ Դատավորների, դատական իշխանության համար զգալի փոփոխություններ կա՞ն։

-ԲԴԽ-ն ունի 5 դատավոր անդամ, 5 իրավաբան-գիտնական անդամ։ Այս 4 տարվա ընթացքում ավելի քան 10 անդամի լիազորություններ դադարեցվել են, սակայն որևէ մեկինը պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված չի եղել։ Բացի այդ, այս պահի դրության խորհրդի 4 ղեկավար է փոխվել։ Իմ կարծիքով՝ այդ հանգամանքները չեն նպաստում նոր ստեղծված սահմանադրական մարմնի բարենպաստ ու արագ կայացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://iravaban.net/392215.html

Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի

22 Հլս 2022

Դատավորների միության փոխնախագահը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

 

Հուլիսի 22-ին Դատավորների միության փոխնախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքի վարչարարության, տեսչության, առողջության և անվտանգության ավագ մասնագետ Անտոնիո Սանտոսին և «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանքային իրավունքի վերաբերյալ վավերացված միջազգային պայմանագրերի կիրառելությանը, հայաստանյան և միջազգային փորձին, ինչպես նաև՝ աշխատանքային վեճերի լուծման արտադատական այլընտրանքային տարբերակներին:

Միության փոխնախագահը կարևորել է համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել ոլորտին առնչվող աշխատանքների կատարմանը:

02 Հլս 2022

Վճռաբեկ դատարանում դատավորներ են նշանակվել

 

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին հրամանագրեր է ստորագրել Վճռաբեկ դատարանում դատավորներ նշանակելու վերաբերյալ:

Մասնավորապես, Սերգեյ Չիչոյանը, Կարեն Բիշարյանը և Արտակ Կրկյաշարյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:

Գևորգ Գյոզալյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Արթուր Դավթյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ:

Իսկ Քրիստինե Մկոյանը, Լիանա Հակոբյանը և Արծրուն Միրզոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ:

01 Հլս 2022

Դատավորների միությունը շնորհավորում է ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ դատախազներ և դատախազության հարգելի՛ աշխատակիցներ

Դատավորների միությունը շնորհավորում է մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Մաղթում ենք, որպեսզի մասնագիտական դժվարին ուղին անցնեք պատասխանատվությամբ, պատվախնդրությամբ և նվիրվածությամբ, որի գնահատանքը կլինի՝ իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության բարձրացումը:

14 Հնս 2022

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 13-ին հրամանագիր է ստորագրել Սամվել Յուզբաշյանին դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 9-ի ԲԴԽ-58-Ո-152 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել Յուզբաշյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

04 Հնս 2022

Դատավոր Լիզա Գրիգորյանը Պորտուգալիայում մասնակցել է Դատավորների միջազգային միության ռեգիոնալ խմբի Դատավորների եվրոպական միության ժողովին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Դատավորների միության» անդամ Լիզա Գրիգորյանը Պորտուգալիայի Պորտո քաղաքում մասնակցել է Դատավորների միջազգային միության ռեգիոնալ խմբի Դատավորների եվրոպական միության ժողովին:

Ժողովի ընթաքում քննարկվել են դատական բարեվարքության, արդարադատության իրականացման թափանցիկության և վստահության ամրապնդմանն ուղղված հարցեր: Միաժամանակ նաև անդրադարձ է կատարվել Դատավորների միջազգային միության անդամ պետություններում դատական իշխանության իրավիճակին, դրա վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցը հաստատելուն, անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդման և բյուջեի վերաբերյալ հարցերին:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Պորտուգալիայի դատավորների միության նախագահ Մանուել Սուարեսը, Դատավորների եվրոպական միության նախագահ Դուրո Սեսսան, Դատավորների միջազգային միության նախագահ Ժոզե Մաթոսը, ինչպես նաև՝  Պորտուգալիայի գերագույն դատարանի նախագահը, Պորտուգալիայի նախագահը և Պորտո քաղաքի քաղաքապետը:

ՄԱԿ-ի դատական անկախության հարցերով հատուկ հանձնակատար Դիեգո Գարսիա Սայանը, զեկույցով հանդես գալով, նշել է, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը կարևոր նշանակություն ունի բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարում և որ գրասենյակի նպատակն է աջակցել դատավորներին անկախության, անձեռնմխելիության, բարեվարքության և հաշվետվողականության բարձրացման հարցերում:

Գարսիա Սայանն ընդգծել է. «Չնայած շատ իրավական համակարգեր ջանքեր են գործադրում պահպանելու օրինականությունը, այնուամենայնիվ, հնարավոր խոչընդոտները կարող են ազդել դատավորի կողմից գործունեության իրականացման վրա, որը կարող է առաջանալ տարաբնույթ ազդեցությունների հետևանքով: Այդ խոչընդոտների հաղթահարումն առաջացրել է նոր կոնցեպտի դատական իմունիտետի անհրաժեշտություն, որը կարևորում է արդարադատության դերը հասարակությունում՝ հատկապես քաղաքական և սոցիալական ցնցումների ժամանակ»:

Միջազգային քրեական դատարանի դատախազ Բեթի Հոհլերի խոսքով՝ միջազգային դատարաններում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերը կարևոր նշանակություն ունեն միջազգային դատարաններում բարեվարքության ապահովման համար: Վարքագծի կանոնների խախտման համար միջազգային դատարաններում կիրառվում են պատասխանատվության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ նկատողությունը և նյութական պատասխանատվությունը:

Հոհլերի փաստմամբ՝ լուրջ կարգապահական խախտման դեպք չի գրանցվել: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ապա դրանցից մեկը վերաբերել է կոլեգիալությանը և դատավորի անկախության սկզբունքների համատեղելիությանը: Արդյունքում՝ արձանագրվել է, որ կոլեգիալությունը համապատասխանում է դատավորի անկախության սկզբունքին:

ԵԴԽԽ-ի նախկին նախագահ Նինա Բեթեթոն, դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանն անդրադառնալով, նշել է  դրանց առաջացմանը նպաստող մի քանի հանգամանքներ:

Ըստ Բեթեթոնի՝ կենսականորեն անհրաժեշտ է, որ համակարգի պատշաճ գործունեության համար ապահովվի իրական անկախություն: Երբ առկա է տևական կառուցվածքային անհավասարակշռություն պետության երեք ճյուղերի միջև, և երբ փոխադարձ զսպումները թույլ են կամ անտեսված, դատական համակարգի անկախությանը, անաչառությանը և բարեվարքությանը լուրջ վտանգ է սպառնում: Տեղեկատվության բացակայությունը և ոչ թափանցիկ գործելակերպը նպաստում է կոռուպցիայի առաջացմանը: Վատ աշխատանքային պայմանները, ներառյալ անբավարար աշխատավարձը և սոցիալական նպաստները, վատ ենթակառուցվածքները և տեխնիկական հագեցվածությունը, աշխատակազմի անբավարարությունը կոռուպցիայի առաջացման պատճառներից են:

«Դատական կոռուպցիան և հասարակությունում կոռուպցիայի հանդուրժողականությունը կապված են միմյանց հետ: Օրենսդրական կարգավորումները կարևոր երաշխիք են կոռուպցիայի դեմ: Այն պետք է երաշխավորի դատավորների անկախությունը կարիերայի բոլոր փուլերում (ընտրություն, նշանակում, փոխադրում, առաջխաղացում, վերապատրաստում, գնահատում, կարգապահական պատասխանատվություն): Առաջխաղացման համար կարևոր է օբյեկտիվ չափանիշների առկայությունը:  Պատասխանատու իշխանությունները պետք է ապահովեն դատավորի առաքելության իրականացման համար համապատասխան ֆինանսավորումը: Պատշաճ աշխատավարձը, կենսաթոշակը և այլ սոցիալական վճարները, կառավարելի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, պատշաճ աշխատանքային ենթակառուցվածքը կենսական նշանակություն ունեն ոչ միայն դատական իշխանության հեղինակության, այլև դրանք երաշխիք են կոռուպցիայի կանխարգելման համար: Դատավորները պետք է ունենան էթիկայի նորմեր, էթիկայի նորմերի վերաբերյալ կոնֆիդենցիալ խորհրդատվություն: Շատ կարևոր է դատավորի անձնական հատկանիշները՝ խիզախությունը, մարդասիրությունը, ողջախոհությունը»,- նշել  է Բեթեթոնը:

Դատավորների եվրոպական միության ժողովի ընթացքում քննարկվել է նաև միության ֆինանսական հարցերը, բյուջեի հաստատումը, ինչպես նաև՝ դատավորների՝ իրենց գործունեության հետ կապված հետապնդման հիմքով հատուցում տրամադրելու կանոնադրական կարգավորումները:

2021-2022 թվականների ապրիլն ընկած ժամանակահատվածում Խորվաթիայից և Բուլղարիայից աշխատանքային խմբին ուղղվել էին հարցումներ: Ուստի՝ աշխատանքային խումբը Խորվաթիայի դատարանների մասին օրենքի նախագծի առնչությամբ նախապատրաստել էր կարծիք:

Համաձայն նշված նախագծի՝ դատավորները հինգ տարին մեկ անգամ պետք է անցնեն անվտանգության ստուգում: Աշխատանքային խումբը գտել էր, որ նշված փոփոխությունը հակասում է միջազգային և եվրոպական չափանիշներին:

Դատավորի կողմից հանցավոր արարք կամ կարգապահական խախտում կատարելու ողջամիտ կասկածի բացակայության պայմաններում անվտանգային ստուգում կոչված գործողության կատարումն իրենից ներկայացնում է վեթինգ, որի կատարման հնարավորություն Խորվաթիայի օրենսդրությունը չի նախատեսում: Ավելին, անվտանգության գործակալության զեկույցների հիմքով քննությունը հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին և վտանգում դատական իշխանության անկախությունը:  

Հաջորդ կարծիքը վերաբերում էր Բուլղարիային: Բուլղարիայի դատավորների միության նախագահը հայտարարել էր, որ դատական խորհրդի բաժանումը երկու՝ դատավորների խորհրդի և դատախազների խորհրդի,  շատ վտանգավոր է, քանի որ դատախազությունը նախաքննության վարույթի նկատմամբ մենաշնորհ ունի, բացի այդ, հանրությունը պետք է տեղյակ լինի, որ դատարանը և դատախազությունը հավասար չեն: Դատավորների միջազգային և եվրոպական միությունը գտնում է, որ դատավորներն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը նշված օրինագծի վերաբերյալ, և նրանց չպետք է արգելել խոսել այդ խնդիրների մասին:

Դատավորների եվրոպական միությունը որոշում է ընդունել Լեհաստանի վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կատարելու Եվրոպական միության որոշումները, մասնավորապես, դադարեցնել կարգապահական պալատի գործունեությունը, վերականգնել այն դատավորներին, որոնց գործունեությունը կասեցվել է կամ տեղափոխվել են, չեղարկել վերջերս ընդունված այն նորմերը, համաձայն որոնց՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել դատական ակտի բովանդակության հիմքով, ձևափոխել դատական խորհրդի կազմությունը՝ հաստատելով դատավոր անդամների քանակը մեծամասնությունն ապահովելու նպատակով:

Ժողովի ընթացքում քննարկվել է նաև այն դատավորներին աջակցություն ցուցաբերելու հարցը, որոնց նկատմամբ կարգապահական վարույթներ  են հարուցվել: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փորձագիտական կարծիք է տրամադրում դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ:

Այլ հոդվածներ …

  • Հայտարարություն
  • ՀՀ մարզերում նոր դատավորներ են նշանակվել
  • ՀՀ դատավորների միության 25-ամյակը լուսանկարներով
  • Դատավորների միությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ