Ընտանիքում բռնության կանխարգելման Հայաստանի փորձը հետաքրքրել է Պորտուգալիային
Դատավորների միջազգային միության անդամների միջեւ համագործակցության շրջանակում Հայաստանի դատավորների միությանն է դիմել Պորտուգալիայի դատավորների միությունը՝ խնդրելով մասնագիտական կարծիք տրամադրել ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ իրավակարգավորումների և փորձի մասին: Մեր երկրում ՙՙԸնտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերակագնման մասին՚՚ օրենքն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին:
Պորտուգալիայում ևս մտադիր են օրենսդրական փոփոխություն կատարել եւ տարբեր երկրների փորձը ի մի բերելով՝ որոշելու են իրենց երկրում օրենսդրական փոփոխության նպատակահարմարությունը: Նրանց հետաքրքրել է ՀՀ դատավորների միության կարծիքը, մասնավորապես, հետեւյալ հարցերի մասին. պատասխանատվության ինչ միջոցներ կան, արդյոք այդ տեսակ գործերը քննվում են մասնագիտացված դատավորների կողմից, արդյոք կան ընտանեկան բռնության գործերը քննող մասնագիտացված դատարաններ եւ այլն:
Պորտուգալիայի դատավորների միությունը նաեւ հետաքրքրվել է ՀՀ-ում ընտանեկան բռնության գործերի վիճակագրությամբ. որքան են, ինչ ելքով են ավարտվում, ինչպիսին է մեղադրական ու արդարացման դատավճիռների հարաբերակցությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների միությունը ակտիվ մասնակցել է նաեւ «Դատավորի համընդհանուր խարտիա»-ի փոփոխումների և լրացումների աշխատանքներին: Մասնավորապես՝ ՀՀ դատավորների միության առաջարկով Խարտիայի 8.3-րդ հոդվածը, որը վերաբերում է դատավորի կենսաթոշակի անցնելուն, լրացվել է հետևյալ նախադասությամբ. «Նա (կենսաթոշակի անցած դատավորը) չի կարող զրկվել իր կենսաթոշակից միայն այն հիմքով, որ իրականացնում է այլ մասնագիտական գործունեություն» (տե՛ս «Դատավորի համընդհանուր խարտիա», հոդված 8.3):