Ատելության քարոզը սպանում է ժողովրդավարությունը. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցում անդրադարձ կա նաեւ դատական իշխանության բարեփոխմանը եւ ատելության քարոզի անթույլատրելիությանը: Դեսպանի խոսքից ներկայացնում ենք այդ հատվածները:
- Ժողովրդավարությունը, խոսքի եւ մամուլի ազատությունը, այլ հիմնարար իրավունքները ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքն են: Կարծիք կա, որ Հայաստանում հիմա նկատվում է անհանդուրժողականության եւ ատելության քարոզի աճ, հատկապես սոցիալական ցանցերում, երբ շատ մարդիկ չեն ցանկանում ընդունել կարծիքներ, որոնք համահունչ չեն իրենց կարծիքների հետ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա խնդիր է եւ արդյո՞ք կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցով:
- Ատելության քարոզի աճը ինձ շատ է անհանգստացնում: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Ատելության խոսքը համընդհանուր չարիք է: Այն շատ վնասակար է քաղաքական մշակույթի համար: Այն սպանում է ժողովրդավարությունը: Այն երկրներում, որոնք իրենց պատմության նոր էջ են բացում՝ կապված քաղաքական մշակույթի եւ ժողովրդավարության ինստիտուտների կառուցման հետ, շատ կարեւոր է, որ ատելության քարոզի դրսեւորումները ուշադրության արժանանան, կառավարվեն, կանխվեն եւ դրանց դեմ պայքար տարվի։
Մենք խոսում ենք Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանությունից մեկ օր անց, ով Հայաստանի ընկերն էր եւ մի քանի անգամ եղել էր Հայաստանում: Նա ատելության զոհ դարձավ: Նրա մահը այն փաստի վկայությունն է, որ բռնության քարոզը կարող է հանգեցնել քաղաքական բռնության: Նրա մահը ապացուցում է, որ ատելության խոսքը պետք է լուծում ստանա ամենասկզբնական փուլում, քանի որ բանավոր ատելությունը հեշտորեն կարող է վերաճել ֆիզիկական բռնության:
Հայաստանում մենք կազմակերպել էինք հատուկ միջոցառում՝ զրուցելու ատելության քարոզի, մասնավորապես, սոցիալական մեդիաներում դրա առկայության մասին: Մենք ունեցել ենք շատ լավ սեմինար եւ վճռական ենք շարունակելու մեր քննարկումները:
Եվրոպական միությունը վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ՝ կապված ատելության խոսքի կանխարգելման հետ եւ ես հրավիրում եմ բոլոր մարդկանց կարդալ վարքագծի այս կանոնները, որոնք պարտավորեցնում են սոցիալական ցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ նպատակ ունենալով կանխարգելել ատելության տարածումը: Հայաստանի կառավարության առաջարկում եմ վերանայել գործող օրենսդրությունը՝ դիտարկելով դրա կատարելագործման հնարավորությունները: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր, եւ մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի կառավարությանն եւ այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը եւ լրագրողները՝ պայքարելու ատելության քարոզի դեմ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը դեռեւս շատ հեռու է ատելության քարոզի ամենաանհանգստացնող դրսեւորումներից, որոնք առկա են այլ երկրներում: Նախընտրական բանավեճերն Հայաստանում շատ դիվանագիտական եւ քաղաքակիրթ բնույթ ունեին՝ համեմատած այլ երկրներում տեղի ունեցող բանավեճերին, որտեղ բացասական էմոցիաները քաղաքական դիսկուրսում դարձել են շատ տարածված: Հայաստանի պարագայում ես առաջարկում եմ գործել, քանի դեռ ուշ չէ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներին ներկայացված մեղադրանքներին, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով երկրորդ անգամ կալանավորվեց 2018թ. դեկտեմբերին: Մասնավորապես, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը Քոչարյանին անվանեց «քաղաքական բանտարկյալ»: Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանում կա քաղաքական հետապնդումների խնդիր:
- Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին, թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական միությունը մշտապես եւ ոչ մեկ անգամ կոչ է արել հայաստանյան իշխանություններին անցկացնել իրադարձությունների հիմնավոր, համապարփակ, արժանահավատ հետաքննություն՝ բացահայտելու ողջ ճշմարտությունը: Ես կարծում եմ՝ սա շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ Հայաստանի արդարադատության համակարգի, ինչպես նաեւ օրենքի գերակայության ողջ համակարգի համար:
Մենք, իհարկե, տեղյակ ենք, որ հարուցվել են մի քանի գործեր եւ որոշ մարդկանց ներկայացվել են մեղադրանքներ: Եվրոպական միության համար կարեւոր է, որ այս բոլոր գործերը քննվեն անկախ դատական իշխանության ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, անկախ դատաքննության եւ, մասնավորապես, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:
Ինչպես գիտեք, որոշ գործեր փոխանցվել են Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Արդեն կան դատարանի կողմից կայացված որոշ վճիռներ, եւ մեզ համար կարեւոր է այն, որ եվրոպական արդարադատությունը եւ եվրոպական չափորոշիչները հաշվի են առնվում հայաստանյան դատարաններում գործերի քննության ժամանակ: Հաշվի առնելով գործերի հանրայնությունը՝ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի դատական համակարգի վրա ծանրացած բեռը բավականին մեծ է եւ այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է անել հնարավորն՝ այս բեռն ավելի չծանրացնելու համար: Ես համոզված եմ, որ նոր Հայաստանում հաշվի կառնվեն արդար դատաքննության ամենաբարձր եվրոպական չափորոշիչները եւ կհարգվի արդարադատության անկախությունը:
- Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ վարչապետը, մի քանի անգամ ասել են, որ առկա դատական համակարգը արդյունավետ չէ կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ բազմաթիվ դատավորներ կոռումպացված համակարգի փաստացի մաս էին կազմում: Նրանք առաջարկում են Հայաստանում անցումային արդարադատության կիրառում: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:
- Հայաստանը պետք է վերականգնի ժողովրդի վստահությունը դատարանների եւ արդարադատության հանդեպ: Բազմաթիվ հետազոտությունների եւ հասարակական կարծիքի հարցումների համաձայն, որոնք անցկացվել են նաեւ ԵՄ միջոցներով մինչ ապրիլյան հեղափոխությունը, հայաստանյան դատարանները հասարակական վստահության դեֆիցիտ ունեին: Հայերի միայն 20 տոկոսն էին վստահում դատարաններին, եւ սա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ եթե մարդիկ չեն վստահում դատարաններին, ապա արդարադատությունը չի կարող գործել պատշաճ կերպով: Մեր կարծիքով, դատական համակարգի բարեփոխումները՝ ուղղված ժողովրդի վստահության վերականգնմանը, պետք է դառնան նոր կառավարության առաջնահերթություններից մեկը:
Մի քանի ամիս առաջ եվրոպական փորձագետներին հրավիրեցին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի դատական համակարգի կատարելագործման հետ կապված, եւ նրանք ներկայացրել են իրենց գաղափարները: Ներկայում ամենակարեւոր խնդիրը դատական համակարգի անկախությունն է. ոչ միայն արտաքին անկախությունը գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլեւ ներքին անկախությունը: Դատական համակարգը ունի կառուցվածք. տարատեսակ դատարաններ, Դատական խորհուրդ եւ այլն: Յուրաքանչյուր դատավոր պետք է իրեն իրապես անկախ զգա գործերի քննության ժամանակ: Այսպիսով, սա ոչ միայն արտաքին (ոչ մի հեռախոսազանգ վարչապետի կամ նախագահի գրասենյակներից եւ այլն), այլեւ ներքին անկախության հարց է։
Այսպիսով, հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ է լուծել, բավականին մեծ է եւ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կառավարությանը: Նույնիսկ հիմա, երբ մարդիկ խոսում են անցումային արդարադատությունից, մեր առաջարկը հետեւյալն է. եթե Դուք ցանկանում եք դա անել (եւ դա պետք է լինի ինքնիշխան որոշում), ապա դիտարկեք անելիքները հետագա բարեփոխումների համատեքստում, մի դիտարկեք այն որպես առանձին խնդիր: Դիտարկեք ամենը լավ, վստահելի դատական համակարգի կառուցման տեսանկյունից:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով: