Կառավարությունը հաստատեց դատավորներին սոցփաթեթի շահառուների ցանկ ներառելու որոշման նախագիծը
Դատավորներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի անդամներին ու ԱԺ կողմից ընտրված ԲԴԽ անդամներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկ ներառելու՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը ՀՀ կառավարությունը հաստատեց առանց դեմ ձայնի:
Զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց. «Դատավորները կօգտվեն սոցփաթեթի մեջ ներառված հետեւյալ ծառայություններից. հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հիպոթեքային վարկերի ամսական վճարի մարում, ուսման վճար, սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի եւ սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամների առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում: Ի լրումն վերը նշված ծառայությունների, սոցիալական փաթեթի գումարները կարող են օգտագործվել օրենսդրությամբ սահմանված կարգով վարկային գծի մարման նպատակով»:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունումն անհրաժեշտ է, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Բացի այդ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, իսկ նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Ընդ որում, դատավորների համար նման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:
Ակնկալվող արդյունքն է կարգավորել դատավորների՝ պետական միջոցների հաշվին առողջության ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովել դատավորների՝ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական երաշխիքներ ստեղծելու ուղիների եւ թիրախային խմբերի հարցը համարեց արդի ժամանակաշրջանի կարեւորագույն թեմաներից մեկը: Ասաց, որ այստեղ խնդիրը առնչվում է ոչ միայն դատավորներին եւ դատարաններին, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիների՝ անկախ դատական համակարգ ունենալու եւ անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքին:
Նա ընդգծեց, որ այս ճանապարհով առաջ գնալու դեպքում փորձ է արվում հարց լուծել ոչ միայն կոնկրետ դատավորների համար, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիների եւ պետության համար:
Նա կարեւորեց մի կողմից կոռուպցիայի եւ կամայական որոշումների դեմ խստորեն պայքարելը, մյուս կողմից, քայլեր ձեռնարկելը, որ այդ կարգի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացվի:
«Հարց կարող է հնչել՝ չհասկացանք, այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, հիմա անցնում ենք դատավորների հարցերն ենք լուծում: Իհարկե ո՛չ: Բայց կարծում եմ, երբ մենք քայլ ենք արել 250 հազար քաղաքացիների այդ համակարգում ընդգրկել, բալանսավորված եւ շատ խելամիտ քայլ է 230 դատավորներին նույնպես ընդգրկել այս համակարգում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: