Վերաքննիչ դատարանները 20 տարեկան են
20 տարի առաջ Վերաքննիչ քաղաքացիական ու քրեական դատարանների հիմնադրմամբ սկիզբ դրվեց եռաստիճան դատական համակարգին: Մինչ այդ գործում էին Առաջին ատյանի դատարանը և Գերագույն դատարանը, որի հիմքով էլ հետագայում ձևավորվեց Վճռաբեկ դատարանը։ Հիմնադիրները տեղայնացրին արդեն կայացած Վերաքննիչ դատարաններ ունեցող երկրների փորձը։
«Սկզբում շատ դժվար էր. մենք տեղավորվել էինք Վճռաբեկ դատարանի ներկայիս շենքում, որտեղ աշխատանքային շատ վատ պայմաններ էին, դատավոր ու օգնական մի սենյակում էին նստում, ներսում այնքան ցուրտ էր, որ կգերադասեինք դրսում իրականացնել մեր աշխատանքը, բայց դիմանում էինք, մինչև տեղափոխվեցինք նոր շենք»,-ասում է 2000 թվականից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը։
Հիմնադրման հոբելյանը Վերաքննիչ դատարանները նշանավորեցին դռները բացելով լայն հանրության առջեւ: Քաղաքացիները շրջեցին փակ գոտիներում, նիստերի դահլիճներում, հարցեր ուղղեցին դատավորներին, ծանոթացան շենքային պայմաններին:
2018 թ-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անդամակցեց Եվրոպական դատարանին կից գործող վերադաս ատյանի դատարանների ցանցին: Դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ իրենք հետաքրքիր կարգավիճակում հայտնվեցին, տեղյակ դարձան որոշումների մասին, որոնք կարևորում է Եվրոպական դատարանը:
«Մեր նպատակն է իրավունքի գերակայության հիման վրա արդարադատություն իրականացնել և իրավական որոշակիությունը դրա բաղկացուցիչ մասն է: Այդ հիմքով իրականացվող արդարադատության պակասն է, որ կա հասարակությունում, որովհետև մեր խնդիրն է ոչ թե կոնկրետ անհատական գործով արդարադատություն իրականացնել, այլև հասարակությունում արդարադատության ընկալում ձեւավորել»,- ասաց նա:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու համոզմամբ՝ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է լուծել խնդիրները և արդարացնել հասարակության սպասելիքները: Ըստ նրա՝ դրանցից մեկն էլ դատավորների աշխատավարձերի բարձրացումն է, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին, քանի որ դատավորն ավելի զգոն կլինի իր աշխատանքը պահպանելու հարցում:
«Սկսած օրենսդրական կարգավորումներից, ավարտած դատավորների համար սոցիալական երաշխիքներով, դատական իշխանությունում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, վերացմամբ․ սրանք համապարփակ գործողությունների շարք կարելի է համարել, որոնց արդյունքում կարելի է հասնել հասարակության սպասած արդարադատությանը»,- ասաց նա:
Հոբելյանական միջոցառումների շարքը շարունակվեց «Վերադաս դատարանների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկմամբ: Այն եւս կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող եւ ԵԽ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական վերաքննիչ դատարանների հետ համատեղ:
«Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն են: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նկատեց՝ դատական համակարգի մարտահրավերների շառավիղն ընդգրկուն է. դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի ու դատավորների որակ, դատավորների ու դատական ծառայողների սոցիալական երաշխիքներ, վստահելի ու տեսանելի արդարադատություն և այլն:
Ծանրաբեռնվածության խնդիրը՝ թվերով ներկայացրեց ՀՀ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Ես հանեցի միայն 2017-18 թթ համեմատությունները եւ հետաքրքիր պատկեր ստացվեց՝ օրինակ Քրեական վերաքննիչ դատարանը 2018 թ-ի ընթացքում ստացել է 4 216 վերաքննիչ բողոք, որը 13,3 տոկոսով ավելին է, քան անցած տարի եւ այս բողոքները Առաջին ատյանում քննված գործերի 16,6 տոկոսն են կազմում, երբ անցյալ տարի կազմել են 15,2 տոկոսը: Այսինքն, գնալով ե՛ւ ավելի շատանում են բողոքարկվողները, ե՛ւ ավելի շատանում են առաջին ատյանում քննված այնպիսի գործերը, որոնք ենթակա են բողոքարկման»,-պարզաբանեց Գագիկ Հարությունյանը:
Ամփոփելով օրը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահն արձանագրեց, որ հետաքրքիր անցավ. «Կարող ենք համարել, որ որոշ անպատասխան հարցեր ստացան իրենց պատասխանները: Ազատ էին դպրոցականները, նույնիսկ հագան պատմուճանները, նստեցին դատավորի աթոռին, նկարվեցին. մուրճը շատ վստահ էին բռնում, առողջ մթնոլորտ էր»: