«Դատավորն անկախ է այնքան, ինչքան էությամբ անկախ է զգում». բարեփոխումների աջակցության ծրագիրն ավարտվեց
Եվրոպական ընտանիքում էլ ընդունված է շատ նրբորեն եւ զգուշորեն մոտենալ անցումային արդարադատության թեմային՝ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանն այսպես արձագանքեց անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին հարցին:
«Դատավորները տարեկան լուծում են քառորդ միլիոն գործ՝ մոտավորապես 130-140 հազար միայն քաղաքացիական, մոտ 6000 քրեական, 20 հազար վարչական, 20 հազար էլ մինչդատական վարույթի գործեր, էլ չեմ խոսում սնանկության գործերի, վճարման կարգադրությունների եւ այլնի մասին։
Ես չեմ կարող փաստել, որ մեր դատական համակարգն անգործունակ է եւ անցումային արդարադատության գործիքների ներդրումը պահանջված է: Նախ, պետք է հասկանանք՝ նման գաղափար առաջ քաշողներն ինչ նկատի ունեն «անցումային արդարադատություն» ասելով. կարելի է հասկանալ մասնագիտացված դատարանների ստեղծում, կարելի է հասկանալ եւ այլ լուծումներ»,-ասաց նա։
«Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման արարողությանը նա հատուկ շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին՝ արդյունավետ ու կառուցողական աշխատանքի համար: Համագործակցության շարունակությունը, Խունդկարյանի խոսքով, կնպաստի ՀՀ դատական իշխանության կատարելագործմանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը:
Ծրագրի մի մասը ֆինանսավորել են Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ձևաչափով, մյուս մասը` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունը: Ծրագիրն ամբողջությամբ իրականացրել է Եվրոպայի խորհուրդը:
Արդյունքում, ԵԽ գնահատմամբ, եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցվել են փոփոխված Սահմանադրությամբ պայմանավորված մի շարք իրավական ակտեր՝ ՀՀ Դատական օրենսգիրքը, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Հաշտարարության մասին ՀՀ օրենքները: Բարելավվել են Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մեխանիզմները և ամրապնդվել հաշտարարության գործնական կիրառությունը: Զարգացել են արբիտրների մասնագիտական որակները: Նաեւ բարձրացել է դատական իշխանության աշխատանքի վերաբերյալ դատարաններից օգտվողների իրազեկությունը:
ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է 2019-2024 թվականների Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող Գործողությունների ծրագիր. նախագիծը վերամշակման փուլում է: Արարողությանը մասնակից՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց՝ այնտեղ տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ծրագրում:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ արդարադատության ոլորտում համակարգային ախտորոշման եւ առանցքային խնդիրներ լուծելու անհրաժեշտություն կա. «Դատարաններից եւ դատավորներից դժգոհելով արդյունավետ արադարադատություն չի լինում կամ դատական իշխանության անկախությունը չի երաշխավորվում, դրա համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ»:
Նա առաջարկեց էլեկտրոնային արդարադատության մեխանիզմ ներդնել, քանի որ տարեկան կես միլիարդ դրամից ավելի ծախսվում է Հայփոստի ծառայությունների դիմաց վճարելու եւ տարաբնույթ կոմունիկացիաների համար:
«Մեր գնահատումներով՝ արդարադատությունը չափազանց ծախսատար է եւ անարդյունավետ: Խնդիրների հաղթահարման համար մշակել ենք արդյունավետ արդարադատության ապահովման հայեցակարգային մոտեցումներ: Կառավարությունը մեկ ու կես միլիարդով ավելացրեց բյուջետային հատկացումները, որ մենք կարողանանք այստեղ որոշակի առաջընթաց ապահովել: 2019 թ.-ին հնարավոր կլինի դատարաններում համակարգչային բազան 75 տոկոսով թարմացնել, գործերի բաշխման էլեկտրոնային համակարգում ծրագրային, տեխնիկական բարեփոխումներ կատարել»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն, ի տարբերություն Գագիկ Հարությունյանի ասաց, որ Էլեկտրոնային արդարադատության համակարգը մասամբ՝ որոշ դրսևորումներով, ներմուծվել է մեր իրավական համակարգ, բայց այս ինստիտուտի ամբողջական ներդրումը որոշակի օժանդակության կարիք ունի. «Ինչը, հուսով եմ, չի վրիպի մեր համագործակցության շրջանակից»: Նրա համոզմամբ, դա էական ներդրում կունենա դատարանների ծանրաբեռվածությունը եւ թղթաշրջանառության գերծավալը կրճատելու հարցում:
Խունդկարյանը կարեւորեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վավերացումը (31.01.2017թ.) Հայաստանի կողմից, որն ուժի մեջ է այս տարվա օգոստոսի 1-ից: Այն Վճռաբեկ դատարանին հնարավորություն է տալիս դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանությանը կամ կիրառմանը:
«Ընձեռված հնարավորությունից հավուր պատշաճի օգտվելու համար անհրաժեշտ եմ համարում թե՛ Վճռաբեկ դատարանի դատավորների, և թե՛ համապատասխան դատական ծառայողների շրջանակում սեմինար-քննարկումների կազմակերպումը և իրականացումը՝ Կոնվենցիայի 16-րդ արձանագրության կիրառման կապակցությամբ գործնական հմտություններ մշակելու առումով, որը միմիայն դրական հետևանքներ է ունենալու մեր դատական համակարգի համար՝ մի կողմից կանխելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներին հակասող մեկնաբանությունները կամ կիրառումը, մյուս կողմից՝ նվազեցնելով Եվրոպական դատարան ներկայացվող բողոքների թիվը»,-նկատեց Երվանդ Խունդկարյանը:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանն ասաց՝ օրենքը շատ լավ բան է, իսկ լավ օրենքը ավելի լավ բան է, բայց դրանից հետո գալիս է օրենքը կիրառելը, որը ամենակարեւոր գործընթացն է:
Դատարանների անկախության համար օրենսդրական մակարդակում քայլեր արվել են, բայց հանրային վստահությունը բավարար չէ՝ մտահոգություն հայտնեցին լրագրողները: Վճռաբեկ դատարանի նախագահն այդ անկախության հարցում վստահ է. «Յուրաքանչյուր դատավոր անկախ է այնքան, ինչքան ինքը իր էությամբ իրեն անկախ է զգում: Ես որեւէ նման իրավիճակի չեմ հանդիպել ու չեմ ունեցել նման իրավիճակ, որպեսզի հեռախոսային արդարադատություն իրականացնեմ: Դատավորն ինքն է պատասխանատու իր դատական ակտերի համար, ուստի դատավորի ապահովությունը օրենքներին ու Սահմանադրությանը համահունչ գործելն է: Համոզված եղեք, դատավորը հենց այդպես էլ շարժվում է»: