Միջամտությունը դատավորի գործունեությանը բացառվելու է. Կառավարության ծրագրի առանցքային շեշտադրումները
Ի՞նչ սպասել Կառավարության ծրագրի՝ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հատվածից. առանցքային դրույթները մեկնաբանում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Կառավարությունը հաստատում է իր կամքն օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում: Կառավարությունը բացառում է իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը»։
_Կառավարության ծրագիրը փորձել է ախտորոշել այն հիմնական խնդիրները, որոնք ունենք: Փորձ է կատարվել Կառավարության ծրագրի մեջ եւս մեկ անգամ շեշտադրել, որ գործադիրը հանձնառություն է ստանձնում ապահովել դատական իշխանության անկախությունը անհարկի միջամտություններից, անկախ նրանից՝ այդ միջամտությունները պետական այլ մարմիններից են, թե մասնավոր անձանցից:
Ամրագրումը, որ նախկինում դատական ակտերը կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները միայն ստորագրել են դրանք չեմ դիտարկում որպես պիտակավորում: Ինձ թվում է, դատական իշխանությունը առավել շահագրգռված պիտի լինի, որ նման միջամտությունները զրոյական մակարդակի վրա իջնեն: Սա ոչ թե պիտակավորում է, այլ ընդհակառակը, դատավորներին ընձեռած հնարավորություն է, որպեսզի վերջիններս անկախորեն իրականացնեն իրենց ստանձնած գործառույթները:
Իմ խորին համոզմամբ, մենք դատական իշխանության անկախության 3 հիմնական հենասյուն ունենք. առաջին հենասյունը դատավորի պրոֆեսիոնալիզմն է: Եթե դատավորը օժտված է պրոֆեսիոնալ որակներով, ապա դա ապահովում է նրա անկախության զգալի հատվածը: Երկրորդը՝ դա դատավորի բարոյականությունն է: Եվ երրորդը՝ համապատասխան սոցիալական երաշխիքներն են, որոնք թույլ են տալիս, որ դատավորներն, իրոք, անկախ լինեն: Սոցիալական երաշխիքների միջավայրը լայն եմ ուզում ընդգծել, սոցիալական երաշխիքներ՝ ուղղված ե՛ւ դատավորի վարձատրությանը, ե՛ւ դատավորի ունակություններին, ե՛ւ համապատասխան պայմաններ ստեղծելուն, որ վերջինս իրականցնի իր աշխատանքը:
Տնտեսական հեղափոխության համատեքստում դատավորների վարձատրության հարցը պետք է վերանայվի:
«Ոչ պակաս կարևոր է դատավորների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված ջանքերի գործադրումը»:
_ Սա ենթադրում է պարբերաբար դատավորների մասնագիտական որակների բարձրացմանն ուղված գործընթաց՝ մշտական թրեյնինգներ, որոնք թույլ կտան դատավորներին կողմնորոշվել այս խառնիճաղանջ իրավական համակարգում, երբ ունենք ոչ միայն ներպետական օրենսդրություն, այլեւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք, ունենալու ենք ԵԱՏՄ շրջանակներում ընդունված փաստաթուղթ, որոնք եւս կարող են կիրառվել դատական համակարգի կողմից: Այս ամենում կողմնորոշվելու համար անհրաժեշտ են մասնագիտական բարձր որակներ եւ գիտելիքների անընդհատ թարմացում: Դատավորների մասնագիտական մակարդակի բարձրացման համար չափազանց կարեւոր ուշադրություն պետք է դարձնենք դատավորների թեկնածությունների ընտրությանը, անցած փորձը, որ ունի դատավորը, դատավորի կայությունը՝ որպես սուբյեկտի, որ իրականցնում է արդարադտությունը:
Պետք է չափանիշներն այնքան հստակ լինեն, որ խուսափենք պատահական մարդկանիցից:
Մի քանի տարի առաջ արձագանք առաջացրեց երիտասարդ տարիք ունեցողներին դատավոր նշանակելը, սա կարգավորման կարիք ունի՝ հաշվի առնելով փորձառության նշանակությունը:
«Կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ներառելու է միջոցառումներ դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար»:
_Սա կարող է լինել էլեկտրոնային արդարադատությունը, կարող են լինել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, վարչական վարույթի վրա կենտրոնանալը, որովհետեւ շատ դեպքերում մեր Վարչական դատարանները ծանրաբեռնվում են այն պատճառով, որ բազում գործեր, որոնք չեն անցնում վարչական վարույթի փուլով՝ ներկայացվում են վարչական դատարան եւ Վարչական դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը իրոք շատ մեծ է: Թեթեւացնելու, բեռնաթափելու տեսանկյունից չափազանց կարեւոր կլինի այլ օրենդրական լուծումների, նորարարկան լուծումների օգտագործումը: Գումարած սրան՝ էլեկտրոնային արդարադատությունը կարող է կարեւոր նշանակություն ունենալ: Այսօր ծախսատարությունը դատավարության շրջանակներում բավականին բարձր է, մենք պետք է փորձենք նվազեցնել ե՛ւ ֆինանսական, ե՛ւ ժամանակային ծախսատարությունը: Մեզ մոտ գործեր կան, որոնք քննվում են տարիներ, ինչը դժվարացնում է վերջնական վճիռ կայացնելը, ինչը նաեւ ստվերում է դատական իշխանությունը: Լուծումներից մեկը կարող է լինել, որ դատարանները չներառվեն այն գործերի մեջ, հատկապես վարչական դատավարության շրջանակներում, որոնք կարող են լուծվել նաեւ գործադիրի մակարդակում՝ վարչական վարույթի եւ վարչարարության հիմունքների եւ օրենսդրության հիման վրա:
Էլեկտրոնային արդադատություն ներդնելը ամենաթանկ բանը չէ, որը անկախությունից ի վեր ՀՀ-ում ծախսվել է: Մենք կարող ենք թույլ տալ մեզ ունենալ էլեկտրոնային արդարադատություն: Իհարկե, այս էլեկտրոնային արդադատությունը չպետք է փոխակերպվի օրթոդոքսալ արդադատության. ավանդական՝ դասական արդադատությունը պետք է օգնի, որպեսզի մենք ձեւավորենք էլեկտրոնային արդադատության համակարգ, այն առումով, որ օգտագործենք ժամանակակից տեխնիկական նվաճումները եւ տեխնիկական հարցերի վրա դատավորը քիչ ուշադրություն դարձնի: Գործնականում, շատ բաներ են քննարկում, մասնավորապես՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրումը դատական համակարգում: Ծանուցման, հայցերի էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, արհեստական ինտելեկտի կիրառում, որոնողական բազաների ստեղծում: Օրինակ, շատ դեպքերում չունենք տվյալների բազա, որտեղ կկարողանանք որոնել այս կամ այն որոշումը, համադրել գործի փաստերը, օրը Վճռաբեկ դատարանում արտացոլված իրավական դիրքորոշումների հետ: Մենք պետք է կարողանանք համահունչ գնալ տեխնիկական զարգացմանը, դա չպետք է որեւիցե կերպ ազդեցություն ունենա արդադատության որակի վրա:
Մենք պետք է առաջնորդվենք նրանով, որ էլեկտրոնային արդարադատությունը պետք է մտնի փուլ առ փուլ ե՛ւ բովանդակային, ե՛ւ տարածաշրջանային առումով եւ կամաց-կամաց թղթային արդարադատությունը պետք է փոխարինենք էլեկտրոնային արդարադատության: Բայց չպետք է նաեւ որեւիցե եղանակով նշվածը դիտարկվի որպես արդար դատաքննության իրավունքի խախտում. դատավորի դերը բացարձակապես չի վիճարկվում այստեղ, խնդիրը հետեւյալն է՝ դատավորին հնարավորինս ազատել տեխնիկական բնույթի հարցերից, այսինքն հարցերից, որոնք հիմա լուծում է դատավորը, բայց դրանք կարող են լուծել համապատասխան ավտոմատացված համակարգերը:
Օրինակ, դատարաններից շատերը հիմա օգտագործում են «Ֆեմիդա» համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ձայնագրել նիստը, բայց մենք այդ ձայնը տեքստի վերափոխելու հնարավորություն չունենք: Գուգլը հնարավորություն ունի ձայնը վերածել տեքստի, դա կարագացնի որոշումների կայացման գործընթացը: Էլեկտրոնային համակարգով կարող ենք հաշվարկել ժամկետները՝ ո՛ր գործը հայտնվել է կարմիր գոտում, ո՛ր գործը մոտ է:
Ենթադրում եմ, որ կառավարության ծրագրի շրջանակներում ընդունված ճանապարհային քատեզով կամրագրվի այն ժամկետը, որի շրջանակներում փուլ առ փուլ կիրականանա այս հարցը:
«Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, գործերի քննության ժամկետները կրճատելու, արդարադատության որակն ու մատչելիությունը և արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների գործնական կիրառելիության և անվճար իրավաբանական օգնության տրամադրման խրախուսման միջոցների ներդրման ուղղությամբ»:
_Ե՛ւ նոր մեխանիզմներ կարող են մշակվել, ե՛ւ նախկինում գոյություն ունեցողը, մասնավորապես, արբիտրաժային դատավարությունները, միջնորդ դատավարության ինստիտուտը: Եթե վեճը սկզբունքային բնույթ չի կրում եւ պարտադիր չէ անդրադառնալ դատարանում, վեճերի կարգավորման այլընտրանքային եղանակները կամ արբիտրաժային դատավարությունը կարող է շատ ավելի օպերատիվ լինել, որովհետեւ այն ավելի հարմար է, ավելի հասկանալի է, ավելի ընկալելի է, իսկ որոշակի առումով իրոք կարող է ավելի վստահելի լինել, որովհետեւ արբիտրաժային դատավարության ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ վեճի ամեն կողմ ընտրում է իր կողմից վստահելի արբիտրներ եւ այդ երկուսը ընտրում են սուպերարբիտրին կամ նախագահողին, որը, ըստ էության, եւ վճռում է գործի ելքը: Սա լավ մեխանիզմ է, ակտիվ օգտագործում են տարբեր երկրներում եւ առավելությունն այն է, որ ավելի ճկուն է եւ ավելի արագ:
ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված է, որ պետություններն իրավունք ունեն վեճը լուծել ցանկացած եղանակով՝ պայմանով, որ այդ եղանակը խաղաղ է: Դատարանների բեռնաթափման կարիք մենք ունեք, հատկապես Վարչական դատարանների, որոնց դեպքում, օրինակ, 5-10 հազարանոց հայցագին ունեցող գործերի համար պետությունը ծախսում է 30-50 հազար դրամ. ծանուցում ուղարկել, ստանալ, հրավիրել նիստ, ժամանակ ծախսել:
Դատավորների թվի ավելացման մասին կարող ենք խոսել, եթե դրա համար օբյեկտիվ անհրաժեշտություն լինի: Դատավորների թիվը բնակչության համեմատ այնքան էլ մեծ չի, բայց պետք է հասկանանք, որ դատավորների թվի ավելացումը չպետք է լինի զուտ մեխանիկական գործընթաց:
Անվճար իրավաբանական օգնության խրախուսման միջոցների մասին՝ ցավոք, շատ դեպքերում իրավական գիտակցության մակարդակը ստիպում է մեր շատ քաղաքացիների գնալ քայլերի, որոնք վաղ թե ուշ հանգեցնում են խնդիրների պետական մարմինների հետ: Այս պարագայում անձինք հայտնվում են անելանելի վիճակում՝ սոցիալապես ծանր պայմաններ, գործի դատական քննություն, փաստաբանի գումարի բացակայություն… սկսում են դիմել տարբեր սուբյեկտների: Հանրային պաշտպանի գրասենյակը շատ ավելի նեղ կատեգորիայի անձանց խնդիրներով է զբաղվում: Պետք է ընդայնել այն սուբյեկտների շրջանակը, որոնք կարող են օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից:
«Կառավարությունը նպատակադրված է ստեղծել և գործարկել միասնական էլեկտրոնային համակարգ՝ արդարադատության ոլորտում ընդգրկված մարմինների (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն և այլն) համար»:
_Տեխնիկապես, ենթադրենք, սա հնարավոր է. նաեւ պետք է հասկանանք այդ մարմինների փոխհարաբերությունների ոլորտը: Բայց այն հանգամանքը, որ պետք է ունենանք շատ արագ փաստաթղթաշրջանառություն այդ համկարգերի միջեւ, չափազանց կարեւոր է:
«Արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների և գործարար հանրության սպասումներն արդարացնելու և գործարար միջավայրի բարելավման նպատակով շարունակաբար պետք է կատարելագործվի դատաիրավական օրենսդրությունը, հարկադիր կատարման ոլորտում պետք է իրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված պարտադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը՝ սահմանված պահանջների պահպանմամբ արդյունավետ, համաչափորեն, սեղմ ժամկետներում և կողմերի իրավունքների ապահովմամբ, իրականացնելուն»:
_Դատական ակտերի հարկադիր կատարումը՝ այդ համակարգի ներդրումից հետո, մշտական խնդիրներ էր ստեղծում հատկապես ելնելով նրանից, որ այս կամ այն հայցի ապահովման արդյունքում հայցի ապահովման միջոցը կիրառվում էր ամբողջ ունեցվածքի նկատմամբ, արգելափակվում էին բոլոր հաշիվները եւ անձը, երբ ցանկանում էր վճարումները կատարել, պարզապես հնարավորություն չէր ունենում: Դատական ակտերի կատարման գործընթացը ավելի արդյունավետ դարձնելը բոլորի շահերից է բխում: Նորությունը կայանում է նրանում, որ Կառավարությունը տեսնում է այս ոլորտում արդյունավետության բարձրացման կարիք՝ ապահովելով պարտապանների եւ պարտատերերի շահերը:
«Կառավարության նպատակներից է նաև վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումների վերանայումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս կարգավորումները չեն արտացոլում վարչական ներգործության նպատակները: Վարչական տույժերը կրում են մասսայական բնույթ և ծառայում են պետական, համայնքային և նույնիսկ մասնավոր սուբյեկտների բյուջեների համալրմանը` նպաստելով վերադաս վարչական մարմինների կողմից ի վնաս քաղաքացու կողմնակալ որոշումներ կայացնելու գործելաոճի ձևավորմանը, ինչն իր հերթին, ի թիվս այլ բացասական հետևանքների, հանգեցնում է վարչական ակտերի դատական կարգով բողոքարկումների մեծաթվության: Այս առումով, հասարակությունը պետք է դադարի լինել «պատժվածների հասարակություն»»:
_Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հին է եւ դրա նպատակների մեջ դեռեւս խոսվում է սոցիալիստական բնույթի արժեքների մասին: Այս գործընթացը նոր չի նախաձեռնվել, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունի եւ այն պետք է համապատասխանեցվի ժամանակակից տնտեսական եւ հասարակական հարաբերություններին: Չափազանց կարեւորում եմ իրավիճակային լուծումներից խուսափելը, օրինակ՝ արարքը դարձնում ենք վարչական իրավախախտում՝ առանց որեւիցե հիմնավորման, հետո առանց որեւիցե հիմնավորման այդ արաքը դադարում է դիտվել որպես վարչական իրավախախտում: Օրինակ, երբ պարտադիր ապահովագրությունը ներմուծվեց, որպես վարչական իրավախախտում նախատեսվեց ԱՊՊԱ-ի կտրոնը դիմապակուն չփակցնելը: Այնուհետեւ այդ նորմը վերացվեց: Եւ հիմնավորումը ի սկզբանե պարզ չէր, եւ հետո հանելն էր անհասկանալի:
Ինչ վերաբերում է «պատժվածների հասարակությանը», բոլոր իրավապահ մարմինները պետք է հասկանան, որ մեր նպատակը պատժելը չէ: Վարչական իրավախախտումների մասին օրենսդրությունը քննարկվում է 15 տարի. այս Կառավարությունը փորձելու է դա ավարտին հասցնել:
«Միջոցներ կձեռնարկվեն նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատշաճ կատարումն ապահովելու գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ»:
_Առաջինը քաղաքական կամքն է, հետո Կառավարությունը, որպես այս ոլորտի պատասխանատու, պետք է օրենսդրական փոփոխություններ, գործառութային քայլեր կատարի, որ ՍԴ որոշումները եւ ՄԻԵԴ վճիռները արագ կատարվեն: Չպետք է ունենանք իրավիճակներ, երբ սահմանադրական վակուումի բախվենք: Այստեղ ժամկետները պահպանելու եւ արագ արձագանքելու խնդիր ունենք:
«Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության, նոտարիատի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անձնական տվյալների պաշտպանության, էլեկտրոնային արդարադատության ոլորտների զարգացմանը նպաստելու ուղղությամբ»:
_Այս պահին էլ օրենսդրական նախաձեռնություններ ունենք փաստաբանների կարգավիճակի, նոտարիատի, ՔԿԱԳ նկատմամբ. փորձում ենք անել հնարավորինս, որպեսզի այդ համակարգերը ավելի մատչելի դառնան քաղաքացիների համար, ծառայություններից օգտվելու հնարավորություն լինի, լրացուցիչ բյուրոկրատիայից ազատվենք: Որոշակի հաջողություններ այս ոլորտում գրանցել ենք. կադաստրի, նոտարիատի գործառույթները մեկտեղել ենք:
«Կառավարությունը վճռական է նաև վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. նշված սկզբունքներից բխում է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը»:
_Ներդրված է պրոբացիայի ինստիտուտը, փորձ է կատարվում խոսել այն մասին, որ հնարավորինս պետք է պայմաններ ապահովենք դատապարտյալներին հասարակություն ինտեգրելու ուղղությամբ: Վերապատրաստվելու, կրթություն ձեռք բերելու, աշխատանքի առաջարկություն ստանալու… տարբեր միջոցներ կան անձին հասարակության լիարժեք անդամ դարձնելու, առնվազն չպիտակավորելու:
«Միաժամանակ, կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով»:
_Մենք գիտենք՝ ինչ իրավիճակ էր տիրում քրեակատարողական հիմնարկներում, խնդիրները շատ են: Պատիժը պետք է լինի ազատազրկումը, արտաքին աշխարհի հետ շփումների սահմանփակումը, բայց որ անձը պետք է գտնվի բարվոք պայմաններում, ունենա բավարար սնունդ, հնարավորինս կապը պահի հարազատների հետ, չափազանց կարեւոր է: ՀՀ-ում դատապարտյալների թիվը մեծ չէ եւ պետությունը պետք է առիթը օգտագործի, որ դուրս գանք այն երկրների ցանկից, որտեղ ազատազրկումը դիտվում է անձի խոշտանգման վայր:
«Բոլորի՝ օրենքի առջև հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև հավասար իրավունքների իրագործման նպատակով Կառավարությունը կներկայացնի իրավահավասարության ապահովման, վերաբերյալ համապարփակ օրենսդրություն, ինչը յուրաքանչյուրին հնարավորություն կտա օգտվելու արդյունավետ իրավական մեխանիզմներից իր խախտված իրավունքների վերականգնման համար»:
_Կառավարության ծրագիրը հայեցակարգային փաստաթուղթ է, իրավահավասարությունը, որպես ժողովրդավարության կառուցման միջոցներից մեկը, պետք է լինի ուղենիշ այս ոլորտի իրավակարգավորումները մշակելու համար: Սա Կառավարության ուղերձն է Խորհրդարանին. որոնք են այն հիմնական ակցենտները, որոնք լինելու են գերակա Կառավարության գործունեության ընթացքում: Կարեւոր դրույթներից մեկը իրավահավասարության, բոլորի հավասարության ապահովումն է: