Վերաքննիչը երեք հիմքից միայն մեկն էր քննել. Վճռաբեկ դատարանի նախագահը բացատրում է Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը հետ ուղարկելու պատճառը
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հրապարակել է հակասահմանադրական ճանաչված իր այն որոշումը, որով բեկանել էր Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը և հետ ուղարկել նոր քննության, որից հետո Քոչարյանը կրկին կալանավորվել էր: Սահմանադրական դատարանը գտել էր, որ Վճռաբեկ դատարանը պետք է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերջնական որոշում կայացներ, ոչ թե գործը հետ ուղարկեր լրացուցիչ քննության:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները իրենց որոշմանը կից հայտարարություն են տարածել, որով ԲԴԽ-ին կոչ են անում հետեւել, որպեսզի դատական իշխանության երկու մարմինների՝ Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի միջեւ օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները չխարխլվեն:
«Պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրականացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների եւ նաև հեղինակության նկատմամբ: Մինչդեռ Սահմանադրական դատարանի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թ-ի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թ-ի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես «կամայականություն», իսկ մեկ այլ դեպքում բարձրագույն դատական ատյանի (բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի) գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները»,-ասվում է Հայտարարության մեջ:
Քանի դեռ գործը նախաքննական գաղտնի փուլում էր, Վճռաբեկ դատարանը չէր կարող գաղտնազերծել և բացատրել իր որոշման իրավացիությունը: Նախաքննության փուլն ավարտված է, այժմ գործի դատական քննության փուլն է, այս պատճառով էլ Վճռաբեկ դատարանը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել է Որոշումը, որպեսզի այն հասանելի լինի բոլորին եւ դադարեցնի տարատեսակ մեկնաբանությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը Քրեական պալատի դիրքորոշումն իրավացի է համարում: Ազատություն TV-իի հետ հարցազրույցում բացատրում է, թե ինչու. «Որովհետեւ վերաքննիչ բողոքն ունեցել է մի քանի հիմքեր եւ հիմնավորումներ խափանման միջոց ընտրելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը՝ անդրադառնալով վերաքննիչ բողոքի եւ խափանման միջոց ընտրելու մեկ հիմքին եւ պայմանին, գտել էր, որ տվյալ իրավիճակում խափանման միջոց՝ կալանքի տեսքով, չպետք է կիրառվի: Այսինքն, բողոքի ամբողջ բովանդակությունից Վերաքննիչ դատարանն անդրադարձել էր իր կարծիքով ամենակարևորին եւ քանի որ այդ ամենակարևորը Վերաքննիչ դատարանի կարծիքով փակել էր մնացած բոլոր հարցերը, չէր անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին եւ հիմնավորումներին:
Իսկ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ այն դատողությունները, դիրքորոշումները, որ ներկայացրել էր Վերաքննիչ դատարանը այդ փաստարկի եւ հիմքի վերաբերյալ, ճիշտ չէ: Վճռաբեկ դատարանը համարել էր, որ տվյալ իրավիճակում՝ ղեկավարվելով իրավունքի նորմերով, տվյալ գործը պետք է գնար նոր քննության:
Քրեական պալատը ոչ միայն կոնկրետ այս գործը, այլ նմանատիպ բոլոր գործերն է համարում խնդրահարույց, որովհետև այդ պարագայում անձը զրկվում է տվյալ դիրքորոշումը բողոքարկելու իր իրավունքը իրացնելու հնարավորությունից: Եթե Վճռաբեկ դատարանը քննարկեր Վերաքննիչի չքննարկված բողոքի հիմքերը եւ լուծում տար, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում կայացման պահից, ապա ցանկացած լուծման դեպքում թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը կզրկվեին բողոքարկման իրավունքը իրացնելուց, արդյունքում կզրկվեին արդար դատաքննության իրավունքից»,-պարզաբանեց Երվանդ Խունդկարյանը:
Վճռաբեկ դատարանի նախագահը վստահեցրեց, որ նմանատիպ իրավիճակներում քաղաքացիական եւ վարչական պալատն էլ գործը կբեկաներ եւ կուղարկեր նոր քննության, որպեսզի հանկարծ չոտնահարվի անձի բողոքարկման իրավունքի իրացումը: