• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Ինչո ՞ւ են ուշանում դատական նիստերը. իրավաբանի դեղատոմսը
10 Հնվ 2019

Ինչո ՞ւ են ուշանում դատական նիստերը. իրավաբանի դեղատոմսը

100 հազար բնակչի հաշվով մեր երկրում 11 դատավոր կա: Եվրոպական երկրներում թիվը տատանվում է 8-45-ի միջեւ. միջին հաշվով` 100 հազար բնակչին 21 դատավոր է բաժին ընկնում:

Դատարանները ոչ թե ծանրաբեռնված, այլ գերծանրաբեռնված են մեր երկրում` ասում է ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը «Սուր անկյուն» հաղորդաշարի թղթակից Արմեն Աթալյանի հետ հարցազրույցում:

«Եթե մենք փորձում ենք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել մեր արդարադատությունը, հարկավոր է նկատի ունենալ նաև այս հանգամանքը»,-ասում է նա:

Օրենսդրական փոփոխություններն անխուսափելի են անգամ դատավորների քանակն ավելացնելու համար: Օրենսդրորեն պետք է ամրագրել դատավորների ծանրաբեռնվածության և դատարանների տեղաբաշխվածության խնդիրը: Ներկայում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով դա վերապահված է ԲԴԽ-ին` նշում է Վահե Ենգիբարյանը:

Դատավորների թիվը մեր երկրում սահմանվել է դեռ 1995թ-ի Սահմանադրության ընդունումից հետո` «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով: Դրանից հետո հանրապետությունում մեծացել է բնակչության հոսքը դեպի քաղաք, ավելացել բանկերի, հանրային ծառայություն մատուցող կազմակերպություների քանակը, արդյունքում` դատարաններում քննվող գործերի ծավալում էականորեն մեծացել է պարտավորությունների կատարման հետ կապված վեճերի տեսակարար կշիռը: Հետևաբար, անխուսափելի է դարձել նաև դատավորների քանակի ավելացումը:

Դա, սակայն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է արդարադատության արդյունավետ իրականացման համար. եթե անգամ 100 հազար բնակչի համար 21 դատավոր ապահովվի, Ենգիբարյանի համոզմամբ, դա ամենեւին չի նշանակում, որ դատական նիստերը չուշացնելու հարցը կլուծվի. հաջորդելու են այլ խնդիրներ:

Նախ, պետք է լուծել աշխատակազմի նյուտեխնիկական, շենքային պայմանների ապահովման հարցը: Այնուհետև, պետք է լիարժեքորեն ներդնել էլեկտրոնային արդարադատության ինստիտուտը. ամենապարզ տարբերակը փոստային առաքումներն էլեկտրոնային ծանուցումներով փոխարինելն է և այլն:

Եւս մեկ լուծում է անցումը գրավոր ընթացակարգերի, որովհետեւ բանավոր ընթացակարգերը, նրա խոսքով, ծախսատար եւ ժամանակատար են:

«Գրավոր ընթացակարգի պարագայում կողմերը հայցադիմումները, իրենց փաստարկները և այլն ներկայացնում են գրավոր, ամբողջ գործընթացը իրականացվում է գրավոր եղանակով: Ներկայումս մենք ունենք նման առանձին իրավակարգավորումներ, բայց դա պետք է լայնորեն կիրառվի»,-ասում է Վահե Ենգիբարյանը:

Մյուսը վեճերի լուծման այլընտրանքային տարբերակների, մասնավորապես, հաշտարարության ինստիտուտի` հնարավորինս լայն ներդրումն է: Ենգիբարյանի խոսքով, այստեղ նույնիսկ հոգեբանական խնդիր կա. «Մենք սովոր ենք դիմելու դատարան կամ պետական մարմինների, բայց արեւմտյան երկրների փորձը ցույց է տալիս, որ վեճերը, հաճախ, առավել արդյունավետ լուծվում են արտադատարանական կարգով` դատական վերահսկողության շրջանակներում կամ առանց դրա, մոդելի խնդիր է: Սա ոչ միայն էականորեն բեռնաթափում է դատարանների աշխատանքը, այլեւ նպաստում դատական իշխանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը, արդարադատության մատչելիության սկզբունքի իրականացմանը եւ, վերջապես, օրենքի եւ իրավունքի կիրառման կանխատեսելիության ապահովմանը, որը ժողովրդավարական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից է»:  

Դատարանների բեռնաթափման տարբերակներից է հայցի վերադարձման ինստիտուտը, որպես գրասենյակային գործառույթ սահմանելը, ինչպես օրինակ հարևան Վրաստանում, այդպիսի գործառույթ վերապահված է գրասենյակին: Հարևան երկրի փորձը ուսանելի է նաև հաշտեցման վարույթների առումով:

«Մենք և' քրեական, և' քաղաքացիական դատավարություններում ունենք արագացված, հաշտեցման վարույթներ: Տարբեր երկրներին բնորոշ են տարբեր մոդելներ: Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, կողմերը գալիս են համաձայնության, բնականաբար, որոշակի չափորոշիչներ պահպանելով. այստեղ պետության «շահը» ֆինանսական և այլ ռեսուրսներ խնայելն է: Ֆրանսիական տարբերակի դեպքում գործն ընդհանրապես կարող է դատարան չմտնել: Մեկ այլ դեպքում դատարանում դատախազը, պաշտպանը և մեղադրյալը կարող են համաձայնության գալ վարույթը չսկսելու կամ այդ վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին»,-ասում է Վահե Ենգիբարյանը:

Այսօրինակ իրավակարգավորումներ կան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որն օրենքի ուժ կստանա ԱԺ-ի ընդունելուց հետո: Ներկայում, քրեական գործերով միայն արագացված դատաքննության ինստիտուտն է գործում, որը կոչված է խնայելու վարչական, ժամանակային, ֆինանսական եւ այլ ռեսուրսներ:

«Եթե այս ամենը չներդրվի, օրենսդրական ցանկացած փոփոխություն, ինչքան էլ լավ կատարվի, հասարակությունը միանշանակ չի ընկալի»,-ասում է Վահե Ենգիբարյանը:

Դատարանների բեռնաթափման եւ դատական գործերը հավասարաչափ բաշխելու նպատակով մեր երկրում ստեղծվել են մասնագիտացված դատարաններ ի դեմս Վարչական, Վարչական վերաքննիչ դատարանների եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական գործերով պալատի` նկատում է Վահե Ենգիբարյանը: 2018թ. սկզբից սկսեց գործել նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, որի ստեղծման հիմնական առաքելությունը գործերը հավասարապես բաշխելն է թե' դատական տարածքների և թե' դատավորների միջև:

Դատական նիստերի ձգձգումները, Ենգիբարյանի խոսքով, երբեմն ոչ միայն դատավորի, այլեւ կողմերի պատճառով է լինում. «Դատավորը միանձնյա չէ, եթե անգամ դատավորը փորձի ժամկետների անհարկի ձգձգում թույլ տալ, մենք ունենք դատավարության կողմեր, որոնք կարող են դրան համապատասխանորեն արձագանքել: Հավատացեք, ոչ մի դատավորի ցանկալի չէ ունենալ գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմ, աշխատել արտաժամյա` իր ամբողջ աշխատակազմով»:

Բացի այդ, արդարադատությունը մասնավոր գործունեություն չէ, այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության անունից եւ ենթադրում է որոշակի նորմերի, էթիկական կանոնների, աշխատանքային ռեժիմի պահպանում:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ