Օտարերկրյա պետության՝ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքների վերաբերյալ դատական ակտի ճանաչումը
Թիվ ՇԴ/0024/16/17 քաղաքացիական գործով 2019 թվականի հոկտեմբերի 01-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք օտարերկրյա պետության դատական ակտը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է ճանաչվել և թույլատրվել կատարման, եթե այն կայացվել է ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերով:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելիս և կատարման թույլատրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ՀՀ ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային պայմանագրերի պահանջները:
Վճռաբեկ դատարանը անդրադարձել է Մինսկի կոնվենցիայի կարգավորումներին, քանի որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության հետ կապված հարաբերություններում գործում է այդ կոնվենցիան:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ, ի թիվս օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու այլ հիմքերի, Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված է, որ օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող է մերժվել, եթե գործը պատկանում է այն պետության մարմնի բացառիկ իրավասությանը, որի տարածքում պետք է ճանաչվի և կատարվի համապատասխան դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա նկատի ունենալով, որ Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը տվյալ գույքի գտնվելու վայրի դատարանների բացառիկ ընդդատությանն են պատկանում, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ եթե օտարերկրյա պետության դատական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների վերաբերյալ, ապա տվյալ դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը ենթակա է մերժման: