«Սիրո եւ ատելության հարաբերություն». դատավորներն ու փաստաբանները հանդիպել են կլոր-սեղան քննարկման ձեւաչափով
Փաստաբանների դերը մեծ է արդարադատության իրականացման հարցում, բայց դատարանն է խաղի կանոնները հաստատում, հենց դատավորն է որոշում՝ որն է ճիշտը: Այսպես մեկնաբանեց փաստաբան-դատավոր հարաբերությունները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Դրա համար ուզում ենք, որ դատական համակարգը լինի ուժեղ, ապահովված դատավորներ ունենանք, որոնք կարող են արդարադատություն իրականացնել»,-ասաց նա:
Երկու կողմերի շփման հարթակը «Դատավորների եւ փաստաբանների/իրավաբանների փոխհարաբերությունները» խորագրով կլոր-սեղան քննարկումն էր, որն անցկացվում էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության դատավորների միության հետ համատեղ:
«Սիրո եւ ատելության հարաբերություն է փաստաբանների եւ դատավորների հարաբերությունները. մի կողմից՝ մեկն առանց մյուսի չի կարող, մյուս կողմից՝ կոնֆլիկտներ կան: Նորմալ է՝ իրավունքի գերակայության եւ մարդկային առանձնահատկությունների տեսանկյունից»,-նկատեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տկն. Նատալիա Վուտովան:
ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել դատական համակարգի գործունեությունը առանց փաստաբանների աշխատանքի: Միեւնույն ժամանակ, դատավորի անկախությունը լիարժեք կարելի է ապահովել այն դեպքում, երբ նա անկախ լինի նաեւ հասարակության, այդ թվում՝ փաստաբանության արտաքին ազդեցությունից:
Նա մեջբերեց միջազգային կարեւոր նորմեր, որոնք սահմանում են՝ պետք է խուսափել դատական ակտերի այնպիսի քննադատությունից, որը կարող է վարկաբեկել դատական համակարգի անկախությունը, վտանգի ենթարկել հասարակության վստահությունը դրա հանդեպ:
«Պետք է նկատի ունենալ, որ դատավորը, իր զբաղեցրած պաշտոնի ուժով, պարտավոր է դրսեւորել զսպվածություն՝ իր նկատմամբ քննադատությունների առնչությամբ: Դրանով իսկ, դատավորը դառնում է ավելի խոցելի՝ չկարողանալով լիարժեքորեն պաշտպանվել, օրինակ, տարբեր հրապարակումներից, քան կկարողանար այն դեպքում, եթե չզբաղեցներ դատավորի պաշտոնը»,-ասաց Երվանդ Խունդկարյանը:
Սոցիալական ցանցերում որոշ փաստաբաններ հաճախ դատավորին վարկաբերկող արտահայտություններ են գրում՝ նրա կողմից քննվող գործի մասին կարծիք հայտնելիս, նկատեց Խունդկարյանը, այնինչ թե՛ դատավորի, թե՛ փաստաբանի վարքագծի կանոնները դա արգելում են:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ասաց՝ խնդիրները կուտակվել են. «Փաստաբան-դատավոր փոխհարաբերություններում ունեցել ենք իրավիճակ, երբ փաստաբանը անհարգալից է եղել դատավորի նկատմամբ նիստերի դահլիճում, անհարգալից է եղել նաեւ դահլիճից դուրս: Բոլոր դեպքերում, Փաստաբանների պալատը իր դիրքորոշումը հայտնել է»:
Երվանդ Խունդկարյանը ներկայացրեց վիճակագրություն, որի համաձայն փաստաբաններն իրականում այնքան էլ դժգոհ չեն դատավորների աշխատանքից, անգամ միջինից բարձր են գնահատում:
ԵՄ եւ ԵԽ փորձագետների իրականացրած «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» համատեղ ծրագրի շրջանակում 2017 թ-ին հրապարակվել է ՀՀ բոլոր դատական ատյաններից օգտվողների բավարարվածության հետազոտություն: Արդյունքների վերլուծությունը պարզել է՝ փաստաբանները 6-բալային համակարգով դատավորների պրոֆեսիոնալիզմը գնահատել են 4.7 (ՀՀ վճռաբեկ դատարանի դեպքում՝ 5.4), դատավորների բարեկիրթ վերաբերմունքի գնահատականը 5.2 է (ՀՀ վճռաբեկ դատարանի դեպքում՝ 5.7), դատական նիստերի կազմակերպման եւ ընթացքի գնահատականը 4.8 (ՀՀ վճռաբեկ դատարանի դեպքում՝ 5.1) եւ այլն:
ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը ընդգծեց, որ ԵԴԽԽ-ի փաստաթղթերի ժողովածուի թիվ 16 կարծիքը անդրադառնում է
դատավորների եւ փաստաբանների դերին եւ հարաբերություններին: Նրա համոզմամբ՝ ուժեղ դատավորը անկախ դատավորն է, ուժեղ փաստաբանը՝ անկախ փաստաբանը: ԵԴԽԽ-ն համարում է, որ նման անկախությունը կենսական է արդարադատության պատշաճ իրականացման համար:
Եվրախորհուրդը մտադիր է առաջիկայում ընդունել կոնվենցիա՝ իրավաբանի մասնագիտության մասին, ասաց Լիլիթ Դանեղյանը, դա էական է՝ փաստաբաններին, իրավաբաններին պաշտպանելու համար:
Նիստը վարող՝ Արտաշես Մելիքյանը՝ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի քարտուղարը, խոսեց Խորհրդի դատավորների եզրակացության մասին, որի համաձայն՝ օրենքի գերակայությունն է միացնում այս երկու խմբերը. «Նրանց առաքելությունը տարբեր է, բայց չի նշանակում, որ դա պետք է ի վնաս օգտագործել օրենքի գերակայությանը»:
ԵԴԽԽ փոխնախագահ, Սլովենիայի Գերագույն դատարանի դատավոր Նինա Բետետտոյի տպավորությամբ՝ Հայաստանում դատավոր-փաստաբան հարաբերությունները ոչ մի բանով չեն տարբերվում հարաբերություններից ԵԽ երկրներում. «Շատ են հույզերը՝ երբեմն ուժից, երբեմն շահերից ելնելով»:
Նրա համոզմամբ՝ դատավորի ու փաստաբանի միջեւ կառուցողական հարաբերությունները էապես բարելավում են վարույթների որակը, օգնում, որ կողմերի կարիքները բարելավվեն:
«Պետք է դագանակը եւ կարկանդակը պատշաճ համադրվեն, որպեսզի կանխվեն ձգձգողական մարտավարությունները: Եթե այս մեխանիզմը պատշաճ աշխատի, փաստաբաններն ու դատավորները կթիավարեն նույն ուղղությամբ եւ կհաղթահարեն հորձանուտները, վայրիվերումները, իսկ եթե ոչ՝ հետեւանքը կարող է լինել վնասաբեր կողմերի համար»,-ասաց նա:
Բացի այս, նա կարեւորեց մասնագիտական էթիկան պահպանելը:
Նինա Բետետտոն ասաց՝ բավարար չէ, որ դատավորները անկախ լինեն, նրանք պետք է անկողմնակալ ընկալվեն հասարակության շրջանում. «Արտաքին տպավորությունը էական է: Հայաստանը փոքր երկիր է, ինչպես Սլովենիան: Սլովենիայում եղել են դեպքեր, երբ փաստաբանների եւ դատավորների հարաբերությունների մերձավոր դառնալը ներկայացրել են իբրեւ բացասական երեւույթ»:
ԵԴԽԽ Բյուրոյի անդամ, Շվեդիայի Գերագույն Վարչական դատարանի նախկին նախագահ Մաթս Մելինի խոսքով էլ՝ դատավորները, փաստաբանները եւ անգամ դատախազները պետք է լինեն անկախ եւ ընկալվեն այդպիսին:
«35 տարի առաջ, երբ երիտասարդ էի, դատավորը դատախազին հրավիրում էր ընդմիջմանը սուրճ խմելու, իսկ փաստաբանը դուրս էր մնում: Այսօր Շեդիայում այդպիսի բան չկա: Աստիճանաբար ավելի է ընդգծվում անկախ լինելը եւ անկախ ընկալվելը»,-ասաց նա:
Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին սոցիալական ցանցերում ստեղծված՝ դատավորների աշխատանքի գնահատման մասնավոր հարցումների համակարգերի հետեւանքների, դատավորների, դատախազների եւ փաստաբանների՝ միեւնույն շենքում նստելու նպատակահարմարության, փաստաբանների՝ կողմնակալ լինելու թույլատրելիության, էթիկայի նորմերը պահպանելու, հանրային բանավեճին՝ դատավորի անձամբ կամ միջնորդավորված արձագանքելու եւ կարեւոր այլ խնդիրների մասին:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև Մեծ Բրիտաիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի կառավարության կողմից: Ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է Եվրոպայի խորհուրդը: