Ի՞նչ է պետք դատական իշխանության անկախության համար. Երվանդ Խունդկարյանի առաջարկները
Ունենք գերբեռնված դատարաններ, ինչից կարող է տուժել արդարադատության որակը. ահազանգը հնչեցրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը «Աջակցություն դատական բարեփոխումներին. ՀՀ-ում դատական իշխանության անկախության եւ արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի արարողությանը:
Իբրեւ լուծում առաջարկեց ավելացնել դատավորների թիվը, նաեւ՝ պարզեցնել եւ արդիականացնել դատավարական ընթացակարգերը: Այս ուղղությամբ քայլեր արվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, սակայն, անելիք դեռ կա: Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ համարեց մշտադիտարկումներ անցկացնել՝ օրենսդրական առաջարկներ մշակելու համար:
Դատարանները բեռնաթափելու հաջորդ առաջարկը էլեկտրոնային ծանուցումների համակարգի ընդլայնումն ու էլեկտրոնային եւ փոստային հաղորդակցությունների համադրման ճկուն մեխանիզմի մշակումն է:
Երվանդ Խունդկարյանի համոզմամբ՝ էլեկտրոնային արդարադատության լիարժեք ներդրումը Հայաստանի դատական համակարգում էապես կկրճատի թղթաշրջանառությունը եւ կնպաստի դատավարական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Նա հետաքրքիր լուծում համարեց արհեստական բանականության ներմուծումը դատական գործերի քննության ոլորտ. սա հնարավոր է կիրառել իրավական վերլուծություն եւ դատական հայեցողություն չպահանջող հարցերում:
«Միասնական էլեկտրոնային հարթակ պետք է ստեղծվի ոչ միայն պետական այլ մարմինների հետ հարաբերություններում, այլեւ կոլեգիալ քննություն իրականացնող դատական ատյաններում՝ հաշվի առնելով քննության այս ձեւի առանձնահատկությունները»,-ասաց ՀՀ դատավորների միության նախագահը:
Նա դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը մեծացնելու մի քանի ուղղություն նշեց. դատական համակարգի ինստիտուցիոնալ դերի եւ գործունեության հանրայնացում ուսուցողական հոլովակների, տպագիր նյութերի, ճանաչողական սեմինարների միջոցով, ինչպես նաեւ դատավորի կերպարն ու դերը արժևորող տեսանյութերի պատրաստմամբ: Այս հարցում ՀՀ դատավորների միության դերակատարումը առանցքային է:
Երվանդ Խունդկարյանը հանրային վստահության ամրապնդման համար էական համարեց դատավորների եւ դատական ծառայողների պրոֆեսիոնալ կատարելագործումը: Սա հնարավոր է ոչ միայն մասնագիտական եւ ընդհանուր զարգացածության սեմինարների միջոցով, այլեւ միջազգային փորձի փոխանակմամբ:
Արդարադատությունը պետք է կանխատեսելի լինի՝ ընդգծեց Երվանդ Խունդկարյանը, Հայաստանի դատարանները պետք է ավելի լայնորեն կիրառեն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Իբրեւ ՀՀ դատավորների միության նախագահ, նա առաջարկեց համատեղ մշակել, տպագրել եւ տարածել հայերեն ձեռնարկներ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իրավակարգավորումների վերաբերյալ՝ մտքի, խղճի եւ դավանանքի ազատության, արտահայտվելու, միավորվելու ազատության, արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքի, սեփականության իրավունքի ուղղություններով:
Արդարադատությունը հանրության համար կլինի կանխատեսելի, եթե ավելի ակտիվ կիրառվեն նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները՝ ասաց Երվանդ Խունդկարյանը: Իբրեւ Վճռաբեկ դատարանի նախագահ առաջնահերթ համարեց կազմել եւ տպագրել այդ որոշումների տարեկան ընտրանին, նաեւ՝ ստեղծել էլեկտրոնային գրադարան, որտեղ Վճռաբեկ դատարանի պալատների նախադեպային որոշումները կներկայացվեն հանրության առավել լայն շրջանակների համար հասանելի դասակարգմամբ:
Այս եւ այլ բարեփոխումներն իրական դարձնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը առանցքային համարեց Եվրոպական Միության եւ Եվրոպայի խորհրդի հետ գործակցությունը. համատեղ նախաձեռնությունների նոր փուլը «Աջակցություն դատական բարեփոխումներին. ՀՀ-ում դատական իշխանության անկախության եւ արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրն է: