Դատավոր Լիզա Գրիգորյանը Պորտուգալիայում մասնակցել է Դատավորների միջազգային միության ռեգիոնալ խմբի Դատավորների եվրոպական միության ժողովին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Դատավորների միության» անդամ Լիզա Գրիգորյանը Պորտուգալիայի Պորտո քաղաքում մասնակցել է Դատավորների միջազգային միության ռեգիոնալ խմբի Դատավորների եվրոպական միության ժողովին:
Ժողովի ընթաքում քննարկվել են դատական բարեվարքության, արդարադատության իրականացման թափանցիկության և վստահության ամրապնդմանն ուղղված հարցեր: Միաժամանակ նաև անդրադարձ է կատարվել Դատավորների միջազգային միության անդամ պետություններում դատական իշխանության իրավիճակին, դրա վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցը հաստատելուն, անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդման և բյուջեի վերաբերյալ հարցերին:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Պորտուգալիայի դատավորների միության նախագահ Մանուել Սուարեսը, Դատավորների եվրոպական միության նախագահ Դուրո Սեսսան, Դատավորների միջազգային միության նախագահ Ժոզե Մաթոսը, ինչպես նաև՝ Պորտուգալիայի գերագույն դատարանի նախագահը, Պորտուգալիայի նախագահը և Պորտո քաղաքի քաղաքապետը:
ՄԱԿ-ի դատական անկախության հարցերով հատուկ հանձնակատար Դիեգո Գարսիա Սայանը, զեկույցով հանդես գալով, նշել է, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը կարևոր նշանակություն ունի բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարում և որ գրասենյակի նպատակն է աջակցել դատավորներին անկախության, անձեռնմխելիության, բարեվարքության և հաշվետվողականության բարձրացման հարցերում:
Գարսիա Սայանն ընդգծել է. «Չնայած շատ իրավական համակարգեր ջանքեր են գործադրում պահպանելու օրինականությունը, այնուամենայնիվ, հնարավոր խոչընդոտները կարող են ազդել դատավորի կողմից գործունեության իրականացման վրա, որը կարող է առաջանալ տարաբնույթ ազդեցությունների հետևանքով: Այդ խոչընդոտների հաղթահարումն առաջացրել է նոր կոնցեպտի դատական իմունիտետի անհրաժեշտություն, որը կարևորում է արդարադատության դերը հասարակությունում՝ հատկապես քաղաքական և սոցիալական ցնցումների ժամանակ»:
Միջազգային քրեական դատարանի դատախազ Բեթի Հոհլերի խոսքով՝ միջազգային դատարաններում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերը կարևոր նշանակություն ունեն միջազգային դատարաններում բարեվարքության ապահովման համար: Վարքագծի կանոնների խախտման համար միջազգային դատարաններում կիրառվում են պատասխանատվության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ նկատողությունը և նյութական պատասխանատվությունը:
Հոհլերի փաստմամբ՝ լուրջ կարգապահական խախտման դեպք չի գրանցվել: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ապա դրանցից մեկը վերաբերել է կոլեգիալությանը և դատավորի անկախության սկզբունքների համատեղելիությանը: Արդյունքում՝ արձանագրվել է, որ կոլեգիալությունը համապատասխանում է դատավորի անկախության սկզբունքին:
ԵԴԽԽ-ի նախկին նախագահ Նինա Բեթեթոն, դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանն անդրադառնալով, նշել է դրանց առաջացմանը նպաստող մի քանի հանգամանքներ:
Ըստ Բեթեթոնի՝ կենսականորեն անհրաժեշտ է, որ համակարգի պատշաճ գործունեության համար ապահովվի իրական անկախություն: Երբ առկա է տևական կառուցվածքային անհավասարակշռություն պետության երեք ճյուղերի միջև, և երբ փոխադարձ զսպումները թույլ են կամ անտեսված, դատական համակարգի անկախությանը, անաչառությանը և բարեվարքությանը լուրջ վտանգ է սպառնում: Տեղեկատվության բացակայությունը և ոչ թափանցիկ գործելակերպը նպաստում է կոռուպցիայի առաջացմանը: Վատ աշխատանքային պայմանները, ներառյալ անբավարար աշխատավարձը և սոցիալական նպաստները, վատ ենթակառուցվածքները և տեխնիկական հագեցվածությունը, աշխատակազմի անբավարարությունը կոռուպցիայի առաջացման պատճառներից են:
«Դատական կոռուպցիան և հասարակությունում կոռուպցիայի հանդուրժողականությունը կապված են միմյանց հետ: Օրենսդրական կարգավորումները կարևոր երաշխիք են կոռուպցիայի դեմ: Այն պետք է երաշխավորի դատավորների անկախությունը կարիերայի բոլոր փուլերում (ընտրություն, նշանակում, փոխադրում, առաջխաղացում, վերապատրաստում, գնահատում, կարգապահական պատասխանատվություն): Առաջխաղացման համար կարևոր է օբյեկտիվ չափանիշների առկայությունը: Պատասխանատու իշխանությունները պետք է ապահովեն դատավորի առաքելության իրականացման համար համապատասխան ֆինանսավորումը: Պատշաճ աշխատավարձը, կենսաթոշակը և այլ սոցիալական վճարները, կառավարելի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, պատշաճ աշխատանքային ենթակառուցվածքը կենսական նշանակություն ունեն ոչ միայն դատական իշխանության հեղինակության, այլև դրանք երաշխիք են կոռուպցիայի կանխարգելման համար: Դատավորները պետք է ունենան էթիկայի նորմեր, էթիկայի նորմերի վերաբերյալ կոնֆիդենցիալ խորհրդատվություն: Շատ կարևոր է դատավորի անձնական հատկանիշները՝ խիզախությունը, մարդասիրությունը, ողջախոհությունը»,- նշել է Բեթեթոնը:
Դատավորների եվրոպական միության ժողովի ընթացքում քննարկվել է նաև միության ֆինանսական հարցերը, բյուջեի հաստատումը, ինչպես նաև՝ դատավորների՝ իրենց գործունեության հետ կապված հետապնդման հիմքով հատուցում տրամադրելու կանոնադրական կարգավորումները:
2021-2022 թվականների ապրիլն ընկած ժամանակահատվածում Խորվաթիայից և Բուլղարիայից աշխատանքային խմբին ուղղվել էին հարցումներ: Ուստի՝ աշխատանքային խումբը Խորվաթիայի դատարանների մասին օրենքի նախագծի առնչությամբ նախապատրաստել էր կարծիք:
Համաձայն նշված նախագծի՝ դատավորները հինգ տարին մեկ անգամ պետք է անցնեն անվտանգության ստուգում: Աշխատանքային խումբը գտել էր, որ նշված փոփոխությունը հակասում է միջազգային և եվրոպական չափանիշներին:
Դատավորի կողմից հանցավոր արարք կամ կարգապահական խախտում կատարելու ողջամիտ կասկածի բացակայության պայմաններում անվտանգային ստուգում կոչված գործողության կատարումն իրենից ներկայացնում է վեթինգ, որի կատարման հնարավորություն Խորվաթիայի օրենսդրությունը չի նախատեսում: Ավելին, անվտանգության գործակալության զեկույցների հիմքով քննությունը հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին և վտանգում դատական իշխանության անկախությունը:
Հաջորդ կարծիքը վերաբերում էր Բուլղարիային: Բուլղարիայի դատավորների միության նախագահը հայտարարել էր, որ դատական խորհրդի բաժանումը երկու՝ դատավորների խորհրդի և դատախազների խորհրդի, շատ վտանգավոր է, քանի որ դատախազությունը նախաքննության վարույթի նկատմամբ մենաշնորհ ունի, բացի այդ, հանրությունը պետք է տեղյակ լինի, որ դատարանը և դատախազությունը հավասար չեն: Դատավորների միջազգային և եվրոպական միությունը գտնում է, որ դատավորներն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը նշված օրինագծի վերաբերյալ, և նրանց չպետք է արգելել խոսել այդ խնդիրների մասին:
Դատավորների եվրոպական միությունը որոշում է ընդունել Լեհաստանի վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կատարելու Եվրոպական միության որոշումները, մասնավորապես, դադարեցնել կարգապահական պալատի գործունեությունը, վերականգնել այն դատավորներին, որոնց գործունեությունը կասեցվել է կամ տեղափոխվել են, չեղարկել վերջերս ընդունված այն նորմերը, համաձայն որոնց՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել դատական ակտի բովանդակության հիմքով, ձևափոխել դատական խորհրդի կազմությունը՝ հաստատելով դատավոր անդամների քանակը մեծամասնությունն ապահովելու նպատակով:
Ժողովի ընթացքում քննարկվել է նաև այն դատավորներին աջակցություն ցուցաբերելու հարցը, որոնց նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փորձագիտական կարծիք է տրամադրում դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ: