Կամավոր սնանկության վարույթում պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքի և դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակի՝ որպես ապացույցների գնահատման առանձնահատկությունները պարտապանին սնանկ ճանաչելու հարցը լուծելիս

1360938

Թիվ ԼԴ4/0022/04/18 սնանկության գործով 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցերի վերաբերյալ, թե արդյո՞ք կամավոր սնանկության վարույթում պարտատեր-վարկային կազմակերպության կողմից տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կարող է բավարար գնահատվել պարտավորության բնույթը պարզելու համար, և թե արդյո՞ք դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակը կարող է որակվել պարտավորության առկայությունը և դրա չափը հիմնավորող թույլատրելի ապացույց:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ առաջին հարցադրմանը, մասնավորապես, նշել է, որ կամավոր սնանկության դիմումին կից ներկայացված` պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է պարտավորության ծագման հիմքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, և որով բացահայտվում է պարտավորության բնույթը, ևս կարող է բավարար ապացույց գնահատվել: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ սնանկության վարույթի այս փուլում օրենսդիրը կարևորել է միայն պարտավորության բնույթի և չափի բացահայտումը, ինչը պայմանավորված է սնանկության վարույթի հետագա փուլերի, մասնավորապես՝ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման փուլի առանձնահատկություններով: Պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորելու առավել խիստ ապացուցողական շեմ օրենսդիրը սահմանել է այս փուլում՝ պահանջատիրոջ վրա դնելով իր պահանջը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու ապացուցման բեռը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կամավոր սնանկության վարույթում պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է նաև պարտավորության հիմքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, բավարար է պարտավորությունների բնույթը պարզված համարելու համար:

Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը, վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելով, այն հասանելի է դարձնում ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ ցանկացած այլ անձի` այդ թվում այլ դատարաններին: Այսինքն` դատարանն ունի իրական հնարավորություն վճիռը նույնականացնող համապատասխան բավարար տեղեկությունների (մասնավորապես, վկայակոչվող դատական ակտն ընդունած մարմնի անվանումը, դատական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը, գործի համարը) առկայության դեպքում ստուգել վճռի բովանդակությունը և օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ կամավոր սնանկության վարույթում որպես պարտավորության առկայությունը հիմնավորող ապացույց դիմումին կից ներկայացվում է դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակը, դատարանը` դրա արժանահավատությունը գնահատելիս զրկված չէ ՀՀ դատական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական իշխանության պաշտոնական կայքից օգտվելու և դրա միջոցով վճռի իսկությունը ստուգելու հնարավորությունից:

Սնանկության գործ թիվ ԼԴ4/0022/04/18 2019