Վարչապետը բացառում է դատական համակարգը քաղաքական նպատակների համար օգտագործելը. ասուլիսի շեշտադրումները
Վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ բացառեց դատավորներին իր կողմից որեւէ հեռախոսազանգ կատարելը եւ վստահեցրեց՝ դա անհրաժեշտ պայման է դատական անկախ համակարգ ունենալու համար. «Եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգում հենց ներսից պրոցեսներ կսկսվեն, որոնք արդյունքում կբերեն դատական համակարգի իրապես անկախացման»:
Նա պարզաբանեց մեխանիզմը՝ եթե իշխանական թելադրանք չլինի, երկրի ղեկավարը դադարի դատարաններին հրահանգ տալ, կառաջանա վակուում: Վարչապետը երբեմն տեղեկություններ է ստանում, թե իշխանության որոշ օղակներ, հնարավոր է, միջամտություններ են թույլ տալիս դատական համակարգի հանդեպ, բոլոր նման դեպքերին արագ արձագանքում է և պարզում, որ ապացույցներ չկան, թե այդպիսի բան է եղել: Ասաց՝ ո՛ր պահին ապացույց ունենա, այդ մարմնի ղեկավարը կամ այդ գործողությունը թույլ տված պաշտոնյան տեղում կազատվի պաշտոնից:
«Մյուս կողմից, մենք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերել եվրոպական ստանդարտի եւ նաև սա է պատճառը, որ մենք կարևորում ենք Եվրամիության հետ այս ուղղությամբ մեր համագործակցության հետագա զարգացումը եւ մենք վճռական ենք այս հարցում: Որեւէ մեկը հանկարծ չկասկածի, որ որևէ պահի մենք կարող ենք մտածել՝ լավ, այնուամենայնիվ, այս դատական համակարգը կարող է՝ մեզ պետք է մեր քաղաքական նպատակների համար օգտագործելու համար: Չի լինի այդպիսի բան, անձամբ իմ կողմից բացառվում է, որովհետեւ դա մեր ժողովրդի առջեւ իմ ունեցած պարտավորությունն է: Եթե կլինեն այլ պաշտոնյաներ, ովքեր կփորձեն այդպիսի բան անել, այդ պաշտոնյաների գործողություններին կլինի շատ կոնկրետ արձագանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց դատական համակարգի անկախությանն ուղղված՝ կառավարության գործողությունները. դատավորներին ներառել են սոցփաթեթի շահառուների ցանկ, օրենսդրական նոր մշակումներ են կատարում, քննարկվում է դատական համակարգը բեռնաթափելու խնդիրը. «Որովհետեւ շատ դեպքերում մենք գործ ունենք ոչ թե դիտավորյալ անարդար որոշումների հետ, այլ դատավորները երբեմն այնքան ծանրաբեռնված են... եթե դատավորը ծանրաբեռնված է անհամար դատական գործերով եւ ժամկետներով կաշկանդված է, շատ դեպքերում նա կարող է ուղղակի չկարողանալ որակը ապահովել»:
Հետեւաբար, դատարանների բեռնաթափումը նա համարեց շատ կարեւոր գործ, մասնավորապես, դատական որոշ գործեր պատվիրակելով այլ մարմինների. «Օրինակ, հիմա քննարկվում է մի շարք գործերի լուծումը պատվիրակել նոտարներին եւ այդպես շարունակ, այսինքն, հնարավորինս բեռնաթափել»:
Նա անդրադարձավ նաեւ դատարանների շենքային պայմանները բարելավելու, տեխնիկայով հագեցնելու խնդրին:
Վարչապետը շատ կարեւոր բաղադրիչ համարեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ԵՄ հետ համագործակցությունը:
«ԵՄ եւ ԵԽ մեր գործընկերները, կարծում եմ գիտեն, բայց ճշտելու համար մեզ հարցնում են. ասում են, օրինակ, դատական համակարգի անկախության ճանապարհին դուք մինչեւ ուր եք պատրաստ գնալ: Եվ ես այս բոլոր հարցերին տալիս եմ շատ հստակ պատասխան. մենք ոչ միայն պատրաստ ենք, մենք պետք է գնանք մինչեւ վերջ եւ պետք է ունենանք իրականում անկախ դատական համակարգ, այստեղ որեւէ կասկած չկա»,-շեշտեց վարչապետ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ հանրային մեծ հնչեղությամբ ուղեկցվող դատական գործերին:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարությունների մասին, թե Քոչարյանի հանդեպ հաշվեհարդար է տեղի ունենում, վարչապետն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է մի կառավարության հետ, որն այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով:
«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, ապա շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների ե՛ւ հնարավորությունը կար, ե՛ւ ժամանակը, ե՛ւ համատեքստը կարող էր լինել: Ուզում եմ ասել՝ խնդրում եմ որեւէ մեկին, որեւէ գործողություն երբեւէ չդիտարկել ինչ-որ անձնական զգացումների, ընկալումների, անձնական պատկերացումների շրջանակում: Դա յուրաքանչյուրի իրավունքն է՝ ցանկացած մեկնաբանություն տալ, ուղղակի հենց այդպիսի մեկնաբանությունների հեղինակները խանգարում են իրավիճակը օբյեկտիվ ընկալել»,– ասաց Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք մեկ այլ քրեական գործ էլ կհարուցվի Մարտի 1-ի 10 զոհերի բացահայտման վերաբերյալ, քանի որ ներկա գործը վերաբերում է միայն սահմանադրական կարգի տապալմանը, Փաշինյանը պատասխանեց, որ նոր գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ քրեական գործը հարուցվել է:
Նա ասաց, որ սպանությունների բացահայտումը առանցքային է եւ երբ ինքն օգոստոսի 17-ին հայտարարում էր, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, նաեւ դա նկատի ուներ:
«Հիմա այդ մարդիկ պետք է գան ասեն, թե ինչու են պարկուճները փոխել: Բայց այդ մարդիկ, կարծես գալու եւ ասելու ցանկություն չունեն: Դա լավ չի, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու եւ որեւէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ: Այս պահին մեր թիվ մեկ բարդությունն այն է, որ եթե այդ պարկուճը լիներ, կնույնականացվեր զենքի հետ, որով, ենթադրենք, որեւէ սպանություն տեղի է ունեցել եւ մենք կիմանայինք, թե ով է կրակել այդ զենքից: Մենք կոնկրետ կբացահայտեինք հեղինակին»,– ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանում շատերը տպավորություն ունեն, թե ինքն է քննությունը վարում. «Ասում եմ՝ էս մեկին ձերբակալել, մյուսին բռնել, էն մեկի խափանման միջոցը փոխել, այնտեղ խուզարկություն անել: Դա այդպես չէ, որովհետեւ դա կլիներ սխալ»:
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերի դժգոհության մասին հարցին վարչապետը պատասխանեց. «Կա նախաքննություն, կա կառավարություն, կա վարչապետ և կան սևազգեստ մայրեր: Որպեսզի մենք առաջ գնանք, ճիշտ կլինի, որ մեր հարգելի մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները: Ասեն՝ նախաքննության մեջ ինչն է սխալ, ինչն այնպես չի արվել, որպեսզի մենք գնանք դա կոնկրետ հանենք, սկսենք քննել, դրա արդյունքում ճշմարտությունը բացահայտվի, եթե ինչ-որ բան այնպես չի արվել: Եթե եկան կառավարության դիմաց ու ասացին՝ չենք վստահում նախաքննությանը, ես էլ հանձնարարեցի ստուգել, գնացին, ստուգեցին, ասացին՝ նորմալ է, հետո ի՞նչ է լինելու: Պետք է նրանք օգնեն այդ գործընթացին»: