Արտագնա նիստեր, փոքրաթիվ դատավորներ՝ Սնանկության դատարանը սկսել է գործել. Գարիկ Ավագյանի մեկնաբանությունը
Ընդհանուր իրավասության դատարանի նախկին Մալաթիա-Սեբաստիայի նստավայրում ընդունման-հանձնման գործընթաց է. Սնանկության մասնագիտացված դատարանի դատավորները աստիճանաբար տեղափոխվում են այդ շենք. հենց Օտյան 53/2 հասցեում է Սնանկության դատարանի Երեւանի նստավայրը:
«Տեղափոխման աշխատանքները հնարավորինս մոտենում են ավարտին: Այն դատավորները, որոնք ընտրվել ու նշանակվել են որպես Սնանկության դատարանի դատավոր, տեղափոխվում են: Բոլոր պայմանները աստիճանաբար ապահովվում են, որպեսզի դատարանը լիարժեք կատարի իր աշխատանքը»,-ասում է Սնանկության մասնագիտացված դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը:
Մյուս դատավորները, որոնք այդ նստավայրում էին աշխատում, բայց այլեւս սնանկության գործեր չեն քննելու, ԲԴԽ-ի որոշմամբ՝ 3-ը կտեղափոխվեն Աջափնյակի, մեկը՝ Քանաքեռի, մեկն էլ՝ Արաբկիրի նստավայր:
Ավելի քան 1500 սնանկության գործեր բաշխվելու են նորաստեղծ դատարանի դատավորների միջեւ. նոր դիմումները մուտքագրվել են Սնանկության դատարանի գրասենյակ, 10-ը արդեն մակագրվել է՝ ասում է Գարիկ Ավագյանը:
Դատական օրենսգիրքը մինչեւ փետրվարի 1-ը ժամանակ է սահմանել. այդ ընթացքում բոլոր գործերը հանձնվելու են Սնանկության դատարան եւ մասնագիտացված դատարանը համարվելու է լիարժեք գործող:
Մայրաքաղաքի նստավայրից բացի ևս երկու նստավայր Գյումրիում ու Վեդիում են: Մյուս մարզերի գործերը եւս քննելու են այս 3 նստավայրերի դատավորները: Գարիկ Ավագյանն ասում է՝ անհրաժեշտության դեպքում նիստերը կգումարվեն արտագնա. «Նկատի ունենալով հետագա բարդությունը, պարտապանի, պարտատերերի մեծաթիվությունը հնարավոր է նաեւ արտագնա դատական նիստ կազմակերպվի ու գործը քննվի տվյալ մարզում»:
Սնանկության գործեր քննող դատավորների թիվը չափազանց փոքր է համարում նորաստեղծ դատարանի նախագահը: Ասում է՝ իր կարծիքով 12 դատավորը բավարար չէ, սկզբնական փուլում բավականին շատ գործեր միանգամից տեղափոխվելու են Սնանկության դատարան: Մոտավոր տվյալով՝ յուրաքանչյուր դատավորի վարույթում 600-700 գործ կլինի:
«Եթե հաշվի առնենք, որ Սնանկության մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ վարույթին առնչվող բոլոր գործերի քննությունը եւս կատարելու է սնանկության դատավորը, այդ պարագայում է՛լ ավելի ծանրաբեռնվելու են դատավորները: Եվ իմ խորին համոզմամբ, հետագայում անհրաժեշտություն է առաջանալու վերանայելու թիվը, քանի որ ՀՀ դատական օրենսգրքով առնվազն 12 դատավոր է սահմանվել՝ իբրեւ նվազագույն թիվ»,-ասում է Գարիկ Ավագյանը:
Սնանկության դատարանի ստեղծման նպատակը, Գարիկ Ավագյանը խոսքով, ոչ միայն դատավորների աշխատանքը բեռնաթափելն է, այլև, առաջին հերթին, միասնական դատական պրակտիկայի ձեւավորումը, որն էլ կնպաստի արդարադատության արդյունավետության բարձրացմանը:
«Նախկինում, ընդհանուր իրավասության դատարանների կազմում սնանկության գործեր էին քննում մեկական, երկուական դատավորներ: Լավագույն ցանկության դեպքում էլ հնարավոր չէր լինում միասնական դատական պրակտիկա ձեւավորել, քանի որ Սնանկության մասին օրենքը և՛ նյութական, և՛ դատավարական բնույթի նորմեր պարունակող օրենք է և պրակտիկայում բազմաթիվ հարցեր էին առաջանում, որոնց տարբեր դատավորներ, հնարավոր է, տարատեսակ լուծումներ տային: Միասնական դատարանի ստեղծմամբ՝ այդ խնդիրը հնարավորինս պետք է լուծվի: Այսինքն, պետք է արվի հնարավորը, որ սնանկության վարույթի մասնակիցները՝ պարտապան, պարտատերեր, նաև այլ մասնակիցներ զգան նոր դատարանի գործունեության արդյունավետությունը բազմաթիվ հարցերում՝ գործերի քննության ժամկետների նվազումից մինչեւ վիճելի իրավահարաբերությունների կարգավորում»,-ասում է Սնանկության մասնագիտացված դատարանի նախագահը:
Նախատեսվում են նաեւ դատավորիների ու նրանց աշխատակազմերի վերապատրաստման ծրագրեր:
Սնանկության նորանշանակ դատավորները դատարանում երրորդ անձի կարգավիճակում են. դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դատական հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը: Սա առաջին անգամ է, երբ դատական կարգով դատավորը վիճարկում է ԲԴԽ որոշումը:
«Դատական գործընթացը որեւէ կերպ չի կարող ազդել Սնանկության դատարանի բնականոն աշխատանքի վրա: Այս պահին գործընթացը շարունակվում է եւ փոփոխություն չկա»,-ասում է Գարիկ Ավագյանը:
Սնանկության իրավական կարգավորումը բազմադարյա պատմություն ունի՝ սկսած հռոմեական իրավունքից: Առաջին նորմերով պարտավորությունների ապահովումը նաեւ անձնային բնույթ է կրել: Հռոմեացիները պարտատերերին իրավունք են վերապահել պարտավորությունները չկատարած պարտապանին գամել անարգանքի սյունին, նաեւ՝ ցասման զգացումը բավարարել նրա մարմինը մասնատելով կամ նմանատիպ այլ գործողություններով՝ ասում է Գարիկ Ավագյանը: Հետագայում դրույթները կատարելագործվել են, պարտավորությունների ապահովման անձնային բնույթը փոխարինվել է գույքային բնույթով:
Հայաստանում սնանկության ինստիտուտի մասին առաջին հիշատակումը Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում» է՝ 1773 թ Սահմանադրության նախագծում: Սնանկության իրավահարաբերություններին վերաբերող միակ հոդվածում, ըստ էության, համախմբված են սնանկության ինստիտուտի ներկայիս հիմնական սկզբունքները: Մասնավորապես, նշվում է, որ նախքան պարտատերերի դիմումը ներկայացնելը, պարտապանը կազմում եւ դատարանին էր ներկայացնում հաշվեցուցակը ու երդումով հաստատում դրա հավաստիությունը: Դատարանը մարդ էր նշանակում նրա գույքը վաճառելու համար: Գույքի վաճառքի՝ 100-ից 5-րդ մասը տրվում էր այդ մարդուն, 1 մասը թողնվում էր պարտապանին՝ հետագա գոյությունը ապահովելու համար, իսկ 94-րդ մասը տրվում էր պարտատերերին՝ պահանջները բավարարելու համար և պարտապանը ազատվում էր պարտքից:
Ներկա օրենսդրական կարգավորումները, Գարիկ Ավագյանի համոզմամբ, բավարար չեն Սնանկության մասնագիտացված դատարանի լիարժեք գործունեության համար. «Սնանկության մասին վերջին օրենքը ընդունվել է 2006 թվականին, ուժի մեջ է մտել 2007 թվականին: Այժմ պատրաստ է «Սնանկության մասին օրենքի» նախագիծը, որը նախորդ գումարման ԱԺ-ում արդեն պետք է վերջնական ընթերցմամբ անցներ եւ ընդունվեր, բայց հայտնի պատճառներով դեռեւս պարզ չէ ճակատագիրը: Ամեն դեպքում, ավելի նպատակահարմար կլինի Սնանկության մասին նոր օրենքի ընդունումը»: