Մեկնարկել է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի նոր փուլը
Մեկնարկել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համաժողովների սրահում:
Ծրագրի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2018-2023թ.թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին` իրականացնելու դատական ոլորտի բարեփոխումներ: Թիրախային ուղղություններից են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատավարությունների արդյունավետության և արդարադատության մատչելիության խթանումը՝ տրամադրելով աջակցություն սահմանադրական բարեփոխումներին հաջորդող իրավական ոլորտի բարեփոխումներին, դատական ոլորտին և կարգապահական վարույթին առչնվող իրավական ակտերի մշակման գործընթացում, ինչպես նաև հաշտարարության և արբիտրաժի կիրառման հզորացումը Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և չափորոշիչների համաձայն:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հասնել հետևյալ արդյունքներին.
- դատարաններից օգտվողների համար առավել անկախ, թափանցիկ և արդյունավետ գործող դատական իշխանության հասանելիություն,
- դատական իշխանությանն առնչվող ներպետական իրավական ակտերի մշակումն ու դրանց իրականացումը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն,
- ծրագրի աջակցության շնորհիվ դատավորների ինքնակառավարման մարմինների, մասնավորապես նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի թափանցիկ և արդյունավետ աշխատանքի ամրապնդում,
- դատարաններից օգտվելու հավասար հնարավորությունների և իրավական որոշակիության ամրապնդում, դատարանների կառավարման և աշխատանքի իրականացման արդյունավետության բարելավում՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն,
- Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության գործնական կիրառման բարելավում՝ հասարակության համար դատարաններից օգտվելու գործընթացը հեշտացնելու, ինչպես նաև դատական գործերի կուտակումը նվազեցնելու և ընդհանուր տնտեսական աճ ապահովելու նպատակով:
Ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը և Հայաստանն ու Եվրոպայի խորհուրդը ներկայացնող բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ նախարարությունն ու Հայաստանի կառավարությունը ողջունում են այս ծրագիրը, որը նպաստում է Հայաստանի դատական իշխանության բարեփոխմանը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական Միության և Հայաստանի մեր գործընկերների հետ ձևավորված երկարատև համագործակցությունը և ակնկալում ենք արդյունավետ ծրագիր: Այս ծրագիրը շատ արդիական է, քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը ներկայում դատական համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում է»:
ՀՀ դատավորների միությունը պատրաստակամ է այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցել կազմակերպիչների հետ: