Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի 10 տարվա դատական պրակտիկան` Արա Ղազարյանի գնահատմամբ
Միջազգային իրավունքն արգելում է խոշտանգման գործերով կիրառել վաղեմության ժամկետ, ինչպես նաև ներում, համաներում, պայմանական վաղաժամկետ ազատում եւ այլն: Դատավորները լուրջ խնդրի առջեւ են ՄԻԵԴ վճռով վերնայման ենթակա մի շարք գործերով`այնպիսի խնդրի, որը ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային իրավունքում ամբողջությամբ լուծված չէ՝ մտահոգություն է հայտնում փաստաբան Արա Ղազարյանը:
«Խնդիրն այն է, որ դատավորները ձեռքի տակ չունեն Քրեական օրենսգրքի նորմ, որն արգելում է վաղեմության ժամկետ կիրառել նման գործերի դեպքում: Մեղադրյալների պաշտպանները իրավաբանորեն ճնշում են գործադրում դատավորի վրա, ասում, որ նա, նախ եւ առաջ, պետք է հետեւի օրենքի տառին, չէ ՞ որ մենք օրենքի գերակայության երկիր ենք, իսկ օրենքի տառն ասում է, որ 10-15 տարի հետո վրա է հասել վաղեմության ժամկետը եւ նա իրավունք չունի չկիրառել դա: Բացի այս, եթե առաջադրվում է մեղադրանք, ասենք, խոշտանգումը ձեւակերպող 309-րդ հոդվածով, որը մենք սահմանել ենք 2015 թ-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել 2002 թվականին, այստեղ միակ ելքը` կիրառել 309 հոդվածի 2-րդ մասը, որն էլ խոշտանգման հանցակազմը ամբողջությամբ չի կլանում»,-ասում է Արա Ղազարյանը:
Խնդրահարույց է նաեւ այլ հանգամանք՝ եթե Քրեական օրենսգրքում ամրագրվի վատ վերաբերմունքի գործերով վաղեմության ժամկետ կիրառելու արգելքը, արդյո ՞ք դա հնարավոր կլինի կիրառել հետադարձ ուժով: Որովհետեւ եթե չկիրառվի, նշանակում է Եվրոպական դատարանի վճիռները կմնան անկատար: Արա Ղազարյանի համոզմամբ, պետք է առնվազն ընթացքի մեջ գտնվող գործերով գտնել այլընտրանքային լուծումներ: Կան տարբեր գաղափարներ, բայց Եվրոպական իրավունքը վերջնական լուծում դեռ չի ապահովել:
Միջազգային պրակտիկայում մեկ օրինակ կա. երբ նման խնդրի առջեւ է կանգնում Մոլդովայի դատավորը, Մոլդովան զեկուցում է Նախարարների կոմիտե, որ վաղեմության ժամկետը չեն կարողացել չկիրառել, քանի որ օրենքին հետադարձ ուժ տալ հնարավոր չէ: Նախարարների կոմիտեն բավարարվում է միայն իր ափսոսանքը հայտնելով, որ հնարավոր չի եղել Եվրադատարանի վճիռը ամբողջությամբ կատարել:
Արա Ղազարյանը հրապարակել է «Վատ վերաբերմունքի գործերով 2008-2018 թթ. դատական պրակտիկայի գործնական ուսումնասիրություն» ձեռնարկը, որում 10 տարվա ժամանակահարտվածում առանձնացրել է գործեր, որոնցով Հայաստանը պարտվել է Եվրոպական դատարանում եւ, որպես վճռի կատարում, ստիպված վերաբացել է գործերը: Նա նկատում է, որ այդ ժամանակահատվածում 309-րդ հոդվածը դատարանները այդպես էլ չեն կիրառել, չկան մեղադրական կամ արդարացման դատավճիռներ:
«Այսօր դատավորները երկընտրանքի առջեւ են, նրանք կարող են կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմը, բայց եթե Կոնվենցիայի սկզբունքը արտահայտված չէ Քրեական օրենսգրքում, արդյո ՞ք նրանք կարող են Կոնվենցիայի կիրառումով մարդու ճակատագիր որոշել: Դա խիստ կասկածելի է»,-ասում է Արա Ղազարյանը:
Ելքը, նրա խոսքով, կարող է լինել քրեական հետապնդումը դադարեցնելը, բայց այդուհանդերձ, տուժողին փոխհատուցում տալը: Մյուս կողմից, նման դեպքերում անձը կարող է խախտված համարել իր անմեղության կանխավարկածը: Բայցի այդ, եթե անձի մեղքը հաստատված չէ, հնարավոր չի լինի փոխհատուցում տրամադրել քրեական գործի հիման վրա. «Մի խոսքով` փակ օղակ է առաջանում»:
Արա Ղազարյանն ասում է՝ կառավարությունը պետք է դատավորին տա այդ մեխանիզմը, որպեսզի նա կարողնա ի կատար ածել Եվրոպական դատարանի որոշումները: Հակառակ դեպքում, պետությունը պետք է Նախարարների կոմիտեին ներկայացնի, թե ինչու հնարավոր չի եղել վճիռը կատարել:
Ուսումնասիրության մեջ Արա Ղազարյանն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թ-ի նախադեպային որոշմանը Արայիկ Գզոյանի գործով, որով անթույլատրելի է ճանաչվում ոչ միայն խոշտանգմամբ ստացված ապացույցից բխող ածանցյալ ապացույցը, այլեւ դրա հիմքում ընկած փաստական տվյալը:
«Դա բավականին հայտնի նախադեպ է, իր մեջ պարունակում է մարտահրավեր. ավելին է, քան եվրոպական դատարանը սահմանել է եւ ինչ-որ տեղ նույնիսկ ավելին է, քան ամերիկյան դատարաններն են սահմանել, որտեղից բխում են թունավոր ծառի պտուղները»,-ասում է Արա Ղազարյանը:
Նա նկատում է, որ այս նախադեպը, ավելի շատ, ոչ թե կիրառվել է կոնկրետ գործերով, այլեւ նախականխվել է, որպեսզի չկիրառվի. «Այսինքն, դատավորները միշտ աչքի տակ ունեցել են Արայիկ Գզոյանի այս նախադեպը եւ աշխատել են, եթե ֆունդամենտալ իրավունքի խախտումով է ձեռք բերված ապացույցը, ապա այդ ապացույցը ընդհանրապես մեղադրական դատավաճռի հիմքում չդնել, իսկ դատախազները աշխատել են մեղադրական եզրակացության մեջ էլ չդնել»:
Հետազոտության մեջ իբրեւ ամենաթույլ կետ նշվում է մինչդատական մարմինների որոշումների դատական ստուգման բնույթը:
«Նշել ենք, որ դատական ստուգման բնույթը եւ բնույթով պայմանավորված շրջանակները թույլ չեն տալիս արդյունավետ կերպով դատական ստուգում իրականացնել. պետք է դա վերանայել: Դատարանները պետք է հնարավորություն ունենան յուրովի գնահատելու արդեն քննիչի կողմից գնահատված ապացույցները: Այսօր կա որոշակի խստորեն արտահայտված մոտեցում, որ այս երկու տիրույթները տարաբաշխված են` քննիչը, դատախազներն իրենց տիրույթն ունեն, ուր դատարանը չի կարող մտնել եւ դատարանը ունի իր տիրույթը, որտեղ առաջին երկուսը չեն կարող մտնել: Բայց ես գտնում եմ, որ չի կարող լինել որեւէ տիրույթ, ուր դատավորը չկարողանա մտնել»,-ասում է Արա Ղազարյանը:
Մտահոգությանը, թե դատավորը քննիչի կողմից գնահատված ապացույցը գնահատելու դեպքում իր ձեռքն է վերցնում նախաքննության կառավարումը, Արա Ղազարյանը հակադարձում է` թեկուզ եթե դա այդպես է, հետո ինչ. «Կան երկրներ, որոնք ընդհանրապես հրաժարվում են նախաքննությունից, օրինակ, Վրաստանը: Վրաստանում արդեն կիրառում են ամերիկյան մոդելը` քննիչ-դատավոր ինստիտուտը: Համենայն դեպս, նախաքննությունը էապես սահմանափակվել է կամ դատական ստուգումը էապես անցել է նախաքննության վրա, այն աստիճանի, որ դատավորն ինքը ղեկավարում է նախաքննությունը»:
Վատ վերաբերմունքի գործերով դատական պրակտիկայի 10 տարին Արա Ղազարյանն ամփոփել է աղյուսակներով` 15 չափորոշիչների հիման վրա գնահատելով, թե դատական պրակտիկան որ ուղղությամբ է առաջնորդվում:
Պատկերը, ըստ նրա, հետեւյալն է. նյութաիրավական հիմքերի սահմանման տեսանկյունից դատական պրակտիկան եւ օրենսդրությունը, մեծամասամբ, համապատասխանում են միջազգային նորմերին, ապացույցների, ստանդարտների տեսանկյունից` նույնպես, բայց խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի գործերի քննության նկատմամբ դատական ստուգման բնույթի մասով մեծամասամբ դեռ չեն համապատասխանում: Այս վերջինը, Ղազարյանի խոսքով, պետք է զարգացնել. «Իսկ որպեսզի զարգանա, մենք պետք է որոշ կաղապարային, դատավարական մոտեցումներից ձերբազատվենք: Մենք, ստիպված, ավելի ու ավելի պրագմատիկ լուծումներ պետք է գտնենք ոչ միայն այս ոլորտում, այլեւ քրեական իրավունքի տարբեր ոլորտներում»:
Իբրեւ պրագմատիկ լուծման օրինակ, Արա Ղազարյանը նշում է փողերի լվացման եւ ապօրինի հարստացման գործերով նախագիծը, որով ապացուցման բեռը դրվում է մեղադրյալի վրա. «Դա մեր ավանդույթին դեմ է, իրավական մշակույթին դեմ է, բայց դա անհրաժեշտ է: Հակառակ դեպքում «սպիտակ ձեռնոցներով», էսթետ եղանակներով հնարավոր չէ պայքարել փողերի լվացման դեմ կամ ապօրինի հարստացման դեմ: Եւ այս մոտեցումը չի հակասում միջազգային իրավունքին»:
Նա վստահեցնում է, որ նման պրագմատիկ մոտեցումների կիրառման անհրաժեշտություն կա նաեւ խոշտանգման գործերով, որովհետեւ խոշտանգումը այնպիսի երեւույթ չէ, որի ապացույցները կամովին դնում են սեղանին:
Արա Ղազարյանն ասում է, այժմ հազվադեպ են խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը: Հանրային վերահսկողությունը մեծացել է, դատական ստուգումները՝ խստացել, արդյունքում վատ վերաբերմունքի դեպքերը ամենատարբեր հաստատություններում նվազել են: