ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈԻԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ
Սույն թվականի սեպտեմբերի 11-13-ը տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության առցանց հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը։
Բացման խոսքով հանդես եկավ և ուղերձ հղեց Դատավորների միջազգային միության նախագահ Թոնի Պագոնը։ Այնուհետև ներկայացված օրակարգին համապատասխան շարունակվեցին աշխատանքները։
Դատավորների միջազգային միության առցանց հանդիպման օրակարգում ներառված հարցերից առաջինը Դատավորների միջազգային միության նախագահի և փոխնախագահների ընտրության հարցն էր: Նախագահի համար մեկ թեկնածու էր թեկնածություն առաջադրել, իսկ փոխնախագահների համար՝ 6 թեկնածու։
Առցանց եղանակով կայացավ Դատավորների միջազգային միության նախագահի և փոխնախագահների ընտրությունը: Դատավորների միջազգային միության նախագահ ընտրվեց Դատավորների միջազգային միության նախկին փոխնախագահ և Դատավորների եվրոպական միության նախագահ Խոսե Իգրեա Մաթոսը, փոխնախագահներ՝ Դուռո Սեսսան (առաջին փոխնախագահ), Վոլտեր Բարոնը, Էլիսոն Դունկան, Մարսել Կուասսին, Սաբին Մատեյկան և Մայքլ Սջոբերգը։
Այնուհետև հատուկ զեկուցողը զեկույց ներկայացրեց Դատավորների միջազգային միությանն անդամակցելու վերաբերյալ Գաբոնի դիմումի կապակցությամբ։ Գաբոնն Աֆրիկայի արևմուտքում գտնվող երկիր է և ունի եռաստիճան դատական համակարգ: Հատուկ զեկույց ներկայացվեց նաև Մոնղոլիայի և Ֆիլիպինների վերաբերյալ, որոնք ևս դիմել էին Դատավորների միջազգային միությանն անդամակցելու համար: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ֆիլիպինների դատական համակարգը և Փաստաբանական կառույցը գտնվում են Գերագույն դատարանի վերահսկողության ներքո։ Այդ երկրում աշխատավարձը համարվում է բարձր։ Դատավորների գործերի քանակը շատ է։ Դատական համակարգում գործում է 340 դատավոր։ Նրանք ունեն դատավորների երեք միություն։ Դատական հակամարգի հանդեպ հանրային վստահությունը բարձր չէ, նույնիսկ դատարանի երեք նախագահ է հեռացվել պաշտոնից։ Ֆիլիպիններում դատավորների, փաստաբանների, դատախազների սպանության դեպքեր են արձանագրվել:
Դատավորնրեի միջազագային միության առցանց հանդիպման ընթացքում որոշվեց հաստատել վերը նշված երկրների անդամակցությունը: Նաև որոշվեց, որ անդամավճար չվճարած միությունները չհեռացվեն անդամակցությունից։
Առցանց հանդիպման ընթացքում ընդունվեցին բանաձևեր Լեհաստանի և Սլովակիայի վերաբերյալ, որոնցում արձանագրվել են վերջիններիս դատական իշխանության անկախության խախտումները և դատավորների նկատմամբ չհիմնավորված հետապնդումները:
Հաջորդիվ ներկայացվեցին Դատավորների միջազգային միության կանոնադրության փոփոխությունները։ Անդամ միությունների ներկայացուցիչները էլեկտրոնային քվերակության միջոցով հաստատեցին Կանոնադրության փոփոխությունները։ Այնուհետև ներկայացվեց 2019-2020թթ․ և 2021 թ․-ի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունը։
Դատավորների միջազգային միության չորս ուսումնասիրող հանձնաժողովները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները: Առաջին ուսումնասիրող հանձնաժողովը հետազոտության էր ենթարկել համավարակի ընթացքում Ղազախստանում դատարանի մատչելիությունը։ Հանձնաժողովի կողմից 39 զեկույց է նախապատրաստվել, որոնք հասանելի են Դատավորների միջազգային միության կայքում։ Երկրորդ ուսումնասիրող հանձնաժողովի ուսումնասիրության առարկան օրինականության սկզբունքի պահպանումն էր: Հանձնաժողովը նշել է, որ օրինականության սկզբունքը համավարակի ժամանակ պահանջում է կառավարության որոշումների օրինականության ստուգում։ Դատարանի մատչելիությունը պետք է երաշխավորվի, պետք է հասանելի լինեն փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը, տեխնիկական լուծումներ պետք է տրվեն դատարանների աշխատանքն ապահովելու նպատակով, ֆինանսական խնդիրները չպետք է ազդեն դատավորների աշխատավարձի և այլ վճարների վրա։ Անհատական տվյալների պաշտպանությունը պետք է երաշխավորվի, թվայնացման գործընթացների հետ կապված ծախսերը պետք է կրի կառավարությունը: Երրորդ ուսումնասիրող հանձնաժողովն անդրադարձել էր քրեական և քրեական դատավարության իրավունքի հարցերին, դատական նիստերի դահլիճում հաղորդակցության կազմակերպմանը։ Չորրորդ ուսումնասիրող հանձնաժողովը սոցիալական և աշխատանքի հարցերն է ուսումնասիրության ենթարկել, այդ թվում՝ աշխատավայրում կոռուպցիայի հարցերը, ինչպես նաև աշխատավայրում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված հարցերում հասարակական կազմակերպությունների կարևոր դերակատարմանը։
Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։