Կայացել է համագործակցության հուշագրի կողմ հանդիսացող Դատավորների միությունների հերթական ամենամյա համաժողովը
Գերմանիայի դատավորների միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Էստոնիայի և Լեհաստանի դատավորների միությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում հերթական ամենամյա համաժողովն այս անգամ տեղի է ունեցել Բոննում (Գերմանիա): Այն նվիրված էր քաղաքացիական և քրեական գործերով միջազգային համագործակցությանը: Համաժողովին մասնակցել են ՀՀ դատավորների միության անդամներ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանը և Մարգարիտա Հարթենյանը:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել և ներկաներին ողջունել Գերմանիայի դատավորների միության նախագահ Ենս Գնիզան, Բոննի հողային դատարանի նախագահ Ստեֆան Վայզմենը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությունը: Համագործակցության հուշագրի կողմ հանդիսացող դատավորների միությունների ներկայացուցչներն օրակարգում ընդգրկված թեմաների շրջանակներում ներկայացրել են զեկույցներ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի զեկույցի թեման էր «Հանձնման հարցերով համագործակցությունն արտասահմանյան երկրների հետ, ներառյալ՝ կալանավորման եվրոպական հանձնարարությունը (օրդեր)», իսկ նույն դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանինը՝ «Դատական ակտերի ճանաչումն ու կատարումը»:
Համաժողովի ընթացքում արդյունավետ քննարկումներ են ծավալվել համագործակցության հուշագրի կողմ հանդիսացող Դատավորների միությունների ներկայացուցիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը քննարկվող թեմաների առնչությամբ ներկայացրել է սեփական երկրի օրենսդրական կարգավորումներն ու առկա պրակտիկան: Հուշագրի շրջանակներում հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, քանզի դրանք հանդիսանում են տարբեր երկրների արդարադատության համակարգերի ներկայացուցիչների փորձի փոխանակման կարևորագույն հարթակ: