ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2021 թվականի փետրվարի 5-ին կայացավ Դատավորների եվրոպական միության (այսուհետ նաև՝ Միություն) առցանց հանդիպումը, որի օրակարգում ընդգրկված էին Միության գործունեությանն ուղղված հարցեր, օրենքի գերակայության ճգնաժամի, անդամ պետություններում տիրող իրավիճակի, ինչպես նաև Դատավորների միջազգային միության հետ հարաբերությունների ու տարբեր մարմինների ընտրության հարցերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանն ու Ջոն Հայրապետյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Միության նախագահը` ներկայացնելով, որ մի շարք եվրոպական երկրներում դատավորները և դատական համակարգը ճնշումների և հետապնդումների են ենթարկվում, որոնք հաջորդում են քաղաքական փոփոխություններին: Միության մեկ այլ մասնակցի կողմից ներկայացվեցին ֆինանսական գործունեության հարցեր, ինչպես նաև ներկայացվեց Թուրքիայում դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումները, ընդգծվեց, որ շատ դատավորներ ընդդիմանում և պայքարում են այդ ճնշումների դեմ: Միության անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրեցին նաև իրենց երկրներում տիրող իրավիճակը:
Լեհաստանի ներկայացուցիչը նշեց, որ Լեհաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սկիզբ են առել դատավորների նկատմամբ ճնշումները, քրեական գործեր են հարուցվել և այլն: Նշեց նաև, որ Լեհաստանի բազմաթիվ դատավորներ դիմումներ են ներկայացրել Եվրոպական դատարան, որոնք արդեն կոմունիկացվում են: Նշված գործերը վերաբերում են գործադիր իշխանության կողմից դատարանների և դատավորների անկախության սահմանափակման դեպքերին: Ընդ որում խոսքը գնում է թե΄ ստորադաս ատյանի դատավորների, և թե΄ բարձրագույն դատական ատյանների դատավորների մասին: Տե΄ս հետևյալ գանգատները. Tuleya v. Poland, (no. 21181/19). See also previous press releases concerning issues related to the judiciary in Poland in the cases Grzęda v. Poland (no. 43572/18), Xero Flor w Polsce sp. z o.o. v. Poland (no.4907/18), Broda v. Poland and Bojara v. Poland (nos. 26691/18 and 27367/18), Żurek v. Poland (no. 39650/18), Sobczyńska and Others v. Poland (nos. 62765/14, 62769/14, 62772/14 and 11708/18) and Reczkowicz and two Others v. Poland (nos. 43447/19, 49868/19 and 57511/19)
Այս համատեքստում առանձնակի ընդգծվեց Լեհաստանի դատավորների միության` ''Iustitia'', դերակատարումը դատարանների և դատավորների անկախության համար պայքարելու գործընթացում:
Ռումինիայի ներկայացուցիչը հայտնեց, որ նախկինում կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն 2018 թվականից Արդարադատության նախարարը զրկվել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իրավասությունից, սակայն այդ լիազորությունը կրկին վերականգնվել է՝ նպատակ ունենալով ուժեղացնել դատավորների նկատմամբ գործադիր իշխանության կողմից կիրառվող ճնշումները:
Այդ ճնշումներն իրականացվում են նաև Հակակոռուպցիոն հանձնաժողովների կողմից, որոնք հարուցում են վարույթներ և երկար տարիներ դրանք քննվում են, օրինակ, Վերաքննիչ դատարանի մի դատավորի նկատմամբ հարուցված վարույթը տևել է 12 տարի: Ընդ որում` այդ վարույթի ընթացքում դատավորները գտնվում են համակողմանի հսկողության տակ, որի հետևանքով էականորեն սահմանափակվում է նրանց անկախությունը: Միության ներկայացուցիչները դատական իշխանության անկախության համար տարվող պայքարում իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու Ռումիանիայի դատավորներին:
Ֆրանսիայի ներկայացուցիչը, կրկին ընդգծելով դատավորների նկատմամբ գործադրվող ճնշումները, որպես օրինակ ներկայացրեց Արդարադատության նախարարի կողմից երկու դատավորների նկատմամբ հարուցած կարգապահական վարույթները:
Միության նախագահը հայտնեց, որ Լեհաստանի դատավորների միությունը (''Iustitia'') առաջադրվել է խաղաղության համար նոբելյան մրցանակի: Նորվեգիայի խորհրդարանի անդամ Ժետե Քրիստենսենը համընդհանուր խաղաղության պահպանման համար օրենքի գերակայության կարևորությամբ հիմնավորել է նշված առաջադրումը: Նշված առաջադրումը պաշտպանվել է նաև Գերմանիայի դատավորների միության, Դատավորների միջազգային միության նախագահության և Դատավորների եվրոպական միության կողմից:
Այնուհետև Միության զեկուցողներն անդրադարձան ԵԴԽԽ թիվ 23 կարծիքին, որն ընդգծում էր դատավորների միությունների դերը դատավորների անկախության ապահովման հարցում: Հարկ է նշել, որ, հաշվի առնելով վերոնշյալ կարծիքի կարևորությունը և այն հանգամանքը, որ այն համապարփակ ձևով շոշափում է դատավորների միությունների դերն ու նշանակությունը` ՀՀ դատավորների միությունը ձեռնամուխ է եղել կարծիքի ոչ պաշտոնական թարգմանությանն ու հրապարակմանը:
Քննարկվեցին նաև Միության տարբեր մարմիններում ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նշվեց նաև, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` 2021 թվականի բոլոր հանդիպումներն ամենայն հավանականությամբ կանցկացվեն առցանց եղանակով, այդ թվում՝ Դատավորների եվրոպական միության նախագահի ընտրությունները:
Առցանց հանդիպման մասնակից ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանն առաջարկ է ներկայացրել ՀՀ դատավորների միության խորհրդում քննարկել աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, որը համապարփակ զեկույց կներկայացնի Հայաստանում դատարանների և դատավորների անկախության մարտահրավերների վերաբերյալ: